Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2010-03-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 11

գործել է մինչև 2010-03-20Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Վերահսկիչ պալատի խորհրդի անդամները

1. Յուրաքանչյուր տարի վերահսկիչ պալատի նախագահը, խորհրդի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո` տասն օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին է առաջարկում պաշտոնավարման ժամկետը լրացած վերահսկիչ պալատի խորհրդի մեկ անդամի փոխարեն նոր թեկնածություն։ Վերահսկիչ պալատի խորհրդում վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է պաշտոնավարման չլրացած ժամկետով, այս դեպքում առաջադրումը և նշանակումը կատարվում է պաշտոնավարման ամբողջ ժամկետով խորհրդի անդամի նշանակման համար սահմանված ընթացակարգով:

2. Խորհրդի անդամները, այդ թվում` վերահսկիչ պալատի նախագահը, չեն կարող առաջադրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, զբաղեցնել պաշտոն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

3. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենա բարձրագույն կրթություն: Խորհրդի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`

ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն վարելու իրավունքից.

գ) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

4. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներից առնվազն հինգը պետք է ունենան մասնագիտական փորձ` աուդիտի, պետական վերահսկողության, ֆինանսական կամ տնտեսագիտական բնագավառներում։

5. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը համակարգում է վերահսկիչ պալատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (ների) աշխատանքները: Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը նշագրում է իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանման (ների) կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմված ընթացիկ հաշվետվությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախագծերը` մինչև դրանց վերահսկիչ պալատի խորհրդին ներկայացվելը:

6. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը սույն օրենքով և վերահսկիչ պալատի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակներում որոշում է իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական հարցերը և այդ ստորաբաժանումների գործունեության արդյունքների համար վերահսկիչ պալատի խորհրդի առջև կրում է պատասխանատվություն։

7. Վերահսկիչ պալատի խորհրդի անդմաների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`

ա) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնեական պարտականությունները թերի կատարելու դեպքում` վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից.

բ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի դեպքում.

գ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

դ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի ազատազրկման, դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.

ե) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի մահվան դեպքում:

8. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի մասին դիմումը տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով` նախապես տեղեկացնելով վերահսկիչ պալատի նախագահին։

9. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի մահվան դեպքում, ինչպես նաև նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է վերահսկիչ պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

10. Վերահսկիչ պալատի նախագահի աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.1 գործակցով, նախագահի տեղակալինը` 6.1 գործակցով, իսկ վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամներինը` 5.1 գործակցով:

11. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներն օգտվում են վերահսկիչ պալատի նախագահի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական և իրավական բոլոր երաշխիքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։