Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-11-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 11. Վարկանիշային ցուցակների կազմումը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելը

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 11. Վարկանիշային ցուցակների կազմումը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու համար թեկնածուներն ընտրվում են վարկանիշային ցուցակներից:

2. Վարկանիշային ցուցակները կազմելու համար առնվազն տարին երկու անգամ քաղաքացիական ծառայության գրասենյակն անցկացնում է թեստավորում: Ելնելով թեստավորման մասնակիցների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբով տարբեր օրերի և (կամ) ժամերի: Յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ:

3. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա: Քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստավորման մասնակցության որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն:

4. Քաղաքացին չի մասնակցում թեստավորմանը, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները:

5. Թեստավորումը հաղթահարում են Կառավարության սահմանած նվազագույն միավորից բարձր միավոր ստացած մասնակիցները: Թեստավորման արդյունքներով քաղաքացիական ծառայության գրասենյակն առցանց կարգով վարում է վարկանիշային համարակալված ցուցակ: Միևնույն արդյունք հավաքած թեկնածուները գրանցվում են նույն համարի տակ:

6. Համապատասխան մարմինները հարցազրույցի հրավիրում են վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց, որոնք բավարարում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

7. Եթե պաշտոնի անձնագրով նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ և վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում չկա համապատասխան մասնագիտություն ունեցող հինգ թեկնածու, ապա հրավիրվում են տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին հինգ թեկնածուն:

8. Վարկանիշային ցուցակում միանգամյա գրանցված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Վարկանիշային ցուցակում գրանցման առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Վարկանիշային ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով:

9. Վարկանիշային ցուցակը համալրվում է թեստավորման բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը:

10. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-16-րդ մասերով սահմանված կարգով: Պաշտոնի նշանակված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից:

11. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանում է Կառավարությունը:

12. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը սահմանում է համակարգող փոխվարչապետը:

(11-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։