Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-16-ից մինչև 2009-10-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 20. Հարկային ծառայողների ատեստավորումը

գործել է մինչև 2009-10-26Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հարկային ծառայողների ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հարկային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

3. Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի ցանկությամբ:

4. Ատեստավորումն անցկացվում է հարկային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

5. Ատեստավորման ենթակա չեն`

1) մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա հարկային ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկային ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է հարկային ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 26.1-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա վերջինիս տված բնութագիրն իրավական ուժ չունի: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա հարկային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Հարկային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` հանձնաժողովի սահմանած կարգով:

Թեստերը կազմում, հարցազրույց անցկացնում և արդյունքները գնահատում է հանձնաժողովը` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացություններից մեկը ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին:

11. Հարկային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև հարկային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին այդ արդյունքները ներկայացնելը:

12. Հարկային մարմնի ղեկավարը սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հարկային ծառայողին ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում շնորհելու կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) զբաղեցրած պաշտոնին հարկային ծառայողի համապատասխանության մասին.

3) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

4) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.

5) հարկային ծառայությունից ազատելու մասին: Նման որոշում կարող է կայացվել նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են հարկային ծառայողի անձնական գործին:

14. Սույն օրենքի հիման վրա հարկային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:

(20-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։