Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
1. Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն բարելավելու և պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով:
2. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:
3. Համապատասխան մարմիններում վերապատրաստման գործընթացը կազմակերպում է գլխավոր քարտուղարը:
4. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում (փոփոխվում) է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատումից:
5. Վերապատրաստում անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:
6. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է:
7. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվածությունը, վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածուները և համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված այլ չափանիշներ, և այդ ծրագիրը ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ` համաձայնեցման:
8. Քաղաքացիական ծառայության գրասենյակն ուսումնասիրում է ծրագիրը և տալիս համաձայնություն վերապատրաստման ծրագիրը հաստատելու համար: Համաձայնությունն ստանալուց հետո գլխավոր քարտուղարը հաստատում է վերապատրաստման ծրագիրը և քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում այդ ծրագրից բխող քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը: Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է Հաշվեքննիչ պալատը:
9. Գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կարող է վերանայել վերապատրաստման ծրագիրը:
10. Կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը:
11. Համապատասխան մարմինների ծրագրերի ուսումնասիրության ժամանակ քաղաքացիական ծառայության գրասենյակը կարող է առաջարկել վերանայել վերապատրաստման ծրագիրը, ինչպես նաև այդ ծրագրերում կարող է ներառել նաև կոմպետենցիաների վերաբերյալ կազմված վերապատրաստման ծրագրերը:
12. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
13. Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողը ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:
14. Սույն օրենքի հիման վրա վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանում է համակարգող փոխվարչապետը:
15. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:
(19-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-12-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-492-Ն)