Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումը

1. Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանը անցնելու ժամանակ՝ միաժամանակ ապրանքները ներկայացնելով մաքսային մարմին:

Անձնական օգտագործման ապրանքների՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի տակ գտնվող ապրանքների, հայտարարագրումը իրականացվում է գրավոր՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ:

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը, դրա լրացման, հանձնման ու գրանցման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով:

Ցանկության դեպքում՝ ֆիզիկական անձն իրավունք ունի հայտարարագրելու գրավոր մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքները՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

2. Գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա են՝

1) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ առաքվում են փոխադրողի կողմից ֆիզիկական անձի հասցեով.

2) ցանկացած ձևով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ բացառությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգերի.

3) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած ձևով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծվող ապրանքները, որոնց արժեքը և (կամ) քանակը գերազանցում է առանց մաքսատուրքերի վճարման նման ապրանքների տեղափոխման նորմերը.

4) անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխվում են ցանկացած ձևով՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետության տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ժամանակավորապես արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետադարձ ներմուծվում տվյալ տարածք.

5) կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, որոնք ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են մաքսային սահմանով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

6) մշակութային արժեքները.

7) ուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, եթե դրանք տեղափոխող ֆիզիկական անձը չուղեկցվող ուղեբեռ ունի.

8) սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածի 1-ին բաժնի 3-10-րդ կետերում նշված անձնական օգտագործման ապրանքները:

3. Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային մարմնի ներկայացուցչի կողմից, որը գործում է հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ:

16 տարին չլրացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումն իրականացվում է նրան ուղեկցող անձի կողմից (տվյալ անձի ծնողներից որևէ մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, նրան ուղեկցող այլ անձի կողմից կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցչի կողմից, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցության անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձանց՝ խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից):

Հայտարարատուն կարող է լինել Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձ կամ օտարերկրյա ֆիզիկական անձ, որը՝

մաքսային սահմանը հատելու պահին ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.

չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, փոխանցել է (փոխանցում է) փոխադրողին՝ դրանք մաքսային սահմանով փաստացի տեղափոխելու նպատակով.

հանդես է գալիս որպես միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ ուղարկող.

որի հասցեով, որպես փոխադրողի կողմից առաքվող ապրանքներ, ստացվել են անձնական օգտագործման ապրանքներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, կամ որն ուղարկում է նման ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

գտնվում է տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով իրեն պատկանող՝ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցում.

դատարանի որոշմամբ կամ ժառանգության իրավունքով ձեռք է բերել Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.

ունի Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.

սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածով սահմանված դեպքերում՝ ունի իրավունք տեղափոխելու անձնական օգտագործման ապրանքները՝ առանց մաքսային վճարները կատարելու:

4. Տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների գրավոր մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուն պարտավոր է՝

1) ներկայացնել մաքսային մարմին այն փաստաթղթերը, որոնց հիման վրա լրացրել է մաքսային հայտարարագիրը, այդ թվում՝ մաքսային վճարման կատարումը կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.

2) մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները.

3) կատարել վճարման ենթակա մաքսային վճարները կամ ապահովել մաքսատուրքերի, հարկերի վճարումը մաքսային օրենսգրքով և (կամ) սույն Համաձայնագրով սահմանված դեպքերում.

4) իրականացնել Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ:

5. Մաքսային սահմանով մահացածների մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների տեղափոխման դեպքում հայտարարագրումն իրականացվում է մահացած անձի մարմնով (մասունքներով) դագաղը կամ աճյունով (մոխրով) աճյունասափորը ուղեկցող անձի կողմից ազատ ոճով շարադրված դիմումի տեսքով՝ ներկայացնելով սույն կետի երկրորդ և երրորդ մասերում նշված փաստաթղթերը:

Մաքսային միության մաքսային տարածքից մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների դուրսբերման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) Մաքսային միության անդամ պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից տրվող մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ նշված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները.

2) ազատ ոճով շարադրված՝ պետական սանիտարական հսկողություն իրականացնող տեղական մարմինների եզրակացությունը՝ վերահուղարկավորման դեպքում արտաշիրմելու հնարավորության մասին.

3) ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող մասնագիտական կազմակերպությունների կողմից ազատ ոճով շարադրված ակտ (տեղեկանք)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը՝ կցելով մահացածի թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:

Մաքսային միության մաքսային տարածք մահացածների աճյունով (մոխիրներով) աճյունասափորների և մարմիններով (մասունքներով) դագաղների ներսբերման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ուղարկող երկրի իրավասու հաստատության կողմից տրված մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ տվյալ փաստաթղթերի պատճենները.

2) ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից ազատ ոճով շարադրված ակտ (տեղեկանք)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը՝ կցելով մահացածի իրերի և թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։