Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
1. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի բարելավելու և պարտավոր է բարելավել իր մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով:
2. Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը:
3. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա:
4. Վերապատրաստում իրականացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:
5. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների:
6. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է:
7. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:
8. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը և ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման:
9. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
10. Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողն ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:
11. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստողներին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձևը սահմանում է համակարգող փոխվարչապետը:
12. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:
(19-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-12-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-492-Ն, խմբ. 04.12.24 ՀՕ-475-Ն)