Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.
հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.
հարկային գաղտնիք` հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ`
- հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,
- հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,
- հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,
- հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,
- հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:
Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.
ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.
հարկային ծառայության գործառույթներ՝ վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.
հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.
ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.
հարկային վարչարարություն՝ հարկային մարմնի՝ սույն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած և ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.
հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.
հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)