Հոդված 20. Անցումային դրույթներ
Հոդված 20. Անցումային դրույթներ
1. Կառավարության աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
2. Վարչապետին փոխարինելու կարգը վարչապետի կողմից սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
3. Վարչապետի աշխատակազմը Կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած, ինչպես նաև միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու մասով:
4. Մինչև Կառավարության աշխատակազմի պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը Կառավարության աշխատակազմի բյուջետային գլխավոր կարգադրիչի լիազորությունները վերապահվում են վարչապետի աշխատակազմին:
5. Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը գործում է մինչև վարչապետի աշխատակազմի ստեղծումը: Վարչապետի աշխատակազմը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության իրավահաջորդն է միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու մասով:
Հավելված
«Կառավարության կառուցվածքի և
գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում և իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության և ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, ժողովրդագրական պետական քաղաքականության, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
2. Առողջապահության նախարարությունը մշակում և իրականացնում է առողջապահության, բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ապահովման, առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման, կայուն ֆինանսավորման ապահովման, մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման, աշխատողների առողջության և անվտանգության պահպանման, առողջապահության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման ապահովման, մոր և մանկան առողջության պահպանման, արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման, հանրապետությունում արտադրվող և ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովման, հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, լիցենզավորման և դեղերի պետական գրանցման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
3. Արդարադատության նախարարությունը մշակում և իրականացնում է արդարադատության, այդ թվում՝ հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ապահովում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:
4. Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաև բնածին և մարդածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցման և վերացման, իրականացման համակարգման, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման ու դրա իրականացման աշխատանքների համակարգման, նշված ոլորտների խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման, նշված ոլորտներում կառավարման իրականացման և համակարգման, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգման, պետական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման, հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման ծառայությունների մատուցման ապահովման, արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման և բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման մասնակցության (խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, դրանց ծավալման և կիրառման պլանավորումը և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում այդ ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի) ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
5. Արտաքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման, համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացման, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման, պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
6. Բնապահպանության նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության, ինչպես նաև բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման, շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման, շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովման, բնապահպանության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
7. Գյուղատնտեսության նախարարությունը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մոնիտորինգի և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
8. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակում և իրականացնում է էներգետիկայի, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության բնագավառների, միջուկային էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության զարգացմանը և ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման ոլորտներում պետական քաղաքականությունը:
9. Կրթության և գիտության նախարարությունը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության և գիտության համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության և գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
10. Մշակույթի նախարարությունը մշակում և իրականացնում է մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
11. Պաշտպանության նախարարությունն Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում մշակում և իրականացնում է պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովման, օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների ու գործընթացների, ռազմական սպառնալիքների և վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման, գնահատման ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովման, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, միջազգային ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունների իրականացման ու հավաքական պաշտպանության մեխանիզմների զարգացման, զինված ուժերի միջազգային ներգրավման, զինված ուժերի համակողմանի ապահովման, զինվորական անձնակազմի պատրաստության, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման, Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
12. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակում և իրականացնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:
13. Սփյուռքի նախարարությունը մշակում և իրականացնում է հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանման նպատակով սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ լեզվամշակութային ծրագրերի մշակման, յուրաքանչյուր հայի համար Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիության ապահովման, հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ապահովման, այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման, հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման, համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման, հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակման, Հայաստանի ներքին խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի ներգրավման կայուն և արդյունավետ կառուցակարգերի մշակման ու ներդրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
14. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակում և իրականացնում է տարածքային կառավարման և զարգացման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովման, մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակման, վարչատարածքային արդյունավետ բաժանման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովման, համայնքային ծառայության համակարգի զարգացման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
15. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մշակում և իրականացնում է գիտելիքի և նորարարության ձևավորման խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման և արտահանման զարգացման, ներդրումների խթանման, գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանման, արդյունաբերության մրցունակության բարձրացման, զբոսաշրջության, տարածքային համաչափ զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
16. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակում և իրականացնում է տրանսպորտի, կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, տրանսպորտի և փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, ոլորտային այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից յուրաքանչյուրի շահագործման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման, թվային տնտեսության ձևավորման խթանման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
17. Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2018 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-253-Ն