ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.
բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
(2-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.
բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(3-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. փետրվարի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
փետրվարի 7-ի N 67-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 12.11.18 N 1510-Ա)
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
- ՀՀ Արագածոտնի մարզպետ
- ՀՀ Արարատի մարզպետ
- ՀՀ Արմավիրի մարզպետ
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
- ՀՀ Լոռու մարզպետ
- ՀՀ Կոտայքի մարզպետ
- ՀՀ Շիրակի մարզպետ
- ՀՀ Սյունիքի մարզպետ
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ
- ՀՀ Տավուշի մարզպետ
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպահպանական վարչության պետ
- «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 12.05.16 N 401-Ա, խմբ. 12.11.18 N 1510-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան