Հոդված 20. Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը
Հոդված 20. Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը
«1. Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը ... իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ...»
2. 2013 թվականի մայիսի 2-ին կատարված և 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած փոփոխությունները
29. 2011 թվականի ապրիլի 28-ին առաջարկվել են փոփոխություններ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում։ Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ բացատրական զեկույցում նշվում էր, որ Օրենքը, որն ընդունվել էր Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Դրա հիմնական թերությունները հետևյալն էին.
ա) այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող ծառայողների՝ զինվորական վերահսկողության ներքո գտնվելու փաստը, ինչը հակասում է նրանց կրոնական համոզմունքներին։ Ընդ որում, զինվորական վերահսկողություն սահմանված էր ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության, այլ նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում։ Սրանով այն անձինք, որոնց կրոնական համոզմունքներին հակասում են ոչ միայն զենք կրելը և օգտագործելը, այլև զինվորական վերահսկողության ներքո որևէ ծառայություն անցնելը, պարտադիր զինվորական ծառայությունից բացի որևէ այլընտրանք չունեն, և
բ) այլընտրանքային ծառայության տևողությունը։
30. Նշված փոփոխություններն ի վերջո ընդունվել են 2013 թվականի մայիսի 2-ին և ուժի մեջ մտել 2013 թվականի հունիսի 8-ին։ Դրանք ներառել են հետևյալ փոփոխությունները՝
- 5-րդ հոդվածում կատարվել է փոփոխություն՝ այլընտրանքային զինվորական ծառայության տևողությունը նվազեցնելով մինչև երեսուն ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության տևողությունը՝ մինչև երեսունվեց ամիս.
- 14-րդ հոդվածում տարբերակվել է այլընտրանքային զինվորական ծառայությունը, որը պետք է կազմակերպվեր և վերահսկվեր պաշտպանության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից, և այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, որը պետք է կազմակերպվեր և վերահսկվեր Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Նոր խմբագրությամբ 14-րդ հոդվածով նաև սահմանվել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը չի կարող վերահսկվել զինվորականների կողմից.
- 17-րդ հոդվածով այն կազմակերպության ղեկավարից, որտեղ պետք է անցնի այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, պահանջվել է ապահովել ծառայողի լիակատար զբաղվածությունը։ Ծառայողի փոխադրումը կարող էր կարգադրվել կամ նախաձեռնվել հանրապետական հանձնաժողովի կողմից (տե՛ս ստորև՝ 35-րդ և 36-րդ պարբերությունները)՝ ի տարբերություն «պաշտպանության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի», և նրանից այլևս չէր պահանջվում ծառայության վայրում գտնվել շուրջօրյա.
- 18-րդ հոդվածի 1-ին մասով այլընտրանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպությունից այլևս չէր պահանջվում ծառայողին տրամադրել սնունդ, համազգեստ և այլ պարագաներ։ Նոր խմբագրությամբ 18-րդ հոդվածի
2-րդ մասից հանվել է Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքին արված հղումը, և նոր խմբագրությամբ տեքստով կազմակերպության ղեկավարից պահանջվում էր ապահովել, որ ծառայողի աշխատանքային պայմանները լինեն այլ ժամանակավոր կամ մշտական աշխատողների համար ստեղծված պայմաններին հավասար։
Նոր խմբագրությամբ 19-րդ հոդվածի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողն այլևս չէր ստանալու պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափով ամսական դրամական բավարարում, այլ ստանալու էր մինչև 30 000 ՀՀ դրամ ամսական դրամական բավարարում։ Համազգեստ կրելու պարտականությունը նույնպես հանվել էր։
Գ. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենք (2002 թվական)
31. 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ շարքային կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը քսանչորս ամիս է։
Դ. «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենք (2003 թվական, փոփոխվել է 2013 թվականին)
32. 2013 թվականի մայիսի 2-ին Օրենքում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Դրանք ուժի մեջ են մտել 2013 թվականի հունիսի 8-ին և ներառել են հետևյալ փոփոխությունները.
«[inter alia, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով] նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա ... դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:»:
Ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» թիվ 940-Ն որոշում
33. 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգերի կազմակերպություններում, ինչպես օրինակ՝ որբանոցներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հաստատություններում և հիվանդանոցներում։ Նրանք պետք է կատարեն սանիտարի գործառույթներ։ 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին վերապահված է այլընտրանքային աշխատանքային ծառայողներին հագուստով, սննդով և դրամական միջոցներով ապահովելու պարտականությունը։ Որոշմամբ նաև սահմանվում է այն համազգեստի հետ կապված կանոնները, որը պետք է կրեն այլընտրանքային զինվորական ծառայողները և այլընտրանքային աշխատանքային ծառայողները։
34. 2013 թվականի օգոստոսի 1-ին որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, և այն կիրառելի է դարձել միայն այլընտրանքային զինվորական ծառայողների նկատմամբ։
Զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի ստեղծման, գործունեության կարգը և անդամների կազմը սահմանելու մասին» թիվ 271-Ն որոշում
35. Որոշմամբ ստեղծվել է հանրապետական հանձնաժողով՝ այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկելու համար։ Հանձնաժողովի կազմում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարը՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետը։
36. 2013 թվականի հուլիսի 25-ին որոշումը ճանաչվել է ուժը կորցրած և փոխարինվել է թիվ 797-Ա որոշմամբ, որով փոխվել է հանրապետական հանձնաժողովի կազմը՝ ներառելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին՝ որպես հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալին, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալին և ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչության պետին։
Է. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2004 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 142 հրաման
37. Այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչված անձանց աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետին հանձնարարվել է՝ ա) տարածքային զինվորական կոմիսարիատների և դրանց ստորաբաժանումների տարածքում գտնվող կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող անձանց ներկայությունը ստուգելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ կատարել ստուգայցեր, բ) յուրաքանչյուր ամսվա վերջին այս ստուգումների արդյունքների մասին զեկուցել Գլխավոր շտաբի պետին, և գ) Գլխավոր շտաբի պետին անմիջապես զեկուցել որևէ այլընտրանքային աշխատանքային ծառայողի բացակայության դեպքում և նրանց գտնելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։
Ը. Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը
38. 2014 թվականի մարտի 28-ին և 2015 թվականի մարտի 27-ին Վճռաբեկ դատարանը քննել է համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված երկու անձանց՝ ավելի ցածր ատյանի դատարանների կողմից Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ներկայացված բողոքները (քրեական գործեր թիվ ԿԴ1/0053/01/12 և ԳԴ1/0006/01/13)։ Դատարանը գտել է, որ հաշվի առնելով, որ նրանց գործերում առկա են 2013 թվականի հունիսի 8-ին փոփոխված «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում նշված հանգամանքները՝ այդ Օրենքի դրույթները կիրառելի են, հետևաբար նրանց համար սահմանված պատիժները պետք է չեղյալ հայտարարել և քրեական գործով վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով։
Թ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը
39. Մարդու իրավունքների պաշտպանն իր 2008 թվականի տարեկան զեկույցի մեջ նշել է.
««Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը հարող զինապարտները այընտրանքային աշխատանքային ծառայության անցնելուց հրաժարումը պատճառաբանում են այն հանգամանքով, որ այդ ծառայությունը կազմակերպվում և դրա իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացվում է ... Պաշտպանության նախարարության ... ստորաբաժանումների կողմից։ Օրինակ, այլընտրանքային ծառայության զորակոչն անցկացվում է զինկոմիսարիատների միջոցով, կամ ... Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության [վարչությունը] պարբերաբար ստուգայցեր է կազմակերպում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցման կազմակերպություններ, այլընտրանքային ծառայողներին տողանով շարվելու պահանջ է ներկայացնում և այլն։ Բացի այդ, որոշ զինապարտներ բողոքել են, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության համազգեստը տրամադրվում է ... Պաշտպանության նախարարության ... կողմից։
[«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի] համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման և իրականացման համար պատասխանատու է այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարը։ Միաժամանակ, [նույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն]՝ այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում և դրա (այլընտրանքային ծառայության) իրականացումը վերահսկում է [պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը]։ Իրականում, ... Պաշտպանության նախարարությունը հաստատում է [14 հոդվածի] կատարման նպատակով Ռազմական ոստիկանության կողմից պարբերաբար կատարվող ստույգայցերը և հայտնում է, որ այդ այցերի նպատակն է պարզել այընտրանքային ծառայողների ներկայությունը այլընտրանքային աշխատանքային ծառայության անցման կազմակերպությունում։
Հաշվի առնելով վերը շարադրյալը՝ առաջարկում ենք օրենսդրությամբ սահմանել այլընտրանքային ծառայության համար դիմումների ներկայացման, ծառայության կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության նոր համակարգ, որն ամբողջությամբ կիրականացվի աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում ... իրավասու գերատեսչության կողմից։ Այլընտրանքային ծառայողներին [«Զինապարտության մասին» ... օրենքով] սահմանված կարգով պահեստազորում գրանցելու փոխարեն կարելի է ստեղծել այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիների հաշվեմատյան և [պահեստազորի զինգրքույկի փոխարեն] նրանց տրամադրել այլ սահմանված նմուշի գրքույկ։»:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե
1. «Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ» թիվ R(87)8 հանձնարարական
40. Նախարարների կոմիտեն նշել է, որ «այլընտրանքային ծառայությունը չպետք է կրի պատժիչ բնույթ։ Զինվորական ծառայության համեմատությամբ դրա տևողության համար պետք է սահմանվի ողջամիտ ժամկետ»։
2. Անդամ պետություններին ուղղված՝ «Զինված ուժերի անդամների՝ մարդու իրավունքների վերաբերյալ» Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)4 հանձնարարական
41. Նախարարների կոմիտեն անդամ պետություններին առաջարկել է ապահովել զինված ուժերի անդամների մտքի, խղճի և կրոնի ազատության ցանկացած սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետին, զինապարտներին զինվորական ծառայության փոխարեն քաղաքացիական այլընտրանքային ծառայություն կատարելուց հրաժարվող անձանց կարգավիճակի շնորհումը և նրանց քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության առաջարկումը։ Սույն հանձնարարականի բացատրական հուշագրում նշվում է մասնավորապես, որ զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար նախատեսված ցանկացած այլընտրանքային ծառայության տևողությունը սովորական զինվորական ծառայության տևողության համեմատությամբ պետք է լինի ողջամիտ։ Դրանում նաև նշվել է, որ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն համարել է, որ այլընտրանքային ծառայության տևողությունը զինվորական ծառայության տևողությունից մեկուկես անգամ գերազանցելը չափից շատ է։
Բ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
1. Ընդհանուր փաստաթղթեր
Հանձնարարական թիվ 1518 (2001). Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի իրացումը
42. ԵԽԽՎ-ն առաջարկել է Նախարարների կոմիտեին հրավիրել այն անդամ պետություններին, որոնք իրենց օրենսդրության մեջ դեռևս չեն ներդրել լիարժեք քաղաքացիական բնույթ ունեցող այլընտրանքային ծառայության համակարգ, ներդնել այդպիսի համակարգ, որը բնույթով ոչ պատժիչ է, ոչ էլ արժանապատվությունը նվաստացնող։
2. Բացառապես Հայաստանին վերաբերող փաստաթղթերը
ա) Եզրակացություն թիվ 221(2000). Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար Հայաստանի դիմումը
43. ԵԽԽՎ-ն նշել է, որ Հայաստանը պարտավորվել է կատարել հետևյալ հանձնառությունը՝ «անդամակցությունից հետո երեք տարվա ընթացքում ընդունել եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային ծառայության մասին օրենք և միաժամանակ ներում շնորհել կարգապահական գումարտակներում ազատազրկման կամ ծառայելու դատապարտված՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված անձանց՝ նրանց հնարավորություն տալով այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունման դեպքում ընտրություն կատարելու չզինված զինվորական ծառայության և այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև»։
բ) Բանաձև 1532 (2007). Հայաստանի ստանձնած պարտավորությունները և հանձնառությունները
44. Ինչ վերաբերում է Հայաստանի՝ «եվրոպական չափանիշներին համապատասխան» այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենսդրություն ընդունելու և «ազատազրկման դատապարտված՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված բոլոր անձանց ներում շնորհելու» հանձնառությանը, ԵԽԽՎ-ն հիասթափությամբ նշել է, որ 2005 թվականին և համապատասխանաբար 2006 թվականի հունիսին փոփոխված գործող օրենքով համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց դեռևս չի առաջարկվում «իրականում լիարժեք քաղաքացիական բնույթ ունեցող այլընտրանքային ծառայության» որևէ երաշխիք, որը պետք է չկրի արժանապատվությունը նվաստացնող կամ պատժիչ բնույթ»՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներով սահմանված կարգով։ Այն խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ լիարժեք քաղաքացիական ծառայության բացակայության պատճառով տասնյակ անձինք, մեծ մասամբ Եհովայի վկաներ, որոնք համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվում են զինվորական ծառայությունից, շարունակում են ազատազրկված մնալ, քանի որ նախընտրում են իրենց պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում, քան լիարժեք քաղաքացիական բնույթ չունեցող այլընտրանքային ծառայություն անցնել: ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին փոփոխություններ կատարել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում՝ Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից արված առաջարկություններին համապատասխան, և միաժամանակ ներում շնորհել քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված անձանց։
Գ. Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ՌԱԵՀ)
45. ՌԱԵՀ-ն Հայաստանի մասին 2006 թվականի հունիսի 30-ին ընդունված իր երկրորդ զեկույցում նշել է հետևյալը.
«Հայաստանում համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված անձանց գերակշիռ մեծամասնությունը Եհովայի վկաներն են։ Հետևաբար նրանց վրա անհամաչափորեն տարածվում է այլընտրանքային ծառայության խնդիրը։ Այս հարցի առնչությամբ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 2003 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է [«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը], որն ուժի մեջ է մտել 2004 թվական հուլիսի 1-ին։ Սույն օրենքով այլընտրանքային զինվորական ծառայության համար նախատեսվում է 36 ամիս ժամկետ, իսկ այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար՝ 42 ամիս։ ՌԱԵՀ-ը նշում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, որի տևողությունը, ի տարբերություն իրական զինվորական ծառայության, ավելի երկար է, իրականացվում է զինվորական վերահսկողության ներքո։ Ընդ որում, ՌԱԵՀ-ը տեղեկացվել է, որ այն կազմակերպությունների (այդ թվում՝ հիվանդանոցների) տնօրենները, որտեղ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք կատարում են իրենց պարտականությունը, իրենց ծառայության իրականացման պայմանների և եղանակների մասին հրահանգներ ստանում են զինվորական մարմիններից։ Ավելին, համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք բժշկական օգնություն ստանալու համար ուղարկվում են զինվորական հոսպիտալ, հիմնականում գտնվում են իրենց ծառայության վայրում, և նրանցից պահանջվում է կրել զինվորական համազգեստ։ Նրանք նաև ստանում են զինվորականների կողմից հաստատված կարգացուցակները և դրանց փոփոխությունները։ ... ՌԱԵՀ-ը ցանկանում է նշել, որ [«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի] նպատակն է բացառել համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու համար ազատազրկելը։ Սակայն [«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի] նպատակը, ցավոք, մնացել է անկատար, քանի որ մեծ թվով մարդիկ այժմ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում՝ ծառայության վրա զինվորականների ազդեցության պատճառով այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը թողնելու կամ այն անցնելուց հրաժարվելու համար»։
Դ. Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար
46. Հանձնակատարը 2011 թվականի հունվարի 18-ից 21-ը Հայաստան կատարած այցից հետո 2011 թվականի մայիսի 9-ին ներկայացրած իր զեկույցում նշել է.
«Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված ազատազրկված անձանց խնդիրը, որոնք բոլորն էլ ներկայումս Եհովայի վկաներ են, երկար տարիներ եղել է քննարկման հարց։ Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված անձինք չեն ցանկանում անցնել այլընտրանքային ծառայություն, որը զինվորականների վերահսկողության տակ է։ Հայաստանում դեռևս գոյություն չունի զինվորական ծառայությանն այլընտրանք հանդիսացող այնպիսի ծառայություն, որը կարելի է իր բնույթով համարել լիարժեք քաղաքացիական ծառայություն։ Հանձնակատարը խորապես համոզված է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք չպետք է ազատազրկվեն, և կոչ է անում իշխանություններին ստեղծել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։
...
Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի հարցը Հայաստանում դեռևս մնում է չլուծված։ Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողները, որոնք դիմում են քաղաքացիական ծառայություն անցնելու խնդրանքով, հիմնականում Եհովայի վկաների համայնքի անդամներ են։ Գրեթե 70 մարդ ներկայումս գտնվում է ազատազրկման մեջ՝ զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու համար։ Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողները բոլորը դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327.1 հոդվածով՝ 24-36 ամիս ազատազրկման։
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականին և ուժի մեջ է մտել 2004 թվականին։ Այլընտրանքային ծառայության իրականացումը շարունակում է մնալ զինվորականների վերահսկողության ներքո, ինչը, հաշվի առնելով նրանց կրոնական համոզմունքները, մեծ խոչընդոտ է Եհովայի վկաների համայնքի անդամների համար։ Մեկ այլ խնդիր է քաղաքացիական ծառայության համար սահմանված՝ պոտենցիալ պատժիչ բնույթ ունեցող տևողությունը, որը ներկայումս 42 ամիս է, այն դեպքում, երբ պարտադիր զինվորական ծառայության տևողությունը 24 ամիս է։ Այս առումով Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն գտել է, որ այլընտրանքային ծառայության համար նախատեսված ժամկետը, որը զինվորական ծառայության ժամկետից երկու անգամ ավելի է, չափազանց երկար է և հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի 1.2 հոդվածին։ Համաձայն այդ հոդվածի՝ այլընտրանքային ծառայության ժամկետը չի կարող գերազանցել զինված զինվորական ծառայության ժամկետն ավելի, քան մեկուկես անգամ։
Հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք [«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում] փոփոխություններ կատարելու պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես, Նախարարը նշել է, որ փոփոխությունների համաձայն՝ վերահսկողությունը կիրականացվի այլընտրանքային ծառայության համար նախանշված նախարարության կողմից (աշխատանքի, առողջապահության, պաշտպանության և այլն)՝ այսպիսով ապահովելով լիարժեք քաղաքացիական ծառայության առկայությունը։ Կառավարությունն ընդունել է [«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում] փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2011 թվականի ապրիլին։
Եզրակացություններ և առաջարկություններ
...
Հանձնակատարը գտնում է, որ անհապաղ անհրաժեշտ է վերանայել [«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը] և համապատասխան մեխանիզմներ մշակել՝ Հայաստանում լիարժեք քաղաքացիական ծառայության հնարավորություն ստեղծելու համար։ Հաշվի առնելով զինվորական ծառայության տևողությունը՝ կարևոր է նաև փոփոխել այլընտրանքային ծառայության ժամկետն այնպես, որ վերջինս չկրի պատժիչ, անձի պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնող բնույթ»։
47. Հանձնակատարի զեկույցին արված պաշտոնական պատասխանում Կառավարությունն ընդունել է այն հանգամանքը, որ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի իրացման հետ կապված՝ Հայաստանում դեռևս առկա են խնդիրներ, և իրենք նպատակ ունեն ներկայացնելու օրենսդրական փոփոխություններ՝ այլընտրանքային ծառայության նկատմամբ քաղաքացիական հսկողությունը խթանելու և այդպիսի ծառայության նկատմամբ զինվորական վերահսկողությունն ամբողջությամբ վերացնելու համար։ Այդ գործառույթը պետք է վերապահվեր Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներից և Պաշտպանության նախարարության միայն քաղաքացիական ծառայողներից կազմված նոր մարմնին։
Ե. Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե
48. Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությանը (Աշխատանքի իրավունքը. աշխատողի՝ իր կողմից ազատ ընտրված աշխատանքով իր ապրուստը վաստակելու իրավունքի արդյունավետ պաշտպանությունը) Հունաստանի համապատասխանության վերաբերյալ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին արված իր XIX-1 եզրահանգումներում նշել է.
«Կոմիտեն նշում է, որ [զինված զինվորական ծառայությունը փոխարինելու նպատակով այլընտրանքային ծառայության ժամկետը] գրեթե երկու անգամ ավելի է, քան զինված զինվորական ծառայության տևողությունը։ Պետք է ընդունել այն փաստը, որ մի շարք երկրներում, որտեղ ճանաչվել են համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքները, նրանք գտնվում են ավելի լավ վիճակում՝ ի տարբերություն այն երկրների, որտեղ նրանց չի շնորհվում հատուկ կարգավիճակ կամ որտեղ ծառայությունից հրաժարվելը պատժվում է ազատազրկմամբ։ Սակայն, նույնիսկ եթե պետությունն ընդունում է համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու սկզբունքը և փոխարենը ստեղծում է այլընտրանքային ծառայություն, դրա համար նախատեսված ժամկետն այն չի կարող սահմանել ավելի երկար, քան անհրաժեշտ է ապահովելու համար, որ համոզմունքի հիմնավորմամբ ծառայությունից հրաժարումը համապատասխանի իրականությանը, և այլընտրանքային ծառայության տարբերակն ընտրելը ոչ թե դիտարկվի որպես նախընտրելի, այլ որպես պարտականություն։ Խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ այլընտրանքային ծառայության ժամկետը չի կարող գերազանցել զինված զինվորական ծառայության ժամկետն ավելի, քան մեկուկես անգամ»։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
49. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելով և իրենց դատապարտելով` խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։»:
Ա. Ընդունելիությունը
50. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 2-ին փոփոխություններ են կատարվել «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում, որոնց համաձայն՝ ա) Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով պատիժ կրող անձն ազատ է արձակվում, եթե նա մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և նրա դիմումը բավարարվել է, բ) կարճվում են նախաքննության և հետաքննության մարմինների վարույթներում գտնվող գործերը, գ) նրանց դատվածությունը հանվում է, և դ) այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվում է՝ պատիժը փաստացի կրած ժամկետին կամ քրեական հետապնդման ընթացքում ազատությունից զրկելու ժամկետին համապատասխան։ Այդ փոփոխություններն ընդունվելուց հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված անձանց նկատմամբ կայացված մի շարք մեղադրական դատավճիռներ և հանցակազմի բացակայության պատճառով կարճել է քրեական գործով վարույթները։ Փոփոխությունները կատարվել են այն ժամանակ, երբ դիմումատուները դեռևս կրում էին իրենց պատիժները։ Հետևաբար նրանք ունեցել են արդարացման և վերականգնման միջոցով պատշաճ փոխհատուցման հնարավորություն, եթե նրանք մինչև սահմանված ժամկետը ներկայացնեին այլընտրանքային ծառայություն անցնելու դիմում, սակայն նրանք չեն օգտվել այդ հնարավորությունից։
51. Դիմումատուները վիճարկել են Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ պնդումը և պնդել են, որ փոփոխված «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի դրույթներն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չեն, քանի որ դրանցով չի ապահովվում լիարժեք վերականգնման կամ փոխհատուցման վճարման հնարավորություն։ Նրանց պատժի մնացած մասը այլընտրանքային ծառայությամբ փոխարինելը կհանգեցներ այնպիսի իրավիճակի, երբ քրեակատարողական հիմնարկում քսանչորս ամիս պատիժ կրելուց հետո նրանք դեռևս ստիպված կլինեին ևս քսան ամիս անցնել այլընտրանքային ծառայություն, քանի որ ազատազրկման մեկ ամբողջ օրը հավասարազոր էր այլընտրանքային ծառայության մեկ ութժամյա աշխատանքային օրվան։ Այդպիսի օրակարգը պատժիչ բնույթ ուներ և նման էր ազատազրկման իրենց ժամկետը ազատության հետ չկապված պատժով փոխարինելուն, բացի այդ, երեսուն ամիս սահմանված իրենց պատիժը երկարաձգվում էր մինչև երեսունվեց ամիս, ինչը չէր կարող համարվել արդարացում կամ վերականգնում։ Ավելին, Կառավարությունը չի հրապարակել այն տեղեկատվությունը, որ հանրապետական հանձնաժողովը, որին վստահված էր այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու հարցը, իր գործունեությունը սկսել է փոփոխությունները կատարելուց ամիսներ անց՝ իր առաջին նիստն անցկացնելով 2013 թվականի հոկտեմբերի 23-ին։ Մինչ այդ դիմումատուներն արդեն ազատ էին արձակվել քրեակատարողական հիմնարկից։
52. Դատարանը համարում է, որ Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ առարկությունը սերտորեն կապված է դիմումատուների բողոքի բովանդակության հետ և պետք է միացվի գործի ըստ էության քննությանը։
53. Ավելին, չնայած կողմերը չեն վիճարկել գործի նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը, սակայն Դատարանն անհրաժեշտ է համարում իր իսկ նախաձեռնությամբ անդրադառնալ այս հարցին։ Այս կապակցությամբ այն կրկին նշում է, որ բանակում ծառայության պարտավորության և անձի խղճի կամ խորը և իրականում դավանվող կրոնական կամ այլ համոզմունքների միջև ի հայտ եկած լուրջ և անհաղթահարելի հակասությամբ պայմանավորված՝ զինվորական ծառայությանը դեմ լինելը համարվում է բավականաչափ համոզիչ, ծանրակշիռ, փոխկապակցված և կարևոր համոզմունք՝ 9-րդ հոդվածի երաշխիքները կիրառելու համար։ Զինվորական ծառայությանը առարկելու հանգամանքի վրա տվյալ դրույթի գործողության տարածման հարցը և դրա չափը պետք է որոշվի՝ հաշվի առնելով այդ գործի առանձին հանգամանքները (տե՛ս Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Bayatyan v. Armenia [GC]]), թիվ 23459/03, § 110, ՄԻԵԴ 2011, Էրչեպն ընդդեմ Թուրքիայի [Erςep v. Turkey], թիվ 43965/04, § 47, 2011 թվականի նոյեմբերի 22, Սավդան ընդդեմ Թուրքիայի [Savda v. Turkey], թիվ 42730/05, § 91, 2012 թվականի հունիսի 12, և Պապավասիլակիսն ընդդեմ Հունաստանի [Papavasilakis v. Greece], թիվ 66899/14, § 36, 2016 թվականի սեպտեմբերի 15)։
54. Սույն գործում դիմումատուները Եհովայի վկաներ են՝ կրոնական խմբավորում, որոնք այն համոզմունքն ունեն, որ անընդունելի է զինվորականների շրջանում նույնիսկ չզինված ծառայությունը։ Արդեն իսկ հաստատվել է զինվորական ծառայությանն այդպիսի առարկման նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառելիության փաստը (տե՛ս Բայաթյանի գործը՝ վերևում հիշատակված, § 111)։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Բայաթյանի գործի՝ սույն գործով դիմումատուներն առարկել են ոչ միայն զինվորական ծառայություն, այլև փոխարինող ծառայություն անցնելուն, որը Հայաստանում առկա է 2004 թվականից՝ պնդելով, որ այն լիարժեք քաղաքացիական բնույթ չունի և կրում է պատժիչ բնույթ։ Հաշվի առնելով գործի բոլոր փաստական հանգամանքները՝ Դատարանը որևէ պատճառ չունի կասկածի տակ առնելու այն հանգամանքը, որ դիմումատուների կողմից թե՛ զինվորական, թե՛ այլընտրանքային ծառայությանն առարկելը պայմանավորված է իրենց՝ իրականում դավանվող կրոնական համոզմունքներով, որոնք լրջորեն և անհաղթահարելիորեն հակասում են այդ ծառայությունն անցնելու իրենց պարտավորությանը։ Հետևաբար 9-րդ հոդվածը կիրառելի է դիմումատուների գործի նկատմամբ։
55. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
56. Դիմումատուները պնդել են, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը լիարժեք քաղաքացիական բնույթ չի կրել՝ նշելով իրենց բողոքներում այդ կապակցությամբ բերված փաստարկները (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։ Չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանված ֆիզիկական աշխատանքը տեխնիկապես կատարվել է քաղաքացիական հիմնարկներում, ծրագրի հետ կապված յուրաքանչյուր հարց և ծառայողի բոլոր գործողությունները գտնվել են զինվորականների հսկողության ու վերահսկողության ներքո։ Զինվորական մարմինները կարող էին այլընտրանքային աշխատանքային ծառայողին ըստ ցանկության ներառել մեկ այլ կարգացուցակում։ Նրանից պահանջվում էր իր ծառայության վայրում լինել օրը քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր, և նրան կարգադրված էր կրել զինվորական մարմինների կողմից տրամադրված համազգեստ, որը տեսքով հիշեցնում էր զինվորական համազգեստ։ Այլընտրանքային աշխատանքային ծառայողի գրքույկի կազմի վրա առկա էր զինվորական տարբերակիչ նշան, և ծառայությունն ավարտելուն պես նա ազատ էր արձակվում և հաշվառվում զինվորական պահեստազորում։ Սահմանված կարգի ցանկացած խախտում պատժվում էր զինվորական կանոններին համապատասխան, և այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրված ցանկացած հրաման պետք է կատարվեր «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով։ Ցանկացած պարագայում այլընտրանքային աշխատանքային ծառայողը ենթարկվում էր զինվորական մարմնին և կարգապահական կանոններին։ Այսպիսով, չի կարելի ասել, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը բովանդակում է զինվորական վերահսկողության միայն մի քանի ֆորմալ տարր, ինչպես պնդում է Կառավարությունը (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը)։ Իրականում, հիմք ընդունելով նրանց կրոնական համոզմունքները, դա նույնն է, ինչ չզինված զինվորական ծառայությունը։
57. Ավելին, դիմումատուները նշել են այն փաստը, որ ավելի ուշ օրենքում կատարվել են փոփոխություններ՝ պնդելով, որ Կառավարությունն ընդունել է դրանում հիմնարար խնդիրների առկայության փաստը։ Փոփոխություններն առաջարկելիս հայտնաբերված հիմնական թերություններից մեկն այն էր, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը գտնվում է զինվորականների հսկողության ներքո։ Մինչև այս փոփոխությունները Հայաստանում իրականում գոյություն չի ունեցել լիովին քաղաքացիական բնույթ ունեցող այլընտրանքային ծառայություն։ ԵԽԽՎ-ն և Նախարարների կոմիտեն պարբերաբար կոչ են արել Հայաստանի իշխանություններին ներդնել լիովին քաղաքացիական ծառայության համակարգ։ Դիմումատուները նշել են, որ զինվորական հսկողությունն ու վերահսկողությունը վերացնելու և ծրագիրը միայն քաղաքացիական մարմինների կառավարմանը հանձնելու նպատակով 2013 թվականին օրենքում փոփոխություններ կատարելու հանգամանքով նաև հաստատվում է, որ ժողովրդավարական հասարակության մեջ նրանց հետապնդելու և ազատազրկելու անհրաժեշտությունը բացակայում էր։
բ) Կառավարությունը
58. Կառավարությունը նշել է, որ 2003 թվականին Հայաստանն ընդունել է այլընտրանքային ծառայության մասին օրենք՝ որպես Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած հանձնառությունների մաս: Ցավոք, պարզվել է, որ այդ օրենքում առկա են մի շարք բացթողումներ և եվրոպական չափանիշներին անհամապատասխանություններ: Այնուամենայնիվ, դիմումատուների քրեական գործով որոշում կայացնելիս ներպետական դատարանները պարտավոր էին կիրառել տվյալ ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող օրենքը: Հղում կատարելով Վերաքննիչ քրեական դատարանի եզրահանգումներին՝ Կառավարությունը պնդել է, որ տվյալ ժամանակահատվածում առկա այլընտրանքային աշխատանքային ծառայությունը քաղաքացիական բնույթ է կրել և տեսականորեն պարունակել է զինվորական վերահսկողության միայն մի քանի ֆորմալ տարր, իսկ գործնականում ուղղակիորեն չի գտնվել զինվորականների հսկողության ներքո: Այսպիսով, միջամտությունն օրինաչափ է եղել և սահմանված է եղել օրենքով:
59. Կառավարությունը նաև նշել է, որ սույն գործը պետք է տարբերակել Բայաթյանի գործից, քանի որ սույն գործով դիմումատուները ունեցել են զինվորական ծառայությունը քաղաքացիական բնույթ կրող այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հնարավորություն։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Բայաթյանի գործով կայացված վճռով նախադեպային իրավունքում կատարված փոփոխությունները և տարբեր միջազգային մարմինների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված մի շարք եզրակացություններ ու առաջարկություններ՝ 2013 թվականի մայիսի 2-ին ներպետական օրենսդրությունը ենթարկվել է փոփոխության այն անձանց համար հնարավորություն ստեղծելու նպատակով, որոնք դեմ են ոչ միայն զենք կրելուն կամ այլ ռազմական գործողություններ կատարելուն, այլև ընդհանրապես որևէ զինվորական հրամանատարության ներքո ծառայություն անցնելուն։ Ամփոփելով կարելի է նշել, որ մտքի, խղճի կամ կրոնի ազատության իրավունքի իրացմանը որևէ միջամտություն չի եղել, և Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։
2. Դատարանի գնահատականը
ա) Արդյոք տեղի է ունեցել միջամտություն
60. Միջամտության առկայության վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է հակասական փաստարկներ՝ պնդելով, մի կողմից, որ «միջամտությունն իրավաչափ է եղել և սահմանված է եղել օրենքով», իսկ մյուս կողմից, որ որևէ միջամտություն չի եղել: Ցանկացած պարագայում Դատարանը համարում է, որ դիմումատուների՝ զինվորական և այլընտրանքային ծառայության զորակոչվելուց հրաժարվելն իրենց կրոնական համոզմունքների արտահայտումն է և զորակոչից խուսափելու համար նրանց դատապարտելը հավասարազոր է 9-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրենց կրոնի դավանման ազատությանը միջամտելուն (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) Բայաթյանի գործը՝ վերևում հիշատակված, § 112): Այդպիսի միջամտությունը հակասում է 9-րդ հոդվածին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա «սահմանված է օրենքով», հետապնդում է 2-րդ կետով սահմանված մեկ կամ ավելի իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Իզեթին Դողանը և այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [İzzettiո Dօğaո aոd Օtհers v. Tսrkey [GC]], թիվ 62649/10, § 98, ՄԻԵԴ 2016):
բ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր
i) Օրենքով սահմանված լինելը և իրավաչափ նպատակը
61. Կողմերի միջև առկա չէ վեճ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք միջամտությունը սահմանված է եղել օրենքով և ունեցել է իրավաչափ նպատակ:
62. Դատարանը անհրաժեշտ չի համարում լուծել այս հարցը, քանի որ միջամտությունն ամեն դեպքում չէր համապատասխանում 9-րդ հոդվածին՝ ստորև ներկայացված պատճառներով (տե՛ս, mսtatis mսtaոdis, Բայաթյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 113-117):
2) ii) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
ա) Ընդհանուր սկզբունքները
63. Դատարանը կրկին նշում է, որ ինչպես սահմանված է 9-րդ հոդվածով, մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» հիմնաքարերից մեկն է: Այս ազատությունն իր կրոնական իմաստով հավատացյալների ինքնությունը և կյանքի վերաբերյալ նրանց պատկերացումները կազմող կարևորագույն տարրերից մեկն է, սակայն այն նաև արժեքավոր երևույթ է աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների և անտարբեր անձանց համար: Ժողովրդավարական հասարակության անքակտելի մաս կազմող բազմակարծությունը, որը դարեր շարունակ սերմանվել է, պայմանավորված է դրանով: Այդ ազատությունը ենթադրում է, inter alia, կրոնական համոզմունքներ ունենալը կամ չունենալը և որևէ կրոն դավանելը կամ չդավանելը (տե՛ս Բուսկարինին և այլք ընդդեմ Սան Մարինոյի [ՄՊ] [Buscarini and Others v. San Marino [GC]], թիվ 24645/94, § 34, ՄԻԵԴ 1999-I, Լեյլա Շահինն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Leyla Şahin v. Turkey [GC]], թիվ 44774/98, § 104, ՄԻԵԴ 2005-XI, և Բայաթյանի գործը՝ վերևում հիշատակված, § 118):
64. Չնայած կրոնական ազատությունն ի սկզբանե պայմանավորված է անհատական գիտակցությամբ, սակայն այն նաև ենթադրում է, inter alia, սեփական կրոնը դավանելու ազատություն՝ միանձնյա և առանձին կամ այլ անձանց հետ միասին, հրապարակայնորեն կամ միևնույն կրոնը դավանող այլ անձանց շրջանում: 9-րդ հոդվածում նշված են մի շարք ձևեր, որով կրոնի կամ համոզմունքի արտահայտումը կարող է դրսևորվել, մասնավորապես՝ քարոզչություն, արարողություններ, պաշտամունք և ծես (տե՛ս Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Hasan and Chaush v. Bulgaria [GC]], թիվ 30985/96, § 60, ՄԻԵԴ 2000‑XI, և Բայաթյանի գործը՝ վերևում հիշատակված, § 119)։
65. Իր՝ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Դատարանը միջամտության անհրաժեշտությունը և դրա չափը որոշելու հարցում Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետություններին վերապահում է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ: Այնուամենայնիվ, հայեցողական լիազորությունների այս շրջանակը սերտորեն փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ, որն ընդգրկում է դա կիրառող օրենսդրությունն ու որոշումները: Դատարանի խնդիրն է որոշել, թե արդյոք ազգային մակարդակում ձեռնարկված միջոցներն ընդհանուր առմամբ հիմնավորված և համամասնական են, թե՝ ոչ (տե՛ս Լեյլա Շահինի գործը՝ վերևում հիշատակված, § 110): Ավելին, որքանով Դատարանը հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու այս հարցը, հստակեցրել է, որ պետությունը, որն անհատի գիտակցության և զինվորական պարտականությունների միջև ի հայտ եկած հնարավոր հակասությունները վերացնելու նպատակով չի ներդրել զինվորական ծառայության այլընտրանքային տարբերակներ, ունի հայեցողական լիազորությունների միայն սահմանափակ շրջանակ և պետք է ներկայացնի համոզիչ ու ծանրակշիռ պատճառներ՝ որևէ միջամտություն հիմնավորելու համար: Մասնավորապես, այն պետք է ցույց տա, որ միջամտությունը համապատասխանում է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը» (տե՛ս Բայաթյանի գործը՝ վերևում հիշատակված, § 123):
66. Դատարանը նաև որոշել է, որ պարտադիր զինվորական ծառայության ցանկացած համակարգ ծանր բեռ է քաղաքացիների համար: Այն ընդունելի կլինի այն դեպքում, երբ այն բաշխվի հավասար հիմունքներով, և այս պարտականությունից ազատումը հիմնված լինի լուրջ և համոզիչ հիմնավորումների վրա: Այնուամենայնիվ, համակարգը, որով քաղաքացիների վրա դրվում է այնպիսի պարտականություն, որը պոտենցիալ լուրջ հետևանքներ է առաջ բերում համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար, ինչպես օրինակ՝բանակում ծառայելու պարտականությունը՝ հաշվի չառնելով անձի խղճի և համոզմունքների պահանջները, չի կարող արդարացի հավասարակշռություն սահմանել ընդհանուր առմամբ հասարակության և անհատների շահերի միջև (նույն տեղում, §§ 124 և 125):
b) բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
67. Դատարանը նշում է, որ ի տարբերություն վերևում հիշատակված Բայաթյանի գործի, սույն գործով դիմումատուները, ինչպես վերևում արդեն նշվել է, հնարավորություն են ունեցել տվյալ ժամանակահատվածում խղճի նկատառումներով հրաժարվելու պարտադիր զինվորական ծառայությունից և փոխարենը անցնելու «այլընտրանքային աշխատանքային ծառայություն»՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն, քանի որ այս ծառայությունը Հայաստանում ներդրվել էր 2004 թվականից և իրականացվում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանն այն կարծիքին է, որ միայն այդ փաստը բավարար չէ եզրակացնելու համար, որ իշխանությունները կատարել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված իրենց պարտավորությունները: Դատարանը պետք է նաև ստուգի այն փաստը, որ տրամադրված ամսական բավարարումը համապատասխանում է անձի խղճի և համոզմունքների պահանջներին: Այս առումով, ընդունելով, որ Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետություններն ունեն իրենց այլընտրանքային ծառայության համակարգի կազմակերպման և իրականացման հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ, Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը երևակայական բնույթ կկրեր, եթե պետությանը հնարավորություն տրվեր այլընտրանքային ծառայության իր համակարգը կազմակերպելու և իրականացնելու այնպիսի եղանակով, որով օրենքով կամ գործնականում չէր առաջարկվի զինվորական ծառայությանն այնպիսի այլընտրանք, որն իրականում կկրեր քաղաքացիական բնույթ և չէր ունենա արժանապատվությունը նվաստացնող կամ պատժիչ բնույթ: Հետևաբար անհրաժեշտ է որոշել, թե արդյոք տվյալ ժամանակահատվածում դիմումատուներին առաջարկվող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը համապատասխանում էր այդ պահանջներին, թե՝ ոչ:
