Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-01-01-ից մինչև 2003-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2003-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.

հարկային գաղտնիք` հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ`

- հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,

- հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,

- հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,

- հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,

- հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:

Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.

ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.

հարկային ծառայության ընթացակարգեր` ըստ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և ըստ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց` հարկային մարմնի կողմից հաստատվող գործառույթներ.

հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.

ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և իր կանոնադրությամբ վերապահված լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։