Հոդված 36. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը
Հոդված 36. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը
1. Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է`
1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.
2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.
3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:
2. Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:
3. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցմամբ դադարեցվում է նաև այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի գործողությունը:
4. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման մասին նորմատիվ իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:
5. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը այն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը կատարում է նույն տեսակի կամ բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է համապատասխան օրենքով:
6. Սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, բացառությամբ այդ մասով հաստատված հավելվածի:
7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ նորմատիվ իրավական ակտով:
(36-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)
(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)