Հոդված 17. Քաղաքացիական ծառայության ստաժը
Հոդված 17. Քաղաքացիական ծառայության ստաժը
1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:
Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:
2. Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:
3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝
ա) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:
Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը):
4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:
5. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված հիմքով` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական, կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:
(17-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց., խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն)