Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները
Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները
1. Հարկային մարմնի գործառույթներն են`
1) հարկ վճարողների սպասարկումը (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում).
2) հարկ վճարողների հաշվառումը.
3) հարկերի և պարտադիր այլ վճարների հավաքման կազմակերպումը.
4) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
5) հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկային պարտավորություն) գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.
6) հարկ վճարողների բողոքների քննարկումը և որոշումների կայացումը.
7) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.
7.1) արժութային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողության իրականացումը.
8) հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ.
9) գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը` օրենքով սահմանված դեպքերում:
2. Հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն և նախաքննություն:
3. (մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն)
(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 08.07.05 ՀՕ-149-Ն, 24.10.05 ՀՕ-209-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն)