Հոդված 18. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը
Հոդված 18. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը
1. Քաղաքացիական ծառայողի կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը:
2. Կատարողականի գնահատումն իրականացվում է տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի ընթացիկ գնահատում:
3. Կատարողականի գնահատականի (նաև ընթացիկի) հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողոքարկել գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին:
4. Կատարողականի գնահատման արդյունքները հիմք են սահմանված կարգով խրախուսում և (կամ) վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, ինչպես նաև հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատվության իրավունքից օգտվելու համար:
5. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները: