Հոդված 24
Հոդված 24.
Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
1. Վերահսկվող օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը, ինչպես նաև օբյեկտի վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձն իրավունք ունի`
ա) ծանոթանալու վերահսկողության արդյունքներին.
բ) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ և օրենքով սահմանված կարգով բողոքարկելու վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը.
գ) արգելելու վերահսկողության իրականացումը (վերահսկողությունն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե վերահսկողություն իրականացնողները խախտել են սույն օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով վերահսկիչ պալատի նախագահին:
2. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ.
բ) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, բավարարել վերահսկողների օրինական պահանջները.
գ) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկություններ.
դ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վերահսկողություն իրականացնող անձանց գործունեության համար.
ե) վերահսկիչ պալատին տրամադրել արժանահավատ տեղեկատվություն.
զ) մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին գրավոր տեղեկատվություն տրամադրել ընթացիկ հաշվետվություններում և եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ: Տվյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:
3. Վերահսկիչ պալատի աշխատակիցների` վերահսկողությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են վերահսկվող օբյեկտների համար:
4. Սույն օրենքի և վերահսկիչ պալատի աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու դեպքում վերահսկվող օբյեկտի ղեկավարները կամ պատասխանատու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:
(24-րդ հոդվածը լրաց. 25.03.15 ՀՕ-18-Ն)