Հոդված 1
Հոդված 1.
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող հունիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ դիմել է իր զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարին, և որի վերաբերյալ 8.1-ին հոդվածով սահմանված իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը, հաշվի առնելով այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) եզրակացությունը, որոշում է կայացրել ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է և կազմված է տարածքային կառավարման, արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչապետը: Հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»: