Հոդված 10. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
Հոդված 10. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ հրապարակավ կամ մասնավոր կարգով պաշտամունքի, քարոզչության, արարողությունների և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն։
2. Համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվում է՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենքներին համապատասխան:»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
46. Դիմումատուն բողոքել է, որ բանակում ծառայելուց հրաժարվելու համար իրեն դատապարտելով՝ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:»:
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
47. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, պետք է հավասարապես և առանց խտրականության կիրառվեն բոլորի նկատմամբ: Դիմումատուն Հայաստանի քաղաքացի էր, ինչը նշանակում էր, որ նա, անկախ իր համոզմունքներից, ուներ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները: Զինվորական ծառայությունը բոլոր քաղաքացիների սահմանադրական պարտականությունն էր: Թեև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված էին մի շարք բացառություններ նշված կանոնից, սակայն դրանք չէին ներառում այնպիսի հիմք, ինչպիսին Եհովայի վկա լինելն է: Ուստի, օրենքով չնախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը կլիներ խտրականության բացառման և հավասարության սկզբունքի խախտում: Սահմանադրությամբ նախատեսված պարտականության կատարումը չէր կարող համարվել դիմումատուի իրավունքների սահմանափակում, քանի որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց կրոնական համոզմունքներից, ունեին այդ պարտականությունները: Վալսամիսն ընդդեմ Հունաստանի [Valsamis v. Greece] գործում Հանձնաժողովը համարել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով չի ընձեռվում կարգապահական այն կանոններին չենթարկվելու իրավունք, որոնք կիրառվել են համընդհանուր և չեզոք կերպով (1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-VI, § 36): Ավելին, նշված հոդվածով համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց չէր վերապահվում զինվորական ծառայությունից կամ զինվորական ծառայության փոխարեն՝ քաղաքացիական ծառայությունից ազատվելու իրավունք, և այն Պայմանավորվող կողմերին չէր զրկում այդպիսի ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունից (տե՛ս Հոդենսն ընդդեմ Բելգիայի [Heudens v. Belgium], գանգատ թիվ 24630/94, Հանձնաժողովի՝ 1995 թվականի մայիսի 22-ի որոշում, չզեկուցված): Հիմնվելով այդ մոտեցման և Փիթրսն ընդդեմ Նիդեռլանդների [Peters v. the Netherlands]գործով կատարված նմանատիպ եզրահանգումների վրա (գանգատ թիվ 22793/93, Հանձնաժողովի՝ 1994 թվականի նոյեմբերի 30-ի որոշում, չզեկուցված)՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի մտքի կամ խղճի ազատությունը չի սահմանափակվել: Ամփոփելով՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
48. Կառավարությունը համաձայնվել է, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որը պետք է մեկնաբանվեր ներկայիս պայմաններին համապատասխան: Սակայն, այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայի այս կամ այն հոդվածը կիրառելի է եղել սույն գործով, պետք է դիտարկվեր Կոնվենցիայի այն մեկնաբանության տեսանկյունից, որն առկա է եղել այն ժամանակ, երբ տեղի են ունեցել գործում նկարագրված իրադարձությունները: Դիմումատուն դատապարտվել է 2001-2002 թվականներին, և այդ ժամանակ նրան դատապարտելը համապատասխանել է միջազգային հանրության մոտեցմանը: Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, Կոնվենցիայի համաձայն՝ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու համար դատապարտելը նույնպես համարվել է օրինական և հիմնավորված: Բացի այդ, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ոչ մի կերպ չեն վերաբերել կրոնական, քաղաքական կամ ցանկացած այլ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը: Թեև վերը նշված Հոդենսի և Փիթրսի գործերով վճիռները կայացվել են մոտավորապես տասը տարի առաջ, դրանք տվյալ հարցի վերաբերյալ կայացված ամենավերջին որոշումներն են եղել, և այդ ժամանակվանից ի վեր Դատարանը որևէ վճիռ չի կայացրել, որով կհանգեր այլ եզրակացության: Բացի այդ, Դատարանը նույնիսկ ավելի ուշ կայացրած իր վճիռներում չի ընդունել, որ 9-րդ հոդվածը կիրառելի է վիճարկվող հարաբերությունների պարագայում: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի [Thlimmenos v. Greece] գործում Դատարանն անհրաժեշտ չի համարել ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք դիմումատուին սկզբում դատապարտելը և հետագայում պետական մարմինների կողմից նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում չնշանակելը հավասարազոր է եղել նրա իրավունքների սահմանափակմանը՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով: Դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք, անկախ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի ձևակերպումից, համոզմունքների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ նմանատիպ պատժամիջոցներ նշանակելը կարող էր ինքնին խախտել 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ([ՄՊ], թիվ 34369/97, § 43, ՄԻԵԴ 2000-IV): Դատարանը նույն մոտեցումն է ցուցաբերել Ուլկեն ընդդեմ Թուրքիայի [Ulke v. Turkey] գործում (թիվ 39437/98, §§ 53-54, 2006 թվականի հունվարի 24): Հիմնվելով նշված հանգամանքների վրա՝ Կառավարությունը պնդել է, որ մինչ տվյալ պահը և հատկապես այն ժամանակ, երբ տեղի են ունեցել գործում նկարագրված իրադարձությունները, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու համար դատապարտելը չի համարվել 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում, և հետևաբար Հայաստանի իշխանությունները գործել են Կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքը՝ նրանք չէին կարող կանխատեսել Դատարանի կողմից 9-րդ հոդվածին նոր մեկնաբանություն տալու հնարավորությունը և, հետևաբար, չէին կարող իրենց գործողությունները համապատասխանեցնել այդ հնարավոր «նոր մոտեցմանը»: Վերջապես, այն փաստը, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, չէր ենթադրում, որ այս դեպքում Դատարանը փոխելու էր իր մոտեցումը 9-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ:
49. Կառավարությունն այնուհետև նշել է, որ այդ պահին Հայաստանում գործել է 58 գրանցված կրոնական կազմակերպություն, այդ թվում՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը, կրոնական կազմակերպությունների ինը մասնաճյուղեր և մեկ գործակալություն: Դրանցից յուրաքանչյուրի համար օրենքով ապահովված են եղել հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հավասար իրավունքներ ու պարտականություններ: Հետևաբար, եթե դրանցից յուրաքանչյուրը պնդեր, որ զինվորական ծառայությունը հակասում է իր կրոնական համոզմունքներին, ապա այնպիսի իրավիճակ կստեղծվեր, որ ոչ միայն «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները, այլև այլ կրոնական կազմակերպությունների անդամներ կկարողանային հրաժարվել հայրենիքը պաշտպանելու իրենց պարտականությունը կատարելուց: Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվել է պետության նկատմամբ ունեցած երեք տեսակի պարտականություն՝ հայրենիքի պաշտպանության, հարկերն ու տուրքերը վճարելու և օրենքները, այլոց իրավունքներն ու ազատությունները հարգելու պարտականությունները: Հետևաբար, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կամ այլ կրոնական կազմակերպությունների անդամները կարող էին նույն հաջողությամբ պնդել, որ, օրինակ, հարկեր ու տուրքեր վճարելը հակասում է նրանց կրոնական համոզմունքներին, և պետությունը պարտավորված կլիներ չդատապարտել նրանց, քանի որ դա կարող էր համարվել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում: Նման մոտեցումն անընդունելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատը պետության նկատմամբ իր ունեցած պարտականությունները կատարելուց խուսափելու համար կարող է դառնալ այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ Կառավարությունը պնդել է, որ կրոնական համոզմունքները քաղաքացու համար չեն կարող ծառայել որպես Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումից խուսափելու միջոց:
50. Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ապա Կառավարությունը պնդել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Այլընտրանքային ծառայություն նախատեսող այս օրենքի ընդունմամբ իշխանություններն ընդունել են կրոնական հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը՝ միաժամանակ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար նախատեսելով նրանց սահմանադրական պարտականությունը կատարելու այլընտրանքային եղանակ: Ուստի, ներկայումս համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձինք դատապարտվում են միայն այն դեպքում, երբ նրանք այլընտրանքային ծառայություն կատարելուց ևս հրաժարվում են: Ինչ վերաբերում է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր ազատազրկման դատապարտված անձանց ներում շնորհելու պարտավորությանը, ապա Կառավարությունը պնդել է, որ իշխանությունները կատարել են նշված պարտավորությունը՝ ազատելով դիմումատուին նշանակված պատիժը կրելուց: Մասնավորապես, երկու տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո դիմումատուն ազատվել է՝ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվելուց վեց ամիս հետո:
2. Դիմումատուն
51. Հիմնվելով ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարականի վրա՝ դիմումատուն պնդել է, որ բանակում ծառայելուց հրաժարվելն իր մտքի և խղճի ազատության արտահայտումն է եղել և իրեն դատապարտելը հավասարազոր է այդ ազատության սահմանափակման: Կառավարությունը, իր դիտարկումներում պնդելով, որ նման սահմանափակում տեղի չի ունեցել, հիմնվում է Հանձնաժողովի՝ տասը տարի առաջ կայացված որոշումների վրա՝ հաշվի չառնելով 9-րդ հոդվածի համաձայն՝ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի աստիճանաբար ճանաչման փաստը, ինչպես նշված է վերոնշյալ Հանձնարարականում, ինչպես նաև այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դա դարձել է սովորութային գործելակերպ: Ավելին, սույն իրավունքը հաստատվել է նաև 2004 թվականի՝ «Եվրոպայի համար Սահմանադրության ընդունման մասին» պայմանագրում: Հիմնվելով [Կոնվենցիայի՝] «կենդանի փաստաթուղթ» համարվելու մոտեցման վրա՝ դիմումատուն Դատարանից խնդրել է վերանայել Հանձնաժողովի և դատարանի նախադեպային իրավունքը, ըստ որի՝ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը կարող է գերակայել 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների նկատմամբ՝ հաշվի առնելով իրավունքի զարգացումը և տվյալ պահին ընդունված գործելակերպն անդամ պետություններում, որոնց մեծամասնությունը ճանաչել էր համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Այն փաստը, որ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչումը տվյալ պահին պարտադիր կանոն է եղել, արտացոլվել է Եվրոպայի խորհրդի քաղաքականության մեջ, ըստ որի նոր անդամ պետությունները պարտավորվում են ճանաչել նշված իրավունքը՝ որպես կազմակերպությանը նրանց անդամակցության պայման, ինչը բոլորովին վերջերս տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պարագայում:
52. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ «կենդանի փաստաթուղթ» դոկտրինի վերաբերյալ Կառավարության հիմնավորմամբ անտեսվել է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում այդ պահին առկա իրավիճակը: Ավելին, Կառավարության նման հիմնավորմամբ Կոնվենցիայի մեկնաբանությունը հստակեցվում էր՝ ըստ դատարանի նախկին որոշումների՝ այդպիսով «սառեցնելով» Կոնվենցիայով սահմանված իրավունքները և խոչընդոտելով դրանց զարգացող մեկնաբանությունը: Հայաստանն այդ իրավունքն ընդունել է նախքան Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը՝ 1996 թվականի հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում Հատուկ հյուրի կարգավիճակ ստանալուց հետո: ԵԽԽՎ-ի թիվ 221 եզրակացությունից (2000 թվական) նույնպես հետևում է, որ Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են եղել անդամ պետությունների կողմից համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի համընդհանուր ճանաչման և համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների առնչությամբ Եվրոպայի խորհրդի կողմից նախկինում ընդունված տարբեր բանաձևերի մասին: Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է Նախարարների կոմիտեին, որ ամբողջությամբ պահպանելու է նշված սկզբունքը՝ հանձն առնելով «ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել են ազատազրկման»: Դա համապատասխանել է 2000 թվականին Եվրոպայի խորհրդում «այդ պահին» առկա իրավիճակին: Ուստի, Կառավարության այն պնդումը, որ «նրանք չէին կարող կանխատեսել դատարանի կողմից 9-րդ հոդվածի նոր մեկնաբանություն տալու հնարավորությունը», մոլորեցնող էր: Ավելին, հարկեր վճարելուց հրաժարվելու վերաբերյալ Կառավարության փաստարկները չէին կարող կիրառվել սույն գործի դեպքում, քանի որ՝ ի տարբերություն համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչման՝ կրոնական համոզմունքների պատճառով հարկեր չվճարելը չէր կարող համարվել տարածաշրջանային մակարդակով ընդունված փորձ, որը պարտադիր կանոն էր դարձել Եվրոպայի խորհրդի նոր անդամ պետությունների համար:
53. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ կրոնի և համոզմունքի ազատության իր իրավունքի սահմանափակումն ամրագրված չի եղել օրենքով, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պարտավորությունների և միջազգային ու ներպետական իրավունքի այլ դրույթների համաձայն՝ նրան դատապարտելն անօրինական է եղել: Այն չի հետապնդել իրավաչափ նպատակ, քանի որ 9-րդ հոդվածի 2-րդ մասով չեն նախատեսվում ազգային անվտանգության շահերից ելնող սահմանափակումներ: Ինչ վերաբերում է հասարակական անվտանգությանը և հասարակական կարգի պաշտպանությանը, ապա ոչ մի դատարան որևէ փորձ չի կատարել՝ բացատրելու, թե ինչքանով է նրա դատվածությունը ելնում նշված նպատակների իրագործումից: Վերջապես, հաշվի առնելով անդամ պետությունների մեծամասնության կողմից այդ պահին ընդունված սովորութային գործելակերպը, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը նույնիսկ այն քիչ անդամ պետություններում, որտեղ դեռևս չէր կիրառվել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, չէր կարող համարվել անհրաժեշտ միջոց ժողովրդավարական հասարակությունում: Հայաստանն ընդունել է դա, երբ պարտավորվել է զերծ մնալ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց ազատազրկելուց՝ նույնիսկ նախքան համապատասխան օրենք ընդունելը՝ որպես Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայման: Ուստի, ազատությունից զրկելը՝ պահելով քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների հետ, ամբողջությամբ անհամաչափ միջոց է ժամանակակից ժողովրդավարական պետությունում։
54. Դիմումատուն, վերջապես, պնդել է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն ընդունելը ուղղակի ազդեցություն չունի սույն գործի վրա, քանի որ նշված օրենքն ընդունվել է գանգատի հիմք հանդիսացած դեպքերից հետո: Քննվող ժամանակահատվածում դիմումատուն չի ունեցել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնելու հնարավորություն և դրա փոխարեն ազատազրկվել է: Ավելին, նշված օրենքով նախատեսվել է այլընտրանքային ծառայություն, որն իրականացվել է զինվորական հսկողության և վերահսկողության պայմաններում: Ուստի, եվրոպական չափանիշներին համապատասխան իրական այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն Հայաստանում դեռևս չկար: Այդ հանգամանքը վերջերս հաստատվել է ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի թիվ 1532 բանաձևով (2007 թվական) ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի վերաբերյալ 2006 թվականի հունիսի 30-ի իր երկրորդ զեկույցում: Նման այլընտրանքային ծառայությունն ընդունելի չէր համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված անձանց համար, որոնք, ինչպես և դիմումատուն, Եհովայի վկաներ էին: Այդ պահին քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն էին կրում 64 այլ Եհովայի վկաներ, որոնք հրաժարվել էին նման ծառայություն կատարելուց: Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ դիմումատուն ազատվել է իր պատիժը կրելուց, ապա հարկ է նշել, որ դիմումատուին ո՛չ ներում է շնորհվել, ո՛չ էլ նա ազատվել է զինվորական ծառայությունից: Ընդհակառակը, նա ազատազրկված է եղել տասն ամիս և տասնյոթ օր՝ նախքան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելը:
Բ. Դատարանի գնահատականը
1. Համապատասխան նախադեպային իրավունքի ամփոփումը
55. Դատարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին ամփոփել վիճարկվող հարցին վերաբերող՝ Կոնվենցիայի համաձայն ձևավորված նախադեպային իրավունքը:
56. Սույն հարցի առնչությամբ Հանձնաժողովի ամենավաղ որոշումներից մեկը կայացվել է Իքսն ընդդեմ Ավստրիայի [X v. Austria] գործով, որում Հանձնաժողովը նշել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը մեկնաբանելիս այն նաև հաշվի է առել 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը, ըստ որի՝ պարտադիր կամ հարկադիր աշխատանքն իր մեջ չի ներառում «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչված համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելը՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»: Այս դրույթից ակնհայտ է դառնում, որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում «այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչված» արտահայտությունն ընդգրկելով՝ ընտրության իրավունքը տրվում է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին՝ որոշելու ճանաչել, թե չճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց, իսկ ճանաչելու դեպքում՝ նախատեսել այլընտրանքային ծառայության հնարավորություն, թե՝ ոչ: Այդ պատճառով Հանձնաժողովը եզրակացրել է, որ, հաշվի առնելով 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը, 9-րդ հոդվածով պետությունը չի պարտավորվում ճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց և, հետևաբար, չի պարտավորվում հատուկ միջոցներ ձեռնարկել նրանց խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացման համար այնքանով, որքանով դա ազդեցություն է ունենում նրանց պարտադիր զինվորական ծառայության վրա: Հետևաբար, նշված հոդվածների համաձայն, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց չճանաչող պետությունը չի զրկվում այն անձանց պատժելու հնարավորությունից, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից (թիվ 5591/72, Հանձնաժողովի՝ 1973 թվականի ապրիլի 2-ի որոշում, ժողովածու թիվ 43, էջ 161):
57. Հետագայում այս մոտեցումը հաստատվել է Հանձնաժողովի կողմից Իքսն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության [X. v. Federal Republic of Germany] գործում, որը վերաբերում է դիմումատուի կողմից համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայության փոխարեն քաղաքացիական ծառայություն կատարելուց հրաժարվելուն (թիվ 7705/76, Հանձնաժողովի՝ 1977 թվականի հուլիսի 5-ի որոշում, Որոշումներ և զեկույցներ (ՈԶ) 9, էջ 196): Համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողներն ընդդեմ Դանիայի [Conscientious objectors v. Denmark] գործով Հանձնաժողովը կրկին նշել է, որ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ներառված չէ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների շարքում (թիվ 7565/76, Հանձնաժողովի՝ 1977 թվականի մարտի 7-ի որոշում, ՈԶ 9, էջ 117): Ա.-ն ընդդեմ Շվեյցարիայի [A. v. Switzerland] գործում Հանձնաժողովը կրկին հաստատել է իր դիրքորոշումը և ավելացրել է, որ ո՛չ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը և ո՛չ էլ պատժից չազատելու հանգամանքը չեն կարող համարվել 9-րդ հոդվածի խախտում (թիվ 10640/83, Հանձնաժողովի՝ 1984 թվականի մայիսի 9-ի որոշում, ՈԶ 38, էջ 219): Այն եզրահանգումը, որ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը Կոնվենցիայի որևէ հոդվածով չի երաշխավորվում, հետագա մի շարք գործերով հաստատվել է Հանձնաժողովի կողմից (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ն-ն ընդդեմ Շվեդիայի [N. v. Sweden},թիվ 10410/83, Հանձնաժողովի՝ 1984 թվականի հոկտեմբերի 11-ի որոշում, ՈԶ 40, էջ 203, Օթիոն ընդդեմ Ֆինլանդիայի[Autio v. Finland], թիվ 17086/90, Հանձնաժողովի՝ 1991 թվականի դեկտեմբերի 6-ի որոշում, ՈԶ 72, էջ 245, Փիթրսի գործը՝ վերևում հիշատակված, և Հոդենսի գործը՝ վերևում հիշատակված):
58. Համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու համար դատապարտելու հարցը մի քանի անգամ ներկայացվել է նաև Դատարան: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի գործում դիմումատուն պնդել է, որ զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու պատճառով չենթարկվելու համար նրան դատապարտելու և հետագայում դրա պատճառով իշխանությունների կողմից նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում աշխատանքի չընդունելու հետևանքով խախտվել են Կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները: Դատարանն այդ գործով անհրաժեշտ չի համարել ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք սկզբում դիմումատուին դատապարտելը և հետագայում նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում չնշանակելը խախտել է նրա՝ 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, թե ոչ: Մասնավորապես, այն նշել է, որ անհրաժեշտություն չի եղել անդրադառնալու այն հարցին, թե արդյոք, անկախ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի ձևակերպումից, համոզմունքների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ նմանատիպ պատժամիջոցներ նշանակելը կարող էր ինքնին խախտել 9-րդ հոդվածով երաշխավորված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը (տե՛ս Թլիմենոսի գործը՝ վերևում հիշատակված, §§ 43 և 53):
59. Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործում, որը վերաբերում է համոզմունքների հիմնավորմամբ զինվորական համազգեստ կրելուց պարբերաբար հրաժարվելու համար դիմումատուին մի քանի անգամ անընդմեջ դատապարտելուն, Դատարանը կրկին անհրաժեշտ չի համարել ուսումնասիրել 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը (տե՛ս Ուլկեի գործը՝ վերևում հիշատակված, §§ 53-54): Դրա փոխարեն՝ այդ գործը քննվել է 3-րդ հոդվածի համաձայն, որը համարվել է խախտված, քանի որ անձին մի քանի անգամ դատապարտելը հավասարազոր է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, քանի որ դիմումատուին պատճառվել է մեծ ցավ և տառապանք, որն ավելին է, քան նվաստացումը, որը սովորաբար հատուկ է քրեական պատժին կամ կալանավորմանը (նույն տեղում, §§ 63-64):
60. Ամփոփելով, ինչպես մեկնաբանվել է նախկին Հանձնաժողովի կողմից, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով չի երաշխավորվում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը:
2. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
61. Դատարանը նշում է, որ դիմումատուն դատապարտվել է պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, քանի որ դա հակասել է նրա՝ որպես Եհովայի վկայի կրոնական համոզմունքներին: Հիմնվելով [Կոնվենցիայի՝] «կենդանի փաստաթուղթ» համարվելու մոտեցման վրա՝ դիմումատուն Դատարանից խնդրել է վերանայել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու և դրա առնչությամբ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ նախադեպային իրավունքը:
62. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որը պետք է մեկնաբանվի ներկայիս հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Տիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Tyrer v. the United Kingdom], 1978 թվականի ապրիլի 25, § 31, շարք Ա թիվ 26): Դրա դրույթներից մեկի համաձայն՝ որոշակի միջոցի ընդունելի լինելու հարցը քննելիս Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում գերիշխող նորմերը հաշվի առնելը համարվում է օրինաչափ (տե՛ս Թ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], [T. v. the United Kingdom [GC]], թիվ 24724/94, § 70, 1999 թվականի դեկտեմբերի 16):
63. Դատարանը չի ժխտում, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասն իսկապես ընդունել է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության տարբեր տեսակներ նախատեսող օրենքներ: Միևնույն ժամանակ, Դատարանը չի կարող անտեսել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում ներառված դրույթները, որոնք արդեն իսկ ներկայացվել են (տե՛ս վերևում՝ 56-57-րդ պարբերությունները): Քանի որ սույն հոդվածով կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքի ճանաչման ընտրությունը հստակորեն վերապահվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի, Դատարանը կարծում է, որ այն հանգամանքը, որ Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը ճանաչել է նշված իրավունքը, չի կարող հիմք լինել համարելու, որ այդ իրավունքը չճանաչած Պայմանավորվող կողմը խախտել է Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունները: Հետևաբար, տվյալ հարցի դեպքում այս գործոնը չի կարող համարվել օգտակար արդյունք Կոնվենցիայի էվոլյուցիոն մեկնաբանության համար: Այդպիսի հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ, 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, 9-րդ հոդվածով չի երաշխավորվում համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:
64. Դատարանը նշում է, որ տվյալ ժամանակահատվածում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչված չի եղել Հայաստանում: Մյուս կողմից, Հայաստանը միջազգային հանրության առջև պաշտոնապես պարտավորվել է օրենքով ճանաչել այդ իրավունքը, իսկ մինչև այդ իրավունքի ճանաչումը՝ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել են՝ դրա փոխարեն նրանց հնարավորություն ընձեռելով այլընտրանքային ծառայության մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Դատարանը չի կասկածում, որ դիմումատուն հրաժարվել է պարտադիր զինվորական ծառայություն կատարելուց իրական կրոնական համոզմունքների հիմքով, և ընդունում է այն հանգամանքը, որ միջազգային հանրության առջև պաշտոնապես ստանձնելով այդ իրավունքը ճանաչելու պարտավորությունը՝ Հայաստանն իր հայտարարությամբ կարող էր դիմումատուի մոտ ազատազրկման ձևով պատիժ կրելու փոխարեն նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն ունենալու օրինաչափ սպասելիքներ առաջացնել: Այդուհանդերձ, հաշվի առնելով 63-րդ պարբերության մեջ նշված իր եզրակացությունը, Դատարանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող համարվել Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունները խախտած՝ զինվորական ծառայություն կատարելուց հրաժարվելու համար դիմումատուին դատապարտելով:
65. Բացի այդ, Դատարանը նշում է այն հանգամանքը, որ այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենք արդեն ընդունվել է Հայաստանում և, հետևաբար, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվում է: Սակայն Դատարանը համարում է, որ այդ օրենքի Էությունը և գործնականում դրա կիրառման եղանակը սույն գանգատի շրջանակներից դուրս են:
66. Այստեղից հետևում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սթենլի Նեյսմիթ
Քարտուղարի տեղակալ Ժոզեփ Քասադևալ
Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում են հետևյալ առանձին կարծիքները՝
ա) դատավոր Էլիզաբեթ Ֆուրայի համընկնող կարծիքը,
բ) դատավոր Էն Փաուերի չհամընկնող կարծիքը:
Ժ.Ք.Մ.
Ս.Հ.Ն
ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱՅԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Թեև ես դատավորների մեծամասնության հետ կողմ քվեարկեցի՝ համարելով, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի որևէ խախտում տեղի չի ունեցել, ես այդպես վարվեցի՝ ելնելով կարգից և Դատարանի նախադեպային իրավունքի նկատմամբ հարգանքից: Ես կցանկանայի ավելացնել հետևյալը:
2. Փոքր-ինչ զարմանալի է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքն ավելի զարգացած չէ: Գոյություն ունեցող նախադեպային իրավունքը, սակայն, հստակ է այն առումով, որ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք չի նախատեսվում ընդհանրապես Կոնվենցիայով կամ, մասնավորապես դրա 9-րդ հոդվածով: Ուստի, համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձի նկատմամբ ընդհանուր իրավունքը կիրառելու դեպքում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի որևէ խախտում տեղի չի ունենում:
3. Պետությունը կարող է, սակայն պարտավոր չէ ճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը, և միայն ճանաչելու դեպքում այն պետք է նախատեսի զինվորական ծառայության հետ կապ չունեցող ծառայության որևէ տեսակ՝ որպես այլընտրանք: Եվրոպայում այս հարցերի վերաբերյալ ավելի ներդաշնակեցված մոտեցում սկսել են ցուցաբերել միայն վերջերս: Պետությունների մեծ մասում ճանաչում ստացած՝ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձինք իրավունք ունեն իրականացնելու այլընտրանքային ծառայություն: Որոշ պետություններում, այնուամենայնիվ, ընդունվում են միայն կրոնական հիմնավորումները, իսկ այլ պետություններում, թերևս, չկա այնպիսի իրավական համակարգ, որը թույլ կտա ճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց: Երբեմն էլ այլընտրանքային ծառայության համար կարող է ավելի երկար ժամկետ սահմանվել, քան զինվորական ծառայության համար:
4. Վերջերս Դատարանը որոշակի պատրաստակամություն է ցուցաբերել անդրադառնալու համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու հարցին՝ այն դիտարկելով Կոնվենցիայի 9-րդ հոդվածից դուրս: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի գործում (2000 թվական) զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու պատճառով դիմումատուի նախկին դատվածությունը չէր կարող արդարացնել նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում չնշանակելը: Այդ գործով որոշվել էր, որ այն փաստը, որ պետությունը չի տարանջատել նրա արարքը նմանատիպ ավելի ծանր հանցանքներից, որոնցից այն զգալիորեն տարբերվում էր (44-րդ պարբերություն), նշանակում է, որ 14-րդ հոդվածը, դիտարկելով 9-րդ հոդվածին զուգահեռ, խախտվել է: Այլ գործերով Դատարանն իր հիմնավորումներում առաջնորդվել է Կոնվենցիայի 3-րդ (արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք) և 5-րդ (անձին անօրինական կալանավորելը) հոդվածներով. տե՛ս, համապատասխանաբար, Ուլկեն ընդդեմ Թուրքիայի (2006 թվական) ու Ցիրլիսը և Կուլումպասն ընդդեմ Հունաստանի [Tsirlis and Kouloumpas v Greece] (1997 թվական) գործերը:
5. Մինչ այժմ Դատարանը չի համարել, որ զինվորական ծառայություն կատարելու պարտականությունը խախտում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, սակայն այն, թերևս, պատրաստ է եղել քննել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ նշանակվող պատիժների համաչափության հարցը և վճռել, որ տեղի է ունեցել 9-րդ հոդվածի խախտում, եթե դրանք չափից ավելի խիստ են եղել, ինչպես տեղի էր ունեցել Թլիմենոսի գործով, երբ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված անձն ազատազրկման ձևով պատիժ էր կրել և չէր նշանակվել հավաստագրված հաշվապահի պաշտոնում:
6. Քննվող գործի առնչությամբ իմ նախնական եզրակացությունն այն էր, որ անհրաժեշտ է հետ կանգնել և թույլ տալ Մեծ պալատին կրկին քննել այս հարցը /վերանայել նախադեպային իրավունքը/ և մի գուցե մեկ քայլ առաջ գնալ ու նշել, որ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձին դատապարտելը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է: Ներկայիս հանգամանքները հնարավոր է, որ փոխված լինեն, և արդյունքում հնարավոր լինի հանգել նման եզրակացության՝ համենայն դեպս այն դեպքում, երբ պատիժը ներառում է ազատազրկում:
7. Որպես այլընտրանք՝ ես կնախընտրեի վերաորակել բողոքը և այն քննել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով, քանի որ դիմումատուն ազատազրկվել էր այն դեպքում, երբ Հայաստանը հստակ (և գուցե նույնիսկ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող) պարտավորություն էր ստանձնել (տե՛ս վճռի 43-րդ պարբերությունը), և դա [դիմումատուին ազատազրկման դատապարտելը] կարող էր հավասարազոր լինել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ ելնելով Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործից և Միջուկային զենքի փորձարկումներ [Nuclear Test] գործից, որի վերաբերյալ որոշում էր կայացրել Արդարադատության միջազգային դատարանը (Միջուկային զենքի փորձարկումներ (Ավստրալիան ընդդեմ Ֆրանսիայի) [Nuclear Tests (Australia v. France)], Վճիռ, ԱՄԴ-ի զեկույցներ 1974 թվական, էջ 253, 42-60-րդ պարբերություններ):
ԴԱՏԱՎՈՐ ՓԱՈՒԵՐԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Քննարկելով Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար ներկայացված դիմումը՝ 2000 թվականի մայիսին պատասխանող պետությունը հանդես էր եկել միակողմանի հայտարարությամբ, ըստ որի այն պարտավորվում էր անդամակցությունից հետո երեք տարվա ընթացքում ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք և մինչև համապատասխան օրենքի ընդունումը ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել էին ազատազրկման՝ հնարավորություն տալով նրանց դրա փոխարեն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Այդ պետության կողմից Կոնվենցիայի վավերացումից հետո, ինչպես նաև համապատասխան հայտարարությունից ավելի քան երկու տարի հետո դիմումատուն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել զգալի ժամկետով ազատազրկման, քանի որ հրաժարվել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց: Զինվորական ծառայությունից նա հրաժարվել էր իրական կրոնական համոզմունքների պատճառով՝ մի հանգամանք, որը չի վիճարկվում: Նա ամբողջ ընթացքում պատրաստակամ է եղել կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:
2. Համարելով, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել, մեծամասնությունը, իմ կարծիքով, բավարար ուշադրություն չի դարձրել երկու կարևոր սկզբունքների, ըստ որոնց՝ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որի դրույթները պետք է մեկնաբանել ներկայիս իրավական չափանիշներին և նորմերին համապատասխան և, չնայած այն հանգամանքին, որ Կոնվենցիայով սահմանված իրավունքի սահմանափակումն իրավաչափ է, Դատարանը պահպանում է ձեռնարկված ցանկացած միջոցի համաչափությունը գնահատելու հարցում իր վերահսկողական դերը:
(i) Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է
3. Պարտադիր զինվորական ծառայությունը, per se (որպես այդպիսին), չի արգելվում Կոնվենցիայով, սակայն Դատարանը բազմիցս շեշտել է, որ այս պայմանագիրը «կենդանի փաստաթուղթ» է, և որ դրա դրույթների նկատմամբ պետք է դինամիկ ու զարգացող մոտեցում ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի իրագործել պայմանագրի խնդիրներն ու նպատակը: Այլ կերպ ասած, դրա նորմերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն՝ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները: [1] Իրավամբ, Դատարանն ընդունել է, որ իր որոշումները պետք է վերանայվեն,.2 և որ վճիռ կայացնելիս այն չի կարող զերծ մնալ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում տեղի ունեցող զարգացումների և համընդհանուր ընդունված նորմերի ու քաղաքականության ազդեցությունից:.3
4. Քանի որ Դատարանը համարում է, որ պարտավոր է առաջնորդվել նախկին Հանձնաժողովի նախադեպային իրավունքով, մեծամասնության եզրահանգումը, ըստ իս, չի արտացոլում ժողովրդավարական հասարակություններում գրեթե համընդհանուր ճանաչում ստացած հետևյալ մոտեցումը, ըստ որի «համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հիմնարար տարր է»:.4Այս մոտեցումը շեշտվել է Եվրոպայի խորհրդի (դեռևս 1987 թվականին), Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի և Եվրոպական պառլամենտի կողմից:.5 Իրավամբ, պատասխանող պետությունը 2000 թվականին արված իր իսկ հայտարարությամբ հաստատել է, որ ընդունում է այս ոլորտում նույնիսկ այն ժամանակ գործող և ընդունված եվրոպական իրավական չափանիշները, այնինչ դիմումատուին դատապարտելու և ազատազրկելու հետ կապված իր հետագա գործողությունները հակասում են այն հանգամանքին, որ այն ճանաչել է նշված նորմերը և պարտավորվել է դրանք գործնականում կիրառել: .6 Ընդունելով Դատարանի ընդհանուր մոտեցումը՝ մեկնաբանել և կիրառել Կոնվենցիան գործող իրավանորմերի և չափանիշների լույսի ներքո՝ ես չեմ կարող չեզրակացնել, որ այս գործում խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը:
