Հոդված 3. Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը
Հոդված 3. Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը
«1. Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:»:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թիվ 221 եզրակացությունը (2000 թվական). Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար Հայաստանի դիմումը
43. Եզրակացության համապատասխան հատվածի համաձայն՝
«13. Խորհրդարանական վեհաժողովը հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների նախագահների կողմից ուղարկված նամակները և նշում է, որ Հայաստանը հանձն է առնում կատարել հետևյալ պարտավորությունները. ... iv. մարդու իրավունքներ՝ ... դ) անդամակցությունից հետո երեք տարվա ընթացքում ընդունել եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային ծառայության մասին օրենք և, միևնույն ժամանակ, ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված բոլոր անձանց, որոնք դատապարտվել են ազատազրկման կամ պահվում են կարգապահական գումարտակներում՝ նրանց հնարավորություն ընձեռելով այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընտրություն կատարելու ոչ զինված զինվորական ծառայության կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև:»:
Բ. ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարականը (2001 թվական). Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում զինվորական ծառայությունից համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվելու իրավունքի իրականացումը
44. Հանձնարարականի համապատասխան հատվածի համաձայն՝
«2. Համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հիմնարար տարր է:
3. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասն իրենց սահմանադրություններում կամ օրենքներում ներմուծել է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Այս իրավունքը ճանաչված չէ միայն հինգ անդամ պետությունների կողմից:»:
Գ. Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիան
(2000 թվական)
45. Խարտիայի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.