Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
նույնականացման միջոցների միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը ներառում է Միությունում ապրանքների դրոշմավորման համար օգտագործվող նույնականացման միջոցների նկարագիրը, տեղեկություններ՝ դրանց բնութագրերի, նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմի ու կառուցվածքի վերաբերյալ.
անդամ պետության իրավասու (լիազորված) մարմիններ՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմիններ, որոնք, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված են ապահովելու անդամ պետության գործադիր իշխանության մարմինների՝ այն ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությանն ուղղված գործունեության հսկողությունը և (կամ) միջգերատեսչական համակարգումը, որոնց առնչությամբ ընդունվել է որոշում՝ նույնականացման միջոցներով դրանց դրոշմավորման վերաբերյալ, և (կամ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի աշխատանքները և (կամ) դրա աշխատանքների ապահովմանն ուղղված գործունեության համակարգումը.
հսկիչ (նույնականացման) նշան՝ խիստ հաշվետվության ձևաթուղթ (փաստաթուղթ)՝ կեղծումից պաշտպանության տարրերով (միջոցներով) (պաշտպանված պոլիգրաֆիական արտադրանք), որը պարունակում է նույնականացման միջոց և նախատեսված է ապրանքների դրոշմավորման համար.
դրոշմավորված ապրանքներ՝ ապրանքներ, որոնց վրա սահմանված պահանջների պահպանմամբ զետեղված են նույնականացման միջոցներ, և որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները (այդ թվում՝ դրանց վրա զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների վերաբերյալ տեղեկությունները) ներառված են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի մեջ.
նյութական կրիչ՝ հսկիչ (նույնականացման) նշան կամ ցանկացած նյութից օբյեկտ, որը պարունակում է կամ չի պարունակում կեղծումից պաշտպանության տարրեր (միջոցներ) և նախատեսված է նույնականացման միջոցի զետեղման, պահպանության և փոխանցման համար.
ապրանքների շրջանառություն՝ Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը, պահպանելը, փոխադրելը, ստանալը և փոխանցելը, այդ թվում՝ դրանք ձեռք բերելն ու իրացնելը (վաճառելը) անդամ պետությունների տարածքներում.
մեծածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ նմանատիպ օգտագործման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.
դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդներ՝ այն ապրանքները, որոնց մասով ընդունվել է որոշում՝ դրոշմավորում սահմանելու վերաբերյալ, և որոնք դրոշմավորում սահմանելու օրվա դրությամբ գտնվում են այդպիսի ապրանքների արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) տիրապետման և (կամ) օգտագործման և (կամ) տնօրինման տակ.
մանրածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային նպատակներով և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.
նույնականացման միջոց՝ պայմանանշանների մեքենաընթեռնելի եզակի հաջորդականություն, որը ներկայացված է ստվերագծային ծածկագրի ձևով կամ ձայնագրված է ռադիոհաճախական պիտակի վրա կամ ներկայացված է ավտոմատ նույնականացման այլ միջոցի (տեխնոլոգիայի) օգտագործմամբ.
անդրսահմանային առևտուր՝ մեծածախ առևտուր, որն իրականացվում է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների փոխադարձ առևտրի շրջանակներում.
թողարկողներ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ և (կամ) կազմակերպություններ, որոնք իրականացնում են նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների պատրաստում և (կամ) վերարտադրում և (կամ) իրացում (վաճառք):
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով: