Հոդված 78. Սահմանադրության 100-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)
Հոդված 78. Սահմանադրության 100-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)
1. Սույն հոդվածում նշված գործերով դատարանի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին եզրակացություն է տրվելու, դատավարությանը պետք է ներգրավվի որպես դատավարության մասնակից, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:
2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
3. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
4. Մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը կարող է հետ վերցվել դիմողի կողմից, եթե սահմանադրական դատարանի անդամը տասնօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ:
5. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և սահմանադրական դատարանի անդամը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի քննությունը ենթակա է կարճման:
6. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները:
7. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:
8. Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:
9. Սույն հոդվածում նշված գործերով եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանը գնահատում է նաև սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ամրագրող օրենքների և Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված այլ իրավական ակտերի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը և հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` եզրակացություն է ընդունում համապատասխան հիմքերի բացակայության մասին: