Հոդված 30. Հարկային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները
Հոդված 30. Հարկային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները
(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-370-Ն)
1. Հարկային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կրել և պահել օրենքով նախատեսված զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառելու: Նախքան հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավասություն ստանալը հարկային մարմնի հանրային ծառայողները հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում):
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրություն կատարելիս հարկային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
3. Հարկային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հարկային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ:
4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:
5. Օրենքով չնախատեսված դեպքերում հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
6. Հարկային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին վերադասության կարգով անհապաղ գրավոր տեղեկացնում է հարկային մարմնի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր դատախազին:
(30-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-370-Ն)