Հոդված 8. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը պարտավոր են`
ա) պահպանել պետական սահմանը և թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն.
բ) հետ մղել զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել պետական սահմանում ծագող զինված և այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձևերը.
գ) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը.
դ) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
ե) կանխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները.
զ) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ.
է) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմանագծման (դեմարկացիա) և վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին.
ը) աջակցել սահմանային գոտում (շերտում) Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան միջոցառումներ իրականացնելիս.
թ) կազմակերպել և իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ: