Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

«Յուրաքանչյուր ոք…իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի… Դատարանի կողմից…արդար դատաքննության իրավունք»:

76. Կառավարությունն ընդունել է, որ դիմողի ձերբակալումը և կալանավորումը եղել են անօրինական: Այդուհանդերձ, այն հայտարարել է, որ դիմողը դադարել է այս կետում քննարկվող խախտումների զոհ լինելուց: Կառավարությունը հղում է կատարել Ռոստովի մարզային դատարանի նախագահի 2003թ. մարտի 5-ի որոշմանը, որը հաստատել է, որ դիմողի ձերբակալումը կատարվել է ներպետական օրենսդրության խախտմամբ, և որով 1999թ. փետրվարի 14-ի որոշումը վերացվել է:

77. Կառավարության կարծիքով՝ նշված որոշմամբ դիմողին հնարավորություն է ընձեռվել առանձին քաղաքացիական վարույթի կարգով պահանջելու հատուցում ազատությունից ապօրինի զրկվելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար, ինչպես որ նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքի 1070-րդ և 1100-րդ հոդվածներում: Կառավարությունը գտնում է, որ քանի որ դիմողը վնասների հատուցման համար նման գործողությունների չի դիմել, նա չի սպառել ներպետական միջոցները և, համապատասխանաբար, Դատարանը պետք է մերժի դիմողին ազատությունից զրկելու հետ կապված գանգատները:

78. Դիմողն առարկել է Կառավարության դիրքորոշման դեմ և պնդել իր գանգատները:

79. Առարկելով` Կառավարությունը միջնորդել է Դատարանին հաստատել, որ 2003թ. մարտի 5-ի որոշումն անդրադարձել է դիմողի՝ որպես տուժողի կարգավիճակի վրա, և որ դիմողը պետք է դիմի հատուցում ստանալու համար: Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ պատասխանող Կառավարության կողմից ներկայացվել է ըստ էության նույն առարկությունը, որը Դատարանը մերժել է գանգատն ընդունելու իր որոշման մեջ: Համապատասխանաբար, Դատարանը չի քննի Կառավարության առարկությունը:

A. Կալանքի օրինականությունը

80. Դատարանը վերը նշվածից եզրակացնում է, իսկ կողմերն էլ չեն վիճարկում, որ դիմողի ձերբակալումը, ոստիկանության բաժանմունքում ամբողջ գիշեր տևած նրա արգելանքը և դրան հաջորդած հնգօրյա վարչական կալանքը հավասարազոր են ազատությունից զրկելուն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:

81. Նախ, պետք է պարզել, թե արդյոք արգելանքը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին կետում սպառիչ թվարկված ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերից որևէ մեկին, թե` ոչ: Դատարանը նկատում է, որ դիմողին անազատության մեջ պահելը կատարվել է երկու տարբեր ժամանակահատվածներում, այսինքն՝ դատավորի առջև 1999թ. փետրվարի 14-ին ներկայացվելուց առաջ և հետո: Այդ օրը որոշում է կայացվել դիմողին հնգօրյա կալանքի վերցնելու մասին՝ կապված նրա կողմից ենթադրաբար տեղի է ունեցել վարչական իրավախախտման հետ: Համապատասխանաբար, այդ տեսանկյունից նրա կալանավորումը լիովին համապատասխանում է նշված հիմքերից մեկին: Ինչ վերաբերում է ողջ գիշեր տևած արգելանքին, ապա այն ընդհանուր առմամբ անբացատրելի է մնում: Դատարանը այդ ժամանակահատվածը կհետազոտի առանձին:

1. Ձերբակալումը և գիշերային արգելանքը

82. Դատարանը նշում է, որ դիմողին ազատությունից զրկելու մի փուլում նա մեղադրվել է վարչական իրավախախտում կատարելու մեջ և տեսականորեն կարող էր համարվել կալանավորված՝ Վարչական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն, մինչև որ վարչական գործը կքննվեր դատարանի կողմից: Այնուամենայնիվ, պարզվում է, որ նրան ոստիկանության բաժանմունք բերելու իրական պատճառը եղել է նրանից Լ.-ի գործով տեղեկություն ստանալը և հարկադրելը` տալու իր բնակարանի բանալիները: Վարչական իրավախախտման մեջ դիմողին մեղադրելն ընդամենն առիթ է եղել վերջինիս հարցաքննելու համար:

83. Այս հանգամանքներում Դատարանը կարող է ձեռնպահ մնալ որոշելուց, թե արդյոք ամբողջ գիշեր տևած դիմողի արգելանքը ամբողջովին ներառվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո, թե` ոչ, քանի որ ամեն դեպքում կկիրառվեն ստորև ներկայացվող գնահատականները:

84. Նախ, Դատարանը նկատում է, որ դիմողի նախնական ձերբակալման և ոստիկանության բաժանմունքում ամբողջ գիշեր պահելու առնչությամբ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել (տե՛ս վերը՝ կետ 27): Դրանից հետևում է, որ դիմողի ձերբակալումից մոտ քսան ժամ անց գոյություն չի ունեցել որևէ գրառում այն մասին, թե ով է դիմողը, ինչն է եղել նրան անազատության մեջ պահելու հիմքը, որքան է դրա նախատեսված տևողությունը: Եթե նույնիսկ ընդունենք, որ ոստիկանությունը մտադիր էր կազմելու վարչական իրավախախտման համար մեղադրանք, ապա դա չի ազատում նրանց այդպիսի կարևոր ձևականությունները կատարելու պարտականությունից՝ մինչև դիմողին արգելանքի վերցնելը: Այդ փաստն ինքնին պետք է դիտարկվի որպես շատ լուրջ բացթողում, քանի որ Դատարանի ձևավորված ավանդական մոտեցման համաձայն՝ անձի գաղտնի կալանավորումը լիովին հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ հիմնարար կարևորության երաշխիքներին և կոպտորեն խախտում է այդ դրույթը: Այնպիսի հարցերի առնչությամբ գրառումների բացակայությունը, ինչպիսիք են կալանավորման ամսաթիվը, կալանքի տևողությունը և վայրը, կալանավորվածի անունը, կալանավորելու հիմքերը և այն կատարող անձի անունը, պետք է դիտվի որպես օրինականության պահանջը և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակը խախտող հանգամանք (տե՛ս վերը հիշատակված Anguelova v. Bulgaria-ի վճիռը, կետ 154, և Kurt v. Turkey 1998թ. մայիսի 25-ի վճիռը, Վճիռների և որոշումների ժողովածու, 1998-III, կետ 125):

85. Ավելին, գանգատն ընդունելի հայտարարելուց հետո Կառավարության պնդումներից կարելի է եզրահանգել, որ ըստ ներպետական օրենսդրության՝ դիմողի ձերբակալումը եղել է անօրինական (տե՛ս վերը` 39-40 կետեր):

86. Այս համատեքստում Դատարանը հանգում է այն հետևության, որ մինչև 1999թ. փետրվարի 14-ը դատավորի առջև դիմողի ներկայանալը` անազատության մեջ պահվելու ամբողջ տևողությունը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքներին: Հետևաբար՝ տեղի է ունեցել այս հոդվածի խախտում:

2. Հնգօրյա կալանքը՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքի հիման վրա

87. 1999թ. փետրվարի 14-ին դիմողը բերվել է դատավորի մոտ, ով գտել է, որ դիմողը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, կատարել է Վարչական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, և որոշում է կայացրել դիմողին հինգ օրով կալանավորելու մասին: 2003թ. մարտի 5-ին այս որոշումը ճանաչվել է անօրինական և վերացվել է: Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք վարչական դատավարության արդյունքում նշանակված այս տույժը համապատասխանել է 5-րդ հոդվածին՝ առանց դատողություններ անելու վարչական գործով միևնույն որոշման կապակցությամբ 6-րդ հոդվածի ներքո բերված գանգատի էության վերաբերյալ:

88. Դատարանը հիշեցնում է Benham v. the United Kingdom վճռում սահմանված (1996թ. հունիսի 10-ի վճիռը, Ժողովածու, 1996- III, 40-42 կետեր) և այլ գործերում հիշատակված հետևյալ ընդհանուր սկզբունքները (տե՛ս Lloyd and Others v. the United Kingdom, 2005թ. մարտի 1-ի վճիռը, թիվ 29798/96, և Perks and Others v. the United Kingdom, 1999թ. հոկտեմբերի 12-ի վճիռը, թիվ 25277/94):

40. Տվյալ գործով որոշման ենթակա հիմնական հարցն այն է, թե արդյոք վիճարկվող կալանքը եղել է «օրինական»՝ ներառյալ այն հարցը, թե արդյոք այն համապատասխանել է «օրենքով նախատեսված ընթացակարգին», թե` ոչ: Այստեղ Կոնվենցիան ըստ էության հղում է կատարում ներպետական օրենսդրությանը և սահմանում է դրանով սահմանված նյութական և դատավարական կանոններին հետևելու պարտականությունը, սակայն այն պահանջում է նաև, որ ազատության ցանկացած սահմանափակում համապատասխանի 5-րդ հոդվածի կարգադրագրին, այն է՝ անձին պաշտպանի կամայականությունից…

41. Ներպետական իշխանությունների, հատկապես դատարանների, համար առաջնային են ներպետական օրենսդրության մեկնաբանումն ու կիրառումը: Այդուհանդերձ, քանի որ 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո՝ ներպետական օրենսդրությանը չհամապատասխանելը հանգեցնում է Կոնվենցիայի խախտմանը, հետևաբար, Դատարանը կարող է և պետք է օժտված լինի որոշակի իշխանությամբ ստուգելու օրենքի համապատասխանությունը:

42. Կալանքի տևողությունը սկզբունքորեն օրինական կլինի, եթե այն հիմնված լինի դատարանի որոշման վրա: Այն հետևությունը, որ որոշում կայացնելիս դատարանը թույլ է տվել ներպետական օրենսդրության խախտում, անհրաժեշտաբար հետադարձ ուժով չի ազդում կալանքի միջանկյալ տևողության օրինականության վրա: Այս հիմնավորմամբ Ստրասբուրգի մարմինները մշտապես մերժել են ընդունել գանգատներ այն անձանցից, որոնք դատապարտված լինելով քրեական հանցագործությունների համար՝ գանգատում մատնանշում են, որ իրենց դատապարտումը կամ պատիժը վերադաս դատարանների կողմից ճանաչվել են փաստական կամ իրավական սխալի արդյունք:

89. Դատարանը նկատում է, որ հնգօրյա կալանքն ի կատար է ածվել դատավորի որոշման հիման վրա, ով սկզբունքորեն իրավասու է եղել ընդունելու տվյալ որոշումը: Այս որոշման բովանդակային ճշտությունը, որպես կանոն, դուրս է մնում Դատարանում ստուգման շրջանակից, ինչպես բխում է վերը մեջբերված դատական նախադեպից: Այդուհանդերձ, այս գործը տարբերվում է այն գործերից, որոնցում վիճարկվող որոշումները դատական իշխանությունների կողմից ընդունվել են բարեխղճորեն՝ օրենքով նախատեսված ընթացակարգի հիման վրա: Ի տարբերություն դրանց, տվյալ գործում դատավորն իր իշխանությունն օգտագործել է Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներին ակնհայտորեն հակառակ: Ուստի, դրա հիման վրա սահմանված կալանքն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված՝ կամայականությունից պաշտպանելու ընդհանուր երաշխիքին:

90. Դրանից հետևում է, որ դիմողի հնգօրյա կալանքի կապակցությամբ թույլ է տրվել 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

B. Արդար դատաքննության իրավունք

1. 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիությունը

91. Թեև վարչական դատավարության նկատմամբ 6-րդ հոդվածի կիրառելիությունը չի վիճարկվում, Դատարանը սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ հարցին: Ստորև ներկայացված հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ այս դատաքննությունը ներառում է «դիմողի դեմ քրեական մեղադրանք»:

92. Դատարանը գտնում է, որ այն հարցը որոշելիս, թե արդյոք իրավախախտումը որակվում է որպես Կոնվենցիայի իմաստով «քրեական», թե` ոչ, նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե պատասխանող Պետության իրավական համակարգում տվյալ իրավախախտումը նախատեսող դրույթը արդյոք պատկանում է քրեակա՞ն օրենսդրությանը, թե` ոչ. երկրորդ, պետք է հաշվի առնել «իրավախախտման բնույթը» և նախատեսված պատժի խստությունը (տե՛ս Öztürk v. Germany, 1984թ. փետրվարի 21-ի վճիռը, Շարք A, թիվ 73, էջ 18, կետ 50 և Demicoli v. Malta, 1991թ. օգոստոսի 27-ի վճիռը, մաս A, թիվ 210, էջ 15-17, կետ 31-34):

93. Ինչ վերաբերում է ներպետական որակմանը, Դատարանը նախկինում հետազոտել է կոնկրետ իրավական համակարգերում որպես վարչական բնորոշվող բնագավառը և գտել, որ այն ընդգրկում է որոշ իրավախախտումներ, որոնք իրենց բնույթով քրեական են, սակայն չափազանց պարզունակ են քրեական իրավունքով և դատավարությամբ կարգավորվելու համար (տե՛ս Palaoro v. Austria, 1995թ. հոկտեմբերի 23-ի վճիռը, Շարք A, թիվ 329- B, էջ 38, 33-35 կետեր): Ռուսաստանյան համակարգում նույնպես դա առկա է:

94. Դատարանը նաև նկատում է, որ ազատությունից զրկելը, որը կիրառվել է որպես իրավախախտման համար պատիժ, սովորաբար պատկանում է քրեական բնագավառին, եթե այն իր բնույթով, տևողությամբ կամ կատարման եղանակով ակնհայտորեն վնասակար չէ (տե՛ս Engel and Others v. the Netherlands, 1976թ. հունիսի 8-ի վճիռը, Շարք A, թիվ 22, կետ 82-83 և Ezeh and Connors v. the United Kingdom [Մեծ պալատ], թիվ 39665/98 և 40086/98, 69- 130 կետեր, ECHR 2003-X): Տվյալ գործում դիմողը հինգ օրով զրկվել է ազատությունից և այդ ողջ ժամանակաընթացքում գտնվել կալանավայրում: Վերջապես, դիմողի նկատմամբ կիրառված սանկցիայի նպատակը եղել է լիովին պատժիչ:

95. Այս դիտարկումները բավարար են որոշելու, որ իրավախախտումը, որի կատարման մեջ դիմողը մեղադրվել է, կարող է որակվել որպես Կոնվենցիայի իմաստով «քրեական»: Հետևաբար` 6-րդ հոդվածը կիրառելի է:

2. Արդյոք դիմողի նկատմամբ դատաքննությունը արդար է եղել

96. Կառավարությունն ընդունել է, որ խնդրո առարկա վարույթը թերի է եղել ինչպես ներպետական իրավունքի, այնպես էլ Կոնվենցիայի տեսանկյունից: Իսկապես, վերը նշված որոշումը բեկանող դատական ակտում նշվել է, որ «դիմողին դատապարտած դատավորը չի հետազոտել գործի հանգամանքները և չի հաստատել, թե արդյոք դիմողը մեղավոր է եղել վարչական իրավախախտման համար, թե` ոչ»: Դա հաստատում են դիմողի հայտարարություններն այն մասին, որ դատավարությունը մրցակցային չի եղել, և որ նույնիսկ դատավարության արտաքին կողմն այն աստիճան է անտեսվել, որ ինքը նույնիսկ հնարավորություն չի ունեցել պարզելու դատավոր Պ.-ի մոտ կարճ ժամանակով իրեն բերելու պատճառը:

97. Հետևաբար` տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼՈՒ ԴԵՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

98. Դիմողը պնդել է, որ ներպետական օրենսդրության հիման վրա՝ իր վարչական կալանքը թույլատրող որոշումը ենթակա չի եղել բողոքարկման: Այդ հիմքով նա պնդել է, որ այս առումով չի ունեցել իրավական պաշտպանության որևէ արդյունավետ ներպետական միջոց: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որն ամրագրում է.

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Այս գանգատն ընդունելի է հայտարարվել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի ներքո, համաձայն որի.

3. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

99. Կառավարությունն ընդունել է, որ ներպետական օրենսդրությունում նախատեսված չէ նման որոշման բողոքարկման հնարավորություն:

100. Դատարանը, նախ, վկայակոչում է վերը նշված հետևությունը, որ դիմողի վարչական կալանքը թույլատրող որոշումն ընդունվել է «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» 6- րդ հոդվածի գործողության շրջանակներում ընթացող դատավարությունում (տե՛ս վերը՝ 90 և 95 կետեր):

101. Դատարանը հիշեցնում է, որ սխալ դատական որոշման վերանայում խնդրելու իրավունքը չի ճանաչվում որպես ընդհանուր սկզբունք (տե՛ս Delcourt v. Belgium, 1970թ. հունվարի 17-ի վճիռը, Շարք A, թիվ 11, էջ 14, կետ 25): Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով այս իրավունքը նախատեսված է քրեական գործերի համար՝ բացառությամբ աննշան բնույթ կրող հանցագործությունների: Այդուհանդերձ, դիմողը չի հիմնվել այս հոդվածի վրա և որևէ փաստարկ չի ներկայացրել առ այն, թե իր քրեական մեղադրանքը վերաբերում է «աննշան հանցագործության», թե` ոչ: Դատարանն անհրաժեշտ չի համարում սեփական նախաձեռնությամբ բարձրացնել այս հարցը:

102. 13-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանը գտնում է, որ 6- րդ հոդվածի 1-ին կետը` 13-րդ հոդվածի համեմատ, հատուկ կանոն է, այլ կերպ՝ 13-րդ հոդվածի պահանջները նվազ խիստ են, քան 6-րդ հոդվածով նախատեսվածները, և դրանք այստեղ ներառված են (վերապահումներով՝ տե՛ս Kamasinski v. Austria 1989թ. դեկտեմբերի 19-ի վճիռը, Շարք A, թիվ 168, էջ 45-47, կետ 110): Որպես կանոն, 13-րդ հոդվածը չի կիրառվում այն դեպքերում, երբ Կոնվենցիայի ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել դատական քննության համատեքստում (տե՛ս Pizzetti v. Italy, 1993թ. փետրվարի 26-ի վճիռը, Շարք A, թիվ 257-C, էջ 40-41, կետ 41): Այս սկզբունքից միակ բացառությունն են կազմում 13-րդ հոդվածի ներքո գանգատները, որոնք վերաբերում են «ողջամիտ տևողության» պահանջի խախտմանը (տե՛ս Kudła v. Poland վճիռը [Մեծ պալատ], թիվ 30210/96, 146-149 կետեր, ECHR 2000-XI): Քանի որ սույն գործով այդ խնդիրն առկա չէ, ուստի 13-րդ հոդվածի առանձին խախտում տեղի չի ունեցել:

103. Իսկ ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 4-րդ կետին, ապա Դատարանը նկատում է, որ դրա երաշխիքները սկզբունքորեն վերաբերելի չեն 5-րդ հոդվածի 1(a) կետի ներքո կատարված ազատությունից զրկելուն, քանի որ ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է որ արդեն իրագործված լինի սկզբնական դատապարտմամբ (տե՛ս De Wilde, Ooms and Versyp v. Belgium, 1971թ. հունիսի 18-ի վճիռը (ըստ էության), Շարք A, թիվ 12, էջ 40, կետ 76): Անդրադառնալով տվյալ գործի փաստերին՝ դիմողի հնգօրյա կալանքը բացառապես հիմնված է եղել դատավորի կողմից դատապարտվելու վրա, ուստի 5-րդ հոդվածի 4-րդ կետը չի պահանջում առանձին դատական մարմնի կողմից այդ որոշման վերանայում:

104. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ այս գանգատն առանձին խնդիր չի հարուցում Կոնվենցիայի 13-րդ հոդվածի կամ 5-րդ հոդվածի 4-րդ կետի ներքո:

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

105. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն.

Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանն անհրաժեշտության դեպքում որոշում է տուժածին արդարացի բավարարում տրամադրել:

A. Վնասը

106. Դիմողը պահանջել է 100 000 եվրո ոչ նյութական վնասի համար՝ այն վնասվածքների և ապրումների կապակցությամբ, որոնք նա ունեցել է ոստիկանության կողմից իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի արդյունքում, այն տառապանքի կապակցությամբ, որը նրան պատճառվել է վարչական դատավարության ու նշանակված կալանքի, ինչպես նաև վատ վերաբերմունքի կապակցությամբ իր բողոքները իշխանությունների համապատասխան արձագանքին չարժանանալու հետևանքով:

107. Որպես նյութական վնասի հատուցում նա պահանջել է 25 ռուբլի` իր հնգօրյա կալանքի համար կալանավայրում գանձված գումարը:

108. Կառավարությունը որևէ կերպ չի մեկնաբանել դիմողի պահանջները՝ դա մասամբ պատճառաբանելով վատ վերաբերմունքի առթիվ շարունակվող քննությամբ, մասամբ էլ՝ կալանքի վերաբերյալ գանգատի հետ կապված՝ ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու իրենց առարկությամբ:

109. Դատարանը գտնում է, որ վերը պարզվեց, որ իշխանությունները խոշտանգել են դիմողին, այդ կապակցությամբ չեն իրականացրել արագ և հրապարակային քննություն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան: Նաև հաստատվել է, որ նրան ազատությունից զրկել են 5-րդ հոդվածի խախտմամբ և 6-րդ հոդվածին հակասող ընթացակարգով: Եվ վերջապես, դիմողն ամիսներ շարունակ մեծ ջանքեր է գործադրել վատ վերաբերմունքի համար ներպետական միջոցներով փոխհատուցում ստանալու անհաջող փորձերի վրա: Դիմողը պետք է որ մեծապես տառապած և ընկճված լինի այս բոլոր հանգամանքների պատճառով: Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ Դատարանը վճռում է դիմողին տրամադրել 35 000 եվրո ոչ նյութական վնասի համար և 25 ռուբլի՝ նյութական վնասի համար՝ հավելած ցանկացած հարկային վճարում, որ կարող է կատարվել այդ գումարից:

B. Ծախսերը և ծախքերը

110. Դիմողը պահանջել է 5 000 ռուբլի` ծախսերի և ծախքերի համար, որոնք ինքը կատարել է ներպետական վարույթներում և Դատարանի առջև՝ ներառյալ զինանշանային տուրքը, թարգմանության, փոստային և գրենական ծախսերը:

111. Կառավարությունը չի առարկել:

112. Այս պայմաններում Դատարանը գտնում է, որ դիմողի բողոքը պատճառաբանված է, ուստի տրամադրում է նրան 5 000 ռուբլի` ծախսերի և ծախքերի համար՝ հավելած ցանկացած հարկային վճարում, որ կարող է կատարվել այդ գումարից:

C. Տուգանային տոկոսները

113. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի կապակցությամբ,

2. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի կապակցությամբ դիմողի արած հայտարարությունների հիման վրա արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ,

3. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում` վիճարկվող վատ վերաբերմունքի կապակցությամբ

արդյունավետ միջոցների բացակայության առնչությամբ,

4. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1- ին կետի խախտում՝ դիմողի ձերբակալման և ամբողջ գիշեր տևած կալանքի կապակցությամբ,

5. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1- ին կետի խախտում դիմողի հնգօրյա կալանքի կապակցությամբ,

6. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1- ին կետի խախտում,

7. վճռում է, որ անջատ վիճելի հարցեր չկան Կոնվենցիայի 5- րդ հոդվածի 4-րդ կետի և 13-րդ հոդվածի ներքո վարչական իրավախախտման համար տույժ կիրառելու որոշման բողոքարկման իրավունքի բացակայության կապակցությամբ,

8. վճռում է, որ`

(a) պատասխանատու Պետությունը պետք է Կոնվենցիայի 44- րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վճարի դիմողին հետևյալ գումարները.

(i) 25 (քսանհինգ) ռուբլի՝ նյութական վնասի համար,

(ii) 35 000 (երեսունհինգ հազար) եվրո՝ ոչ նյութական վնասի համար, որը կփոխարկվի պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա փոխարժեքով,

(iii) 5 000 (հինգ հազար) ռուբլի՝ ծախսերի և ծախքերի համար

(iv) ցանկացած հարկ, որը կարող է գանձվել վերը նշված գումարներից,

(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,

9. մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մնացյալ պահանջները:

Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2006թ. մարտի 9-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։