Հոդված 7
Հոդված 7
Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացումը
1. Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները իրականացվում են՝ ժամանման կամ մեկնման վայրերում տեղափոխման եղանակներից կախված կամ Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտապես (կամ ժամանակավորապես) բնակվում է նման ապրանքների համար որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը:
2. Ժամանման կամ մեկնման վայրերում, ինչպես նաև Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտապես (կամ ժամանակավորապես) բնակվում է նման ապրանքների հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը, անձնական օգտագործման ապրանքների մասով կարող են իրականացվել առանց մաքսային ընթացակարգերով չձևակերպման՝ ապրանքների հայտարարագրման, անձնական օգտագործման նպատակով բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
3. Անձնական օգտագործման ապրանքները տեղափոխող անձի ցանկությամբ, նման ապրանքների մասով կարող են իրականացվել մաքսային ձևակերպումներ՝ կապված՝
դրանք ժամանակավոր պահպանման հանձնելու.
դրանց նկատմամբ Օրենսգրքի համաձայն մաքսային ընթացակարգեր կիրառելու.
եթե դրանք դուրս չեն եկել ժամանման վայրից՝ ապա Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման հետ:
4. Ուղեկցվող ուղեբեռով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ժամանման վայրերում կարող է կիրառվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը՝ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով:
5. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային մարմիններն այդ անձանց հնարավորություն են տալիս իրականացնելու մաքսային գործառնություններ՝ առանց տրանսպորտային միջոցներից հեռանալու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթները պահպանելու համար:
6. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների մասով սույն հոդվածով սահմանված մաքսային գործառնություններ չիրականացնելու կամ դրանց բացթողման անհնարինության դեպքում, նշված ապրանքները ենթակա են արգելապահման՝ համաձայն Օրենսգրքի 21-րդ գլխի:
7. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնություններ իրականացնելու և նման ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու մասին փաստը արտացոլելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
8. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Օրենսգրքի համաձայն:
9. Մաքսային միության անդամ պետությունում մշտական բնակության վայր ժամանող (վերաբնակվող) ֆիզիկական անձի, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
10. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ: