Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-30-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 13. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 13. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը

1. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում և չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաև այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:

2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաև`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

7. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձևով` սույն օրենքով սահմանված կարգով:

8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

9. Նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով: Հավելվածներն առանց տվյալ նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը հղում են պարունակում այդ հավելվածներին:

(13-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։