Հոդված 34. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 34. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ, 23-26-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի ուժով, որպես ինքնավար մարմին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, Ազգային ժողովը վարչապետի առաջարկությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նախագահին և վեց անդամներին հետևյալ ժամկետներով.
1) Հանձնաժողովի նախագահը՝ 5 տարի.
2) Հանձնաժողովի մեկ անդամը` 4 տարի.
3) Հանձնաժողովի երեք անդամը՝ 3 տարի.
4) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 2 տարի.
5) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 1 տարի:
2.1. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:
3. Հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝
1) Հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչև Հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.
2) Հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են Հանձնաժողովի գործող վեց անդամից այն անդամի լիազորությունները, որը մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել: Հանձնաժողովի գործող անդամի լիազորությունները դադարում են նաև այն դեպքում, եթե նա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակվել է Հանձնաժողովի նախագահ կամ Հանձնաժողովի անդամ:
(34-րդ հոդվածը փոփ. 09.04.19 ՀՕ-12-Ն, փոփ., լրաց. 13.09.19 ՀՕ-177-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2018 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-249-Ն