Հոդված 8. Տեղական հանրաքվեի նշանակումը և անցկացումը, տեղական հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը
Հոդված 8. Տեղական հանրաքվեի նշանակումը և անցկացումը, տեղական հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին: Համայնքի ղեկավարի՝ հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
2. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու դեպքում համայնքի ավագանին մեկամսյա ժամկետում տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է հանրաքվե:
4. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը չընդունվելու դեպքում տեղական հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
6. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Տեղական հանրաքվեն անցկացվում է նշանակման օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:
7. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված տեղական հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Համայնքի ղեկավարը տեղական հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:
8. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը պաշտոնապես հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
9. Համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվե նշանակվելուց հետո այլ տեղական հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարը այլ տեղական հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված տեղական հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված տեղական հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:
10. Տեղական հանրաքվեի դրված ակտի նախագիծը հրապարակվում է համայնքի և Կենրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում տեղական հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ: