Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-10-րդ մասերով.
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-10-րդ մասերով.
«4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Կարգավորող մարմիններ) հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:
5. Կարգավորող մարմինները գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում են Հանձնաժողով՝ կարծիքի:
6. Սույն հոդվածով նախատեսված ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կարգավորող մարմիններին:
7. Հանձնաժողովը, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի, ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից, եթե Կարգավորող մարմինները Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում են, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կարգավորող մարմիններին, և Կարգավորող մարմինները իրականացնում են օրենքով սահմանված գործառույթներ:
Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում են Կարգավորող մարմինները:
8. Կարգավորող մարմինները ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն են ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը: Կարգավորող մարմինները պարտադիր անդրադառնում են Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին և արտահայտած դիրքորոշումներին՝ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները:
Կարգավորող մարմիններն իրենց վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ հիշատակում են Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև այն չընդունելու դեպքում՝ դրա հիմնավորումները:
Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում Կարգավորող մարմինների որոշումները կամ դիրքորոշումները ընդունվում են առանց Հանձնաժողովի կարծիքի:
9. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությունը ճանաչում է անվճարունակ կամ սնանկության դիմում է ներկայացնում դատարան, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում:
Կարգավորող մարմինները սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում են Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:
10. Եթե Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկացումը հիմնավոր չէ, ապա կարող է դիմել վարչապետին՝ հարցը Կառավարության հերթական նիստի օրակարգ ընդգրկելու միջնորդությամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Կառավարությունը անհատական իրավական ակտի ընդունմամբ որոշում է տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացված հարցով տնտեսական մրցակցության գործառույթներ իրականացնող իրավասու մարմնին:»: