Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-18-ից մինչև 2011-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 59. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կարգը

գործել է մինչև 2011-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 59. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու և սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` պայմանագրի գործողությունը դադարեցնելու հիմքեր առաջանալու դեպքում իրավասու գերատեսչությունը, այդ թվում` եթե նման հարցով առաջարկություն է ստացվել արտաքին գործերի նախարարությունից, ապա այդ մասին հիմնավորումը ներկայացնում է շահագրգիռ գերատեսչություններ` նրանց կարծիքներն ստանալու համար։

2. Շահագրգիռ գերատեսչություններն իրենց կարծիքները տվյալ միջազգային պայմանագրի գործողության կասեցման կամ դադարեցման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ իրավասու գերատեսչություն են ներկայացնում 5-օրյա ժամկետում, որոնց հիման վրա վերջինս կազմում է իր կարծիքը և շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենների հետ ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

3. Արտաքին գործերի նախարարությունը 15-օրյա ժամկետում կազմում է իր եզրակացությունը և բոլոր փաստաթղթերի հետ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն։

4. Փաստաթղթերն ստանալուց հետո միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է դրան համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

5. Կառավարության որոշումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը իր կարծիքի հետ համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

6. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը համաձայնում է միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու առաջարկությանը, ապա նա հրամանագիր է հրապարակում իր հաստատած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին, իսկ վավերացված միջազգային պայմանագրի առնչությամբ դիմում է Ազգային ժողով` համապատասխան հարցը ներկայացնելու համար նշանակելով իր պաշտոնական ներկայացուցչին։

7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

8. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմինը մերժման որոշում է ընդունում, ապա`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կրկին դիմել Ազգային ժողով` նրա վավերացրած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու միջնորդությամբ, անհրաժեշտության դեպքում նախօրոք ստանալով արտաքին գործերի նախարարության կարծիքը և իրավասու գերատեսչության հիմնավորումը.

2) արտաքին գործերի նախարարությունը իրավասու գերատեսչության հիմնավորումով կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` նրա հաստատած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու միջնորդությամբ։ Ընդ որում, եթե հարցն առնչվում է միջկառավարական պայմանագրին, ապա արտաքին գործերի նախարարությունը կրկին Հայաստանի Հանրապետության Նախագահին կարող է դիմել միայն կառավարության հանձնարարությամբ` նախապես ստանալով իրավասու գերատեսչության կարծիքը:

Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր չէ կրկին իրականացնել սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված ընթացակարգերը։

9. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցվել է այդ պայմանագրի կողմ հանդիսացող օտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա արտաքին գործերի նախարարությունը, նախապես ստանալով իրավասու գերատեսչության կարծիքը, առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` տվյալ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության կողմից ևս կասեցնելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարության առաջարկությունն ստանալով` Հայաստանի Հանրապետության Նախագահը գործում է սույն հոդվածի 6-րդ մասի կանոններին համապատասխան։

10. Սույն հոդվածի 9-րդ մասի կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու դիմում կամ առաջարկություն է ստացվել այդ պայմանագրի կողմ հանդիսացող օտարերկրյա սուբյեկտի կողմից, և եթե արտաքին գործերի նախարարությունն ըստ անհրաժեշտության դիվանագիտական ուղիներով նախապես չի կարողացել հասնել այն բանին, որ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը հետ վերցնի իր դիմումը կամ առաջարկությունը։

11. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող օտարերկրյա սուբյեկտների կողմից դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է այդ պայմանագրի գործողության դադարեցման կամ չեղյալ հայտարարելու մասին, ապա Հայաստանի Հանրապետության համար այդ պայմանագրի գործողությունը դադարում է նման ծանուցման հետ կապված` տվյալ պայմանագրով սահմանված պահից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։