Անցնել բովանդակությանը

Հոդված 148

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 148.

«1. Դատախազի պարտականությունն է այն շրջանային դատարանի կողմից քննության ենթակա հանցագործության առնչությամբ նախաքննությունը, որտեղ նա նշանակվել է, ինչպես նաև այն մարզային դատարանի կողմից քննվելիք քրեական գործով հետապնդումը, որը գտնվում է տվյալ շրջանային դատարանի իրավազորության տարածքում: Դատախազի պարտականությունն է նաև տվյալ շրջանային դատարանի իրավազորության տարածքի շրջանակում գտնվող արարքի կապակցությամբ նախաքննությունը, որի վերաբերյալ գործը քննության է ենթակա այլ շրջանային կամ մարզային դատարանում:

2. Այդ նպատակով նա կարգադրություններ է անում նախաքննության համար պատասխանատու այլ անձանց…»:

C. Ոստիկանության գործունեությունը վերահսկող մարմինը

252. Ոստիկանության մասին 1993թ. օրենքը նախատեսում է.

Բաժին 12.

«1. Եթե ոստիկանությունը մունիցիպալիտետում գործում է հասարակական կարգը պահպանելու և հանրությանն աջակցելու իր խնդիրը կատարելու համար, ապա այն գտնվում է քաղաքապետի իշխանության ներքո:

2. Քաղաքապետն իրավասու է ցուցումներ տալու ոստիկաններին առաջին կետում նշված իրենց խնդիրները կատարելու կապակցությամբ»:

Բաժին 13.

«1. Եթե ոստիկանությունը գործում է քրեական իրավունքի կիրառմամբ իրավակարգը պահպանելու համար կամ կատարում է այնպիսի պարտականություններ, որոնք կապված են արդարադատության իրականացմանն աջակցելու հետ, ապա այն գտնվում է դատախազի իշխանության ներքո:

2. Դատախազն իրավասու է ցուցումներ տալու ոստիկաններին առաջին կետում նշված իրենց խնդիրները կատարելու կապակցությամբ»:

D. Ոստիկանության կողմից ուժի գործադրման կարգավորումը

1. Ոստիկանության մասին 1993թ. օրենքը

253. Ոստիկանության մասին 1993թ. օրենքի 8-րդ բաժնի 1-ին կետը նախատեսում է. «Ոստիկանական ուժերի խնդիրներ կատարելու համար նշանակված ոստիկանն իր պարտականություններն օրինականորեն կատարելիս կարող է կիրառել ուժ, եթե դա արդարացված է պաշտպանվող նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով նման ուժի կիրառման հետ կապված վտանգները, և եթե այդ նպատակը չի կարող ապահովվել որևէ այլ կերպ: Ուժի գործադրմանը, հնարավորության դեպքում, պետք է նախորդի նախազգուշացումը»:

2. 1994թ. Կանոնակարգը

254. 1994թ. Կանոնակարգը Թագավորական ոստիկաններին օժտել էր որոշակի քննչական լիազորություններով: Գործին առնչվող մասով այն նախատեսում է.

Բաժին 7.

«1. Հրազենի օգտագործումը՝ բացառությամբ ինքնաձիգ կամ երկարատև կրակ արձակող հրազենի, թույլատրվում է միայն.

(a) ձերբակալելու համար այն անձին, ով զինված վտանգ է ներկայացնում;

(b) ձերբակալելու համար այն անձին, ով փորձում է փախուստի դիմել կամ իրավասու մարմնի առջև ներկայացվելու նպատակով ձերբակալված լինելով` դիմել է փախուստի, կամ կասկածվում է կամ դատապարտվել է ծանր դատապարտելի արարքի համար, որը, ի լրումն, պետք է համարվի իրավակարգին սպառնացող լուրջ վտանգ:

3. (a) և (b) կետերում հիշատակված դեպքերում հրազեն չպետք է օգտագործվի, եթե ձերբակալման ենթակա անձի ինքնությունը հայտնի է և ողջամտորեն կարող է ակնկալվել, որ ձերբակալման հետաձգումը չի վնասի իրավակարգին այն կերպ, որը կարող է անընդունելի լինել…»:

Բաժին 12.

«1. Հրազեն օգտագործելուց անմիջապես առաջ՝ բացառությամբ ինքնաձիգ կամ երկարատև կրակ արձակող հրազենի, ոստիկանը պետք է նախազգուշացնի բարձրաձայն կամ այնպիսի այլ ձևով, որ հստակ հասկացվի. հրազենը կարող է գործի դրվել, եթե հրամանն անհապաղ չի կատարվում: Նման նախազգուշացումը, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխարինվել նախազգուշական կրակոցով, կարող է չկատարվել միայն, եթե հանգամանքները նման նախազգուշացում թույլ չեն տալիս:

2. Նախազգուշական կրակոցը պետք է արձակվի` հնարավորինս խուսափելով անձանց կամ գույքը վնասելուց»:

3. 1994թ. Ոստիկանական զենքի կանոնները

255. Իր պարտականությունները կատարելու ընթացքում Նիդեռլանդներում համազգեստով ոստիկանը կարող է կրել կիսաինքնաձիգ ատրճանակ: Ոստիկաններից պահանջվում է ունենալ զենք գործածելու պատշաճ պատրաստականություն, այլապես նրանց չի թույլատրվում զենք կրել:

E. Պետական քննչական գործակալությանը վերաբերող դրույթները

1. 1993թ. Ոստիկանության մասին օրենքը

256. Ոստիկանության մասին օրենքի 43-րդ բաժինը նախատեսում է.

«1. Արդարադատության նախարարի կողմից որոշված խնդիրների համար, Ներքին գործերի նախարարի հետ խորհրդակցելուց հետո, գլխավոր դատախազն … իր տրամադրության տակ ունի հատուկ նշանակության ոստիկաններ:

2. Արդարադատության նախարարը պատասխանատու է առաջին կետում նշված ոստիկանների գործունեության կառավարման համար: Այդ ոստիկանները… նշանակվում, առաջ են քաշվում, հեռացվում են աշխատանքից Արդարադատության նախարարի կողմից»:

2. Դատախազության օպերատիվ ստորաբաժանումների կազմավորումը կանոնակարգող նորմեր

257. Դատախազության օպերատիվ ստորաբաժանումների կազմավորումը կարգավորող կանոնակարգի առաջին կանոնի համաձայն՝ Պետական քննչական գործակալությունը համապետական ծառայություն է՝ վերաքննիչ դատարանում գլխավոր դատախազների անմիջական կոլեկտիվ պատասխանատվության ներքո: Ամենօրյա աշխատանքը կառավարվում է Տնօրենի կողմից, ով հաշվետու է գլխավոր դատախազին (կանոն 3-րդ):

F. Ներպետական իրավական զարգացումները մինչև պալատի վճիռը

1. Խորհրդարանական հարցապնդումներ

258. Պալատի վճիռը մեծ արձագանք է գտել Նիդեռլանդների մամուլում: 2005թ. նոյեմբերի 23-ին Խորհրդարանի ստորին պալատի երկու անդամ՝ պրն Սթրաբը և պրն Ա. Վոլֆսենը, խնդրել են Արդարադատության նախարարին իր տեսակետները ներկայացնել Պալատի վճռի և ներպետական օրենսդրության մեջ ու պրակտիկայում հետագայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

259. Արդարադատության նախարարի պատասխանը Խորհրդարանում ստացվել է 2005թ. դեկտեմբերի 16-ին: Ստորև ներկայացվում է դրանից քաղվածք.

«2. Կարևոր է նշել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական պահանջների խախտման հարց չի առաջանում: Դատարանը միաձայն է այն հարցում, որ ոստիկանը գործել է ինքնապաշտպանության նպատակով: Դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջների խախտում, ինչը դրսևորվել է հետևյալում. Պետական քննչական գործակալությունը գործում ներգրավվել է բավականին ուշ, և ոստիկանի դեմ քրեական հետապնդում չսկսելու մասին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածի հիման վրա որոշումը չի կայացվել դռնբաց դատավարությունում: Պետական քննչական գործակալության ուշ ներգրավման կապակցությամբ կարելի է նշել մի քանի պատճառ: Դատարանը չի քննադատում Պետական քննչական գործակալության՝ ոստիկանության նկատմամբ ունեցած դիրքը. ըստ Դատարանի՝ այդ դիրքը համատեղելի է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պահանջվող անկախության պայմանի հետ: Այնուամենայնիվ, այս դեպքում կրակոցի առնչությամբ նախաքննությունն առաջին տասնհինգ ժամերի ընթացքում իրականացրել են այն նույն ոստիկանական ուժերին պատկանող ոստիկանները, որի կազմում է գործել նաև մահացու կրակոցն արձակած ոստիկանը: Միայն դրանից հետո նախաքննության իրականացումն ստանձնել է Պետական քննչական գործակալությունը: Դատարանը գտել է, որ տվյալ գործում Պետական քննչական գործակալությունը ներգրավվել է բավականին ուշ: Մերկատորպլեյնի գործով (գրավոր հրապարակված չէ) Ամստերդամի վերաքննիչ դատարանի 2004թ. հունիսի 23-ի որոշումից ի վեր Պետական քննչական գործակալության պարտականությունների համակարգը կատարելագործվել է այն հաշվով, որ դրա ներկայացուցիչները դեպքի վայրում լինեն ավելի վաղ: Այժմ Պետական քննչական գործակալության ծառայողները դեպքի վայր են հասնում դեպքի մասին զեկուցելուց հետո մոտ մեկից մեկուկես ժամվա ընթացքում: Ուստի այլևս հնարավոր չէ եզրակացնել, որ Նիդեռլանդներում ոստիկանների կողմից մահ պատճառող կրակոցների կապակցությամբ ներկայումս իրականացվող նախաքննությունների ընթացակարգը չի համապատասխանում Կոնվենցիային: Ուստի, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող ընթացակարգերի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Այնուամենայնիվ, օգտակար կլինի որոշ հարցերում ընթացակարգը դարձնել ավելի հստակ, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Պետական քննչական գործակալության ներգրավմանը: Այժմ գլխավոր դատախազների կողմից մշակվում է նոր ուղեցույց (այսուհետև՝ «Ուղեցույց») այն մասին, թե ինչպես պետք է գործել ոստիկանի կողմից ուժի գործադրման դեպքում. Ուղեցույցը կփոխարինի նախկին ուղեցույցին: Ուղեցույցը հստակորեն ամրագրում է, որ ոստիկանի կողմից ուժի գործադրման դեպքի մասին անհապաղ պետք է հայտնվի Պետական քննչական գործակալությանը, և Պետական քննչական գործակալության հերթապահ ոստիկանը պետք է դեպքի վայր ժամանի հնարավորինս շուտ: Մինչև նրա՝ դեպքի վայր ժամանելը տեղական ոստիկանը կարող է միայն սառեցնել իրավիճակը, օրինակ՝ տեղանքը շրջափակելու միջոցով: Այնուամենայնիվ, տեղական ուժերը սկզբունքորեն չեն կատարելու որևէ քննչական գործողություն: Նախատեսվում է, որ այդ Ուղեցույցն ուժի մեջ կմտնի մյուս տարվա սկզբին:

3. Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված որոշման մեջ դիմողների՝ հրապարակային լսումների կապակցությամբ ունեցած շահը հակադրության մեջ է գտնվել այն անձի գաղտնիության պահպանման շահի հետ, ում նկատմամբ հետապնդումը հայցվում էր: Ելակետն այն է, որ այն փուլում, երբ դեռևս չի ընդունվել որոշում տվյալ անձի նկատմամբ հետապնդում սկսելու մասին, հրապարակայնությունից խուսափելու հարցում այդ անձի շահը գերակայում է դիմողների՝ հրապարակային լսումների կապակցությամբ ունեցած շահին: Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա ընդունվող որոշումը չի վերաբերում «քրեական մեղադրանքին»՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով, նման որոշումների կայացման հրապարակայնության պահանջը չի բխում այդ հոդվածից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում, այնուամենայնիվ, հրապարակայնության պահանջը բխել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից: Դատարանն այն կարծիքին է, որ որոշումը պետք է ընդունվեր հրապարակայնորեն՝ հաշվի առնելով գործի լրջությունը և այն փաստը, որ այդ գործում ներգրավված է եղել հանրային իշխանության ներկայացուցիչ: Այդ վճռին հնարավոր չէ ուժ հաղորդել՝ առանց փոփոխելու Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը: Այս պահին մենք քննարկում ենք Կոնվենցիայի 43-րդ հոդվածի հիման վրա գործը Մեծ պալատին փոխանցելու վերաբերյալ խնդրանքի հարցը: Արդյունքների մասին ձեզ տեղյակ կպահենք մյուս տարվա սկզբին:

4. Դատարանը գտել է, որ Պետական քննչական գործակալության դիրքը ոստիկանության նկատմամբ բավարար չափով անկախ է: Այն փաստը, որ ոստիկանությունը դատախազին տրամադրում է տեղեկություններ և աջակցություն, չի վտանգում այդ անկախությունը: Դատարանը նկատում է, որ դատախազի գործողությունները ենթակա են դատարանների կողմից անկախ վերահսկողության: Այս դեպքում գործի համար պատասխանատու դատախազն այն դատախազն է, որը որոշակիորեն պատասխանատու է այն տարածքի համար, որի շրջանակներում կատարվում է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատան աշխատանքը, որտեղ աշխատում էր տվյալ ոստիկանը: Ես կիսում եմ Դատարանի այն կարծիքը, որ ցանկալի չէ, որ դատախազը նման սերտ կապեր ունենա այն ոստիկանական ուժերի հետ, որոնց կազմի մեջ են մտնում խնդրո առարկա ոստիկանները: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ հղում կատարել Գլխավոր դատախազների խորհրդի ուղեցույցին: Այս Ուղեցույցը նախատեսում է, որ սույն գործին համանման գործերում նախաքննությունը ոչ մի դեպքում չի ղեկավարվի այն դատախազի կողմից, ով սերտ կապեր ունի այն մարզի հետ, որտեղ ոստիկաններն աշխատում են: Ի լրումն` ես նշում եմ, որ Ոստիկանության կողմից հրազենի օգտագործման խորհրդակցական խորհուրդը տալիս է խորհուրդ այն նախաքննության կապակցությամբ, որը վերաբերում է ոստիկանի կողմից հրազենի կիրառման դեպքին և երբ այդ նախաքննությունը փաստացիորեն իրականացվում է միայն Պետական քննչական գործակալության կողմից: Ավագ դատախազը պարտավոր է այդ Խորհրդակցական խորհրդին ներկայացնել այն որոշումը, որը նա ցանկանում է ընդունել: Այս ձևով նման գործերում ապահովվում է «երկրորդ կարծիքի» առկայությունը:»

2. Ցուցում առ այն, թե ինչպես պետք է վարվել ոստիկանի կողմից ուժ գործադրվելու դեպքում

260. Գլխավոր դատախազների խորհրդի նոր ուղեցույցը հրատարակվել 2006թ. հուլիսի 26-ին: Գլխավոր դատախազների խորհուրդը Դատախազության բարձրագույն ղեկավար մարմինն է և իր նախագահի միջոցով հաշվետու է Արդարադատության նախարարին:

261. Բացատրագրում նշված է, որ Ուղեցույցն ընդունվել է ի լրումն, ի թիվս այլոց, Ռամսահայի գործով Պալատի վճռի՝ Պետական քննչական գործակալության նախաքննական գործառույթները և տեղական ոստիկանական ուժերի դերն ավելի հստակեցնելու նպատակով:

262. Ուղեցույցը վերաբերում է ոչ միայն ոստիկաններին, այլ նաև ոստիկանական ուժերի այլ աշխատակիցների, ներառյալ՝ Թագավորական զինվորական կոնստաբլները և ոստիկանական գործառույթներ իրականացնող զինված ուժերի անդամները: Այն կիրառելի է մահ կամ վնասվածք առաջացրած՝ զենքի օգտագործման դեպքերին, ինչպես նաև այլ դեպքերի, երբ ուժի գործադրումն առաջացրել է մահ կամ վնասվածք:

263. Բոլոր այն դեպքերում, երբ Ուղեցույցը կիրառելի է, նախաքննությունն իրականացվում է Պետական քննչական գործակալության կողմից: Շրջանային ոստիկանական ուժերը պարտավոր են պատահարի մասին անհապաղ տեղեկացնել Պետական քննչական գործակալությանը: Պետական քննչական գործակալության հերթապահ սպան պետք է հնարավորինս շուտ ժամանի դեպքի վայր: Տեղական ոստիկանությունը պետք է կատարի ցանկացած անհետաձգելի միջոցառում, մասնավորապես, տեղանքի շրջափակում և վկաների անունների արձանագրում. նրանք չեն կարող անձամբ իրականացնել որևէ քննչական գործողություն, բացառությամբ այն դեպքերի և այն ծավալով, երբ նրանց ներգրավումն անխուսափելի է:

264. Ցանկացած նախաքննություն, որը չի կարող իրականացվել Պետական քննչական գործակալության կողմից, իրականացվում է տվյալ ոստիկանական շրջանի Ներքին քննչական բյուրոյի կամ հարևան ոստիկանական ուժերի կողմից: Ցանկացած տեխնիկական նախաքննության համար հայցվում է մեկ այլ ոստիկանական շրջանի դատական քննիչների աջակցությունը:

265. Կանխավարկածն այն է, որ իր պարտականությունները կատարելիս ուժի դիմելու անհրաժեշտություն ունեցող ոստիկանն իրավունք ունի արդարացնելու իր գործողությունը վերադասի հրամանով կամ ինքնապաշտպանության նպատակով: Ուստի նման վիճակում հայտնված ոստիկանը չի համարվում քրեական հանցագործության կասկածյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ սկզբնապես այս կապակցությամբ հստակորեն առկա է լինում ողջամիտ կասկած. նա հարցաքննվում է որպես վկա՝ նախազգուշացվելով այն մասին, որ չի կրում իր դեմ ցուցմունք տալու պարտականություն:

266. Ավագ դատախազը, որը վերջնական պատասխանատվություն է կրում նախաքննության և հետապնդում սկսելու կամ չսկսելու որոշման համար, պետք է ապահովի, որ նախաքննությունը ոչ մի դեպքում չվերահսկվի այն ոստիկանական միավորի հետ սերտ կապեր ունեցող դատախազի կողմից, որի կազմում գործում է տվյալ ոստիկանը. կախվածության ցանկացած դրսևորում պետք է բացառվի:

267. Հրազենի կիրառման դեպքում հետապնդում սկսելու կամ չսկսելու կապակցությամբ որոշում կայացնելուց առաջ ավագ դատախազը պետք է որոշման նախագիծը և դրա հիմքում ընկած փաստաթղթերը ներկայացնի Ոստիկանության կողմից հրազենի օգտագործման խորհրդակցական խորհրդին, որը յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է խորհրդատվական կարծիք:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

268. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը նախատեսում է.

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

a) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

b) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

c) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:

269. Դիմողները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա ներկայացրել են մի քանի խնդիր:

270. Առաջին հերթին նրանք նշել են, որ Մորավիա Ռամսահայի մահը բացարձակապես անհրաժեշտ չի եղել այդ հոդվածի երկրորդ կետում նշված որևէ նպատակի համար:

Երկրորդ՝ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ իրականացված նախաքննությունը եղել է անբավարար: Ավելի կոնկրետ` նրանք նշել են.

(a) նախաքննությունը չէր կարող համարվել «անկախ», քանի որ դրա էական մասն անց է կացվել Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից՝ այն ուժերի, որին պատկանում է ոստիկան Բրոնսը;

(b) «Հիգենբոս» շինության մոտ վկաներ փնտրելուց հետո որևէ հետագա փորձ չի կատարվել գտնելու քաղաքացիական անձանցից վկաներ, և փաստորեն որոշ վկաներ նույնիսկ չեն հարցաքննվել,

(c) ոստիկան Բրոնսը և Բալստրան հարցաքննվել են միայն դեպքից մի քանի օր անց, և այդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ,

(d) չեն կատարվել նման դեպքերում տրամաբանորեն ակնկալվող մի քանի դատական քննչական գործողություններ. մասնավորապես, որևէ փորձ չի կատարվել պարզելու համար գնդակի ճշգրիտ ուղղությունը, ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ձեռքերից չեն վերցվել կրակոցի հետքերի նմուշներ, չի կազմվել որևէ արձանագրություն ոստիկան Բրոնսի զենքի և զինամթերքի մասին կամ օգտագործված փամփուշտի մասին, ինչպես նաև տեղի չի ունեցել պատահարի տեսարանի վերականգնում.

(e) ոստիկանապետ Վան Ռիեսենի՝ որևէ նախաքննության աջակցելու մերժումը սուբյեկտիվ կողմնակալության դրսևորում է,

(f) Պետական քննչական գործակալությունը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ, քանզի այդ ժամանակ այն կախվածություն է ունեցել տեղական ավագ դատախազից, որը պատասխանատու էր նաև տեղական դատախազության և տեղական ոստիկանության համար;

(g) ոստիկաններ Բրոնսին և Բալստրային պաշտպանել է միևնույն փաստաբանը, ինչն ընդունված պրակտիկա չէր Նիդեռլանդներում;

(h) ոստիկան Բրոնսի նկատմամբ հետապնդում չսկսելու մասին որոշումը կայացվել է Ամստերդամի դատախազի կողմից, որը որոշակիորեն պատասխանատու է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի համար, և այդ ոստիկանության ոստիկանները նրանից կախվածության մեջ էին:

271. Դիմողները Կոնվենցիայի 2-րդ և 6-րդ հոդվածների հիման վրա պնդել են, որ նախաքննությունը չի եղել անկախ և արդյունավետ: Նրանք վերաքննիչ վարույթի կապակցությամբ բարձրացրել են հետևյալ հարցերը.

(a) լսումները եղել են ոչ հրապարակային, և որոշումը չի հրապարակվել դռնբաց նիստում,

(b) նրանց մերժվել է որոշ փաստաթղթերի տրամադրումը, ներառյալ՝ դատախազի պաշտոնական զեկույցը, որը, սակայն, իրենց տրամադրության տակ ունեցել են վերաքննիչ դատարանում գործող գլխավոր դատախազը և ինքը` վերաքննիչ դատարանը,

(c) ոստիկաններ Բրոնսին և Բալստրային հրապարակավ քննելու, ոստիկան Բրոնսի անձնական գործին ծանոթանալու և պատահարի տեսարանի վերականգնման պահանջները հաշվի չեն առնվել,

(d) վերաքննիչ դատարանը չի իրականացրել իր սեփական անկախ նախաքննությունը, այլ հիմնվել է Ամստերդամի ոստիկանական ուժերի և Պետական քննչական գործակալության ներկայացրած տեղեկությունների վրա,

(e) լսումներն անցկացվել են միայն մեկ դատավորի ներկայությամբ, մինչդեռ որոշումը կայացվել է երեք դատավորի կողմից;

(f) հաստատվել է, որ վերաքննիչ դատարանում դատական նիստի արձանագրությունը չի պահվել, ինչն ինքնին օրենքի խախտում է:

272. Կառավարությունը հերքել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ցանկացած խախտում:

A. Մորավիա Ռամսահայի մահը

1. Փաստերի հաստատումը

273. Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը: Այնուամենայնիվ, նման ապացուցումը կարող է բխել բավարար ապացուցողական ուժ ունեցող, հստակ և համատեղելի ապացույցների համակցությունից կամ փաստի անհերքելի կանխավարկածներից (տես, ի թիվս այլոց, Salman v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 21968/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII, և Cyprus v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 25781/94, կետեր 112-113, ՄԻԵԴ-IV):

274. Պալատը Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված փաստերը հաստատել է հետևյալ կերպ (Պալատի վճռի 356-371 կետեր).

«356. Դատարանի համար անհրաժեշտ է հաստատել Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված փաստերը:

357. Դատարանը կաշկանդված է իր դերի սուբսիդիար բնույթով և ընդունում է, որ պետք է զգուշանա առաջին ատյանի դատարանի` փաստի դատարանի դեր ստանձնելուց, երբ դա անխուսափելի չէ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով: Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածին, Դատարանը պետք է կիրառի որոշակի խոր ուսումնասիրություն, եթե նույնիսկ արդեն տեղի են ունեցել ներպետական վարույթներ և նախաքննություն (տե՛ս Aktaş v. Turkey, թիվ 24351/94, կետ 271, 2003թ. ապրիլի 24):

358. Առանց 2-րդ հոդվածի դատավարական կողմի առնչությամբ իր եզրահանգումների համար նախադատելիության` Դատարանը պետք է նշի, որ խնդրո առարկա իրադարձությունների կապակցությամբ իրականացված պաշտոնական նախաքննությունը կատարվել է լրիվ ու բազմակողմանի, և դրա արդյունքները մանրամասնորեն արձանագրվել են: Նախաքննությունը ներառել է ոստիկանների և մի շարք քաղաքացիական անձանց հարցաքննություններ, ներառյալ նրանց, ում ներկայացրել են դիմողները: Դատարանը գործի իր սեփական ուսումնասիրությունը կկատարի այն փաստական տվյալների հիման վրա, որոնք առկա են ներկայացված այն պաշտոնական փաստաթղթերից, որոնք ստուգվել են՝ այլ աղբյուրներից ստացված տվյալներով:

359. Ապացույցները վկայում են, որ, մինչև մահացու կրակոցը, Մորավիա Ռամսահայը երկու անգամ անկարգ վարքագիծ է դրսևորել` ատրճանակի կիրառմամբ: Առաջին նման միջադեպը տեղի էր ունեցել Բուրգեր քինգ ռեստորանում, երբ Մորավիա Ռամսահայը զենքն ուղղել էր օր. Նայմա Ռոժեդանի դեմ: Երկրորդը տեղի էր ունեցել Կվակոյի փառատոնում, երբ նա զենքի սպառնալիքով հափշտակել էր պրն Հոսենիի մոտոցիկլը:

360. Պրն Հոսենին իր մոտոցիկլի հափշտակության մասին հայտնել է առաջինը հանդիպած ոստիկաններին՝ ոստիկան Դեքերին և Բունստրային, որոնք հսկողություն էին իրականացնում և անզեն էին: Երեքով հետապնդել են հափշտակողին: Սակայն մոտոցիկլը բավականին արագ է ընթացել, որպեսզի նրանք կարողանային բռնել նրան: Նշված ոստիկաններն այնուհետև հափշտակության մասին ռադիոյով հայտնել են տեղական ոստիկանատուն՝ նկարագրելով ենթադրյալ հափշտակողին, մոտոցիկլը և նրանց ընթանալու ուղղությունը: Հերթապահ ոստիկանն անմիջապես կարգադրել է ծառայության մեջ գտնվող բոլոր ոստիկաններին հետապնդել նրան:

361. Դրանից հետո ոստիկաններ Դեքերը և Բունստրան վկայել են, որ պրն Հոսենին սկզբում չի հայտնել ենթադրյալ հափշտակողի զինված լինելու մասին. եթե նրանք այդ մասին ավելի վաղ իմանային, ապա, անզեն լինելով` չէին հետապնդի նրան և անպայմանորեն կտեղեկացնեին իրենց գործընկերներին: Պրն Հոսենին, սակայն, վկայել է, որ ինքը հիշատակել է ատրճանակի մասին, բայց իր ասածը չեն լսել: Ինչ ճշգրտություն էլ ունենա պրն Հոսենիի վկայությունը, Դատարանն ընդունում է, որ ոստիկաններ Դեքերն ու Բունստրան չեն լսել, որ Մորավիա Ռամսահայը զինված է եղել:

362. Ոստիկաններից առաջինները, ովքեր կարողացել են արձագանքել կարգադրությանը, եղել են Բալստրան և Բրոնսը, որոնք պարեկություն էին անում ոստիկանական մեքենայով: Նրանք նկատել են դեպի «Հիգենբոս» շինություն մոտոցիկլը վարող Մորավիա Ռամսահային և սկսել հետապնդումը:

363. Ոստիկաններ Բալստրան և Բրոնսը տեսել են, որ Մորավիա Ռամսահայը մոտոցիկլը վարում է դեպի շինության մուտքը: Մեքենան վարող ոստիկան Բրոնսը կայանել է մեքենան: Նույն ժամանակ ոստիկան Բալստրան իջել է մեքենայից և վազել դեպի մուտքը: Նրա ձեռքին եղել է երկկողմ ռադիո:

364. Մորավիա Ռամսահայն անհնազանդություն է դրսևորել և ընդդիմացել ձերբակալմանը: Նա փորձել է փախուստի դիմել: Ոստիկան Բալստրան փորձել է բռնել նրան: Տեղի է ունեցել կարճատև քաշքշուկ, որից հետո Մորավիա Ռամսահային հաջողվել է փախչել: Ոստիկան Բալստրայից մի քանի մետր հեռավորության վրա Մորավիա Ռամսահայն ընդունել է սպառնալից դիրք և հանել իր ատրճանակը:

365. Դատարանը հաշվի չի առնում այն քաղաքացիական անձանց վկայությունները, որոնք նշել են, որ Մորավիա Ռամսահայը զինված չի եղել: Ակնհայտ է, որ այդ անձինք պատահարը դիտել են որոշակի հեռավորությունից և աղոտ լույսի պայմաններում: Ավելին, այդ վկայություններն անհամատեղելի են հետագայում այդ ատրճանակի հայտնաբերման փաստի հետ, ինչպես նաև այն ապացույցի հետ, որը վկայում է Մորավիա Ռամսահայի կողմից այն ատրճանակը հանելուն, որը համապատասխանել է մինչև մահացու կրակոցը երկու այլ անձանց դեմ հանված ատրճանակի նկարագրին, ինչպես նաև պրն Վան դեն Հյուվելի վկայությանը, որը դեպքը տեսել է ավելի մոտիկից:

366. Տեսնելով Մորավիա Ռամսահայի ատրճանակը և վախենալով` ոստիկան Բալստրան վայր է գցել իր երկկողմ ռադիոն, հանել իր ծառայողական ատրճանակը և առնվազն մեկ անգամ բարձրաձայն հրամայել Մորավիա Ռամսահային զենքը վայր դնել: Մորավիա Ռամսահայն այնուհետև իր ատրճանակն ուղղել է գետնին, սակայն այնպես, որ ոստիկան Բալստրան դա համարել է սպառնալից և փորձել է մի կողմ քաշվել:

367. Այս ընթացքում ոստիկան Բրոնսը կայանել է իր մեքենան, փակել դռները և շտապել օգնելու ոստիկան Բալստրային: Նա Մորավիա Ռամսահային տեսել է ատրճանակը ձեռքին, որը, ի պատասխան զենքը վայր դնելու հրամանի, վայր չի դրել այն:

368. Մորավիա Ռամսահայի ձեռքում գտնվող զենքը եղել է լիցքավորված հինգ փամփուշտով, որոնցից մեկը բերված էր կրակելու վիճակի:

369. Եվ ոստիկան Բալստրան, և ոստիկան Բրոնսը տեսել են, թե ինչպես է Մորավիա Ռամսահայը շրջվել և վեր բարձրացրել ատրճանակը բռնած ձեռքը: Ոստիկան Բրոնսը տեսել է, որ Մորավիա Ռամսահայը զենքն ուղղում է դեպի իր կողմը: Ուստի նա հանել է իր ծառայողական ատրճանակը, որը մինչ այդ չէր արել, և միանգամից կրակել:

370. Ոստիկան Բրոնսը սպանելու մտադրություն չի ունեցել. նա չի նշանառել մարմնի որևէ կոնկրետ մասի: Նրա խնդիրն է եղել անմիջապես վերջ դնել սպառնալից վիճակին:

371. Ոստիկան Բրոնսի արձակած գնդակը վնասել է Մորավիա Ռամսահայի կարճագլուխ (բրախիցեֆալ) զարկերակը, որը սկիզբ է առնում աորտայի աղեղից և մատակարարում գլխուղեղի արյան կեսը, ինչպես նաև պարանոցի հիմնական երակը: Մորավիա Ռամսահայը գիտակցությունը կորցրել է վայրկյանների ընթացքում և մահացել րոպեների ընթացքում»:

275. Ինչպես կդիտարկվի ստորև, Դատարանը շահագրգիռ է Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ հետաքննության անկախության և որակի հարցում: Մասնավորապես, ակնհայտ հակասություն կա, մի կողմից` ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի (որոնք ասել են, որ մահացու կրակոցը կատարել է ոստիկան Բրոնսը), մյուս կողմից՝ ոստիկանական ռադիոյի խոսակցությունները հսկող ոստիկաններ Բրամի և Վան Դալի վկայությունների միջև. ըստ վերջիններիս վկայության՝ ոստիկան Բալստրան ռադիոյով հայտնել է, որ ինքն է կրակել, և շտապ օգնություն է կանչել: Ավելին, նախնական քննության սկզբնական փուլերն իրականացվել են Ամստերդամի ոստիկանական ուժերում ծառայող ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի գործընկերների կողմից:

276. Այնուամենայնիվ, Պալատի կողմից փաստերի հաստատումը լրջորեն չի առարկվել. Կառավարությունը դրանց կապակցությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել, իսկ դիմողները հղում են կատարել Պալատին ներկայացրած՝ փաստերի իրենց շարադրանքին՝ առանց նշելու փաստերի կապակցությամբ Պալատի եզրահանգումների որևէ անճշտություն կամ առաջարկելու իրադարձությունների այլընտրանքային տարբերակ:

277. Մորավիա Ռամսահայի վարքագծի մասին ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի վկայությունները համընկնում էին Բուրգեր Քինգ ռեստորանում Մորավիա Ռամսահայի կողմից ատրճանակ հանելու և ատրճանակով պրն Դե Գետրուին ահաբեկելու ու պրն Հոսենիի մոտոցիկլը հափշտակելու հաստատված փաստերին: Այդ վկայությունները համատեղելի են նաև վկա պրն Վան դեն Հյուվելի ցուցմունքների հետ:

278. Ուստի Դատարանը ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի վկայությունները կասկածի տակ դնելու պատճառ չի տեսնում: Դատարանն ընդունում է, որ ոստիկան Բալստրան վայր է գցել երկկողմ ռադիոն և հանել ծառայողական ատրճանակը: Հնարավոր է, որ ոստիկաններ Բրամը և Վան Դալը ճիշտ չեն լսել, և շտապ օգնությունը կանչել է ոստիկան Բրոնսը: Այն փաստը, որ մինչև կրակոցի հաջորդ օրվա կեսօրը նախնական քննությունը կատարվել է Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, կքննարկվի ստորև:

279. Առկա հանգամանքներում և հաշվի առնելով Պալատի կողմից փաստերի հաստատման առնչությամբ կողմերի դիրքորոշումը, Դատարանը գործը կքննի այդ փաստերի լույսի ներքո:

2. Պալատի վճիռը

280. Պալատը գտել է, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան լիովին անտեղյակ են եղել, որ Մորավիա Ռամսահայը զինված է, ուստի նրանք կարծել են, որ իրենցից որևէ այլ բան չի պահանջվում, քան սովորական ձերբակալում:

281. Պալատը գտել է, որ ոստիկան Բալստրան իր ծառայողական զենքը հանել է միայն այն ժամանակ, երբ Մորավիա Ռամսահայը հանել է իր ատրճանակը, և ոստիկան Բրոնսը հանել է իր ծառայողական զենքը և կրակել միայն այն բանից հետո, երբ Մորավիա Ռամսահայը, անտեսելով զենքը վայր դնելու կարգադրությունը, սկսել է ձեռքի զենքը բարձրացնել իր ուղղությամբ:

282. Փաստերը հաստատելով այս կերպ՝ Պալատը չէր կարող եզրակացնել, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան պետք է ձեռք բերեին ավելի շատ տեղեկություն կամ կանչեին լրացուցիչ օժանդակ ուժեր: Պալատը նաև ընդունել է, որ զենքի կիրառումը չի գերազանցել այն սահմանը, որը «բացարձակապես անհրաժեշտ էր» Մորավիա Ռամսահայի ձերբակալումն իրականացնելու և ոստիկաններ Բրոնսի ու Բալստրայի կյանքի պաշտպանության նպատակների համար, և որ Մորավիա Ռամսահային կրակելը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

3. Կողմերի ներկայացրած բացատրությունները

(a) Դիմողները

283. Ըստ դիմողների բացատրության` թեև ընդունելով, որ Մորավիա Ռամսահայի դեմ կիրառված բռնության նպատակը եղել է նրա «օրինական ձերբակալումը», ոստիկաններ Բրոնսը և Բալստրան գործել են առանց գործողությունների պատշաճ ծրագրման: Նրանք հարկ չեն համարել խնդրելու համապատասխան տեղեկություն, հետագա ցուցումներ կամ օժանդակ ուժեր, ինչը մեծապես կնվազեցներ կյանքի դեմ ուղղված վտանգը:

(b) Կառավարությունը

284. Կառավարությունը հիմնվել է Ամստերդամի վերաքննիչ դատարանի եզրահանգումների վրա: Այդ դատարանը գտել է, որ Մորավիա Ռամսահայը վախեցրել է ոստիկան Բրոնսին զենքով՝ լիցքավորված ատրճանակով, և դրանով ստեղծել է մի իրավիճակ, երբ ուժի գործադրումը, նույնիսկ հրազենի կիրառումը, դարձել է բացարձակ անհրաժեշտություն:

285. Կառավարությունը նաև նշել է, որ պատշաճ ուշադրություն է դարձվել ապահովելու համար, որ կյանքին սպառնացող ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի, և որ ոստիկաններն իրենց գործողությունների ընթացքում անփույթ չեն գտնվել:

4. Դատարանի գնահատականը

286. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երկրորդ կետում նշված բացառությունները ցույց են տալիս, որ այդ դրույթը տարածվում է դիտավորյալ սպանությունների վրա, սակայն չի սահմանափակվում բացառապես դրանցով: Հոդված երկրորդն իր ամբողջության մեջ վկայում է, որ երկրորդ կետը հիմնականում չի սահմանում այն դեպքերը, երբ անձին թույլատրվում է սպանել դիտավորությամբ, այլ նկարագրում է այն իրավիճակները, երբ թույլատրվում է «ուժ կիրառել», ինչը՝ որպես չկանխամտածված արդյունք, կարող է հանգեցնել կյանքից զրկելուն: Կիրառվող ուժը, այնուամենայնիվ, պետք է լինի ոչ ավելին, քան «բացարձակապես անհրաժեշտ»՝ (a), (b) և (c) ենթակետերում նշված նպատակներից մեկին հասնելու համար (տես, Oğur v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 21594/93, կետ 78, ՄԻԵԴ 1999-III):

287. Այս կապակցությամբ 2-րդ հոդվածում «բացարձակապես անհրաժեշտ» հասկացությունը ցույց է տալիս, որ պետք է կատարել անհրաժեշտության հստակ և խիստ ստուգում՝ որոշելու համար, թե արդյոք պետության գործողությունը եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»՝ Կոնվենցիայի 8-11-րդ հոդվածների երկրորդ կետերի հիման վրա: Մասնավորապես, կիրառված ուժը պետք է հստակորեն համաչափ լինի 2-րդ հոդվածի երկրորդ կետի (a), (b) և (c) ենթակետերում նշված նպատակներին:

288. Դատարանն արդեն որոշել է Մորավիա Ռամսահայի սպանության հետ կապված փաստերը հիմք ընդունել այնպես, ինչպես հաստատվել են Պալատի կողմից: Այդպիսով, Դատարանը չի կարող չընդունել Պալատի այն եզրահանգումը, որ ոստիկան Բրոնսի կրակոցը եղել է «ոչ ավելին, քան բացարձակ անհրաժեշտություն»՝ ինչպես այդ հասկացությունը պետք է հասկանալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակների համար:

289. Ուստի Դատարանն ընդունում է, որ Մորավիա Ռամսահայի սպանությունը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

A. Կրակոցին հաջորդած նախաքննությունը

1.Պալատի վճիռը

(a) Նախաքննության արդյունավետությունը

290. Պալատը հաստատված չի համարել այն փաստը, որ ներպետական իշխանությունները թերացել են այնպիսի վկաներ հայտնաբերելու հարցում, ովքեր կարող էին ճշգրիտ և վերաբերելի տեղեկություն հավելել քրեական գործին:

291. Պալատը համաձայնել է, որ որոշ քննչական միջոցառումներ, որոնց արձանագրությունները բացակայում են քրեական գործում, այն է՝ մահացու գնդակի ճշգրիտ ուղղությունը որոշելը, ոստիկանների ձեռքերից կրակոցի մնացուկների նմուշ վերցնելը, օգտագործված զենքի և փամփուշտի հետազոտումը, պատահարի տեսարանի վերականգնումը, որպես կանոն, հանդիսանում են մահվան դեպքերի նախաքննության բաղկացուցիչներ: Սակայն սույն գործում կասկածյալի ինքնության հետ կապված որևէ կասկած չի եղել, և պատահարի հանգամանքները կարող էին բացահայտվել առանց այդ միջոցառումների. ուստի դրանց բացակայությունը չի ազդել նախաքննության արդյունավետության վրա:

292. Պալատը համաձայնել է, որ ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ցուցմունքները կարող էին և պետք է վերցվեին ավելի շուտ՝ այնպես, որ հնարավոր լիներ դրանք ստուգել մեկը` մյուսով և այլ ապացույցներով: Սակայն, դրանով հանդերձ, հնարավոր չէ եզրակացնել, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան համաձայնության են եկել միմյանց կամ այլ ոստիկանների հետ՝ նախաքննության պատշաճ ընթացքին խոչընդոտելու կապակցությամբ:

293. Ի ամփոփումն, Պալատը չի գտել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում այնքանով, որքանով դա վերաբերում է նախաքննության արդյունավետությանը:

(b) Նախաքննության անկախությունը

294. Պալատն ընդունել է, որ Պետական քննչական գործակալությունը, որը ենթակայության իր սեփական շղթայով և երկրի բարձրագույն դատախազական իշխանության առջև պատասխանատու համապետական ծառայություն է, ունի բավարար անկախություն՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով:

295. Այն գտել է, այնուամենայնիվ, որ նախաքննության էական հատվածները կատարվել են ենթակայության իր սեփական շղթայի ներքո գործող միևնույն ուժերի կողմից, որոնց շարքերում գտնվում էին ոստիկաններ Բրոնսը և Բալստրան՝ Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից: Մասնավորապես, այդ ուժերի կողմից կատարվել են կրակոցի վայրի փորձագիտական հետազոտություն, վկաների, ներառյալ` Ամստերդամի ոստիկանական ուժերի կազմում գտնվող ոստիկանների, որոնումն ու նրանց առաջին հարցաքննությունը: Պալատը նշել է նաև, որ նախաքննության մնացած միջոցառումները կատարվել են Պետական քննչական գործակալության կարգադրության հիման վրա՝ Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից:

296. Ելնելով վերոգրյալից և գտնելով նաև, որ նույնիսկ անկախ մարմնի վերահսկողությունը բավարար չէ լիարժեք անկախություն ապահովելու համար, Պալատը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային կտրվածքով:

(c) Դիմողների ներգրավումը

297. Պալատը գտել է, որ ոստիկանական արձանագրությունների և քրեական գործի նյութերի հրապարակումը կարող էր վերաբերել նուրբ հարցերի, որոնք կարող էին մասնավոր անձանց մոտ կամ այլ նախաքննություններով նախադատություն առաջացնել: Ուստի չի կարելի 2-րդ հոդվածի պարտադիր պահանջ համարել այն, որ մերձավոր ազգականներին պետք է թույլատրվի հետևել նախաքննությանը, քանի դեռ այն ընթացքի մեջ է: Նմանապես, քննությունն իրականացնող մարմիններից չի կարող պահանջվել բավարարել քննչական գործողությունների վերաբերյալ մերձավոր ազգականների ցանկացած ցանկություն: Ամեն դեպքում, Պալատը գտել է, որ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ նախաքննությունը եղել է բավարար չափով արդյունավետ:

298. Պալատը հաստատված չի համարել այն փաստը, որ դիմողներին չի թույլատրվել ծանոթանալ որոշ փաստաթղթերի:

299. Հետևաբար, Պալատը գտել է, որ դիմողներին թույլատրվել է ծանոթանալ նախաքննության արդյունքներին այն չափով, որը բավարար էր ապահովելու համար նրանց արդյունավետ մասնակցությունն այն վարույթին, որի նպատակն էր ոստիկան Բրոնսի նկատմամբ հետապնդում չսկսելու մասին որոշման վիճարկումը:

(d) Վարույթը վերաքննիչ դատարանում

300. Պալատը գտել է, որ վերաքննիչ դատարանում վարույթը չպետք է ներառեր հրապարակային լսումներ: Այն համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ անձին, ով ենթակա չէ դատարանի կողմից դատվելու, պետք է պաշտպանել հրապարակային ներկայացման տհաճություններից:

301. Այլ է վերաքննիչ դատարանի որոշումը դռնբաց նիստում չհրապարակելու խնդիրը: Երբ որոշվում է, որ հանրային իշխանությամբ օժտված անձը, ում ձեռքով մարդկային էակ է մահացել, չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, 2-րդ հոդվածը պահանջում է, Պալատի կարծիքով, որ այդ որոշումը բաց լինի հանրության հետաքրքրությունը բավարարելու համար:

(e) Դատախազի դերը

302. Պալատը մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ կրակոցի առնչությամբ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող է նշանակվել այն նույն ոստիկանատան հետ կապված դատախազը, որի շարքերում գործել են ոստիկաններ Բրոնսը և Բալստրան: Նույնիսկ այս դեպքում, Պալատը գտել է, որ դատախազի անկախության չափը դիտարկելով դիմողների՝ հետապնդում չսկսելու վերաբերյալ որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորության հետ, բավարարել է 2-րդ հոդվածի պահանջը:

2.Կողմերի ներկայացրած բացատրությունները

(a) Դիմողները

303. Դիմողները հիմնականում արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Պալատի առջև:

304. Ըստ դիմողների՝ 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում է հանդիսացել այն, որ վերաքննիչ դատարանը ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի և պրն Վան դեն Հյուվելի ցուցմունքներից բացի այլ ցուցմունքներ հաշվի չի առել: Պրն Վան դեն Հյուվելը փաստացի չի էլ տեսել կրակոցը: Չնայած դիմողների խնդրանքին՝ վկայություն չի վերցվել այլ վկաներից, մասնավորապես, օր. Լիվելդից, տկն Ռիյսելից, պրն Չիտանիից և պրն Վան Ռիժից, և նրանց վկայություններն անտեսվել են:

305. Բաց են թողնվել որոշ քննչական գործողություններ, որոնք սովորաբար կատարվում են նմանատիպ դեպքերում. մասնավորապես, չի որոշվել գնդակի ճշգրիտ ուղղությունը, ոստիկանների ձեռքերից չեն վերցվել կրակոցի մնացուկի նմուշներ, չի վերականգնվել դեպքի տեսարանը, բացակայել են գնդակի առաջացրած վերքի մուտքն ու ելքը պատկերող լուսանկարները:

306. Քննչական հիմնական գործողությունները, ներառյալ նրանք, որոնք այլևս հետագայում կրկնվել չէին կարող, կատարվել են ոչ միայն միևնույն ոստիկանական ուժերի, այլ նաև միևնույն ոստիկանատան կողմից, որին պատկանում էին ոստիկաններ Բրոնսը և Բալստրան: Այս հանգամանքը, ըստ դիմողների, եղել է առավել ցավալի, քանի որ դեպքի վայր ժամանած ոստիկանները հեռացրել են կարևոր վկաներին՝ տկն Ռիյսելին և օր. Լիվելդին, ու հնարավոր է այլ անձանց, ում անունները չեն արձանագրվել: Դիմողներին և նրանց փաստաբանին է թողնվել հետագայում նրանց գտնելու գործը:

307. Ինչ վերաբերում է Պետական քննչական գործակալությանը, Մեծ պալատի առջև դիմողներն ընդունել են, որ այն գտնվում է բարձրագույն դատախազական մարմինների իշխանության ներքո և դրա անկախությունն Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ հարաբերութուններում չի վիճարկվում: Այնուամենայնիվ, Պետական քննչական գործակալության նախաքննությունը չի իրականացվել Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ կապ չունեցող դատախազական մարմնի պատասխանատվության ներքո: Այն իրականացվել է դատախազ Դե Վրիեսի պատասխանատվության ներքո, որի հարաբերությունը Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ դժվար թե կարելի է անկախ համարել:

308. Ճշմարիտ է, որ Պետական քննչական գործակալությունը հարցաքննել է ոստիկաններ Բրոնսին և Բալստրային: Սակայն դա կատարվել է բավականին ուշ և այն բանից հետո, երբ նրանք հնարավորություն են ունեցել դեպքը քննարկել այլոց հետ, ներառյալ՝ ոստիկանապետ Վան Ռիեսենի հետ: Ի լրումն, ոստիկաններ Բրոնսին և Բալստրային թույլատրվել է անցնել իրենց պարտականությունների կատարմանը, երբ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ էր և կարևոր տեղեկությունները դեռևս արձանագրվում էին միևնույն ոստիկանատան ոստիկանների կողմից:

309. Այն ընթացքում, երբ նախաքննությունը շարունակվում էր, դիմողների համար մատչելի չեն եղել նախաքննության նյութերը՝ չնայած որ նրանց անունից փաստաբանը միջնորդություններ է ներկայացրել: Այս վիճակը շարունակվել է մինչ այն պահը, երբ դատախազը որոշում է կայացրել հետապնդում չսկսելու մասին: Ավելին, այդ որոշման մասին դիմողներին ծանուցելուց հետո է միայն դատախազը համաձայնել տեսնվել դիմողների հետ:

310. Դիմողները բավարար չափով չեն ներգրավվել վերաքննիչ դատարանի վարույթում, որպեսզի կարողանային պաշտպանել իրենց շահերը: Մերժվել են առանձին փաստաթղթերի և քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ստանալու ողջամիտ միջնորդությունները: Միաժամանակ, պարզ չի եղել, թե ինչու է մերժվել հրապարակային լսումների վերաբերյալ միջնորդությունը:

(b) Կառավարությունը

311. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը չի բովանդակում պետության ներկայացուցիչների ձեռքով պատճառված մահվան կապակցությամբ արդյունավետ և անկախ նախաքննության ինքնուրույն պահանջ՝ այն իմաստով, որ ընթացակարգային չափորոշիչները պետք է քննարկվեն մահվան դեպքից անջատ:

312. Ամեն դեպքում, Պալատի եզրահանգումը, որ Մորավիա Ռամսահային կրակելը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, հիմնված լինելով ոստիկանության անցկացրած նախաքննության արդյունքների վրա, վկայում է այն մասին, որ այդ նախաքննությունը չի եղել այն աստիճան թերի, որ չբավարարի այդ հոդվածով նախատեսված ընթացակարգային չափորոշիչները:

313. Մորավիա Ռամսահայի մահվանից հետո կատարված նախաքննությունը եղել է բարեխիղճ և մանրազնին: Տեղական ոստիկանությունն անմիջապես պահպանել է դեպքի վայրում առկա ապացույցները, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ: Պալատի եզրահանգումն առ այն, որ քննչական գործողությունները տեղական ոստիկանական ուժերի կողմից կատարվելու արդյունքում խախտվել է 2-րդ հոդվածը, անտեսել է այն փաստը, որ դա պայմանավորված է եղել պատահարից անմիջապես հետո դեպքի վայրում ապացույցների պահպանման խիստ կարևորությամբ: Եթե տեղական ոստիկանությունը սպասեր Պետական քննչական գործակալության ժամանմանը, կարող էին կորել կարևոր տեղեկությունները. դեպքի վայրից կարող էին հեռանալ վկաներ, որոնց ինքնությունը կմնար անհայտ, հետքերը կարող էին վերանալ՝ եղանակային պայմանների կամ պարզապես մարդկանց ոտնահետքերի հետևանքով:

314. Քանի որ հիմնականում տեղական ոստիկանությունը կարող է դեպքի վայր հասնել Պետական քննչական գործակալությունից առաջ, ուստի ընդունված պրակտիկա է, որ առկա ապացույցները պահպանում է տեղական ոստիկանությունը և դրանից հետո Բաժանմունքի ոստիկանների ժամանելուն պես նախաքննությունը փոխանցում է Բաժանմունքին: Հետագա անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում է Բաժանմունքը:

315. Պետական քննչական գործակալությունն օգտագործել է այն տեղական ոստիկանական ուժերի կազմած քննչական գործողությունների արձանագրությունները, որոնց շարքերում գործում էր ոստիկան Բրոնսը: Այնուամենայնիվ, Պետական քննչական գործակալությունն ինքնուրույն իրականացրել է ծավալուն լրացուցիչ նախաքննություն և տեղական ոստիկանության աշխատանքը կրկնել այնքանով, որքանով դա եղել է անհրաժեշտ:

316. Հավաստի է, որ Քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա հարուցված բողոքարկման վարույթը չի եղել հրապարակային: Ըստ Կառավարության՝ դա պայմանավորված է այն անձանց հրապարակայնորեն վարկաբեկելուց պաշտպանելու անհրաժեշտությամբ, որոնց նկատմամբ դատախազական մարմինները մտադիր չեն հետապնդում սկսելու, և որոնք, ամենայն հավանականությամբ, չեն հետապնդվի և նույնիսկ սխալ են մեղադրվել: Մասնավորապես, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ողջամիտ է, որ հետապնդում հայցողի և կասկածյալի շահերի միջև շահերի հավասարակշռությունը հանգուցալուծվի հօգուտ վերջինիս:

317. Այս մոտեցումը հիմնականում կիրառելի է այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրային ծառայողներին: Վերջիններիս առնչությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հարուցված վարույթի արդյունքների հրապարակայնության ապահովման օրենսդրական պարտականությունը կարող է վնասել այդ վարույթի արդյունավետությունը:

318. Հրապարակայնության ցանկացած պահանջ հանգեցնում է վարույթին՝ դիմողների ներգրավմանը և նրանց կողմից խնդիրը հանրության քննարկման առարկա դարձնելու հնարավորությանը:

319. Հավաստի է, որ չի կատարվել ոչ իրադարձությունների պատկերի վերականգնում, ոչ ձգաբանական փորձաքննություն: Սակայն, դրանցից ոչ մեկն էլ անհրաժեշտ չի եղել: Հաստատվել է, որ Մորավիա Ռամսահային սպանած գնդակն արձակվել է ոստիկան Բրոնսի ատրճանակից. ոստիկան Բրոնսը երբևէ չի հերքել այն փաստը, որ մահացու կրակոցն ինքն է կատարել: Իրադարձությունների պատկերի վերականգնման և ձգաբանական փորձաքննության բացակայությունը չի խոչընդոտել վերաքննիչ դատարանին եզրակացնելու, որ ոստիկան Բրոնսը կրակել է ինքնապաշտպանական նկատառումներից դրդված:

320. Անժխտելի է, որ ոստիկաններ Բրոնսը և Բլաստրան հարցաքննվել են դեպքից երկու օր անց: Բանն այն է, որ որոշվել է նրանց հարցաքննել այն բանից հետո, երբ առկա կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և կհարցաքննվեն առաջին վկաները: Անհրաժեշտության դեպքում, կարելի կլիներ դրանից հետո այդ երկու ոստիկանների ցուցմունքներն ավելի արդյունավետորեն համադրել այդ ապացույցների հետ: Ամեն դեպքում, չկա որևէ պատճառ ենթադրելու, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան խուսափել կամ հրաժարվել են հարցաքննությունից:

3.Դատարանի գնահատականը

(a) Կիրառելի սկզբունքներ

321. Դատարանը նշել է կիրառելի հետևյալ սկզբունքները (տե՛ս, որպես վերջին աղբյուր, Nachova and Others v. Bulgaria [Մեծ պալատ] գործը, թիվ 43577/98 և 43579/98, կետեր 110-113, ՄԻԵԴ 2005-VII).

«110. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանության պարտականությունը մեկնաբանելով Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված «իր իրավազորության տակ գտնվող յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների ապահովման»՝ պետության հիմնական պարտավորության համատեքստում, պահանջվում է, որ լինի որոշակի արդյունավետ պաշտոնական նախաքննություն, երբ ուժի գործաԴրման արԴյունքում մարԴ է սպանվում…: Նման նախաքննության էական նպատակն է ապահովել կյանքի իրավունքը պահպանող ներպետական օրենսդրության արդյունավետ կիրառումը և, պետության ներկայացուցիչների կամ մարմինների ներգրավվածության դեպքում, ապահովել նրանց պատասխանատվությունն իրենց ենթակայության ներքո տեղի ունեցած մահվան դեպքերի համար:

112. Որպեսզի պետության ներկայացուցիչների կողմից անօրինական սպանության կապակցությամբ նախաքննությունը համարվի արդյունավետ, նախաքննության և դրա անցկացման համար պատասխանատու անձինք պետք է լինեն անկախ և անաչառ՝ և ըստ օրենքի, և ըստ պրակտիկայի (…):

113. Նախաքննությունը պետք է լինի նաև արդյունավետ այն իմաստով, որ այն հնարավորություն տա պարզելու, թե արդյոք ուժի գործադրումը տվյալ հանգամանքներում եղել է արդարացված, ինչպես նաև հանգեցնի պատասխանատու անձի ինքնության ճանաչմանը և պատժին (…): Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար պատահարի հետ կապված ապացույցները, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքները և փորձագիտական եզրակացությունները: Նախաքննության եզրահանգումները պետք է հիմնվեն բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա, և պետք է կիրառվի Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պահանջվող «ոչ ավելին, քան բացարձակապես անհրաժեշտ» չափորոշիչի հետ համեմատելի չափորոշիչ: Նախաքննության ցանկացած թերություն, որը կխոչընդոտի գործի հանգամանքները պարզելուն կամ պատասխանատու անձի ինքնությունը հաստատելուն, կարող է խաթարել արդյունավետության պահանջվող չափը (…)»: Ինչպես նաև հետևյալը (տե՛ս Anguelova v. Bulgaria գործը, թիվ 38361/97, կետ 140, ՄԻԵԴ 2002-IV).

«140. Պետք է առկա լինի նախաքննության կամ դրա արդյունքների նկատմամբ հանրության ուշադրության բավարար տարր՝ ապահովելու համար հաշվետու լինելը՝ գործնականորեն և տեսականորեն, պահպանելու համար իրավունքի գերակայությանն իշխանությունների հավատարմության նկատմամբ հասարակության վստահությունը և կանխելու համար անօրինական գործողությունների կապակցությամբ գաղտնի համաձայնության կամ հանդուրժողականության ցանկացած դրսևորում: Հասարակության ուշադրության աստիճանը կարող է տարբերվել ըստ գործերի: Ամեն դեպքում, զոհի մերձավոր ազգականները պետք է ներգրավվեն վարույթում այն չափով, որն անհրաժեշտ է իրենց օրինական շահերի պաշտպանության համար (…)»

322. Դատարանը գտնում է, որ ուժի կիրառման արդյունքում մահվան դեպքի կապակցությամբ արագ և արդյունավետ նախաքննության պարտավորությունը կախված չէ նրանից, որ այդ ուժի կիրառումն ինքնին ճանաչվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

(b) Նախաքննության արդյունավետությունը

323. Դատարանը նպատակահարմար է համարում հստակեցնել իր կողմից նախաքննության արդյունավետության ուսումնասիրության ծավալն ու բովանդակությունը:

324. Որպեսզի պայմանավորվող պետության պատասխանատվությունն առաջացնող մահվան կապակցությամբ նախաքննությունը համարվի «արդյունավետ»՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ նախաքննությունը լինի պատշաճ: Այն է՝ նման նախաքննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն և նրանց պատժին: Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար պատահարի հետ կապված ապացույցները: Նախաքննության ցանկացած թերություն, որը կխոչընդոտի արարքը կատարած անձի ինքնությունը հաստատելուն, կարող է խաթարել այս չափորոշիչը (Tahsin Acar v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 26307/95, կետ 223, ՄԻԵԴ 2004-III):

325. Երկրորդ՝ որպեսզի նախաքննությունն այս իմաստով լինի «արդյունավետ», ընդհանուր առմամբ անհրաժեշտ է համարվում, որ դրա և դրա անցկացման համար պատասխանատու անձինք անկախ լինեն պատահարում ներգրավված անձանցից: Սա նշանակում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական անկախություն (տե՛ս Tahsin Acar–ի գործը, կետ 222): Խնդրի առանցքում հասարակության վստահությունն է պետության կողմից ուժի կիրառման մենիշխանության նկատմամբ:

(i) Նախաքննության պատշաճությունը

326. Դիմողները իրավացիորեն նշել են, որ չեն կատարվել այնպիսի քննչական գործողություններ, որոնք սովորաբար կատարվում են նման դեպքերում, այն է՝ փորձ չի արվել որոշելու գնդակի ճշգրիտ ուղղությունը (ինչը, ըստ դիմողների, հնարավոր էր), ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ձեռքերից չեն վերցվել կրակոցի մնացուկի նմուշներ, չի ուսումնասիրվել ոստիկան Բրոնսի ծառայողական զենքը և զինամթերքը, չի վերականգնվել դեպքի տեսարանը, դիահերձման եզրակացությունում բացակայել են գնդակի առաջացրած վերքի մուտքն ու ելքը պատկերող լուսանկարներ: Եվ վերջապես, ոստիկան Բրոնսը և Բալստրան հարցաքննվել են միայն դեպքից մի քանի օր անց, և այդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ:

327. Անհերքելի է, որ որևէ փորձ չի կատարվել գնդակի ուղղությունը պարզելու համար: Կարող է հարց առաջանալ, արդյո՞ք դա կարող էր որոշվել առկա տեղեկության հիման վրա, քանի որ Մորավիա Ռամսահային կրակելուց հետո գնդակը չի թողել որևէ հետք՝ բացառությամբ կոտրված պատուհանը (տե՛ս վերը՝ կետ 230):

328. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ դիմողների մատնանշած մյուս թերությունները խաթարել են նախաքննության պատշաճությունը: Այս հարցի առնչությամբ Դատարանի եզրահանգումը տարբերվում է Պալատի եզրահանգումից:

329. Ոստիկանների ձեռքերից կրակոցի մնացուկի նմուշներ չվերցնելու, ոստիկան Բրոնսի ծառայողական զենքը և զինամթերքը փորձաքննության չենթարկելու (տես վերը՝ կետ 236), դեպքի տեսարանը չվերականգնելու և Մորավիա Ռամսահայի մարմնին գնդակով պատճառված վերքի պատշաճ լուսանկարի բացակայության (տես վերը՝ կետ 224) փաստերին որևէ բացատրություն չի տրվել:

330. Ավելին, ոստիկաններ Բրոնսը և Բալստրան դեպքից հետո չեն պահվել իրարից մեկուսի և չեն հարցաքննվել գրեթե երեք օր (տե՛ս վերը՝ 94 և 107 կետեր): Չնայած, ինչպես արդեն նշվել է, չկա որևէ ապացույց առ այն, որ նրանք գաղտնի համաձայնության են եկել միմյանց կամ Ամստերդամի ոստիկանական ուժերի իրենց գործընկերների հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախնական քննության պատշաճության ապահովման էական թերություն:

331. Նախաքննության այս բացթողումներն առավել ցավալի են դառնում այն փաստը հաշվի առնելով, որ բացի ոստիկաններ Բրոնսից և Բալստրայից, չկան մոտ տարածությունից կրակոցի ականատես վկաներ: Դատարանն արդեն արձանագրել է նրանց և ոստիկաններ Բրամի ու Վան Դալի ցուցմունքների միջև եղած հակասությունները. ըստ վերջիններիս՝ իրենք լսել են, որ ոստիկան Բալստրան հաղորդել է, որ ինքն է կրակել, և շտապ օգնություն է խնդրել: Մինչդեռ, ըստ ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի՝ կրակել է ոստիկան Բրոնսը (տե՛ս վերը՝ կետ 275):

332. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված հանգամանքների կապակցությամբ նախաքննությունը եղել է ոչ պատշաճ:

(ii) Ոստիկանական նախաքննության անկախությունը

333. Պետական քննչական գործակալության անկախությունը Մեծ պալատի առջև չի վիճարկվել, ուստի Մեծ պալատը չի գտնում որևէ պատճառ այս հարցի կապակցությամբ հանգելու Պալատի եզրահանգումից տարբերվող եզրահանգման:

334. Այնուամենայնիվ, մինչև Պետական քննչական գործակալության՝ նախաքննության մեջ ներգրավումն անցել է տասնհինգ ժամ (տե՛ս վերը՝ կետ 89): Այս ձգձգման կապակցությամբ որևէ բացատրություն չի տրվել:

335. Անվիճելի է, որ նախաքննության էական հատվածն իրականացվել է այն նույն ոստիկանական ուժերի՝ Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, որին պատկանել են ոստիկաններ Բրոնսը և Բալստրան: Այդ ուժերի կողմից է իրականացվել դեպքի վայրի զննությունը, վկաների, ներառյալ՝ Ամստերդամի ոստիկանական ուժերին պատկանող ոստիկանների որոնումը և նրանց սկզբնական հարցաքննությունը (տե՛ս վերը՝ 26-88 կետեր):

336. Այն բանից հետո, ինչ նախաքննության մեջ ներգրավվել էր Պետական քննչական գործակալությունը, հետագա նախաքննությունը շարունակվել էր իրականացվել Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, չնայած նրան, որ վերջիններս գործել էին Պետական քննչական գործակալության կարգադրության հիման վրա և այդ Բաժանմունքի պատասխանատվության ներքո (տե՛ս վերը՝ կետ 89):

337. Դատարանն առիթ է ունեցել ճանաչելու 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային տեսանկյունից, ինչը դրսևորվել է նրանում, որ հանրային իշխանության պատասխանատվություն առաջացնող հանգամանքներում մահվան կապակցությամբ նախաքննությունն իրականացվել է ներգրավված անձանց անմիջական գործընկերների կողմից (տե՛ս վերը հիշատակված Aktaş-ի գործը, կետ 301): Այլ մարմնի կողմից վերահսկողությունը, եթե նույնիսկ այդ մարմինն անկախ է, նախաքննության անկախության բավարար երաշխիք չէ (տե՛ս վերը հիշատակված Hugh Jordan-ի գործը, կետ 120 և McKerr-ի գործը, կետ 128):

338. Չնայած ընդունելի է, որ մինչ անկախ քննիչների ժամանելը նախաքննությանը տեղական ոստիկանությանը չներգրավելը կարող էր հանգեցնել կարևոր ապացույցների կորստի կամ ոչնչացման, այնուամենայնիվ, Կառավարությունը չի մատնանշել որևէ կոնկրետ հանգամանք, որը սույն գործում հանգեցրել է տեղական ոստիկանական ուժերի անհապաղ գործողության անհրաժեշտությանը. բացառություն է հանդիսանում տեղանքի շրջափակումը: Դատարանը կարիք չունի այս հարցի վերացական քննարկման:

339. Ավելին, Դատարանի կողմից քննության առնված մեկ այլ գործում, կրկին ընդդեմ Նիդեռլանդների, Պետական քննչական գործակալությունը դեպքի վայր էր ժամանել կրակոցից չորսուկես ժամ անց (տե՛ս Romijn v. the Netherlands-ի գործով որոշումը, թիվ 62006/00, 2005թ. մարտի 3): Ի լրումն, ինչպես Արդարադատության նախարարը նշել է Պառլամենտին ուղղված իր գրության մեջ, Պետական քննչական գործակալությունը կարող է դեպքի վայրում հայտնվել ոչ ավելի, քան մեկուկես ժամվա ընթացքում: Ուստի տասնհինգուկես ժամվա ուշացումն անընդունելի է:

340. Ինչ վերաբերում է Պետական քննչական գործակալության ներգրավումից հետո Ամստերդամի ոստիկանական ուժերի նախաքննությանը, Դատարանը գտնում է, որ Բաժանմունքի հետագա ներգրավումը բավարար չէր անկախության պահանջի կատարումն ապահոված համարելու համար:

341. Այս հիմքերով Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ ոստիկանության նախաքննությունը բավարար չափով անկախ չի եղել:

(iii) Դատախազի դերը

342. Ոստիկանական նախաքննությունը կատարվել է Ամստերդամի դատախազի վերահսկողության ներքո, որը պատասխանատու է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատանն իրականացված ոստիկանական աշխատանքի համար (տե՛ս վերը՝ կետ 89): Միևնույն դատախազը, ում լիազորությունը պատվիրակվել էր ավագ դատախազի կողմից, որոշում է կայացրել ոստիկան Բրոնսի դեմ հետապնդում չսկսելու մասին (տե՛ս վերը՝ կետ 237):

343. Նիդեռլանդներում Դատախազությունը, որը թեև չունի լիակատար իրավական անկախություն (տե՛ս վերը՝ կետ 250), ունի իր ինքնուրույն՝ ոստիկանությունից անջատ, աստիճանակարգային կառուցվածքը: Ոստիկանությունը քրեական իրավունքի օպերատիվ հարցերում և արդարադատության իրականացման հարցերում ենթակա է այդ ծառայությանը (տե՛ս վերը՝ 251 և 252 կետեր):

344. Դատախազներն անխուսափելիորեն հիմնվում են ոստիկանության տեղեկատվության և աջակցության վրա: Դա ինքնին բավարար չէ եզրակացնելու համար, որ ոստիկանության հետ հարաբերություններում նրանք չունեն բավարար անկախություն: Հիմնախնդիրը կարող է, այնուամենայնիվ, ծագել այն ժամանակ, երբ տվյալ դատախազը սերտ աշխատանքային հարաբերություններ ունի կոնկրետ ոստիկանական ուժերի հետ:

345. Սույն գործում նախընտրելի կլիներ, որ նախաքննությունը վերահսկվեր Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ կապ չունեցող դատախազի կողմից՝ հատկապես հաշվի առնելով Ամստերդամի ոստիկանական ուժերի ներգրավվածությունը նախաքննությանը: Նույնիսկ այս պարագայում, պետք է հաշվի առնվի Նիդեռլանդների Դատախազության անկախության աստիճանը և այն փաստը, որ նախաքննության համար վերջնական պատասխանատվությունը կրում է ավագ դատախազը: Ավելին, առկա է նաև անկախ դատական ատյանի կողմից վերանայման հնարավորություն, որից և օգտվել են դիմողները:

346. Ուստի այս կապակցությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

(c) Դիմողների ներգրավումը

347. Ոստիկանական արձանագրությունների և քրեական գործի նյութերի հրապարակումը կարող էր վերաբերել նուրբ հարցերի, որոնք կարող էին մասնավոր անձանց մոտ կամ այլ նախաքննություններով նախադատություն առաջացնել: Ուստի 2- րդ հոդվածի պարտադիր պահանջ չի կարելի համարել այն, որ մերձավոր ազգականներին թույլատրվի հետևել նախաքննությանը, քանի դեռ այն ընթացքի մեջ է: Հանրության և զոհի հարազատների անհրաժեշտ ներգրավումը կարող է ապահովվել վարույթի այլ փուլերում (ի թիվս այլոց, տե՛ս վերը հիշատակված McKerr-ի գործը, կետ 129):

348. Դատարանը գտնում է, որ 2-րդ հոդվածը քննչական մարմիններին չի պարտավորեցնում նախաքննության ընթացքում բավարարել քննչական գործողությունների վերաբերյալ զոհի հարազատների ցանկացած պահանջ:

349. Պալատը գտել է, որ դիմողների համար նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունների մատչելիությունն ապահովվել է այնչափով, որչափով դա բավարար էր ոստիկան Բրոնսի դեմ հետապնդում չսկսելու մասին որոշումը վիճարկելու նպատակով հարուցված վարույթին նրանց արդյունավետ մասնակցության համար: Դատարանը նկատել է, որ կողմերից ոչ մեկն այս հարցի կապակցությամբ նոր փաստարկ չի ներկայացրել: Ուստի այս հարցում Դատարանը համաձայնում է Պալատի հետ և չի գտնում որևէ պատճառ հանգելու այլ եզրակացության:

350. Ուստի այս կապակցությամբ 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

(d) Վարույթը վերաքննիչ դատարանում

351. Մեծ պալատին ներկայացված փաստարկները վերաբերում էին նրան, թե արդյոք վերաքննիչ դատարանում վարույթը և նրա ընդունած որոշումը պետք է լինեին հրապարակային:

352. Ստորև Դատարանը կանդրադառնա այն հարցին, թե արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է Նիդեռլանդների Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հարուցված վարույթի նկատմամբ: 2-րդ հոդվածի նպատակների համար, այնուամենայնիվ, Դատարանը համաձայն է Պալատի հետ, որ այդ վարույթը չպետք է նույնացվի հետապնդման հետ, այլ պարզապես նպատակ ունի թույլատրել հետապնդում չսկսելու մասին որոշման վիճարկումը:

353. 2-րդ հոդվածն այնքան տարածական չէ, որպեսզի պահանջի, որ մահվան կապակցությամբ քննության բոլոր փուլերը լինեն հրապարակային: Ինչպես նշված է, մասնավորապես, Anguelova-ի գործում (տե՛ս վերը՝ կետ 321), պետք է ստուգվի, թե արդյոք առկա է նախնական քննության կամ դրա արդյունքների նկատմամբ հանրության հետաքրքրության բավարար տարր՝ ապահովելու համար հաշվետու լինելը՝ գործնականորեն և տեսականորեն, պահպանելու համար իրավունքի գերակայությանն իշխանությունների հավատարմության նկատմամբ հասարակության վստահությունը և կանխելու համար անօրինական գործողությունների կապակցությամբ գաղտնի համաձայնության կամ հանդուրժողականության ցանկացած դրսևորում: Այս կապակցությամբ պետք է ընդունել, որ հասարակության հետաքրքրության աստիճանը կարող է տարբերվել ըստ գործերի:

354. Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Դատարանը համաձայն է Պալատի հետ այն հարցում, որ անհրաժեշտ չէր, որ վերաքննիչ դատարանում վարույթը լիներ հրապարակային: Ի տարբերություն Պալատի, սակայն, Դատարանը գտնում է, որ հրապարակայնության պահանջ չի կարող ներկայացվել նաև այդ վարույթի արդյունքում ընդունված որոշմանը: Դիմողներին թույլատրվել է լիարժեք ծանոթանալ նախաքննության գործի նյութերին, և նրանք կարողացել են արդյունավետորեն մասնակցել վերաքննիչ դատարանի վարույթին. նրանց տրամադրվել է պատճառաբանված որոշում: Ուստի, գրեթե անհավանական է, որ գործում ներգրավված որևէ մարմին կարող էր համապատասխան տեղեկությունը թաքցնել վերաքննիչ դատարանից կամ դիմողներից: Ի լրումն, հաշվի առնելով, որ դիմողների համար չկար որևէ խոչընդոտ անձամբ որոշումը դարձնելու հրապարակային, Դատարանը գտնում է, որ հրապարակայնության պահանջը բավարարված է այն ծավալով, որ բավարար է խուսափելու Նիդեռլանդների իշխանությունների կողմից որևէ բան թաքցնելու վտանգից:

355. Ուստի 2-րդ հոդվածի խախտում՝ կապված վերաքննիչ դատարանում վարույթի հետ, տեղի չի ունեցել:

(e) Եզրահանգում

356. Կիրառելի չափորոշիչներին Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված նախնական քննության անհամապատասխանությունը դրսևորվել է նրանում, որ այն չի բավարարում նախնական քննության պատշաճության պահանջը (տե՛ս վերը՝ կետ 332), և այն կատարվել է այն ոստիկանական ուժերի կողմից, որոնց պատկանում էին ոստիկաններ Բրոնսը և Բալստրան (տե՛ս վերը՝ կետ 341): Այդպիսով, այդ նախաքննությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորությանը:

357. Այնուամենայնիվ, 2-րդ հոդվածի խախտում չի հանդիսացել այն, որ նախաքննությունը վերահսկվել է այն դատախազի կողմից, ում ենթակայության տակ գտնվել են ոստիկաններ Բրոնսն ու Բալստրան և նրանց գործընկերները (տե՛ս վերը՝ կետ 346), դիմողների համար նախաքննության մատչելիության պայմանները (տե՛ս վերը՝ կետ 350), Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հրապարակային դատավարության բացակայությունը, ինչպես նաև այն փաստը, որ վերաքննիչ դատարանի 1999թ. ապրիլի 26-ի որոշումը չի եղել հրապարակային (տե՛ս վերը՝ կետ 355):

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

358. Կոնվենցիայի 6-րդ հոդվածը գործին առնչվող մասով նախատեսում է.

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային լսումների իրավունք: Վճիռը հայտարարվում է հրապարակավ, սակայն մամուլի ներկայացուցիչների ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ դրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը…»:

1. Պալատի վճիռը

359. Պալատը գտել է, որ Նիդեռլանդների Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հարուցված վարույթում չեն որոշվել քաղաքացիական իրավունքներ կամ պարտականություններ, և այն չի վերաբերել քաղաքացիական գործ հարուցելու՝ դիմողի ցանկությանը: Ուստի 6- րդ հոդվածը կիրառելի չէ այդ հոդվածի քաղաքացիաիրավական հարաբերությունների մասով: Այդ հոդվածը կիրառելի չէ նաև դրա քրեաիրավական հարաբերությունների մասով. «ընդդեմ նրա» արտահայտությունը վկայում է, որ քրեական գործերում այդ հոդվածի երաշխիքները կիրառվում են այն անձի առնչությամբ, ում դեմ քրեական մեղադրանք է առաջադրված:

2. Դատարանի որոշումը

360. Ո՛չ դիմողները, ո՛չ Կառավարությունը որևէ փաստարկ չեն ներկայացրել Մեծ պալատին: Ուստի Դատարանը չի գտնում որևէ պատճառ շեղվելու Պալատի որոշումից և, հետևաբար, գտնում է, որ 6-րդ հոդվածը կիրառելի չէ:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

361. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է.

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

1. Պալատի վճիռը

362. Պալատը գտնելով, որ այս դրույթի վրա հիմնված՝ դիմողների գանգատը համընկնում է 2-րդ հոդվածի վրա հիմնված գանգատի հետ՝ կապված ընթացակարգի հետ, սահմանափակվում է վերջինիս վերաբերյալ իր եզրահանգումներով: Այն գտնում է, որ 13-րդ հոդվածի հիման վրա առանձին հարց չի առաջանում:

2. Դատարանի որոշումը

363. Ինչպես Պալատը, Դատարանը ևս գտնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա առանձին հարց չի առաջանում:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

364. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի բավարարում է տրամադրում:»

A. Վնասը

1. Պալատի վճիռը

365. Որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ Պալատն ընդհանուր առմամբ տրամադրել է 20 000 եվրո:

2. Դիմողների պահանջը

366. Ինչպես Պալատի առջև, դիմողները պահանջել են 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Նյութական վնասի կապակցությամբ նրանք պահանջ չեն ներկայացրել:

367. Կառավարությունը դիմողների պահանջը համարել է չափազանցված: Կառավարությունը բավականին մեծ է համարել նաև Պալատի տրամադրած գումարի չափը՝ հաշվի առնելով, որ խախտումը կրել է միայն ընթացակարգային բնույթի:

3. Դատարանի որոշումը

368. Որոշում կայացնելով արդարության հիմքով, Դատարանը որպես ոչ նյութական վնասի հատուցում դիմողներին տրամադրել է 20 000 եվրո՝ հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել այդ գումարից:

B. Ծախսեր և ծախքեր

1.Պալատի վճիռը

369. Պալատը դիմողներին տրամադրել է 8 000 եվրո, որը նվազեցվել է 701 եվրո գումարով, ինչը նրանք որպես իրավաբանական օգնություն ստացել էին Եվրոպայի խորհրդից, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել այդ գումարից:

2. Դիմողների պահանջները. Մեծ պալատին ներկայացված փաստարկները

370. Դիմողները պահանջել են 1 818.18 եվրո, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը, կապված ներպետական վարույթների հետ, այսինքն՝ այն գումարը, որը ծախսվել է մինչև վերաքննիչ դատարանի որոշման կայացումը: Պալատում վարույթի համար նրանք պահանջել են 11 872.10 եվրո, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը, նվազեցված 701 եվրո գումարով, ինչը նրանք որպես իրավաբանական օգնություն ստացել էին Եվրոպայի խորհրդից:

371. Ի լրումն, նրանք պահանջել են 1 800 եվրո Պալատում վարույթի ընթացքում փաստաբանին վարձատրելու համար, և ևս 900 եվրո՝ որպես ճանապարհածախս և բնակության ծախս, որոնք կատարվել են Մեծ պալատի լսումներին ներկայանալու համար:

372. Պահանջվող ընդհանուր գումարը կազմել է 15 682.28 եվրո, որը նվազեցվում է Պալատի և Մեծ պալատում վարույթների ընթացքում Եվրոպայի խորհրդից որպես օգնություն ստացված գումարներով:

373. Կառավարությունն այս կապակցությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել:

3. Դատարանի որոշումը

374. Դատարանը հաստատում է մինչև Պալատի վճռի կայացումը կատարված ծախսերի և ծախքերի դիմաց Պալատի տրամադրած գումարի չափը:

375. Դատարանի Կանոնակարգի 60-րդ կանոնը գործին առնչվող մասով նախատեսում է.

«…

2. Առաջադրվող բոլոր պահանջները ներկայացվում են առանձին կետերով՝ մանրամասնված, հաստատող փաստաթղթերի հետ մեկտեղ՝ գործի հանգամանքների վերաբերյալ դիմողի բացատրությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետում, եթե Պալատի նախագահն այլ բան չի կարգադրում:

3. Եթե դիմողը չի կատարում նախորդ կետում նշված պահանջները, Պալատը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժել պահանջների բավարարումը: …»

376. Դիմողների պահանջները Մեծ պալատում վարույթի առնչությամբ կատարած ծախսերի վերաբերյալ ներկայացվել են 60-րդ կանոնի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Այդ ժամկետը բաց թողնելու վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել: Դատարանը մերժում է այդ պահանջը:

377. Ուստի բավարարումը կարող է կատարվել միայն մինչև Պալատում վարույթը կատարված ծախսերի կապակցությամբ: Դատարանը Պալատի տրամադրած գումարը, այն է՝ 8000 եվրո (նվազեցված որպես իրավաբանական օգնություն ստացած 701 եվրո գումարով), համարել է ողջամիտ: Պետք է հաշվի առնվի, որ դիմողներն իրավաբանական օգնություն են ստացել նաև սույն վարույթի ընթացքում:

378. Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը տրամադրում է 7 299 եվրո՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դրանից:

C. Տուգանային տոկոսները

379. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ

1. միաձայն վճռում է, որ Մորավիա Ռամսահային կրակելը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում,

2. տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ նախաքննությունը եղել է ոչ պատշաճ,

3. տասնվեց ձայնով՝ ընդդեմ մեկի, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ նախաքննությունը եղել է ոչ բավարար չափով անկախ,

4. տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի, վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ կապված Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ ոստիկանական նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի դիրքի հետ,

5. միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ կապված նախաքննությանը Մորավիա Ռամսահայի հարազատների ներգրավվածության ծավալի հետ,

6. տասնհինգ ձայնով՝ ընդդեմ երկուսի, վճռում է, որ Կոնվենցիայի 2- րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ կապված վերաքննիչ դատարանում վարույթի հետ,

7. տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի, վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ,

8. միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա առանձին հարց չի առաջանում,

9. տասնվեց ձայնով՝ ընդդեմ մեկի, վճռում է, որ.

(a) Պատասխանող պետությունը պետք է դիմողներին երեք ամսվա ընթացքում վճարի հետևյալ գումարները.

(i) 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում,

(ii) 7 299 եվրո՝ կապված ծախսերի և ծախքերի հետ,

(iii) ցանկացած հարկ, որը կարող է գանձվել վերոհիշյալ գումարներից,

(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,

10. միաձայն մերժում է դիմողների՝ արդարացի բավարարման հետ կապված մնացած պահանջները:

Կատարվել է անգլերենով ու ֆրանսերենով և գրավոր հրապարակվել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների պալատում, դռնբաց նիստում, 2007թ. մայիսի 15-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։