Անցնել բովանդակությանը

Հոդված 274

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 274.

« …, 165, ...հոդվածներով վարչական տույժ կիրառելու շրջանային (քաղաքային) դատավորի որոշումը կարող է բեկանվել կամ փոփոխվել նույն դատավորի կողմից՝ դատախազի հատուկ բողոքի հիման վրա կամ վերադաս դատարանի նախագահի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ»:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ

1. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

44. Դիմողը պնդել է, որ թույլ է տրվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ ոստիկանությունն իր նկատմամբ դրսևորել է վատ վերաբերմունք իր ձերբակալման և ոստիկանության բաժանմունքում կալանքի տակ գտնվելու ընթացքում: Նա նաև պնդել է, որ վատ վերաբերմունքի առնչությամբ իր հայտարարություններն արդյունավետորեն չեն ուսումնասիրվել, ինչպես որ պահանջվում է նույն հոդվածով նախատեսված դատավարական պարտականությամբ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նախատեսում է.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

A. Ոստիկանության կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքը

1. Կողմերի դիրքորոշումները

45. Դիմողը հայտարարել է, որ 1999թ. փետրվարի 13-ին իրեն ձերբակալել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող եղանակով: Ավելին, նա պնդել է, որ մինչև ոստիկանության բաժանմունք հասնելը ինքը ծեծի է ենթարկվել ոստիկանության այն աշխատակիցների կողմից, ովքեր իրեն հարցաքննել են: Հետագայում իրեն ոստիկանության աշխատակիցները կրկին ծեծի են ենթարկել նույն օրը, երբ ինքն արգելել է նրանց խուզարկելու իր բնակարանը: Դիմողը նշել է, որ ինքը ստացել է վնասվածքներ՝ կապտուկներ և վերքեր, և որ ինքը սարսափած է եղել այդպիսի վերաբերմունքի պատճառով: Դիմողը նաև պնդել է, որ դրանից հետո իրեն բժշկական օգնություն չի ցուցաբերվել:

46. Դիմողը ներկայացրել է անմիջապես իր ազատվելուց հետո կազմված դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որով հաստատվում է դեպքերի ընթացքի՝ իր ներկայացրած վարկածին համապատասխանող վնասվածքներ ստանալը:

47. Կառավարությունը 2004թ. մարտի 15-ի հաշվետվությունում և 2004թ. ապրիլի 19-ի գրությունում նշել է, որ վատ վերաբերմունքի առնչությամբ դիմողի հայտարարությունների հիման վրա կատարվող քննությունն ընթացքի մեջ է: Այն հայտնել է Դատարանին, որ Գլխավոր դատախազությունը վերանայել է ոստիկանության կողմից լիազորությունները չարաշահելու կապակցությամբ հարուցված թիվ 3467098 քրեական գործը և 2004թ. մարտի 3-ին վերսկսել է գործով վարույթը: Կառավարությունը հայտարարել է, որ մինչև այդ գործով վարույթի ավարտը չի կարող մեկնաբանություններ անել այս գանգատի էության վերաբերյալ:

48. Դրանից հետո Կառավարությունը որևէ հայտարարություն չի արել քննության ընթացքի կամ վերը հաստատված փաստերի առնչությամբ:

2. Դատարանի գնահատականը

49. Դատարանը հիշեցնում է, որ «երբ անձը կալանավորվելիս առողջ է եղել, սակայն ազատ արձակվելիս նա ունենում է վնասվածքներ, Պետությունը պարտավոր է համոզիչ բացատրություն տալ, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները, իսկ դրա բացակայությունն առաջացնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում» (տե՛ս Tomasi v. France, 1992թ. օգոստոսի 27-ի վճիռը, Շարք A, թիվ 241-A, էջ 40-41, 108-111 կետեր, և Selmouni v. France [Մեծ պալատ], թիվ 25803/94, կետ 87, ECHR 1999-V):

50. Ապացույցները գնահատելիս Դատարանը սովորաբար կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը (տե՛ս Ireland v. the United Kingdom, 1978թ. հունվարի 18-ի վճիռը, Շարք A, թիվ 25, էջ 64-65, կետ 161): Այդուհանդերձ, ապացուցողական այդպիսի զանգված կարող է ձևավորվել միայն ամբողջապես անհերքելի, ակնհայտ և համահունչ հետևությունների կամ փաստերի վերաբերյալ նմանատիպ չհերքված կանխավարկածների զուգակցության արդյունքում: Երբ դեպքը ամբողջությամբ կամ մեծ մասով տեղի է ունենում բացառապես իշխանությունների իմացությամբ, ինչպես կալանավորված անձանց նկատմամբ հսկողության պարագայում, ապա կալանքի ժամանակաընթացքում ստացված վնասվածքների կապակցությամբ առաջ են գալիս փաստի վերաբերյալ հաստատուն կանխավարկածներ: Անկասկած է, որ բավարար և համոզիչ բացատրության պարտականությունը կարող է դրվել իշխանությունների վրա (տե՛ս Ribitsch v. Austria, 1995թ. դեկտեմբերի 4-ի վճիռը, Շարք A, թիվ 336, կետ 34, Salman v. Turkey վճիռը [Մեծ պալատ], թիվ 21986/93, կետ 100, ECHR 2000-VII):

51 Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ստուգել իրադարձությունների վերաբերյալ դիմողի հայտարարությունները կամ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: 2003- 2004թթ. կատարված քննությունը չի վերհանել դիմողի ներկայացրածներից տարբերվող որևէ նոր փաստ կամ ապացույց: Կառավարությունն էլ չի ներկայացրել որևէ բացատրություն առ այն, թե ինչպես կարող էին առաջանալ դիմողի վնասվածքները: Մասնավորապես, որպես ընդհանուր հիմնավորում կարող է գնահատվել այն, որ այդ վնասվածքները գոյություն չեն ունեցել մինչև դիմողի կալանավորումը:

52. Ավելին, իշխանությունները խոստովանել են, որ դիմողի հայտարարությունները ճշմարտացի են: Գլխավոր դատախազությունն ընդունել է, որ դիմողը հետևողականորեն և լիովին հաստատել է վատ վերաբերմունքի առնչությամբ իր պնդումները և ընդգծել, որ բժիշկ փորձագետի կողմից արձանագրված` դիմողի վնասվածքները համապատասխանում են դեպքերի առնչությամբ դիմողի տված գնահատականներին (տե՛ս վերը՝ կետ 42):

53. Դատարանը նշում է, որ ոստիկանությունն ակնկալել է, որ դիմողը կարող է տեղեկություններ տրամադրել սպանության կապակցությամբ, որի համար կասկածվում էր Լ.-ն՝ ենթադրաբար դիմողի ընկերը: Դատարանն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ պաշտոնական հայտարարությունների միջև առկա է հակասություն այն հարցում, թե որն է դիմողին ոստիկանության բաժանմունք տանելու պատճառը, և հանգում է հետևության, որ նրան այնտեղ են տարել որպես վկա հարցաքննելու նպատակով, այլ ոչ թե աննշան վարչական իրավախախտման կապակցությամբ: Այս հարցաքննությունը չի կատարվել ռուսաստանյան օրենսդրության սովորական դատավարական երաշխիքների պահպանմամբ, ինչպիսին է հարցաքննության արձանագրման պարտադիրությունը, փաստաբանի մասնակցությունը և այլն, ուստի Դատարանը չի բացառում, որ ոստիկանության կողմից կարող է կիրառված լինի հարկադրանք` դիմողից տեղեկություններ ստանալու նպատակով:

54. Հաշվի առնելով բժշկական եզրակացությանը համապատասխանող դիմողի հետևողական և մանրամասն հայտարարությունները և նկատի ունենալով կալանքից ազատվելիս դիմողի ունեցած վնասվածքների առաջացման առնչությամբ այլ համոզիչ բացատրության բացակայությունը՝ Դատարանն ընդունում է, որ դիմողի նկատմամբ եղել է վատ վերաբերմունք:

55. Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի հետ կապված գործողությունների լրջությանը, ապա Դատարանը հիշեցնում է, որ վատ վերաբերմունքը որպես խոշտանգում որակելու համար պետք է հաշվի առնել 3-րդ հոդվածով սահմանված տարբերությունն այդ երևույթի և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի միջև: Ակնհայտ է, որ Կոնվենցիան նպատակ է հետապնդում այս տարբերության միջոցով հատուկ ընդգծելու անմարդկային այն վերաբերմունքը, որի արդյունքում պատճառվում է խիստ լուրջ և դաժան տառապանք: Նախքան այս գործը, Դատարանը քննել է գործեր, որոնցով գտել է, որ տեղի է ունեցել վերաբերմունք, որը կարող է որակվել միայն որպես խոշտանգում (տե՛ս Aksoy v. Turkey, 1996թ. դեկտեմբերի 18-ի վճիռը, Վճիռների և որոշումների 1996-VI ժողովածու, էջ 2279, կետ 64, Aydın v. Turkey, 1997թ. սեպտեմբերի 25-ի վճիռը, 1997-VI Ժողովածու, էջ 1891-92, 83-84 և 86 կետեր, վերը նշված` Selmouni-ի գործով վճիռը, կետ 105, Dikme v. Turkey գործով վճիռը, թիվ 20869/92, 94-96 կետեր, ECHR 2000-VIII, իսկ վերջին գործերի շարքում՝ Batı and Others v. Turkey վճիռը, թիվ 33097/96 և 57834/00, կետ 116, ECHR 2004-(հատվածներ)):

56. Վիճարկվող գործողությունները հետապնդել են դիմողի մոտ վախի զգացում, տառապանք և նվաստացում առաջացնելու նպատակ, որոնց արդյունքում նա իրեն ստորացված է զգացել, և որը, հավանաբար, խարխլել է նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը: Ամեն դեպքում, Դատարանը հիշեցնում է, որ ազատությունից զրկված անձանց նկատմամբ ֆիզիկական ներգործությունը, որի անհրաժեշտությունն անմիջականորեն չի առաջացել հենց իրենց՝ անազատության մեջ պահվող անձանց վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդու արժանապատվությունը և սկզբունքորեն հակասում է 3-րդ հոդվածին (տե՛ս վերը նշված Selmouni–ի վճիռը, կետ 99):

57. Դատարանը գտնում է, որ տվյալ գործում ֆիզիկական ցավի կամ տանջանքի առկայությունը հաստատվում են բժիշկ փորձագետի կողմից և կալանքի տակ գտնվելիս վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ դիմողի հայտարարություններով: Դեպքերի ընթացքը նույնպես ցույց է տալիս, որ ցավ և տանջանք նրան պատճառվել է դիտավորյալ, մասնավորապես` Լ.-ին առնչվող տեղեկություն ստանալու նպատակով (տե՛ս վերը՝ 53-54 կետեր):

58. «Ցավի կամ տանջանքի» լրջության աստիճանը գնահատելու համար Դատարանը հաշվի է առնում գործի բոլոր հանգամանքները՝ այդ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցությունը և, ինչպես որոշ գործերում է, տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս վերը նշված Batı-ի վճիռը, կետ 120): Դատարանը նկատում է, որ քննարկվող ժամանակահատվածում դիմողն ընդամենը տասնինը տարեկան իգական սեռի ներկայացուցիչ է եղել, ով հակադրվել է մի քանի արական սեռի ոստիկանների, դիմողը, փաստորեն, անպաշտպան է եղել: Ավելին, վատ վերաբերմունքը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում նրան երկու անգամ ենթարկել են ծեծի և դաժան ֆիզիկական ու հոգեբանական ազդեցության այլ ձևերի:

59. Այս հանգամանքներում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ամբողջության մեջ դիտարկելով և հաշվի առնելով նպատակն ու դաժանությունը՝ քննարկվող վատ վերաբերմունքը դրսևորվել է խոշտանգման ձևով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:

60. Դատարանը եզրակացնում է, որ այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

B. Արդյունավետ քննության ենթադրյալ չիրականացումը

1. Կողմերի դիրքորոշումները

61. Դիմողը հայտարարել է, որ դեպքերից անմիջապես հետո ինքը մի շարք հայտարարություններ է ներկայացրել՝ խնդրելով ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցել քրեական գործ, նա նշել է նրանց անուններն ու պաշտոնները և հայտարարել, որ կարող է ճանաչել նրանց, ներկայացրել է իր վնասվածքների առնչությամբ բժշկական եզրակացությունը: Այդուհանդերձ, իր հայտարարություններից ոչ մեկը նպատակին չի հասել, և որևէ քննություն չի ձեռնարկվել՝ մինչև Դատարանին ներկայացված իր գանգատը չի տրամադրվել պատասխանող Կառավարությանը: Ինչ վերաբերում է 2003թ. մեկնարկած վարույթին, ապա դիմողն այն ժամանակին կամ արդյունավետ չի համարել: Ավելին, նա մտավախություն է ունեցել, որ իշխանությունները բացասական վերաբերմունք կցուցաբերեն այն փաստի նկատմամբ, որ ինքը գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարանին, և գտել է, որ իր հանդեպ նրանց վերաբերմունքը եղել է սարսափեցնող: Այդ պատճառով նա այս քննությանը չի ցուցաբերել ակտիվ մասնակցություն: Նա հայտարարել է, որ չնայած ապացույցներ է ներկայացրել քննիչին, իրեն երբևէ չեն տեղեկացրել քննության արդյունքի մասին:

62. Կառավարությունը որևէ կերպ չի մեկնաբանել այս բողոքը (տե՛ս վերը՝ 47-48 կետեր):

2. Դատարանի գնահատականը

63. Դատարանը նախևառաջ գտնում է, որ բժշկական եզրակացությունը և դիմողի բողոքներն ու ցուցմունքները միասին առաջացրել են լուրջ կասկած, որ նրա վնասվածքները կարող էին հասցված լինել ոստիկանության կողմից:

64. Երբ անձը ներկայացնում է հիմնավորված բողոք առ այն, որ ինքը ոստիկանության կողմից ենթարկվել է 3-րդ հոդվածով արգելված լուրջ վատ վերաբերմունքի, ապա այդ դրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով Պետության վրա դրված այն ընդհանուր պարտավորության հետ զուգորդված, որի ուժով Պետությունը պարտավոր է «իր իրավասության ներքո գնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված Են ԿոնվԵնցիայում…», անուղղակիորեն պահանջում է, որպեսզի տեղի ունենա արդյունավետ պաշտոնական քննություն: Այդ քննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատասխանատվությանը (տե՛ս Assenov and Others, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, 1998-VIII Ժողովածու, էջ 3290, կետ 102, և Labita v. Italy [Մեծ պալատ], թիվ 26772/95, կետ 131, ECHR 2000-IV): Դատարանի նախադեպային իրավունքում բնորոշված արդյունավետության նվազագույն չափանիշները նույնպես ներառում են պահանջներ, համաձայն որոնց՝ քննությունը պետք է լինի անկախ, անկողմնակալ և հրապարակային, և որ իրավասու մարմինները պետք է գործեն օրինակելի ջանասիրությամբ և բարեխղճությամբ (տե՛ս, օրինակ, Isayeva and Others v. Russia վճիռը, թիվ 57947/00, 57948/00 և 57949/00, 208-213 կետեր, 2005թ. փետրվարի 24):

65. Դատարանը գտնում է, որ վատ վերաբերմունքի կապակցությամբ դիմողի հայտարարությունը քննելու դատավարական պարտականությունն առաջացել է այն ժամանակ, երբ նա գործը ներկայացրել է իրավասու մարմիններին, այսինքն՝ դատախազությանը և ոստիկանության պետին: Քննություն իրականացնելու մասին նրա միջնորդությունները ներկայացվել են դեպքից հետո մեկ ամսվա ընթացքում և պարունակել են դեպքերի մանրամասն նկարագրություն, բացահայտորեն մատնացույց են արել կոնկրետ անձանց և ուղեկցվել են բժշկական եզրակացությամբ, ինչը հաստատել է նրա պատմածը: Այդուհանդերձ, որևէ քննություն չի իրականացվել: Ներքին գործերի նախարարությունում իրականացված քննությունը (տե՛ս վերը՝ կետ 25) թեև հանգեցրել է կարգապահական պատասխանատվությունների, այնուհանդերձ, չի բացահայտել պատասխանատվության ենթարկված անձանց անունները կամ նրանց պատժելու հիմքերը: Միայն այս հիմնավորմամբ այն չի կարող համարվել արդյունավետ քննություն, և Կառավարությունն իրոք չի նպաստել դրա պատշաճ կատարմանը:

66. Քննությունը սկսվել է վիճարկվող իրադարձություններից միայն չորս տարի անց, երբ գործի վրա է հրավիրվել ազգային իշխանությունների ուշադրությունը՝ կապված Դատարանում դիմողի գործի քննության հետ: Կատարվել է քրեական գործով քննություն, որը, չնայած ուշացմանը, անխուսափելիորեն դատապարտված չէր տապալման, քանի որ գործի նյութերն արդեն իսկ պարունակում էին դիմողի կողմից ներկայացված բավարար գրավոր ապացույցներ: Այդուհանդերձ, այդ քննությունը բավարար չէր, քանի որ այն ձախողվել էր գործի հանգամանքները պարզելու հարցում և չէր տվել իր առջև դրված այնպիսի հարցի պատասխանը, ինչպիսին է դիմողի վնասվածքների առաջացումը (տե՛ս վերը՝ կետ 42):

67. 2004թ. մարտի 3-ին Գլխավոր դատախազը ցուցում է տվել գործով վարույթը վերսկսելու մասին, բայց դրա հետ կապված որևէ հաղորդում չի ստացվել: Ուստի Դատարանին մնում է եզրահանգել, որ վերջին երեք տարիների ընթացքում իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել այն բացթողումները շտկելու համար, որոնց նրանք լավատեղյակ են:

68. Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի առնչությամբ դիմողի հայտարարությունների առթիվ արդյունավետ քննության բացակայության պատճառով:

II. ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

69. Դիմողը նաև բողոքել է, որ իրեն չեն տրամադրել պաշտպանության արդյունավետ միջոց՝ կապված վատ վերաբերմունքի առնչությամբ իր բողոքի հետ: Նա հայտարարել է, որ քրեական գործի քննության հասնելու իր նախաձեռնած բոլոր փորձերը ձախողվել են, և նույն ճակատագրին են արժանացել դատարաններում քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իր փորձերը: Նա վկայակոչել է 13-րդ հոդվածը, համաձայն որի.

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

70. Կառավարությունը չի ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ ներկայացված դիրքորոշումից տարբերվող այլ դիրքորոշում:

71. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի այն դեպքում, երբ տեղի է ունեցել Կոնվենցիայով պահպանվող մեկ կամ մի քանի իրավունքների ենթադրյալ խախտում, տուժողին հասու լինի պետական ծառայողներին կամ պետական մարմիններին այդ խախտման համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ: Պայմանավորվող պետությունները որոշակիորեն ազատ են որոշելու այն եղանակը, որով նրանք կկատարեն այս դրույթի ներքո Կոնվենցիայով իրենց վրա դրված պարտականությունները: Որպես ընդհանուր կանոն, եթե առանձին միջոցն ինքնին լիովին չի բավարարում 13-րդ հոդվածի պահանջները, ներպետական օրենսդրությամբ նախատեսված միջոցների ամբողջությունը կարող է այդպիսին լինել (այլոց շարքում տե՛ս Kudła v. Poland վճիռը [Մեծ պալատ], թիվ 30210/96, կետ 157, ECHR 2000-XI; տե՛ս նաև՝ Čonka v. Belgium վճիռը, թիվ 51564/99, կետ 75, ECHR 2002-I):

72. Այդուհանդերձ, 13-րդ հոդվածի ներքո Պետության ունեցած պարտավորության ծավալը տարբեր է՝ կախված բողոքի բնույթից, և կոնկրետ դեպքերում Կոնվենցիան պահանջում է նախատեսել առանձնահատուկ միջոցներ: Այսպես, կասկածելի մահվան կամ վատ վերաբերմունքի դեպքերում, ճանաչելով 2-րդ և 3- րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների հիմնարար կարևորությունը, 13-րդ հոդվածը, փոխհատուցում վճարելու հետ մեկտեղ, պահանջում է անհրաժեշտության դեպքում կատարել սպառիչ և արդյունավետ քննություն, որը կարող է հանգեցնել մեղավոր անձանց բացահայտմանն ու պատասխանատվությանը (տե՛ս Anguelova v. Bulgaria վճիռը, թիվ 38361/97, 161-162 կետեր, ECHR 2002-IV, Assenov and Others v. Bulgaria՝ վերը նշված վճիռը, կետ 114, SՖheyla Aydın v. Turkey վճիռը, թիվ 25660/94, կետ 208, 2005թ. մայիսի 24):

73. Տվյալ գործով ներկայացված ապացույցների հիման վրա Դատարանը գտավ, որ պետական իշխանությունները պատասխանատվություն են կրում 1999թ. փետրվարի 13-ին դիմողի ստացած վնասվածքների համար: Այս կապակցությամբ ազգային իշխանություններին դիմողի ներկայացրած բողոքները հիմնված են եղել միևնույն ապացույցների վրա և այդ պատճառով կարող են «փաստարկված» ճանաչվել՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Boyle and Rice v. the United Kingdom, 1988թ. ապրիլի 27-ի վճիռը, Շարք A, թիվ 131, էջ 23, կետ 52): Այսպիսով, իշխանությունները պարտավոր էին ոստիկանության աշխատակիցների դեմ դիմողի հայտարարությունների հիման վրա կատարել արդյունավետ քննություն: Վերը նշված պատճառների ուժով չի կարելի ընդունել, որ կատարվել է քրեական գործի արդյունավետ քննություն: Համապատասխանաբար, դիմողին հասու ցանկացած այլ միջոց, ներառյալ՝ վնասների փոխհատուցման հայցը, ունեցել է հաջող ավարտի սահմանափակ ներուժ: Չնայած քաղաքացիական դատարանները հնարավորություն ունեն փաստերին տալ ինքնուրույն և անկախ գնահատական, գործնականում քրեական գործով նախնական քննությունն այնքան ծանրակշիռ դեր ունի, որ քաղաքացիական գործով հայցվորի կողմից ներկայացված նույնիսկ ամենահամոզիչ ապացույցը հաճախ կարող է ճանաչվել «անհամապատասխան»: Դիմողի գործով ընթացած քաղաքացիական դատավարությունը վերը նշվածի ապացույցն է: Դատարանը պարզապես հաստատել է դատախազի կարծիքն այն մասին, որ դիմողի բողոքն անհիմն է՝ առանց գործի փաստական հանգամանքներին գնահատական տալու (տե՛ս վերը՝ 29-30 կետեր): Այդ պատճառով վնասների հատուցման հայցային պահանջը, ըստ գործի հանգամանքների, եղել է ընդամենը տեսական և պատրանքային միջոց, ինչը չէր կարող ապահովել դիմողին հատուցման տրամադրում:

74. Ուստի Դատարանը գտնում է, որ ոստիկանության վատ վերաբերմունքի առնչությամբ դիմողին չի տրամադրվել պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց: Հետևաբար՝ այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:

III. ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ և 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

75. Դիմողը գանգատվել է, որ 1999թ. փետրվարի 13-ի իր ձերբակալումը, ոստիկանության բաժանմունքում ամբողջ գիշեր տևած արգելանքը և հետագա հնգօրյա կալանքը եղել են անօրինական: Այս գանգատներն ընդունելի են հայտարարվել Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների ներքո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։