5. Ցանկացած դեպքում պարզ է, որ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի վերաբերյալ Դատարանի դիրքորոշումը տարբերակելի է նախկին Հանձնաժողովի կողմից ընդունված մոտեցումից: Ակնհայտ է, որ Դատարանն այս հարցը դիտարկում է որպես մի հարց, որն առնչվում է մարդու իրավունքների հետ կապված կարևոր խնդիրների: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի գործում Մեծ պալատը նշել էր, որ ի տարբերություն այլ հանցանքների, կրոնական կամ փիլիսոփայական հիմքերով զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու համար դատապարտելը չի կարող նշանակել, որ անձն անազնիվ և անբարոյական վարքագիծ է դրսևորել, և որ այս առնչությամբ դիմումատուի նախկին դատվածության՝ շարունակական անբարենպաստ հետևանքները (համապատասխան պաշտոնի նշանակվելու արգելք) բավարար էին, որպեսզի համարվեր, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 9-րդ հոդվածին զուգահեռ դիտարկելիս: .7Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի [Štefanov у. Bulgaria] գործում Դատարանը համաձայնել է գործը հանել քննվող գործերի ցուցակից, երբ համոզվել է, որ կողմերի միջև կայացված համաձայնությունը հիմնված էր Կոնվենցիայով սահմանված՝ «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա»: .8Դատարանի որոշման մեջ մանրամասն նկարագրված էին այն համաձայնության պայմանները, որով նախատեսվում էին զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով դիմումատուի (և այլ անձանց) դեմ հարուցված քրեական գործով վարույթի կարճում, նշանակված բոլոր պատիժների վերացում, պատասխանող պետության կողմից նմանատիպ գործերով համաներում և որպես զինվորական ծառայությանը այլընտրանք՝ բացառապես քաղաքացիական ծառայություն նախատեսող օրենսդրություն ներդնելու համար միջոցների ձեռնարկում, և, վերջապես, դիմումատուի ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Վեց տարի անց Դատարանը Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործով եզրակացրել էր, որ խաղաղության ակտիվիստին մի քանի անգամ ազատազրկելը զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էր: Այն [Դատարանը] համարել էր, որ ներպետական օրենսդրությամբ համապատասխան դրույթներ չէին նախատեսվում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար, ինչպես նաև չէին ապահովվում անձի՝ համոզմունքների հիմքով զինվորական ծառայություն կատարելուց հրաժարվելու դեպքերը կարգավորելու համապատասխան միջոցներ.9: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեծամասնության եզրահանգումը, թերևս, ոչ միայն համահունչ չէ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու հարցում ներկայիս եվրոպական չափանիշների հետ, այլև այն չի համընկնում նաև հենց Դատարանի դիրքորոշման հետ՝ դատական պրակտիկայի ընդհանուր ուղղության առումով, որն արտացոլված է նախադեպային իրավունքում:
(ii) Սահմանափակման համաչափությունը
6. Ես ընդունում եմ, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով ո՛չ ճանաչվում և ո՛չ էլ բացառվում է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը, սակայն դա չի նշանակում, որ այն պետությունը, որը չի ճանաչում նշված իրավունքը, այդպիսով անսահմանափակ հայեցողություն (carte blanche) է ձեռք բերում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց հետ առնչվելիս: Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նյութական իրավունքները շարունակում են գոյություն ունենալ, և կրոնի կամ համոզմունքի արտահայտման ազատության ցանկացած թույլատրված սահմանափակման պարագայում պետք է ապացուցվի, որ այն «անհրաժեշտ» է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հանրային շահերի պաշտպանության համար (դրանցից ոչ մեկը, ի դեպ, չի ներառում ազգային անվտանգությունը):
7. Դատարանը հետևողականորեն վճռել է, որ հայեցողական լիազորությունների այն շրջանակը, որն ընձեռված է պետություններին սահմանափակման անհրաժեշտությունը և աստիճանը որոշելիս, փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ, որն ընդգրկում է թե՛ օրենսդրությունը և թե՛ այն կիրառության մեջ դնող որոշումները.10: Դատարանն այդպիսի վերահսկողություն իրականացնելիս պետք է պարզի, թե արդյոք ազգային մակարդակում ձեռնարկված միջոցները, ըստ էության, հիմնավորված են և համաչափ.11և այն պետք է ուսումնասիրի վիճարկվող դատական որոշումները՝ հաշվի առնելով ընդհանուր առմամբ գործի նախապատմությունը.12: Սույն գործով պատասխանող պետությունը ոչ մի հիմնավորում չի ներկայացրել այն մասին, թե ինչ «ճնշող հանրային պահանջ» է գոյություն ունեցել (եթե գոյություն ունեցել է), որն անհրաժեշտ է դարձրել դիմումատուի ազատազրկումն այս գործի կոնկրետ հանգամանքներում.13: Անհրաժեշտության առկայության ապացուցման բեռը դրված էր պետության վրա, առավել ևս այն հանգամանքներում, երբ այն արդեն հաստատել էր, որ ճանաչում է և պարտավորվում է պահպանել այս ոլորտում եվրոպական ներկայիս չափանիշները: Այն [պատասխանող պետությունը] չի ապացուցել, որ դիմումատուի ազատազրկումն անհրաժեշտ էր՝ այդպիսով չբավարարելով համաչափության պահանջը, և, հետևաբար, այդ հանգամանքով ես համոզվում եմ իմ այն կարծիքի մեջ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում: Քանի որ մեծամասնությունը չի իրականացրել այս Դատարանին վերապահված վերահսկողական գործառույթը, դրա մոտեցումն ըստ իս, համահունչ չէ Դատարանի՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքը պետության կողմից սահմանափակելու անհրաժեշտությունը մեկնաբանելու գործելակերպին:
_________________________
.1Տիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Tyrer v. United Kingdom] (1978) 2 ՄԻԵԶ 1 § 31.
.2Ռեսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Rees v. United Kingdom] (1986) 9 ՄԻԵԶ § 56. տե՛ս նաև հետևյալ գործերը՝ Քոսսին ընդդեմ Միացյալ Թագավորության [Cossey v. United Kingdom ] (1990) 13 ՄԻԵԶ § 622. Շեֆիլդն ու Հորշամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Sheffield and Horsham v. United Kingdom] (1998) 27 ՄԻԵԶ § 163. և Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Goodwin v. United Kingdom [GC]], թիվ 28957/95, ՄԻԵԴ 2002-VI:
.3Տիրերի գործը, § 31.
4 ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարական (2001 թվական), § 44.
.5Տե՛ս, inter alia, 1987 թվականի ապրիլի 9-ին Նախարարների կոմիտեի կողմից ընդունված թիվ R (87) 8 հանձնարարականը, ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարականը (2001 թվական), Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի՝ 2006 թվականի փետրվարի 27-ի զեկույցը, և Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիան (2000 թվական):
.6Չնայած Հայաստանի Հանրապետությունն ստանձնել էր եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային ծառայության մասին օրենք ընդունելու պարտավորությունը՝ 2007 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հիասթափությամբ նշել էր, որ գործող օրենքով համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար չի ապահովվում «հստակորեն քաղաքացիական բնույթի այնպիսի իրական այլընտրանքային ծառայության հնարավորություն, որը բնույթով չպետք է լինի զսպման կամ պատժի միջոց»՝ ինչպես սահմանվում է Եվրոպայի խորհրդի չափանիշներով: Վեհաժողովը «խորապես մտահոգված էր այն հանգամանքով, որ իրական քաղաքացիական ծառայության հնարավորության բացակայության պատճառով համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված տասնյակ անձինք, մեծ մասամբ Եհովայի վկաներ, շարունակում են ազատազրկված մնալ, քանի որ նախընտրում են մնալ անազատության մեջ՝ իրական քաղաքացիական բնույթ չունեցող այլընտրանքային ծառայություն կատարելու փոխարեն»: (ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի թիվ 1532 բանաձև (2007 թվական)):
.7[ՄՊ], թիվ 34369/97, ՄԻԵԴ 2000-IV:
.8Գանգատ թիվ 32438/96, ընդունելիության վերաբերյալ 2000 թվականի ապրիլի 6-ի որոշում:
.9Ուլկեն ընդդեմ Թուրքիայի, թիվ 39437/98, 2006 թվականի հունվարի 24, § 61 և 62:
1 0 «Գրոպերա Ռադիոն» ԲԸ-ն և այլք ընդդեմ Շվեյցարիայի [Groppera Radio AG and Others v. Switzertand], 1990 թվականի մարտի 28, շարք Ա թիվ 173, «Մարքթ Ինթերն Վերլագ» ՍՊԸ-ն և Քլաուս Բիերմանն ընդդեմ Գերմանիայի [Markt Intern Verlag GmbH and Klaus Beermann v.Germany], 1989 թվականի նոյեմբերի 20, շարք Ա թիվ 165, և Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis у. Greece] 1993 թվականի մայիսի 25, § 47, շարք Ա թիվ 260-Ա:
1 1 «Գրոպերա Ռադիոն» ԲԸ-ն և այլք ընդդեմ Շվեյցարիայի [Groppera Radio AG and Others v.Switzerland], § 72, տե՛ս նաև Բարֆոդն ընդդեմ Դանիայի [Barfod у. Denmark], 1989 թվականի փետրվարի 22, շարք Ա թիվ 149:
1 2 Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի, 1993 թվականի մայիսի 25, § 47, շարք Ա թիվ 260-Ա:
1 3 Տե՛ս Բեսարաբիայի մետրոպոլիտական եկեղեցին և այլք ընդդեմ Մոլդովայի [Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova], թիվ 45701/99, §125, ՄԻԵԴ 2001-XII, որով Դատարանը վճռել է, որ ազգային անվտանգությանն սպառնացող վտանգի վերաբերյալ սոսկ պնդումը պետությանը չի ազատում նման պնդումը հիմնավորելու պարտավորությունից: