Հոդված 31. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 31. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`
1) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին,
2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը,
3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը),
4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը),
5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը,
6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը,
7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը),
8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը,
9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը,
10) անվավեր քվեաթերթիկների թիվը,
11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը,
12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը:
2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
(31-րդ հոդվածը փոփ. 05.12.24 ՀՕ-512-Ն)