68. Դատարանը նշում է, որ կողմերի միջև առկա չէ վեճ այն հարցի վերաբերյալ, թե այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կատարված աշխատանքը քաղաքացիական բնույթ ունի, թե՝ ոչ: Այդ ծառայողները կցված են եղել տարբեր քաղաքացիական հիմնարկների, ինչպիսիք են որբանոցները, ծերանոցները, հոգեբուժական հաստատությունները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հաստատություններն ու հիվանդանոցները, ու կատարել են սանիտարին հատուկ գործառույթներ (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Դատարանն այն կարծիքին է, որ կատարված աշխատանքի բնույթը գործոններից միայն մեկն է, որը պետք է հաշվի առնել այն հարցը որոշելիս, թե արդյոք այլընտրանքային ծառայությունն իրականում կրում է քաղաքացիական բնույթ, թե՝ ոչ։ Այնպիսի գործոնները, ինչպիսիք են իրավասու մարմինը, հսկողությունը, կիրառելի կանոնները, ինչպես նաև արտաքին տեսքը, նույնպես կարող են կարևոր լինել այդ հարցը որոշելիս։
69. Դատարանը նախևառաջ նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողներն ուղղակիորեն հաշվետու և ենթակա էին այն քաղաքացիական հիմնարկների ղեկավարներին, որտեղ անցնում էր ծառայությունը, այնուամենայնիվ, զինվորական մարմիններն ակտիվորեն ներգրավված էին այդ ծառայությունը վերահսկելուն։ Մասնավորապես, նրանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով պարբերաբար ստուգայցեր են կատարել համապատասխան քաղաքացիական հիմնարկներ՝ «այլընտրանքային աշխատանքային ծառայողների աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով»։ Այլընտրանքային աշխատանքային ծառայողի չթույլատրված բացակայության դեպքում նրանցից պահանջվում էր ծառայողին գտնելու համար ձեռնարկել միջոցառումներ (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։ Երկրորդ, զինվորական մարմիններն իրավունք ունեին ներգործելու այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության վրա՝ կարգադրելով նրանց փոխադրումը մեկ այլ կազմակերպություն կամ ծառայության վայր (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերության մեջ նշված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը)։ Երրորդ, այլընտրանքային աշխատանքային ծառայության որոշակի մասեր կազմակերպվում էին «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքին համապատասխան (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերության մեջ նշված Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը)։ Դատարանը նաև հղում է կատարել Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից արված եզրահանգումներին, որոնք Կառավարությունն առանձնապես չի վիճարկել. դրանց համաձայն՝ այն քաղաքացիական հիմնարկների ղեկավարները, որտեղ անցնում է այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, զինվորականներից ստացել են ցուցումներ ծառայության պայմանների և իրականացման ձևի առնչությամբ, իսկ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված անձինք բժշկական օգնություն ստանալու նպատակով ուղարկվել են զինվորական հոսպիտալներ և զինվորականներից ստացել են զինվորականների կողմից հաստատված կարգացուցակներ և դրանց փոփոխությունները (տե՛ս վերևում՝ 47 պարբերությունը)։ Հետևաբար Դատարանը համարում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը տվյալ ժամանակահատվածում աստիճանակարգության և ինստիտուցիոնալ առումով բավականաչափ առանձնացված չի եղել զինվորական համակարգից։ Ավելին, ինչ վերաբերում է արտաքին տեսքին, Դատարանը նշում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայողներից պահանջվել է կրել համազգեստ և մնալ իրենց ծառայության վայրում։ Ինչպես նաև այլընտրանքային աշխատանքային ծառայողների գրքույկի կազմի վրա գրված է եղել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր»։ Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները՝ Դատարանը համարում է, որ տվյալ ժամանակահատվածում դիմումատուներին հասանելի այլընտրանքային աշխատանքային ծառայությունը լիովին քաղաքացիական բնույթ չի կրել։
70. Դատարանն անդրադառնում է այն հարցին, թե արդյոք այլընտրանքային աշխատանքային ծառայությունը կարող է ընկալվել որպես արժանապատվությունը նվաստացնող կամ պատժիչ բնույթ ունեցող ծառայություն։ Այն համարում է, որ այս հարցը որոշելիս ծառայության տևողությունը, ի թիվս այլնի, կարող է լինել դիտարկման համար վերաբերելի գործոն։ Այս առնչությամբ Դատարանը հղում է կատարում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից արված եզրահանգումներին, որոնց մասին նշել է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը 2011 թվականի հունվարին Հայաստան կատարած իր այցից հետո ներկայացրած զեկույցում. դրանց համաձայն՝ այլընտրանքային ծառայության տևողությունը չի կարող գերազանցել զինված զինվորական ծառայության տևողությունն ավելի, քան մեկուկես անգամ (տե՛ս վերևում՝ 46-րդ և 48-րդ պարբերությունները)։ Հայաստանի պարագայում, որտեղ զինված զինվորական ծառայության տևողությունը համեմատաբար երկար է՝ քսանչորս ամիս (տես վերևում՝ 31-րդ պարբերությունը), այլընտրանքային աշխատանքային ծառայության տևողությունն էականորեն ավելի երկար է, քան այդ ժամկետից մեկուկես անգամ ավելի երկար ժամկետը՝ տվյալ ժամանակահատվածում տևելով քառասուներկու ամիս (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերության մեջ նշված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածը)։ Դատարանն այն կարծիքին է, որ ծառայության տևողությունների միջև այդպիսի էական տարբերությունը պետք է արժանապատվությունը նվաստացնող ազդեցություն ունենար, և կարելի է ասել, որ դրանում առկա է պատժիչ տարր։
71. Դատարանը նաև նշում է, որ Կառավարությունն ընդունել է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային աշխատանքային ծառայության համակարգում առկա են թերություններ։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը նույնիսկ էլ ավելի բացահայտորեն է քննադատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունը՝ որպես դրա երկու հիմնական թերություն նշելով զինվորականների կողմից վերահսկողությունը և դրա տևողությունը (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը)։ Ի վերջո, 2013 թվականին թերությունները վերացնելու նպատակով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում Կառավարության մի շարք համապատասխան որոշումներ նույնպես փոփոխվել են կամ ճանաչվել են ուժը կորցրած (տե՛ս վերևում՝ 30-րդ, 34-րդ և 36-րդ պարբերությունները)։ Վերջապես, Դատարանը նշում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության թերությունները նաև ընդգծվել են մի շարք միջազգային և ազգային զեկույցներում (տե՛ս վերևում՝ 39-րդ և 44-47-րդ պարբերությունները)։
72. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ իշխանությունները տվյալ ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն չեն դարձրել դիմումատուների խղճի ու համոզմունքների պահանջներին և չեն երաշխավորել այլընտրանքային ծառայության այնպիսի համակարգ, որով արդարացի հավասարակշռություն է հաստատվում ընդհանուր առմամբ հասարակության և դիմումատուների շահերի միջև, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Վերոնշյալից հետևում է, որ դիմումատուների նկատմամբ մեղադրական դատավճիռների կայացմամբ տեղի է ունեցել միջամտություն, ինչը սույն դրույթի իմաստով անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում։
73. Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությանը: Դատարանը նշում է, որ 2013 թվականի հունիսի 8-ին իշխանությունները ներկայացրել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հնարավորություն է ընձեռվել դիմումատուներին իրենց վերջնական մեղադրական դատավճիռները ներկայացնելու վերանայման և ազատ արձակվելու քրեակատարողական հիմնարկից՝ պայմանով, որ դիմումները ներկայացվեն մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը, եթե դիմում են ներկայացնում այլընտրանքային ծառայություն անցնելու խնդրանքով, և համապատասխան մարմինը բավարարում է այդ դիմումները (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)։ Մինչ այդ, դիմումատուներն արդեն գրեթե երկու տարի կրել էին իրենց պատիժը։ Ավելին, այդ միջոցը ներկայացվել է այն բանից հետո, երբ դիմումատուներն արդեն իսկ Դատարան էին ներկայացրել իրենց գանգատները։ Դատարանը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ միջոցը տեսականորեն կարող էր հանգեցնել դիմումատուների պատիժների մնացած մասն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելուն և նրանց վերջնական մեղադրական դատավճիռները corpus delicti (հանցակազմի բացակայության հիմքով) բեկանելուն, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից չի բխում, և Կառավարությունը նույնպես չի պնդել, որ այն նախատեսված է եղել Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված նրանց իրավունքների խախտումն ընդունելու համար կամ այդ իրավունքների ենթադրյալ խախտման հետևանքով դիմումատուների կրած ցանկացած ոչ նյութական վնաս փոխհատուցելու համար (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)։ Ավելին, այդ միջոցի իրականացումը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ դիմումատուներն իրենց պատիժների մնացած մասի փոխարեն անցնեին այլընտրանքային ծառայություն, և պայմանավորված էր համապատասխան մարմնի կողմից հայեցողական լիազորության շրջանակի հստակ իրականացմամբ։ Այսպիսի հանգամանքներում Դատարանը համարում է, որ դիտարկվող միջոցն իրավական պաշտպանության այնպիսի արդյունավետ և համարժեք միջոց չի եղել, որով հնարավոր կլիներ դիմումատուների իրավունքների խախտման համար փոխհատուցում տրամադրել։ Հետևաբար այն մերժում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին Կառավարության առարկությունը։
74. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
75. Առաջին, երրորդ և չորրորդ դիմումատուները բողոքել են, որ դատարաններն իրենց կալանավորման մասին որոշումներում չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
76. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները։
77. Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, կողմերի փաստարկները և Կոնվենցիայի 9-րդ հոդվածի մասով կատարած իր եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը, և չկա սույն բողոքի վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն (տե՛ս, mutatis mutandis, Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10, և Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։
VI. III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
78. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
Ա. Վնասը
79. Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 32 400 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
80. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջները և պնդել, որ պահանջվող գումարները չափազանցված են։
81. Դատարանը համարում է, որ նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռների և ազատազրկման հետևանքով դիմումատուները, անկասկած, կրել են ոչ նյութական վնաս։ Այն դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 12 000 եվրո՝ որպես այդ վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
82. Դիմումատուները նաև պահանջել են ընդհանուր առմամբ 11 900 եվրո՝ ներպետական դատարաններում իրենց ներկայացրած երկու փաստաբանների համար կատարված ծախսերի համար, և 9 000 եվրո՝ Դատարանում իրենց ներկայացրած երկու փաստաբանների համար կատարված ծախսերի համար։ Ի հաստատումն իրենց պահանջների՝ դիմումատուները ներկայացրել են փաստաբանների կողմից իրենց հասցեագրված գրությունները, որոնցով պահանջում էին կատարված աշխատանքի տարբեր մասերի համար վճարել միանվագ գումար։
83. Կառավարությունը նշել է, որ պահանջվող գումարները չափազանցված են և ոչ պատշաճ հիմնավորված։ Նախևառաջ, դիմումատուները գործին ներգրավել են չափազանց մեծ թվով փաստաբաններ։ Երկրորդ, պահանջված ժամավճարի դրույքաչափը (200-ից 300 եվրո) Հայաստանում անիրական է։ Երրորդ, չի կարելի ասել, որ նշված գումարներն իրականում ծախսվել են, քանի որ դիմումատուների կողմից ներկայացված գրությունները կողմերի միջև փաստացի կնքված պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի բացակայության պայմաններում չեն կարող համարվել վճարման կամ հետագայում վճարելու պարտավորության ապացույց։ Չորրորդ, դիմումատուները չեն տրամադրել մանրամասն տեղեկատվություն՝ կատարված աշխատանքի ժամաքանակի վերաբերյալ։
84. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով դիմումատուները չեն ներկայացրել որևէ իրավական փաստաթուղթ, ինչպես օրինակ՝ իրենց ներկայացուցիչների հետ կնքված պայմանագիր կամ նրանց կողմից տրված հաշիվ-ապրանքագրեր՝ ի հաստատումն իրենց այն պնդման, որ նրանք պարտավոր են վճարել նշված գումարները։ Դիմումատուների կողմից ներկայացված գրությունները չեն կարող ապացույց համարվել։ Այս հանգամանքներում Դատարանը մերժում է դիմումատուների՝ դատական ծախսերի մասով պահանջը։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
85. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է դիմումատուների՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ենթադրյալ խախտման ու դատարանների կողմից առաջին, երրորդ և չորրորդ դիմումատուների կալանավորման համար հիմնավոր ու բավարար պատճառներ չներկայացնելու վերաբերյալ բողոքներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9–րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 5-րդ հոդվածով փոխկապակցված՝ առաջին, երրորդ և չորրորդ դիմումատուների բողոքների վերաբերյալ առանձին-առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուներին վճարի 12 000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որոնք պետք է փոխարկվեն Հայաստանի Հանրապետության դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Աբել Կամպոս
Քարտուղար Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Նախագահ