Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
2. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «գ.1», «գ.2», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
գ.1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում` մարզպետը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը:
2.1. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
2.2. Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը:
3. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «գ.1», «գ.2», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններում, բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ կետի, նշանակում և այդ պաշտոններից ազատում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
գ.1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը:
3.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:
3.2. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
3.3. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո Քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, փոփ., լրաց. 07.06.10 ՀՕ-104-Ն, լրաց., խմբ. 19.03.13 ՀՕ-15-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-255-Ն, 07.04.16 ՀՕ-36-Ն)