Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը, ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները դավանելու ազատությունը, պաշտամունքի իրականացման, կրոնական ու ծիսական արարողությունների և վարդապետությունների իրականացման ազատությունը ... »:

60. ՄԱԿ-ի ՄԻԿ-ը, որը ՔՔԻՄԴ-ի կիրարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է, անհատական բողոքներ քննելիս ի սկզբանե համարել է, որ ՔՔԻՄԴ-ն և մասնավորապես 18-րդ հոդվածը, չեն նախատեսում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ հատկապես հաշվի առնելով 8-րդ հոդվածի 3(գ)(ii) կետը: Ֆինլանդիայի քաղաքացի՝ կրոնական համոզմունքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձի կողմից բերված բողոքը հայտարարվել է անընդունելի՝ ՔՔԻՄԴ-ի դրույթների հետ չհամապատասխանելու հիմքով (Լ.Տ.Կ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի [L.T.K. v. Finland], հաղորդագրություն թիվ 185/1984, UN doc. CCPR/C/25/D/185/1984, 1985 թվականի հուլիսի 9):

61. ՄԱԿ-ի ՄԻԿ-ի դիրքորոշման առաջին փոփոխությունը տեղի է ունեցել Ջ.Փ.-ն ընդդեմ Կանադայի [J.P. v. Canada] գործով (հաղորդագրություն թիվ 446/1991, UN doc. CCPR/C/43/D/446/1991) իր 1991 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ, որով albeit obiter (թեև ոչ պաշտոնապես) առաջին անգամ այն ընդունել է, որ «[ՔՔԻՄԴ] 18-րդ հոդվածն անկասկած [պաշտպանում է] կարծիքներ և համոզմունքներ ունենալու, արտահայտելու և տարածելու իրավունքը՝ ներառյալ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից և գործողություններից հրաժարվելու իրավունքը»:

62. 1993 թվականին ՄԱԿ-ի ՄԻԿ-ը 18-րդ հոդվածի վերաբերյալ ընդունել է իր թիվ 22 ընդհանուր մեկնաբանությունը՝ ներկայացնելով, inter alia, այդ դրույթի հետևյալ մեկնաբանությունը.

«11. ... Դաշնագիրն ուղղակիորեն չի նախատեսում համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, սակայն Կոմիտեն կարծում է, որ այդ իրավունքը բխում է 18-րդ հոդվածից, քանի որ մահացու ուժ կիրառելու հետ կապված պարտականությունները կարող են լուրջ հակասության մեջ լինել խղճի ազատության և կրոնը կամ համոզմունքը դավանելու իրավունքի հետ ... »:

63. ՄԱԿ-ի ՄԻԿ-ն առավել զարգացրել է իր դիրքորոշումը 2006 թվականի նոյեմբերի 3-ին Յո-Բոմ Յունն ընդդեմ Կորեայի Հանրապետության [Yeo-Bum Yoon v. Republic of Korea] և Մայոնգ-Ցին Չուին ընդդեմ Կորեայի Հանրապետության [Myung-Jin Choi v. Republic of Korea] գործերով (հաղորդագրություններ թիվ 1321/2004 և 1322/2004, UN doc. CCPR/C/88/D/1321-1322/2004, 2007 թվականի հունվարի 23) կայացրած որոշումներում, որտեղ այն առաջին անգամ քննել է երկու դատապարտված Եհովայի վկաների բողոքները՝ բերված այն պետության դեմ, որը չէր ճանաչել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: ՄԱԿ-ի ՄԻԿ-ը որոշել է հետևյալը.

«8.2. Կոմիտեն ... նշում է, որ Դաշնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետը «պարտադիր և հարկադիր աշխատանք» հասկացության մեջ չի ներառում «ռազմական բնույթի որևէ ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ ճանաչվում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ այդ հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար օրենքով նախատեսված որևէ ծառայություն»: Սա նշանակում է, որ Դաշնագրի 8-րդ հոդվածը ինքնին ոչ ճանաչում և ոչ էլ բացառում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Այսպես, նշված բողոքը պետք է դիտարկվի բացառապես Դաշնագրի 18-րդ հոդվածի լույսի ներքո, որի ընկալումը ժամանակի ընթացքում իր բովանդակության և նպատակի առումներով զարգանում է, ինչպես Կոնվենցիայով նախատեսված ցանկացած այլ երաշխիք:

8.3. ... [անձանց] դատապարտելը և պատժի ենթարկելը, հետևաբար, սահմանափակում է իրենց կրոնն ու հավատքն արտահայտելու նրանց հնարավորությունը: Նման սահմանափակումը պետք է արդարացված լինի 18-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված թույլատրելի սահմաններով, այսինքն՝ ցանկացած սահմանափակում պետք է նախատեսված լինի օրենքով և անհրաժեշտ լինի հասարակական անվտանգության, կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլոց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար: …»:

64. ՄԱԿ-ի ՄԻԿ-ը եզրահանգել է այն դիտարկմամբ, որ դիմումատուների՝ 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին միջամտությունն անհրաժեշտ չի եղել, և որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:

գ) Կամայական կալանքների հարցերով աշխատանքային խումբ

65. Մի շարք դեպքերում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կալանքների հետ կապված հարցերն անհատական բողոքների ընթացակարգով քննարկվել են նաև Կամայական կալանքների հարցերով աշխատանքային խմբի կողմից, որը հիմնադրվել է 1991 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: Մինչ վերջերս Աշխատանքային խմբի հիմնական մտահոգությունը եղել են կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կրկնվող պատիժներն ու ազատազրկումները, որոնք կամայական էին, քանի որ խախտում էին ne bis in idem (նույն արարքի համար կրկին չդատվելու) սկզբունքը (տե'ս, օրինակ, Կարծիք թիվ 36/1999 (Թուրքիա) և Կարծիք թիվ 24/2003 (Իսրայել)): 2008 թվականին Աշխատանքային խումբը գնացել է մեկ քայլ առաջ և Թուրքիայի վերաբերյալ մեկ գործով գտել, որ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձը հետապնդվել, դատապարտվել և ազատազրկվել է կամայականորեն (տե'ս, Կարծիք թիվ 16/2008 (Թուրքիա)):

2. Մարդու իրավունքների պաշտպանության միջամերիկյան համակարգ

66. Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(բ) կետը և 12-րդ հոդվածը նման են Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին և 9-րդ հոդվածին:

67. 1997 և 1998 թվականներին Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովն ընդունել է հանձնարարականներ, որոնցով հրավիրել է այն անդամ պետություններին, որոնց օրենսդրություններով դեռևս չէր ճանաչվել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց՝ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատվելու իրավունքը, վերանայել իրենց իրավական համակարգը և կատարել փոփոխություններ մարդու իրավունքների առնչությամբ միջազգային իրավունքին համահունչ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով նախատեսելով այդ իրավունքը կրող անձանց համար զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն:

68. 2005 թվականի մարտի 10-ին Միջամերիկյան հանձնաժողովը կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի առնչությամբ ներկայացված անհատական բողոքի կապակցությամբ առաջին անգամ կայացրել է որոշում: Հանձնաժողովը գտել է, որ 12-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի 6-րդ հոդվածի 3(բ) կետի հետ համակցությամբ և եզրահանգել, որ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը պաշտպանվում էր Ամերիկյան կոնվենցիայի ներքո միայն այն երկրներում, որտեղ այդ իրավունքը ճանաչվել էր: Նման եզրահանգում կատարելիս Միջամերիկյան հանձնաժողովը հիմնականում հիմնվել է Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի և մինչև 2005 թվականը գործող՝ ՄԱԿ-ի ՄԻԿ-ի նախադեպային իրավունքի վրա (տե'ս, Քրիստիան Դանիել Սահլի Վերան և այլք ընդդեմ Չիլլիի [Cristiոn Daniel Sahli Vera and Others v. Chile], գործ թիվ 12.219, Զեկույց թիվ 43/05, 2005 թվականի մարտի 10, «« 95-97): Այդ մոտեցումը հետագայում հաստատվել է Միջամերիկյան հանձնաժողովի կողմից՝ մեկ այլ գործով (տե'ս, Ալֆրեդո Դիազ Բուստոսն ընդդեմ Բոլիվիայի [Alfredo Diaz Bustos v. Bolivia], գործ թիվ 14/04, Զեկույց թիվ 97/05, 2005 թվականի հոկտեմբերի 27, § 19):

3. Երիտասարդների իրավունքների վերաբերյալ Իբերոամերիկյան կոնվենցիա

69. Իբերոամերիկյան երիտասարդական կազմակերպության շրջանակներում 2005 թվականի հոկտեմբերի 10-11-ն ընդունվել է Երիտասարդների իրավունքների վերաբերյալ Իբերոամերիկյան կոնվենցիան, որը սահմանում է մի շարք հատուկ իրավունքներ 15-ից 24 տարեկան անհատների համար: Դրա՝ «Կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք» վերնագրված 12-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Երիտասարդներն իրավունք ունեն հրաժարվելու զինվորական ծառայությունից՝ իրենց կրոնական համոզմունքների հիման վրա:

2. Կողմ պետությունները պարտավորվում են ընդունել այդ իրավունքի իրականացումը երաշխավորող համապատասխան իրավական միջոցներ և քայլեր ձեռնարկել՝ պարտադիր զինվորական ծառայության համակարգի վերացման ուղղությամբ

...»:

4. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)

70. ԵԱՀԿ-ն նույնպես 1990 թվականին անդրադարձել է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու հարցին: Մասնակից պետությունները «Մարդկային չափանիշները» թեմայով համաժողովում նշել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ճանաչել է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, և պայմանավորվել են իրենց օրենսդրական համակարգերում նախատեսել այլընտրանքային ծառայության տարբեր ձևեր: 2004 թվականին ԵԱՀԿ-ն մշակել է «Կրոնի և համոզմունքների վերաբերյալ օրենսդրության վերանայման ուղեցույց», որում նշել է, որ չնայած սույն խնդրի առնչությամբ գոյություն չունի վերահսկող միջազգային չափանիշ, այնուամենայնիվ, ժողովրդավարական շատ պետություններում կա հստակ միտում՝ թույլատրելու իսկական բարոյական և կրոնական համոզմունքներ ունեցող անձանց զինվորական ծառայության փոխարեն իրականացնել այլընտրանքային (ոչ զինվորական) ծառայություն:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

71. Դիմումատուն բողոքել է, որ բանակում ծառայելուց հրաժարվելու համար իրեն դատապարտելու հետևանքով խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:»:

Ա. Պալատի վճիռը

72. Պալատն իր 2009 թվականի հոկտեմբերի 27-ի վճռում առաջին հերթին նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնությունն ընդունել է օրենքներ, որոնցով նախատեսվում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության հնարավորությունը: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 9-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի.1 լույսի ներքո, որը Պայմանավորվող կողմերի հայեցողությանն է թողնում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների ճանաչման հարցը: Այսպես, այն փաստը, որ Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը ճանաչել է այդ իրավունքը, չի նշանակում, որ մեկ այլ Պայմանավորվող կողմ, որը չի ճանաչել այդ իրավունքը, խախտել է Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները: Հետևաբար այս գործոնը չի կարող համարվել արդյունավետ՝ Կոնվենցիայի զարգացող մեկնաբանման համար: Պալատը գտել է, որ նման հանգամանքներում 9-րդ հոդվածը չի երաշխավորում կրոնական համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը և, հետևաբար, կիրառելի չէ դիմումատուի գործով: Այն եզրահանգել է, որ հաշվի առնելով, որ 9-րդ հոդվածը կիրառելի չէ, չի կարող համարվել, որ դիմումատուին իր զինվորական պարտականությունը կատարելուց հրաժարվելու համար դատապարտելով պետական մարմինները խախտել են իրենց կոնվենցիոն պարտավորությունները:

Բ. Կողմերի փաստարկները

1. Դիմումատուն

ա) 9-րդ հոդվածի կիրառելիությունը

73. Դիմումատուն նշել է, որ Պալատը, հրաժարվելով կիրառել «կենդանի փաստաթուղթ» դոկտրինը, ընդհանրացրել է Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի կողմից տրված մեկնաբանությունն այն առումով, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը սահմանափակում է 9-րդ հոդվածի կիրառելիությունը կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ՝ առանց հիմնավորման կամ բացատրության: Սակայն 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը չի կարող իրավաչափորեն վկայակոչվել՝ 9-րդ հոդվածի ներքո նախատեսված՝ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը հերքելու համար, հատկապես Հայաստանի դեպքում, որը 2000 թվականից սկսած իրավաբանորեն ստանձնել է ճանաչել նշված իրավունքը: Հիմնվելով Travaux préparatoires վրա՝ դիմումատուն պնդել է, որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը 9-րդ հոդվածի հետ համակցությամբ մեկնաբանելը երբեք նախատեսված չի եղել: Դրա միակ նպատակը եղել է 4-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված իրավունքի սահմանումը, և այն երբեք նպատակ չի հետապնդել ճանաչել կամ հերքել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը չի կիրառվել Կոնվենցիայի այլ դրույթների նկատմամբ, և չկա նաև պատճառ այն 9-րդ հոդվածի նկատմամբ կիրառելու: Եթե 9-րդ հոդվածը նախատեսված չի եղել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ կիրառելու համար, ապա նման սահմանափակումը կարող էր հեշտությամբ ներառվել Կոնվենցիայի նախագիծը կազմողների կողմից: Հետևաբար կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը որոշելիս Դատարանը չպետք է բխեցներ Կոնվենցիայից մի իրավունք, որն ի սկզբանե նախատեսված չի եղել:

74. Ըստ դիմումատուի՝ 9-րդ հոդվածի իմաստով կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչմանը նպաստել են ներկայիս հանգամանքները՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր անդամ պետությունների կողմից այս իրավունքի աստիճանաբար ճանաչման փաստը: Այս միասնական մոտեցումն իր արտացոլումը գտել է նաև Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության մարմինների որդեգրած դիրքորոշումներում: Ավելին, այս իրավունքի ճանաչումը դարձել է Եվրոպայի խորհրդին անդամակցելու ցանկություն արտահայտած նոր անդամ պետությունների համար պարտադիր նախապայման: Բացի դրանից, Պալատը հաշվի չի առել նաև Միացյալ ազգերի կազմակերպության կառույցներում սույն խնդրի վերաբերյալ կարևոր զարգացումները, մասնավորապես ՄԱԿ-ի ՄԻԿ-ի կողմից ՔՔԻՄԴ-ով նախատեսված նմանատիպ դրույթների մեկնաբանությունը: Անհրաժեշտ էր հստակեցնել սույն խնդրի վերաբերյալ Դատարանի դիրքորոշումը, քանի որ ոչ թե Դատարանը, այլ Հանձնաժողովն է մերժել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառումը: Ավելին, Պալատի կողմից Հանձնաժողովի դիրքորոշման վկայակոչումը տեղին չէր, քանի որ այն չէր համապատասխանում Կոնվենցիայի խնդրին և նպատակին, բացի այդ այն հակասական է, քանի որ վիճարկվող իրավունքի ճանաչման միտումը նկատվում է նույնիսկ Հանձնաժողովի նշված դիրքորոշման մեջ: Դիմումատուն, ի վերջո, պնդել է, որ խնդիրը դուրս էր եկել իր գործի շրջանակներից, քանի որ այն առաջացրել էր լուրջ հետևանքներ՝ ազդելով Եվրոպայի խորհրդի սահմաններում և դրանից դուրս ողջ աշխարհում նման իրավիճակում գտնվող հարյուրավոր այլ երիտասարդների վրա:

բ) 9-րդ հոդվածին համապատասխանությունը

75. Դիմումատուն նշել է, որ իր դատապարտումը հանգեցրել է միջամտության իր կրոնական համոզմունքներն իրականացնելու իրավունքին: Այս միջամտությունը նախատեսված չէր օրենքով, քանի որ Հայաստանի իշխանությունները, դատապարտելով իրեն, խախտել են Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ ստանձնած՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանձնառությունը, մասնավորապես՝ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող՝ ազատազրկման դատապարտված բոլոր անձանց ներում շնորհելը: Նշված միջազգային պարտավորությունը դարձել է Հայաստանի ազգային օրենսդրության անբաժանելի մասը, հետևաբար, բոլոր այն անձինք, ովքեր հրաժարվել էին զինվորական ծառայություն իրականացնելուց՝ կրոնական համոզմունքների հիմքով, կարող էին հիմնավոր ակնկալիք ունենալ, որ կազատվեն այդ պարտականությունից կամ, ի վերջո, հնարավորություն կունենան անցնելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Արդյունքում, ներպետական օրենքը բավարար չափով ճշգրիտ չէր, քանի որ այն չէր համապատասխանեցվել Հայաստանի կողմից ստանձնած՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող միջազգային հանձնառություններին:

76. Դիմումատուն, այնուհետև, նշել է, որ միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով նաև այն պատճառով, որ Հայաստանը, 1993 թվականին անդամակցելով ՔՔԻՄԴ-ին, հավատարիմ չի եղել դրա 18-րդ հոդվածին և ՄԱԿ-ի ՄԻԿ-ի համապատասխան նախադեպային իրավունքին՝ ինչպես պահանջվում էր «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով (տես վերևում՝ 44-րդ պարբերությունը):

77. Դիմումատուն նաև պնդել է, որ միջամտությունն անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում: Նախ, այն փաստը, որ դիմումատուն, հանդիսանալով կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձ, ով պարտավորվել էր ապրել խաղաղ պայմաններում իր հարևանների հետ և չուներ դատվածություն, ազատազրկվել էր, և նրան վերաբերվում էին որպես վտանգավոր հանցագործի, ամենևին անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում: Մասնավորապես, նա ենթարկվել էր հետապնդումների, այնուհետև ձերբակալվել էր և տարբեր հանցագործությունների համար կալանավորված վեց այլ անձանց հետ պահվել էր միևնույն խցում՝ առանց անկողնային պարագաների, ինչպես նաև պահակների կողմից ենթարկվել էր վիրավորանքների: Այնուհետև, դիմումատուն ենթարկվել էր ամբողջովին անհամաչափ պատժի և վերաբերմունքի՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ընդամենը փորձել էր իրացնել խղճի, մտքի և կրոնի ազատության իր հիմնարար իրավունքը: Եվ երրորդ, դիմումատուի ազատազրկումը նույնպես արդարացված չէր, քանի որ Հայաստանի իշխանությունները ներում էին շնորհել համանման իրավիճակում հայտնված այլ անհատների: Վերջապես, երկրի զինվորական պաշտպանությունը չէր տարալուծվի և թուլանա, եթե նրա նման մարդիկ չպատժվեին: Մասնավորապես, 2007 թվականին Հայաստանում գրանցված էին 125 000 առկա զինվորական ծառայողներ և 551 000 պոտենցիալ զինվորական ծառայողներ, մինչդեռ միայն 41 Եհովայի վկաներ էին ազատազրկվել: Ավելին, 2002 թվականից ի վեր, այլ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող միայն երեք անհատներ էին որոշել հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից: Թվային նման ոչ մեծ ցուցանիշները չէին կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ռազմական կարողության վրա:

2. Կառավարությունը

ա) 9-րդ հոդվածի կիրառելիությունը

78. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, պետք է հավասարապես և առանց խտրականության կիրառվեն բոլորի նկատմամբ: Դիմումատուն, ով Հայաստանի քաղաքացի էր, Սահմանադրության համաձայն պարտավոր էր անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ անկախ իր կրոնական համոզմունքներից, և այդ պարտականության կատարումը չէր կարող դիտարկվել որպես իր իրավունքներին միջամտություն: Օրենքով զինվորական ծառայությունից ազատվելու այնպիսի հիմքեր, ինչպիսին Եհովայի վկա լինելն է, չեն նախատեսվում: Ուստի, օրենքով չնախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը կլիներ խտրականության բացառման և հավասարության սկզբունքի խախտում:

79. Կառավարությունը համաձայնվել է, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է: Սակայն տվյալ գործի նկատմամբ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը պետք է դիտարկվի Կոնվենցիայի՝ տվյալ պահի դրությամբ գործող մեկնաբանությամբ: Դիմումատուն դատապարտվել է 2001-2002 թվականներին, և այդ ժամանակ նրա դատապարտումը համապատասխանել է միջազգային համայնքի մոտեցումներին և Կոնվենցիայի իմաստով եղել է օրինական և հիմնավոր, ինչպես մեկնաբանվել է Հանձնաժողովի և Դատարանի կողմից: Մասնավորապես, Փիթրսն ընդդեմ Նիդեռլանդների [Peters v. the Netherlands] (թիվ 22793/93, Հանձնաժողովի՝ 1994 թվականի նոյեմբերի 30-ի որոշում, չհրապարակված) և Հոդենսն ընդդեմ Բելգիայի [Heudens v. Belgium] (թիվ 24630/94, Հանձնաժողովի՝ 1995 թվականի մայիսի 22-ի որոշում, չհրապարակված) գործերով, որոնք քննարկվող հարցի վերաբերյալ վերջին որոշումներն էին, Հանձնաժողովը գտել է, որ 9-րդ հոդվածով երաշխավորված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը չի վերաբերում կրոնական կամ քաղաքական համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուն: Իր վերջերս կայացրած վճիռներում, որտեղ գտել է, որ չկա անհրաժեշտություն քննության առնելու վիճարկվող հարցը, Դատարանն անգամ չի ընդունել 9-րդ հոդվածի կիրառելիության փաստը (տես, օրինակ, Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Thlimmenos v. Greece [GC]], թիվ 34369/97, § 43, ՄԻԵԴ 2000-IV, և Ուլկեն ընդդեմ Թուրքիայի [Ülke v. Turkey], թիվ 39437/98, §§ 53-54, 2006 թվականի հունվարի 24): Հայաստանի իշխանությունները, հետևաբար, գործել են Կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ նախադեպային իրավունքը՝ նրանք չէին կարող կանխատեսել Դատարանի կողմից 9-րդ հոդվածին նոր մեկնաբանություն տալու հնարավորությունը և, հետևաբար, չէին կարող իրենց գործողությունները համապատասխանեցնել այդ հնարավոր «նոր մոտեցմանը»:

80. Կառավարությունն ընդունել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնությունն ընդունել է օրենքներ, որոնցով նախատեսվում են կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության տարբեր ձևեր: Այնուամենայնիվ, 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի դրույթները, որոնցով կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչումը հստակորեն թողնվում է Պայմանավորվող կողմերի հայեցողությանը, չեն կարող անտեսվել, և այն փաստը, որ անդամ պետությունների մեծ մասը ճանաչել է այդ իրավունքը, չի կարող հիմք հանդիսանալ այն մոտեցման համար, համաձայն որի այն Պայմանավորվող կողմը, որը չի ճանաչել այդ իրավունքը, խախտել է Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները: Ամփոփելով կարելի է ասել, որ 9-րդ հոդվածը 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի լույսի ներքո մեկնաբանմամբ համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը չի երաշխավորվում, ինչպես նաև դիմումատուի՝ 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին միջամտություն տեղի չի ունեցել:

81. Կառավարությունը նաև նշել է, որ այդ պահին Հայաստանում գրանցված են եղել մոտ վաթսուն կրոնական կազմակերպություններ, այդ թվում՝ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, կրոնական կազմակերպությունների ինը մասնաճյուղեր և մեկ գործակալություն: Այսպես, եթե նրանցից յուրաքանչյուրը պնդի, որ զինվորական ծառայությունը դեմ է իրենց կրոնական համոզմունքներին, ապա կառաջանա մի իրավիճակ, որում ոչ միայն «Եհովայի վկաներ»-ի անդամները, այլ նաև մյուս կրոնական կազմակերպությունները հնարավորություն կստանան հրաժարվելու իրենց հայրենիքը պաշտպանելու պարտականությունից: Ավելին, «Եհովայի վկաներ»-ի կամ այլ կրոնական կազմակերպությունների անդամները կարող են հավասարապես պնդել, որ, օրինակ, հարկեր և տուրքեր վճարելը դեմ է իրենց կրոնական համոզմունքներին, և պետությունը պարտավոր է չդատապարտել իրենց, քանի որ դա կառաջացնի Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում: Նման մոտեցումն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ պետության հանդեպ իրենց պարտականությունները կատարելուց խուսափելու համար անձը կարող է դառնալ այս կամ այն կազմակերպության անդամ:

82. Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ապա Կառավարությունը պնդել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Իշխանությունները, հետևաբար, ընդունել են կրոնական հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը՝ միաժամանակ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար նախատեսելով նրանց սահմանադրական պարտականությունը կատարելու այլընտրանքային եղանակ: Ուստի, ներկայումս համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձինք դատապարտվում են միայն այն դեպքում, երբ նրանք այլընտրանքային ծառայություն կատարելուց ևս հրաժարվում են: Ինչ վերաբերում է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր ազատազրկման դատապարտված անձանց ներում շնորհելու պարտավորությանը, ապա Կառավարությունը պնդել է, որ իշխանությունները կատարել են նշված պարտավորությունը՝ ազատելով դիմումատուին նշանակված պատիժը կրելուց: Մասնավորապես, երկու տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո դիմումատուն ազատվել է՝ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվելուց վեց ամիս հետո:

բ) 9-րդ հոդվածին համապատասխանությունը

83. Կառավարությունը նշել է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին միջամտություն, ապա այն եղել է արդարացված: Նախ, միջամտությունը նախատեսված է եղել օրենքով: Մասնավորապես, յուրաքանչյուր 18-ից 27 տարեկան, ֆիզիկապես պիտանի ՀՀ քաղաքացի պարտավոր է ծառայել հայկական բանակում՝ անկախ իր կրոնական համոզմունքներից, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածով և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 11-րդ հոդվածներով: Ավելին, Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է պատիժ զորակոչից խուսափելու համար: Նշված իրավական դրույթները եղել են մատչելի և բավարար չափով հստակ: Ավելին, տվյալ պահին կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչված չի եղել Հայաստանի օրենսդրությամբ:

84. Բացի այդ, միջամտությունը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Այն հանդիսանում է ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, երբ բոլոր քաղաքացիներն առանց որևէ հիմքով խտրականության օժտված են Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքներով ու ազատություններով և կրում են դրանցով սահմանված պարտականությունները: Այսպիսով, հասարակական կարգին լուրջ վտանգ կսպառնա, եթե իշխանությունները թույլատրեն վերը նշված 60-ից ավելի կրոնական կազմակերպություններին մեկնաբանել տվյալ պահին ուժի մեջ գտնվող օրենքը և ենթարկվել դրանց՝ ըստ իրենց համապատասխան կրոնական հավատալիքների: Այդ հանգամանքներում իշխանությունների կարևորագույն խնդիրներից էր ապահովել օրենքի միատեսակ կիրառումը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց կրոնից, ինչը չպետք է դիտարկվի որպես Կոնվենցիայի պահանջներին հակասող միջամտություն:

3. Ներգրավված երրորդ կողմերը

ա) «Միջազգային համաներում» կազմակերպության, «Խղճի և խաղաղության հարկ» միջազգային կազմակերպության, Խորհրդատվության հարցերով ընկերների համաշխարհային կոմիտեի, Իրավաբանների միջազգային հանձնաժողովի և «Պատերազմի հակառակորդներ» միջազգային կազմակերպության համատեղ դիտարկումները

85. Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները ներկայացրել են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի աստիճանական ճանաչման վերաբերյալ ընդհանուր դիտարկում: Միջազգային մակարդակում նրանք, մասնավորապես, ուշադրության են արժանացրել ՄԱԿ-ի ՄԻԿ-ի իրավակիրառ պրակտիկայի զարգացումները և վերջինիս կողմից ՔՔԻՄԴ-ի համանման դրույթների վերաբերյալ արված մեկնաբանությունները, մասնավորապես, դրա թիվ 22 ընդհանուր մեկնաբանությունը և Յո-Բոմ Յունի և Մայոնգ-Ցին Չուիի գործերը (տես վերևում՝ 62-64-րդ պարբերությունները): Այնուհետև նրանք վկայակոչել են Միավորված ազգերի կազմակերպության այլ կառույցների կողմից մշակված զարգացումները, ինչպիսիք են Մարդու իրավունքների հանձնաժողովը և Կամայական կալանքների հարցերով աշխատանքային խումբը (տես վերևում՝ 58-րդ և 65-րդ պարբերությունները):

86. Տարածաշրջանային մակարդակում՝ որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպություններն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից մշակված զարգացումներին, մասնավորապես նրանց հանձնարարականներին, որոնք վերաբերում էին կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչմանն ու դրա առավել մեծ պաշտպանվածության ապահովման հարցերին (տես վերևում՝ 51-55-րդ պարբերությունները): Նրանք նաև նշել են, որ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը հստակորեն ճանաչվել է Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի 10-րդ հոդվածով և Երիտասարդների իրավունքների վերաբերյալ Իբերոամերիկյան կոնվենցիայի 12-րդ հոդվածով (տես վերևում՝ 57-րդ և 69-րդ պարբերությունները): Եվ վերջապես, 2005 թվականին Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը, հաստատելով խնդրի բարեկամական կարգավորում դիմումատուի և Բոլիվիայի միջև, ճանաչեց կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի յուրահատուկ բնույթը և հստակորեն վկայակոչեց ՄԱԿ-ի ՄԻԿ-ի թիվ 22 ընդհանուր մեկնաբանությունը (տես վերևում՝ 68-րդ պարբերությունը):

87. Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները, այնուհետև, նշել են, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում ազգային անվտանգությունից ելնելով անձի կրոնական կամ այլ համոզմունքների արտահայտման ազատության սահմանափակումներ: Նրանք ընդգծել են, որ վերը նշված Յո-Բոմ Յունի և Մայոնգ-Ցին Չուիի գործերում ՄԱԿ-ի ՄԻԿ-ը, գտնելով, որ տեղի է ունեցել դիմումատուների՝ ՔՔԻՄԴ-ի 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին միջամտություն, եզրահանգել է, որ միջամտությունը չի եղել անհրաժեշտ, և տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:

88. Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները պնդել են, որ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի գրեթե համընդհանուր ճանաչումը և ՄԱԿ-ի ՄԻԿ-ի վերը ներկայացված դիտարկումները, պետության կողմից կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար որևէ պայման չնախատեսելը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով ոչ արդարացված միջամտություն է: Նրանք, ի վերջո, հիմք ընդունելով Ցիրլիսը և Կուլումպասն ընդդեմ Հունաստանի [Tsirlis and Kouloumpas v. Greece] (1997 թվականի մայիսի 29, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-III) և Թլիմենոսի (վերևում հիշատակված) գործերով չհամընկնող կարծիքները, նշել են, որ նույնիսկ Հանձնաժողովի մոտեցումը վիճարկվող խնդրի վերաբերյալ տարիների ընթացքում փոխվել է: Վերը նշվածն ամբողջությամբ նպաստել է 9-րդ հոդվածի իմաստով կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի պաշտպանությանը:

դ) Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիա

89. Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունը նշել է, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը հայտնի քրիստոնեական կառույց է, որը քարոզում է բարձր բարոյական չափանիշներ, ներառյալ՝ մարդու դեմ զենք կիրառելուց հրաժարվելու սկզբունքը: Նրանք ընդունում են այլընտրանքային ազգային ծառայության տարբերակն այն պայմանով, որ դա չհակասի իրենց հիմնական արժեքներին, այսինքն բացառվի զինվորական ներկայացուցիչների կողմից ղեկավարումը կամ զինվորական գործունեությանը կամ նպատակներին ուղղված լինելը: Իրենց կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկաները պատմականորեն ենթարկվել են տարբեր տեսակի պատիժների, հատկապես պատերազմների ժամանակ: Սակայն եվրոպական մի շարք երկրներում հետպատերազմյան զարգացումները հանգեցրել են այլընտրանքային քաղաքացիական ծառայության աստիճանական ճանաչմանը և պարտադիր զինվորական ծառայության համակարգի վերջնական վերացմանը:

90. Կազմակերպությունը, այնուհետև, նշել է, որ Հայաստանում գոյություն չուներ առանց զինվորական հսկողության և վերահսկողության իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, և երիտասարդ Եհովայի վկաները, իրենց համոզմունքներից ելնելով, շարունակում էին դիմադրել նման ծառայությանը և ազատազրկվում էին: 2002 թվականից մինչև 2010 թվականը 273 մարդ դատապարտվել է ազատազրկման, իսկ ներկայումս 72 մարդ կրում են իրենց պատիժը, որի ժամկետը տատանվում է 24-ից 36 ամիսների միջև: Այս մարդիկ ենթարկվել են նաև հետապնդման այլ ձևերի, ինչպիսին է, օրինակ, անձնագիրը չտրամադրելը, առանց որի անհնար կլինի աշխատել, բացել բանկային հաշիվ կամ նույնիսկ ամուսնանալ:

91. Եզրակացնելով՝ որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունը կոչ է արել Մեծ Պալատին կիրառել «կենդանի փաստաթուղթ» դոկտրինը և համապատասխանեցնել նախադեպային իրավունքը ներկայիս հանգամանքներին: Այն պնդել է, որ անդամ պետություններում գործող՝ պաշտպանություն իրականացնելու հրամայականն այլևս կիրառելի չէ այս խնդրի վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշումներում գերակայող մակարդակում, իսկ անդամ պետություններն ազգային պարտադիր ծառայությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը կարող են բավարարել առանց 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ոտնահարելու:

Գ. Դատարանի գնահատականը

1. 9-րդ հոդվածի կիրառելիությունը

92. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի գործի նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը՝ վկայակոչելով Հանձնաժողովի նախադեպային իրավունքը, մինչդեռ դիմումատուն և որպես երրորդ կողմ ներգրավվածները պնդել են, որ այդ նախադեպային իրավունքը հնացած է, և խնդրել են համապատասխանեցնել այն ներկայիս հանգամանքներին:

ա) Համապատասխան նախադեպային իրավունքի ամփոփումը

93. Դատարանը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի նախնական դիրքորոշումն արտացոլվել է Գրանդռաթն ընդդեմ Գերմանիայի [Grandrath v. Germany] (թիվ 2299/64, Հանձնաժողովի՝ 1966 թվականի դեկտեմբերի 12-ի զեկույց, Տարեկան ամփոփագիրք 10, էջ 626) գործում, որը վերաբերում էր «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամին, ով ցանկանում էր ազատվել ոչ միայն զինվորական, այլ նաև դրան փոխարինող քաղաքացիական ծառայությունից: Նա պնդել է, որ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածն այն հիմքով, որ իշխանությունները ստիպել են իրեն իրականացնել մի ծառայություն, որը դեմ է իր խղճին և կրոնական համոզմունքներին, և այդ ծառայության կատարումից հրաժարվելու համար պատժել են դիմումատուին: Հանձնաժողովն ի սկզբանե նկատել է, որ թեև 9-րդ հոդվածն ընդհանուր առմամբ երաշխավորում էր մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պարունակում էր դրույթ, որը հստակորեն վերաբերում էր կրոնական համոզմունքներ ունեցող անձանց պարագայում զինվորական ծառայությունն այլ պարտադիր ծառայությամբ փոխարինելու հարցին: Այն եզրահանգել է, որ, քանի որ 4-րդ հոդվածով միանշանակ ճանաչվում է, որ կրոնական համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ զինվորական ծառայության փոխարեն կարող է կիրառվել քաղաքացիական ծառայությունը, համոզմունքներից հրաժարվելը, Կոնվենցիայի իմաստով, չի կարող հիմք հանդիսանալ՝ անձին նման ծառայությունից ազատելու համար: Հանձնաժողովը հարկ չի համարել քննարկել 9-րդ հոդվածում օգտագործվող «խղճի և կրոնի ազատություն» եզրույթի մեկնաբանության հարցը և եկել է այն եզրահանգման, որ այդ դրույթը՝ առանձին վերցրած, չի խախտվել:

94. Նույն կերպ, Գ.Զ.-ն ընդդեմ Ավստրիայի [G.Z. v. Austria] (թիվ 5591/72, Հանձնաժողովի՝ 1973 թվականի ապրիլի 2-ի որոշում, Ժողովածու 43, էջ 161) գործով Հանձնաժողովը նշել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը մեկնաբանելիս այն հաշվի է առել նաև Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի դրույթը, համաձայն որի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը չի ներառում «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը՝ համոզմունքներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»: 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում «այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում» արտահայտությունը ներառելով՝ Բարձր պայմանավորվող կողմերի ընտրությանն է թողնվել՝ ճանաչել, թե չճանաչել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, իսկ ճանաչելու դեպքում՝ նախատեսել, թե չնախատեսել փոխարինող ծառայության տեսակ: Հանձնաժողովը, այդ պատճառով, գտել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, ելնելով 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի որակումից, չի պարտավորեցնում պետությանը ճանաչել կրոնական համոզմունքի հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը և, հետևաբար, նախատեսել հատուկ գործողություններ՝ իրենց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքն իրացնելու համար այնքանով, որքանով դա ազդեցություն է ունենում նրանց պարտադիր զինվորական ծառայության վրա: Հետևաբար, նշված հոդվածները չեն արգելում այն պետությանը, որը չի ճանաչել նշված իրավունքը, պատժել այն անձանց, որոնք հրաժարվում են զինվորական ծառայություն իրականացնելուց:

95. Այդ մոտեցումն այնուհետև հաստատվել է Հանձնաժողովի կողմից Իքսն ընդդեմ Գերմանիայի [X v. Germany] գործով, որը վերաբերում էր դիմումատուի կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունը քաղաքացիական ծառայությամբ փոխարինելու հարցին (թիվ 7705/76, Հանձնաժողովի՝ 1977 թվականի հուլիսի 5-ի որոշում, Որոշումներ և զեկույցներ (DR) 9, էջ 201): Համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողներն ընդդեմ Դանիայի [Conscientious objectors v. Denmark] (թիվ 7565/76, Հանձնաժողովի՝ 1977 թվականի մարտի 7-ի որոշում, DR 9, էջ 117) գործով Հանձնաժողովը կրկին նշել է, որ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը ներառված չէ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների շարքում: Ա.-ն ընդդեմ Շվեյցարիայի [A. v. Switzerland] (թիվ 10640/83, Հանձնաժողովի` 1984 թվականի մայիսի 9-ի որոշում, DR 38, էջ 222) գործով Հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը և ավելացրել, որ ո՛չ զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվող դիմումատուին պատժի ենթարկելը, և ո՛չ էլ այն փաստը, որ այդ պատժի կատարումը չի կասեցվել, չեն կարող հանգեցնել 9-րդ հոդվածի խախտման:

96. Մի շարք գործերում նույնպես Հանձնաժողովը գտել է, որ Կոնվենցիան որպես այդպիսին չի երաշխավորում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը (տես Ն.-ն ընդդեմ Շվեդիայի [N. v. Sweden], թիվ 10410/83, Հանձնաժողովի՝ 1984 թվականի հոկտեմբերի 11-ի որոշում, DR 40, էջ 203. տես նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Օթիոն ընդդեմ Ֆինլանդիայի [Autio v. Finland], թիվ 17086/90, Հանձնաժողովի՝ 1991 թվականի դեկտեմբերի 6-ի որոշում, DR 72, էջ 246. և Փիթրսի և Հոդենսի գործերը՝ երկուսն էլ վերևում հիշատակված): Սույն գործերում, այնուամենայնիվ, Հանձնաժողովը պատրաստ էր ընդունել, որ, չնայած վերոհիշյալ սկզբունքներին, փաստերը կարող են ընդգրկվել 9-րդ հոդվածի շրջանակներում, իսկ դիմումատուների՝ խտրականության վերաբերյալ պնդումները պետք է հետևաբար քննվեին Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո:

97. Կրոնական հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դատապարտման հարցը երկու գործերով ներկայացվել է Դատարան: Այնուամենայնիվ, նշված երկու գործով էլ Դատարանն անհրաժեշտ չի համարել քննել 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը և որոշել է հարցին լուծում տալ Կոնվենցիայի այլ դրույթների, մասնավորապես 14-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա (տես Թլիմենոսի գործը՝ վերևում հիշատակված, §§ 43 և 53, և Ուլկեի գործը՝ վերևում հիշատակված, §§ 53-54 և 63-64):

բ) Արդյո՞ք անհրաժեշտ է փոփոխել նախադեպային իրավունքը

98. Թեև իրավական որոշակիության, կանխատեսելիության և օրենքի առջև հավասարության սկզբունքներից ելնելով՝ Դատարանը չպետք է առանց հիմնավոր պատճառի շեղում կատարի նախկին գործերով արտահայտած՝ նախադեպային իրավունք դարձած որոշումներից, սակայն Դատարանի կողմից դինամիկ և զարգացող մոտեցումներ չմշակելը նույնպես կառաջացնի խոչընդոտներ բարեփոխումների համար (տես Վիլհո Էսկելինենը և այլք ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] [Vilho Eskelinen and Others v. Finland [GC]], թիվ 63235/00, § 56, ՄԻԵԴ 2007-II, և Միկալեֆն ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Micallef v. Malta [GC]], թիվ 17056/06, « 81, ՄԻԵԴ 2009): Ծայրահեղ կարևոր է, որ Կոնվենցիան մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ դրանով սահմանված իրավունքները լինեն պրակտիկ և արդյունավետ, այլ ոչ թե տեսական և մտացածին (տես Սթեֆրդն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Stafford v. the United Kingdom [GC]], թիվ 46295/99, § 68, ՄԻԵԴ 2002-IV, և Քրիսթին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Christine Goodwin v. the United Kingdom [GC]], թիվ 28957/95, § 74, ՄԻԵԴ 2002-VI):

99. Դատարանը նշում է, որ մինչ սույն գործն այն երբևէ չի քննել կրոնական հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը, ի տարբերություն Հանձնաժողովի, որը մերժել է կիրառել այդ հոդվածը նման անձանց գործերով: Հանձնաժողովն այդպիսով Կոնվենցիայի 9-րդ հոդվածը կապել է 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հետ՝ գտնելով, որ դրանով կրոնական հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչման որոշումը թողնվել է Պայմանավորվող կողմերի հայեցողությանը: Հետևաբար, կրոնական հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք դուրս էին 9-րդ հոդվածի պաշտպանության սահմաններից, որը չի կարող մեկնաբանվել որպես բանակում ծառայելուց հրաժարվելու դեպքում քրեական հետապնդումից խուսափելու երաշխիք տրամադրող նորմ:

100. Դատարանը, այնուամենայնիվ, հակված չէ համարելու, որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի այդպիսի մեկնաբանությունն արտացոլում է այդ դրույթի իրական նպատակը և իմաստը: Այն նշում է, որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը 4-րդ հոդվածի 2-րդ կետով արգելված «հարկադիր և պարտադիր աշխատանք» հասկացության շրջանակներից բացառում է «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը՝ համոզմունքներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»: Դատարանը, այնուհետև, այս կապակցությամբ նշում է 4-րդ հոդվածի վերաբերյալ Travaux préparatoires-ը, որի 23-րդ պարբերությամբ սահմանվում է. «[«բ»] ենթակետում, կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ դրույթը նպատակ ունի մատնանշելու, որ օրենքով նրանցից պահանջվող ցանկացած ազգային ծառայություն չի ընդգրկվում պարտադիր կամ հարկադիր աշխատանք հասկացության մեջ: Քանի որ շատ երկրներ դեռևս չէին ճանաչել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, «այն երկրները, որոնք ճանաչել են այդ իրավունքը» արտահայտությունը նույնպես ներառվել էր»: Դատարանի կարծիքով Travaux préparatoires-ով հաստատվում է, որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի միակ նպատակն է տալ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության լրացուցիչ պարզաբանում: Այն ինքնին չի ճանաչում և ոչ էլ բացառում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, և հետևաբար այն չպետք է ունենա 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները սահմանափակող ազդեցություն:

101. Միևնույն ժամանակ Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ Հանձնաժողովի կողմից կիրառված՝ 9-րդ հոդվածի սահմանափակող մեկնաբանումը պայմանավորված է եղել տվյալ ժամանակահատվածում գերակայող մոտեցումներով: Այն, այնուամենայնիվ, հաշվի է առնում, որ տարիներ են անցել այն պահից, երբ Հանձնաժողովը Գրանդռաթի և Գ.Զ.-ն ընդդեմ Ավստրիայի (երկուսն էլ վերևում հիշատակված) գործերով առաջին անգամ ներկայացրել է իր պատճառաբանությունները՝ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը բացառելով 9-րդ հոդվածի շրջանակներից: Թեև հետագայում այլ գործերով կայացրած որոշումներում Հանձնաժողովը վերահաստատել է այդ պատճառաբանությունը, սակայն այդ առնչությամբ վերջին որոշումն ընդունվել է 1995 թվականին: Այդ ընթացքում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ ինչպես միջազգային, այնպես էլ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ներպետական իրավական համակարգերում:

102. Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որը պետք է մեկնաբանվի ներկայիս հանգամանքների լույսի ներքո և ներկայումս ժողովրդավարական պետություններում գերակայող գաղափարների հիման վրա (տես, ի թիվս այլ վճիռների, Տիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Tyrer v. the United Kingdom], 1978 թվականի ապրիլի 25 , § 31, շարք Ա թիվ 26; Քրեսսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Kress v. France [GC]], թիվ 39594/98, § 70, ՄԻԵԴ 2001-VI; և Քրիսթին Գուդվինի գործը՝ վերևում հիշատակված, § 75): Քանի որ Դատարանը մարդու իրավունքների պաշտպանության առաջնային և կարևոր համակարգ է, այն պետք է հաշվի առնի Պայմանավորվող պետությունների փոփոխվող հանգամանքները և չափանիշների սահմանման համար արձագանքի, օրինակ, ցանկացած ընդհանուր զարգացման (տես Սթեֆրդի գործը՝ վերևում հիշատակված, § 68, և Սքոփփոլան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [ՄՊ] [Scoppola v. Italy (no. 2) [GC]], թիվ 10249/03, § 104, 2009 թվականի սեպտեմբերի 17): Ավելին, Կոնվենցիայի բովանդակության մեջ ներառված եզրույթներն ու հասկացությունները սահմանելիս Դատարանը կարող է և պետք է Կոնվենցիայից բացի հաշվի առնի նաև միջազգային իրավունքի տարրերը և իրավասու մարմինների կողմից դրանց մեկնաբանությունները: Հատուկ գործերում Կոնվենցիայի դրույթները մեկնաբանելիս Դատարանի համար դիտարկման առարկա կարող են հանդիսանալ նաև մասնագիտական միջազգային փաստաթղթերից բխող ընդհանուր զարգացումները (տես Դեմիրը և Բայքարան ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Demir and Baykara v. Turkey [GC]], թիվ 34503/97, § 85, ՄԻԵԴ 2008):

103. Դատարանը նշում է, որ 1980-ականների վերջին և 1990-ականներին Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում և ավելի ուշ անդամակցած պետություններում նկատվել է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչման ակնհայտ միտում (տես վերևում՝ 47-րդ պարբերությունը): Նշված պետություններից 19-ը, որոնք դեռ չէին ճանաչել այդ իրավունքը, ամրագրեցին այն իրենց ազգային իրավական համակարգերում այն ժամանակ, երբ Հանձնաժողովը կայացրեց այդ խնդրի վերաբերյալ իր վերջին որոշումը: Այսպես, այն ժամանակ, երբ տեղի է ունեցել դիմումատուի՝ 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքին ենթադրյալ միջամտությունը, մասնավորապես, 2002-ից 2003 թվականներին, Հայաստանից բացի չորս այլ անդամ պետություններ դեռ չէին նախատեսել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք ունեցող անձի կարգավիճակ պահանջելու հնարավորությունը. չնայած նշված պետություններից երեքն արդեն իսկ ամրագրել էին այդ իրավունքն իրենց սահմանադրությունների մեջ, սակայն դեռ չէին ընդունել կիրարկող օրենքներ (տես վերևում՝ 48-րդ պարբերությունը): Այսպիսով, տվյալ ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև արդեն իսկ կար ընդհանուր համաձայնություն, որոնց գերակշռող մեծամասնությունն արդեն ճանաչել էր կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքն իրենց օրենսդրության և պրակտիկ կիրառման մեջ:

104. Ավելին, Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներից հետո երկու այլ անդամ պետություններ ընդունել են օրենքներ, որոնք ամբողջովին կարգավորում են կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ այսպիսով թողնելով Ադրբեջանին ու Թուրքիային որպես միակ անդամ պետություններ, որոնք դեռ չեն ճանաչել այդ իրավունքը: Այնուհետև, Դատարանը նշում է, որ Հայաստանը նույնպես ճանաչել է այդ իրավունքը դիմումատուին ազատ արձակելուց և սույն գանգատը ներկայացվելուց հետո:

105. Դատարանը ցանկանում է նաև անդրադառնալ տարբեր միջազգային ֆորաներում այդ իրավունքի ճանաչման վերաբերյալ ոչ պակաս կարևոր զարգացումներին: Ամենահատկանշականը ՄԱԿ-ի ՄԻԿ-ի կողմից ՔՔԻՄԴ-ի դրույթների (8-րդ և 18-րդ հոդվածներ) մեկնաբանությունն է, որոնք նման են Կոնվենցիայի դրույթներին (4-րդ և 9-րդ հոդվածներ): Ի սկզբանե, ՄԱԿ-ի ՄԻԿ-ի մոտեցումը համընկնում էր Եվրոպական հանձնաժողովի մոտեցմանը, համաձայն որի կրոնական համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը դուրս էր մնում ՔՔԻՄԴ-ի 18-րդ հոդվածի շրջանակից: Այնուամենայնիվ, 1993 թվականին իր թիվ 22 ընդհանուր մեկնաբանության մեջ այն փոփոխել է իր նախնական մոտեցումը և գտել, որ վիճարկվող իրավունքը կարող է ծագել ՔՔԻՄԴ-ի 18-րդ հոդվածից այնքանով, որ մահացու ուժի օգտագործման պարտականությունը կարող է լուրջ հակասություն առաջացնել խղճի ազատության և կրոնի կամ համոզմունքների արտահայտման իրավունքի հետ: 2006 թվականին ՄԱԿ-ի ՄԻԿ-ն ակնհայտորեն հրաժարվել է կիրառել ՔՔԻՄԴ-ի 8-րդ հոդվածը Հարավային Կորեայի դեմ բերված՝ այդ իրավունքին վերաբերող երկու գործերի նկատմամբ և նրանց ներկայացրած բողոքները քննել է բացառապես ՔՔԻՄԴ-ի 18-րդ հոդվածի ներքո՝ գտնելով, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում՝ զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների հիման վրա հրաժարվելու համար դիմումատուներին դատապարտելու հետևանքով (տես վերևում՝ 59-64-րդ պարբերությունները):

106. Եվրոպայի պարագայում հարկ է ուշադրության արժանացնել 2000 թվականին Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի հրապարակմանը, որն ուժի մեջ է մտել 2009 թվականին: Թեև Խարտիայի 10-րդ հոդվածը գրեթե տառացիորեն վերարտադրում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետը, դրա երկրորդ պարբերությունը հստակորեն սահմանում է հետևյալը՝ «Կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվում է՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ազգային օրենսդրությանը համապատասխան» (տես վերևում՝ 57-րդ պարբերությունը): Նման հստակ լրացումն անկասկած ունի միտումներ (տես, mutatis mutandis, Քրիսթին Գուդվինի գործը՝ վերևում հիշատակված, § 100, և Սքոփփոլայի (թիվ 2) գործը՝ վերևում հիշատակված, § 105) և արտացոլում է Եվրոպական միության անդամ պետությունների կողմից այդ իրավունքի միասնական ճանաչումը, ինչպես նաև արդի եվրոպական հասարակության մեջ այդ իրավունքին տրվող կշիռը:

107. Եվրոպայի խորհրդի շրջանակներում Խորհրդարանական վեհաժողովը և Նախարարների կոմիտեն մի շարք գործերով նույնպես կոչ են արել այն անդամ պետություններին, որոնք դեռ չեն արել դա, ճանաչել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը (տես վերևում՝ 51-55-րդ պարբերությունները): Ավելին, այդ իրավունքի ճանաչումը դարձել է նոր անդամ պետությունների անդամակցության համար պարտադիր նախապայման (տես, օրինակ, վերևում՝ 50-րդ պարբերությունը): 2001 թվականին Խորհրդարանական վեհաժողովը, անդրադառնալով նախկինում իր կողմից արված կոչերին, հատկապես նշել է, որ այդ իրավունքը Կոնվենցիայով նախատեսված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հիմնարար տարրն է (տես վերևում՝ 52-րդ պարբերությունը): 2010 թվականին Նախարարների կոմիտեն, հիմք ընդունելով ՄԱԿ-ի ՄԻԿ-ի նախադեպային իրավունքի զարգացումները, ինչպես նաև Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի դրույթները, նույնպես հաստատել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված՝ խղճի և կրոնի ազատության հասկացության նման մեկնաբանությունը և առաջարկել է, որ անդամ պետությունները զորակոչիկների համար ապահովեն կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք ունեցող անձի կարգավիճակ ստանալու իրավունքը (տես վերևում՝ 55-րդ պարբերությունը):

108. Դատարանը, հետևաբար, եզրահանգում է, որ Գրանդռաթի (վերևում հիշատակված) գործով Հանձնաժողովի որոշումից և դրա հետագա որոշումներից ի վեր Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գերակշռող մասի ներպետական օրենսդրությունները համապատասխան միջազգային փաստաթղթերի հետ մեկտեղ հանգեցրել են այն արդյունքի, որ ներկա պահին Եվրոպայում և դրա սահմաններից դուրս տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունի գրեթե մեկ ընդհանրական մոտեցում: Այս զարգացումների լույսի ներքո չի կարելի պնդել, որ 2002-ից 2003 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 9-րդ հոդվածի մեկնաբանության փոփոխությունն անկանխատեսելի էր: Ավելին, Հայաստանը նույնպես հանդիսանում էր ՔՔԻՄԴ-ի կողմ և պարտավորվել էր Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո ընդունել օրենք, որով կճանաչեր այդ իրավունքը:

109. Հաշվի առնելով վերոգրյալը և «կենդանի փաստաթուղթ» մոտեցմանը համապատասխան՝ Դատարանը, հետևաբար, այն կարծիքին է, որ հնարավոր չէ հաստատել Հանձնաժողովի կողմից սահմանված նախադեպային իրավունքը, և 9-րդ հոդվածն այսուհետ չպետք է մեկնաբանվի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հետ համակցությամբ: Հետևաբար, դիմումատուի բողոքը պետք է քննարկել բացառապես 9-րդ հոդվածի ներքո:

110. Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ 9-րդ հոդվածը մանրամասն չի անդրադառնում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքին: Սակայն այն հաշվի է առնում, որ զինվորական ծառայությունից հրաժարվելն այն դեպքում, երբ դա պայմանավորված է եղել բանակում ծառայելու պարտականության ու անձի խղճի կամ խորը և իրական կրոնական կամ այլ համոզմունքների միջև լուրջ և ծանրակշիռ հակասությամբ, հանգեցնում է համոզմունքի կամ հավատքի բավարար հիմնավորվածության, լրջության, հետևողականության և կարևորության՝ 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ներգրավման համար (տես, mutatis mutandis, Քեմփբելն ու Քոսանսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Campbell and Cosans v. the United Kingdom], 1982 թվականի փետրվարի 25, § 36, շարք Ա թիվ 48, և, ի հակադրություն՝ Փրիթթին ընդդեմ Միացյալ Թագավորության [Pretty v. the United Kingdom], թիվ 2346/02, § 82, ՄԻԵԴ 2002-III): Այն հարցը, թե արդյոք այդ դրույթը տարածվում է զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի վրա և ինչ ծավալով է տարածվում, պետք է քննարկվի յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո:

111. Տվյալ գործով դիմումատուն «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է, կրոնական մի խումբ, որի համոզմունքները դեմ են անգամ առանց զենքի զինվորական ծառայությանը: Դատարանը, հետևաբար, պատճառ չունի կասկածելու, որ դիմումատուի կողմից զինվորական ծառայությունից հրաժարվելը պայմանավորված է եղել իր կրոնական համոզմունքներով, որոնք ի սկզբանե եղել են, և լուրջ ու աներկբա հակասության մեջ են եղել զինվորական ծառայություն իրականացնելու իր պարտականության հետ: Այս իմաստով և ի հակասություն Կառավարության կողմից ներկայացված առարկության (տես վերևում՝ 81-րդ պարբերությունը), դիմումատուի իրավիճակը պետք է տարբերակել մեկ այլ իրավիճակից, որը վերաբերում է մի պարտականության, որի կատարումն առնչություն չունի կոնկրետ համոզմունքների հետ, ինչպիսին է, օրինակ, հարկ վճարելու ընդհանուր պարտականությունը (տես, Ց.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [C. v. the United Kingdom], թիվ 10358/83, Հանձնաժողովի՝ 1983 թվականի դեկտեմբերի 15-ի որոշում, DR 37, էջ 142): Հետևաբար, 9-րդ հոդվածը կիրառելի է դիմումատուի գործի նկատմամբ:

2. 9-րդ հոդվածին համապատասխանությունը

ա) Արդյո՞ք տեղի է ունեցել միջամտություն

112. Դատարանը գտնում է, որ զորակոչին չներկայանալով դիմումատուն արտահայտել է իր կրոնական համոզմունքները: Նրա դատապարտումը զորակոչից խուսափելու համար, հետևաբար, 9-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ կրոնի արտահայտման ազատության իրավունքին միջամտություն է: Նման միջամտությունը հակասում է 9-րդ հոդվածին, քանի դեռ այն «նախատեսված չի եղել օրենքով», չի հետապնդել մեկ կամ ավելի իրավաչափ նպատակներ, ինչպես նախատեսված է հոդվածի 2-րդ կետով, և «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում» (տես, ի թիվս այլ վճիռների, Բուսկարինին և այլք ընդդեմ Սան Մարինոյի [ՄՊ] [Buscarini and Others v. San Marino [GC]], թիվ 24645/94, § 34, ՄԻԵԴ 1999-I):

բ) Արդյո՞ք միջամտությունն արդարացված էր

i) Նախատեսված է օրենքով

113. Դատարանը կրկին ընդգծում է իր կողմից հաստատված նախադեպային իրավունքը, համաձայն որի «նախատեսված է օրենքով» արտահայտությունն առաջին հերթին պահանջում է, որ կիրառված միջոցը հիմնված լինի ներպետական օրենքի վրա: Այն նաև անդրադառնում է խնդրո առարկա օրենքի որակին՝ պահանջելով, որ այն լինի մատչելի այն անձանց համար, ում դա վերաբերում է, և ձևակերպված լինի բավարար հստակորեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվությամբ, կոնկրետ հանգամանքների դեպքում հնարավորինս կանխատեսի տվյալ գործողության հետևանքները և կարգավորի նրանց վարքագիծը (տես, ի թիվս այլ վճիռների, Գորժելիկը և այլք ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Gorzelik and Others v. Poland [GC]], թիվ 44158/98, § 64, ՄԻԵԴ 2004-I):

114. Դատարանը դիտարկում է, որ դիմումատուի դատապարտումը հիմնված է եղել այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր պատիժ՝ զորակոչից խուսափելու համար: Այնուհետև, այն դիտարկում է, որ դիմումատուի դատապարտման ժամանակ այլընտրանքային ծառայության մասին օրենք չի եղել, և ՀՀ Սահմանադրությամբ և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով պահանջվում էր, որ բոլոր 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները, ովքեր ճանաչվել են ֆիզիկապես պիտանի, իրականացնեն զինվորական ծառայություն: Դատարանը հաշվի է առնում, որ սույն դրույթները, որոնք անկասկած եղել են մատչելի, կազմված են եղել բավականին հստակ եզրույթներով:

115. ճիշտ է նաև, որ, ըստ էության, գոյություն է ունեցել անհամապատասխանություն նշված ներպետական դրույթների և Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած հանձնառությունների միջև, մասնավորապես, ընդունել այլընտրանքային ծառայության մասին օրենք անդամակցելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, և միաժամանակ ներում շնորհել ազատազրկման դատապարտված՝ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող բոլոր անձանց՝ թույլատրելով նրանց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխարենն իրականացնել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն (տես վերևում՝ 50-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, չի ցանկանում լուծել ներպետական օրենսդրության և Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառության միջև գոյություն ունեցող այդ ակնհայտ հակասության հարցը: Սույն համատեքստում Դատարանը նաև անհրաժեշտ չի համարում քննարկել իշխանությունների կողմից ՔՔԻՄԴ-ի դրույթները չպահպանելու հարցը (տես վերևում՝ 59-րդ պարբերությունը):

116. Հետևաբար, ելնելով սույն գործի նպատակներից և հաշվի առնելով միջամտության անհրաժեշտության վերաբերյալ իր եզրահանգումները (տես ներքևում՝ 124-128-րդ պարբերությունները), Դատարանը նպատակահարմար է համարում չքննարկել միջամտության՝ օրենքով նախատեսված լինելու հարցը:

ii) Իրավաչափ նպատակ

117. Կառավարությունը վկայակոչել է հասարակական կարգի և այլոց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Դատարանը, այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում համոզիչ չի համարում Կառավարության անդրադարձը նշված նպատակներին՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուի դատապարտման ժամանակ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պարտավորված են եղել ընդունել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք և իհարկե զերծ մնալ կրոնական համոզմունքներ կրող անձանց նոր դատապարտումներից (տես ներքևում՝ 127-րդ պարբերությունը): Այն, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում վերջնականորեն հաստատել, թե արդյոք Կառավարության կողմից ներկայացված նպատակները եղել են իրավաչափ՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, քանի որ, եթե անգամ ենթադրվի, որ դրանք ամեն դեպքում եղել են իրավաչափ, միևնույնն է, միջամտությունը չի համապատասխանել այդ դրույթներին՝ ստորև ներկայացվող պատճառաբանությամբ:

iii) Անհրաժեշտ՝ ժողովրդավարական հասարակությունում

118. Դատարանը կրկին նշում է, որ ինչպես նախատեսված է 9-րդ հոդվածում, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» հիմնասյուններից մեկն է: Այս ազատությունն իր կրոնական ուղղվածությամբ այն կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը լրացնում է հավատացյալների ինքնությունը և կյանքի մասին նրանց պատկերացումը, բացի դրանից, այն նաև անգնահատելի միջոց է աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների և դեռևս չկողմնորոշվածների համար: Ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասը կազմող բազմակարծությունը, որը ձեռք է բերվել դարերի ընթացքում, պայմանավորված է դրանով: Այս ազատությունն անձին օժտում է, inter alia, կրոնական համոզմունքներ ունենալու կամ չունենալու, կրոնին պատկանելու կամ չպատկանելու իրավունք (տես Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis v. Greece], 1993 թվականի մայիսի 25, § 31, շարք Ա թիվ 260-Ա. Բուսկարինին և այլք՝ վերևում հիշատակված, § 34. և Լեյլա Շահինն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Leyla Şahin v. Turkey [GC]], թիվ 44774/98, § 104, ՄԻԵԴ 2005-XI):

119. Թեև կրոնական ազատությունը հիմնականում անհատի գիտակցության հարցն է, այն նաև ներառում է, inter alia, անհատականորեն ու գաղտնի կամ խմբով միևնույն հավատքը կրող այլ անձանց հետ ու հրապարակայնորեն իրենց կրոնի արտահայտման ազատությունը: 9-րդ հոդվածը թվարկում է անձի կրոնի կամ հավատքի արտահայտման մի քանի տեսակ՝ պաշտամունք, ուսուցում, պրակտիկ կիրառում և դիտարկում (տես Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Hasan and Chaush v. Bulgaria [GC]], թիվ 30985/96, § 60, ՄԻԵԴ 2000-XI, և Բեսարաբիայի մետրոպոլիտական եկեղեցին և այլք ընդդեմ Մոլդովայի [Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova], թիվ 45701/99, § 114, ՄԻԵԴ 2001-XII):

120. Դատարանը հաճախ է ընդգծել պետության դերը՝ որպես տարբեր կրոնների, հավատքների և համոզմունքների իրականացման անկողմնակալ և անաչառ կազմակերպիչ, և նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում այդ դերը պետք է հանգեցնի հասարակական կարգի ապահովման, կրոնական ներդաշնակության և հանդուրժողականության: Պետության՝ անաչառության և անկողմնակալության պարտականությունն անհամատեղելի է պետության կողմից ցանկացած միտման հետ՝ գնահատելու կրոնական համոզմունքների իրավաչափությունը կամ դրանք արտահայտելու եղանակները (տես Մանուսակիսը և այլք ընդդեմ Հունաստանի [Manoussakis and Others v. Greece], 1996 թվականի սեպտեմբերի 26, § 47, Զեկույցներ 1996-IV, և Հասանի և Չաուշի գործը՝ վերևում հիշատակված, § 78):

121. Իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ Դատարանը Կոնվենցիայի կողմ պետություններին տալիս է որոշակի հայեցողության շրջանակ՝ միջամտության անհրաժեշտությունը և դրա սահմանները որոշելու համար: Այս հայեցողության շրջանակը համահունչ է եվրոպական վերահսկողության հետ, որն ընդգրկում է և՛ օրենքը, և՛ այն կիրառող որոշումները: Դատարանի խնդիրն է պարզել, թե արդյոք ներպետական մակարդակում կիրառված միջոցները սկզբունքորեն արդարացված և համաչափ են եղել (տես Մանուսակիսը և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 44; Բեսարաբիայի մետրոպոլիտական եկեղեցին և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 119; և Լեյլա Շահինի գործը՝ վերևում հիշատակված, § 110):

122. Սույն գործով հայեցողության շրջանակի սահմանները որոշելու համար Դատարանը պետք է հաշվի առնի, թե ինչ է դրված նժարին, մասնավորապես՝ իրական կրոնական բազմակարծությունը պահպանելու անհրաժեշտությունը, ինչը ժողովրդավարական հասարակության գոյության կենսական պայման է (տես Մանուսակիսը և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 44, և Բեսարաբիայի մետրոպոլիտական եկեղեցին և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 119): Դատարանը ուշադրության կարժանացնի նաև Կոնվենցիայի կողմ պետությունների համընդհանուր մոտեցումը և պրակտիկայից բխող ընդհանուր արժեքները (տես, mutatis mutandis, X-ը, Y-ը և Z-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [X, Y and Z v. the United Kingdom], 1997 թվականի ապրիլի 22, § 44, Զեկույցներ 1997-II, և Դիքսնն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Dickson v. the United Kingdom [GC]], թիվ 44362/04, § 78, ՄԻԵԴ 2007-V):

123. Դատարանն արդեն վերևում նշել է, որ Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր անդամ պետությունները, որոնք ունեցել են կամ մինչ այժմ ունեն պարտադիր զինվորական ծառայություն, ընդունել են այլընտրանքային ծառայության տարբերակներ՝ անհատի համոզմունքների և զինվորական պարտականության միջև հնարավոր հակասությունը հարթելու համար: Հետևաբար, այն պետությունը, որը չի արել դա, ունի հայեցողության միայն նեղ շրջանակ և պետք է ներկայացնի համոզիչ և ուժեղ փաստարկներ՝ ցանկացած միջամտություն հիմնավորելու համար: Մասնավորապես, այն պետք է ցույց տա, որ միջամտությունը «ճնշող սոցիալական կարիքի» արդյունք է (տես Մանուսակիսը և այլք՝ վերևում հիշատակված, § 44, Սերիֆն ընդդեմ Հունաստանի [Serif v. Greece], թիվ 38178/97, § 49, ՄԻԵԴ 1999-IX, Բեսարաբիայի մետրոպոլիտական եկեղեցին և այլք՝ վերևում հիշատակված, § 119, Ագգան ընդդեմ Հունաստանի (թիվ 2) [Agga v. Greece (no. 2)], թիվ 50776/99 և 52912/99, § 56, 2002 թվականի հոկտեմբերի 17, և Փրկության բանակի՝ Մոսկվայի մասնաճյուղն ընդդեմ Ռուսաստանի [Moscow Branch of the Salvation Army v. Russia], թիվ 72881/01, § 62, ՄԻԵԴ 2006-XI):

124. Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ սույն գործում դիմումատուն, հանդիսանալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, փորձել է ազատվել զինվորական ծառայությունից ոչ թե անձնական շահերից կամ հարմարությունից, այլ իր իրական կրոնական համոզմունքներից ելնելով: Քանի որ Հայաստանում չկար այլընտրանքային քաղաքացիական ծառայություն տվյալ պահին, դիմումատուն չուներ այլընտրանք, քան հրաժարվել զորակոչից, քանի որ պետք է հավատարիմ մնար իր հավատքին և համոզմունքներին և իր այդ արարքով ենթարկվել քրեական պատասխանատվության: Այսպես, տվյալ ժամանակ գործող համակարգը քաղաքացիների վրա դնում էր մի պարտականություն, որը լուրջ հետևանքներ կարող էր առաջացնել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար՝ չնախատեսելով կրոնական հիմքով որևէ բացառություն և սահմանելով պատիժ զինվորական ծառայությունից խուսափողների համար: Դատարանի կարծիքով, նման համակարգով չի ապահովվում արդարացի հավասարակշռութուն հասարակության ընդհանուր և դիմումատուի շահերի միջև: Հետևաբար, այն գտնում է, որ դիմումատուի նկատմամբ պատժի կիրառումը այն դեպքում, երբ իր խղճի և համոզմունքների պահանջների կապակցությամբ որևէ զիջում նախատեսված չէր, չի կարող համարվել ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց: Մինչդեռ մրցակցող շահերի համար պետք է նախատեսված լինեին նվազագույն արդյունավետ և կիրառելի այլընտրանքներ, ինչպես դա ցույց է տալիս եվրոպական պետությունների մեծամասնության փորձը:

125. Դատարանն ընդունում է, որ զինվորական պարտադիր ծառայություն նախատեսող ցանկացած համակարգ քաղաքացիների վրա դնում է ծանր բեռ: Այն կարող է արդարացվել միայն հավասար բաշխման դեպքում, և եթե այդ պարտականությունից ազատելը կատարվում է համոզիչ և հիմնավոր հիմքերով (տես Օթիոյի գործը՝ վերևում հիշատակված): Դատարանն արդեն գտել է, որ դիմումատուն ներկայացրել է համոզիչ և հիմնավոր պատճառաբանություններ՝ զինվորական ծառայությունից ազատվելու համար (տես վերևում՝ 111-րդ պարբերությունը): Այն նաև նշում է, որ դիմումատուն ընդհանուր առմամբ երբեք չի հրաժարվել իր քաղաքացիական պարտականությունները կատարելուց: Հակառակը, նա ակնհայտորեն դիմել է իշխանություններին՝ իրեն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնելու հնարավորություն տրամադրելու խնդրանքով: Այսպես, դիմումատուն պատրաստ էր, համոզիչ պատճառներից ելնելով, պարտադիր զինվորական ծառայություն անցնող իր համաքաղաքացիների հետ հավասարապես կիսել սոցիալական բեռը՝ այլընտրանքային ծառայություն կատարելու միջոցով: Նման հնարավորության բացակայության պարագայում դիմումատուն փոխարենը կրել է պատիժ:

126. Դատարանը, այնուհետև, կրկին նշել է, որ բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը «ժողովրդավարական հասարակության» չափանիշներն են: Անվիճելի է, որ խմբի շահերը պետք է գերադասվեն անհատական շահերից, այնուամենայնիվ ժողովրդավարություն չի նշանակում, որ մեծամասնության կարծիքը պետք է մշտապես գերակայի. անհրաժեշտ է հասնել հավասարակշռության, որը կապահովի արդարացի և համապատասխան վերաբերմունք փոքրամասնությունների նկատմամբ և կբացառի գերակայող դիրքի ցանկացած չարաշահում (տես Լեյլա Շահինի գործը՝ վերևում հիշատակված, § 108): Այսպես, դիմումատուի նման փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի նկատմամբ պետության կողմից հարգանքի դրսևորումը՝ վերջիններիս կողմից իրենց համոզմունքներին համապատասխան ձևով հասարակությանը ծառայելու հնարավորություն տրամադրելու միջոցով, կստեղծի առավել միասնական և կայուն բազմակարծություն, խթան կհանդիսանա կրոնական ներդաշնակության և հասարակության շրջանում հանդուրժողականության համար, որն ավելի գերադասելի է, քան, ինչպես Կառավարությունն է պնդում, անարդար անհավասարություններ ստեղծելը կամ խտրականություն ցուցաբերելը:

127. Դատարանը, ի վերջո, նշում է, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և դատապարտումը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պաշտոնապես պարտավորություն էին ստանձնել Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո որոշակի ժամկետում ընդունել այլընտրանքային ծառայության մասին օրենք (տես վերևում՝ 50-րդ պարբերությունը): Ավելին, չնայած տվյալ ժամանակահատվածում կրոնական համոզմունքներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց չդատապարտելու վերաբերյալ ուղղակի մատնանշում չկար Խորհրդարանական վեհաժողովի թիվ 221 կարծիքում, կարելի է ասել, որ դա բխում էր հետևյալ արտահայտությունից. «... միաժամանակ ներում շնորհել բոլոր կրոնական համոզմունքներով զինվորական ծառայությունից հրաժարվող այն անձանց, ովքեր ազատազրկվել են ... փոխարենը թույլատրելով նրանց ... , օրենքն ուժի մտնելուց հետո ... իրականացնել ... այլընտրանքային քաղաքացիական ծառայություն»: Հայաստանի իշխանությունների կողմից նման պարտավորությունների ստանձնումը նշանակում է, որ խղճի ազատությունը կարող է արտահայտվել զինվորական ծառայությունից հրաժարվելու միջոցով, և խնդրի հանգուցալուծումը պետք է լինի այլընտրանքային միջոցների ընդունումը, այլ ոչ թե այդ անձանց նկատմամբ պատիժների կիրառումը: Հետևաբար, համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դիմումատուին դատապարտելն ուղղակի հակասում էր տվյալ ժամանակահատվածում ի կատարումն ստանձնած միջազգային հանձնառությունների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների պաշտոնական քաղաքականությանը, և նման հանգամանքներում չի կարելի ասել, որ այն թելադրված էր ճնշող սոցիալական կարիքով: Այս իրավիճակն ավելին քան այդպիսին է՝ հաշվի առնելով, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքն ընդունվել է ավելի շուտ, քան դիմումատուի վերջնական դատապարտումից հետո մեկ տարվա ընթացքում: Այն փաստը, որ դիմումատուն հետագայում պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, չի փոխում իրավիճակը: Նոր օրենքի ընդունումը նույնպես չի ունեցել որևէ ազդեցություն դիմումատուի գործի վրա:

128. Վերը նշված բոլոր պատճառաբանություններից ելնելով՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի դատապարտումը միջամտություն է, որն անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, տեղի է ունեցել նշված դրույթի խախտում:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

129. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

Ա. Վնասը

130. Դիմումատուն պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

131. Կառավարությունը նշել է, որ ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը չափազանցված է: Ավելին, դիմումատուն չի ապացուցել, որ փաստացի կրել է ոչ նյութական վնաս: Ամեն դեպքում իրավունքի խախտման ճանաչումը բավարար փոխհատուցում է:

132. Դատարանը համարում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս՝ կրոնական համոզմունքներից ելնելով բանակում ծառայելուց հրաժարվելու համար դատապարտվելու և ազատազրկման ենթարկվելու հետևանքով: Ելնելով արդարացիության սկզբունքից՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Բ. Ծախսերը և ծախքերը

133. Դիմումատուն պահանջել է ընդհանուր 17 500 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի համար փոխհատուցում, ներառյալ՝ 3 000 եվրո՝ ներպետական վարույթներում կրած դատական ծախսերի դիմաց, 11 500 եվրո՝ Պալատի վարույթում կրած դատական ծախսերի դիմաց, և 3 000 եվրո՝ Մեծ Պալատի վարույթում կրած դատական ծախսերի դիմաց, այդ թվում՝ լսումներին ներկա գտնվելու ծախսերը: Դիմումատուն ներկայացրել է երեք (մեկը՝ ներպետական և երկուսը՝ օտարերկրյա) իրավաբանների հաշիվ-ապրանքագրեր, որոնցում նշված էին մինչ գործով վերջնական որոշման կայացման պահը և ներառյալ որոշման կայացումը յուրաքանչյուր փուլի դիմաց վճարման ենթակա միանվագ գումարներ:

134. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն կարող է պահանջել ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն 9-րդ հոդվածի ներքո ներկայացրած իր բողոքների առնչությամբ, քանի որ Կոնվենցիայի մյուս հոդվածների ներքո ներկայացված իր բողոքները հայտարարվել էին անընդունելի: Ամեն դեպքում ծախսերի և ծախքերի մասով նրա պահանջը պատշաճորեն հիմնավորված չէր համապատասխան փաստաթղթերով, և դիմումատուն չէր ներկայացրել որևէ ապացույց, որ այդ ծախսերը փաստացի կատարվել են: Դիմումատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերը չեն կարող համարվել վճարումը փաստացի կատարված լինելու վերաբերյալ ապացույց կամ իր և իր իրավաբանների միջև կնքված համաձայնություն՝ հետագայում այդ գումարները վճարելու վերաբերյալ: Ավելին, անընդունելի է պահանջել ապագայում կատարվելիք ծախսերի փոխհատուցում, ինչպիսիք են, օրինակ, լսումներին ներկա գտնվելու հետ կապված ծախսերը: Ավելին, իրավաբանների վճարները ողջամիտ չէին, ուռճացված և չափազանցված էին, բացի այդ դիմումատուն վարձել էր մեծ քանակությամբ իրավաբաններ, որի հետևանքով կատարվել էր կրկնակի աշխատանք: Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ երկու օտարերկրյա իրավաբանները Կանադայի ռեզիդենտներ էին և, հետևաբար, չէին համապատասխանում դիմումատուին ներկայացնելու համար պահանջվող չափանիշներին:

135. Դատարանը կրկին նշում է, որ փոխհատուցման ենթակա են միայն ճանաչված խախտումների առնչությամբ ներկայացված դատական ծախսերը (տես Բեյելերն ընդդեմ Իտալիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Beyeler v. Italy (just satisfaction) [GC]], թիվ 33202/96, § 27, 2002 թվականի մայիսի 28): Սույն գործում դիմումատուի կողմից Դատարան ներկայացված սկզբնական գանգատը ներառում էր Կոնվենցիայի բազմաթիվ այլ հոդվածների՝ 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի, 6-րդ և 14-րդ հոդվածների մասով բողոքներ, որոնք հայտարարվել են անընդունելի: Հետևաբար, դիմումատուի պահանջը չի կարող բավարարվել ամբողջությամբ, այն պետք է համապատասխանաբար նվազեցվի: Դատարանը, այնուամենայնիվ, համաձայն չէ Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուի պահանջը պատշաճորեն չի հիմնավորվել համապատասխան փաստաթղթերով, կամ որ ներկայացված գումարներն ուռճացված են կամ ողջամիտ չեն: Դատարանը չի համաձայնվում նաև Կառավարության մեկ այլ փաստարկին, որը վերաբերում է երկու օտարերկրյա իրավաբաններին, քանի որ վերջիններիս թույլատրվել է պաշտպանել դիմումատուի իրավունքները Դատարանում: Առկա տեղեկությունների հիման վրա կատարելով իր հաշվարկները՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 10 000 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի դիմաց փոխհատուցում:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

136. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝

1. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում.

2. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

3. Մերժում է միաձայն դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և ֆրանսերենով, կայացվել է 2011 թվականի հուլիսի 7-ին՝ Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների Դատարանի շենքում կայացած դռնբաց լսմանը:

Վինսնթ Բերգեր

Իրավախորհրդատու Ժան-Փոլ Կոստա

Նախագահ

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան` այս վճռին կից ներկայացվում է դատավոր Գյուլումյանի առանձին կարծիքը:

Ժ.-Փ. Կ.

Վ.Բ.

ԴԱՏԱՎՈՐ ԳՅՈԻԼՈԻՄՅԱՆԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

Ցավոք, ես չեմ կարող համաձայնել Մեծ Պալատի մեծամասնության հետ, որ սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:

1. Սույն գործով դիմումատուն դատապարտվել է իր կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, քանի որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում դեռևս չէր ընդունվել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք: Դիմումատուն դատապարտվել էր երկուսուկես տարի ժամկետով ազատազրկման և 2003 թվականի հուլիսի 22-ին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել՝ իր պատժից կրելով տասնուկես ամիս ժամկետով ազատազրկում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 1-ին:

2. Արտահայտելով կարծիքս՝ ես չեմ ցանկանում ընդգծել մտքի, խղճի և կրոնի ազատությանը, ինչպես նաև կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի նկատմամբ իմ կողմից տրվող կարևորությունը, սակայն չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, որ վերջինս ուղղակիորեն նախատեսված չէ Կոնվենցիայով:

Կոնվենցիան և դրան կից արձանագրությունները, որպես այդպիսին, չեն երաշխավորում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու որևէ իրավունք: Կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար զինվորական կամ այն փոխարինող քաղաքացիական ծառայությունից ազատվելու իրավունք Կոնվենցիայի 9-րդ հոդվածով չի սահմանվում: Այն նաև չի արգելում պետությանը կիրառել պատժամիջոցներ նման ծառայությունից հրաժարված անձանց նկատմամբ:

Դատարանը մի շարք դեպքերում նշել է, որ 9-րդ հոդվածը չի պաշտպանում ցանկացած գործողություն, որը դրդվել կամ ոգեշնչվել է կրոնից կամ հավատքից (տես, ի թիվս այլ վճիռների, Կալաչն ընդդեմ Թուրքիայի [Kalaç v. Turkey], 1997 թվականի հուլիսի 1, § 27, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-IV, Արոուսմիթն ընդդեմ Միացյալ Թագավորության [Arrowsmith v. the United Kingdom], թիվ 7050/75, Հանձնաժողովի՝ 1978 թվականի հոկտեմբերի 12-ի զեկույց, Որոշումներ և զեկույցներ (DR) 19, էջ 6, Ց.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [C. v. the United Kingdom], թիվ 10358/83, Հանձնաժողովի՝ 1983 թվականի դեկտեմբերի 15-ի որոշում, DR 37, էջ 142, Թեփելին և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Tepeli and Others v. Turkey (dec.)], թիվ 31876/96, 2001 թվականի սեպտեմբերի 11, և Լեյլա Շահինն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Leyla Şahin v. Turkey [GC]], թիվ 44774/98, § 105, ՄԻԵԴ 2005-XI):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր թիվ 1518(2001) և 1742(2006) հանձնարարականներում առաջարկել է Նախարարների կոմիտեին լրացուցիչ արձանագրության միջոցով Կոնվենցիայում ամրագրել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, որը մերժվել է Նախարարների կոմիտեի կողմից: Ինչպես Խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը նույնպես գտել է, որ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքն անքակտելի է մտքի, խղճի և կրոնի ազատության հասկացությունից և նույնպես կոչ է արել ամրագրել այդ իրավունքը Կոնվենցիայում:

Ես կարծում եմ, որ Դատարանի դերն է պաշտպանել մարդու այն իրավունքները, որոնք արդեն նախատեսված են Կոնվենցիայով, այլ ոչ թե սահմանել նոր իրավունքներ: Որևէ մեկը կարող է պնդել, որ Կոնվենցիան որպես զարգացող փաստաթուղթ համարելու մոտեցումը Դատարանին թույլ է տալիս ընդլայնել պաշտպանվող իրավունքները: Սակայն դա իմ կարծիքով անթույլատրելի է այն դեպքում, երբ Կոնվենցիան Պայմանավորող կողմերի հայեցողությանն է թողնում առանձին իրավունքների ճանաչումը:

Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով «կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքի ճանաչման ընտրությունը հստակորեն վերապահվել է յուրաքանչյուր Պայմանավորող կողմի» (տես Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [Bayatyan v. Armenia], թիվ 23459/03, § 63, 2009 թվականի հոկտեմբերի 27): Սույն դրույթը «հարկադիր աշխատանք» հասկացությունից բացառում է «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը՝ համոզմունքներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»:

3. Ես հիմնովին համաձայն չեմ մեծամասնության եզրակացության հետ, որ 9-րդ հոդվածը չպետք է այլևս դիտարկվի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հետ համակցված: Դա հակասում է Դատարանի այն անփոփոխ մոտեցմանը, համաձայն որի Կոնվենցիան պետք է նաև դիտարկվի իր ամբողջության մեջ և մեկնաբանվի այնպես, որ նպաստի տարբեր դրույթների միջև ներքին կայունությանը և համաձայնեցվածությանը (տես Կլասսը և այլք ընդդեմ Գերմանիայի [Klass and Others v. Germany\, 1978 թվականի սեպտեմբերի 6, § 68, շարք Ա թիվ 28, ինչպես նաև Մաույան ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Maaouia v. France [GC]], թիվ 39652/98, § 36, ՄԻԵԴ 2000-X, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, § 152, ՄԻԵԴ 2000-XI, և Սթեքը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [ՄՊ] [Stec and Others v. the United Kingdom (dec.) [GC]], թիվ 65731/01 և թիվ 65900/01, § 48, ՄԻԵԴ 2005-X):

4. Միայն վերջերս՝ իր 2010 թվականի ամենավերջին հանձնարարականում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը համարել է 9-րդ հոդվածով նախատեսված՝ խղճի և կրոնի ազատության անբաժանելի մաս՝ միջազգային ասպարեզի զարգացումների լույսի ներքո:

2000 թվականի դեկտեմբերին ընդունված՝ Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիան, որը ճանաչում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ներքո, ուժի մեջ է մտել միայն 2009 թվականի դեկտեմբերին:

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն մինչև 2006 թվականն ուղղակիորեն չի մերժել կիրառել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 8-րդ հոդվածը՝ Հյուսիսային Կորեայի դեմ բերված երկու գործերով, որոնք վերաբերում էին կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց՝ նրանց բողոքները քննության առնելով միայն ՔՔԻՄԴ-ի 18-րդ հոդվածի ներքո և ճանաչելով այդ դրույթի խախտում՝ համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դիմումատուներին դատապարտելու առնչությամբ:

Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ երբ դիմումատուն դատապարտված էր կրոնական համոզմունքներից ելնելով զինված ուժերում ծառայությունից հրաժարվելու համար, առկա էր հստակ նախադեպային իրավունք, որի համաձայն Կոնվենցիան և դրան կից արձանագրությունները չէին երաշխավորում, որպես այդպիսին, կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու որևէ իրավունք: Ազգային իշխանությունները չեն կարող քննադատվել առկա նախադեպային իրավունքին հետևելու և ավելի ուշ զարգացումներն արտացոլող մոտեցումները չկիրառելու համար:

5. Ինչ վերաբերում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության ճանաչմանը, որը Հայաստանն ստանձնել է 2000 թվականին միջազգային պարտավորությունների ներքո՝ Եվրոպայի խորհրդին միանալու պահին, ապա իմ կարծիքով դա տվյալ ժամանակահատվածում չի կարող համարվել պարտադիր իրավաբանական ուժ ունեցող: Հայաստանը պարտավորվել էր ճանաչել այդ իրավունքը և ներում շնորհել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող բոլոր դատապարտված անձանց ոչ թե անմիջապես, այլ միանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Հայաստանը, ինչպես և խոստացել էր, կատարել է իր հանձնառությունները միանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, ներում է շնորհվել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող 38 անձի, և դիմումատուն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Հետևաբար պարզ է, որ չկա այս վճիռն ընդունելու անհրաժեշտությունը՝ համոզված լինելու համար, որ Հայաստանը կկատարի այն, ինչ խոստացել էր:

6. Եթե 9-րդ հոդվածը կիրառելի չէ, ապա անհերքելի է, որ այն չէր կարող խախտվել: Այդ իսկ պատճառով ես դեմ եմ քվեարկել խախտումը ճանաչելուն: Շատ կասկածելի է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում ճանաչելը դիմումատուի նկատմամբ անհատական արդարադատության կայացում էր: Հետաքրքրական է այն հանգամանքը, թե արդյոք նա կարող է համարվել տուժող՝ այս Դատարան դիմելու պահին: Ընդունելի է, որ նա զրկվել էր ազատությունից, սակայն նա, որպես այդպիսին, բողոքել է ոչ թե ազատությունից զրկելու առնչությամբ, այլ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայություն անցնելու հնարավորության բացակայության մասին: Այս գանգատը ներկայացնելու պահին դիմումատուն արդեն իսկ պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել, իսկ վեց ամիս անց ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը:

Մի շարք գործերում (տե'ս Սիսոյևան և այլք ընդդեմ Լատվիայի (գործերի ցուցակից հանված) [ՄՊ] [Sisojeva and Others v. Latvia (striking out) [GC]], թիվ 60654/00, ՄԻԵԴ 2007-I, Շևանովան ընդդեմ Լատվիայի (գործերի ցուցակից հանված) [ՄՊ] [Shevanova v. Latvia (striking out) [GC]], թիվ 58822/00, 2007 թվականի դեկտեմբերի 7, և EI Majjaoui and Stichting Touba Moskee-ն ընդդեմ Նիդեռլանդների (գործերի ցուցակից հանված) [ՄՊ] [EI Majjaoui and Stichting Touba Moskee v. the Netherlands (striking out) [GC]], թիվ 25525/03, 2007 թվականի դեկտեմբերի 20) Դատարանը գտել է, որ դիմումատուների բողոքների առիթ հանդիսացող հարցը կարելի է այսուհետ համարել «լուծված»՝ 37-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի իմաստով, և հանել գանգատներն իր գործերի ցուցակից: Վերոնշյալ գործերում Դատարանը պատճառաբանել է, որ, ի վերջո, «Կոնվենցիան Պայմանավորվող կողմերի համար չի սահմանում իրենց ներքին օրենսդրության շրջանակներում նախատեսել Կոնվենցիայի արդյունավետ իրագործումն ապահովելու որոշակի եղանակ»: Դրան հասնելու ամենապատշաճ եղանակի ընտրությունն սկզբունքորեն ներպետական իշխանությունների հարցն է, որոնք շարունակական կապի մեջ են իրենց երկրների կենսական ուժերի հետ և ավելի լավ են տեղակայված՝ իրենց համապատասխան ներպետական իրավական համակարգերի ընձեռած հնարավորությունները և ռեսուրսները գնահատելու համար (տես Մեքենավարների շվեդական միությունն ընդդեմ Շվեդիայի [Swedish Engine Drivers’ Union v. Sweden], 1976 թվականի փետրվարի 6, § 50, շարք Ա թիվ 20, Չափմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Chapman v. the United Kingdom [GC]], թիվ 27238/95, § 91, ՄԻԵԴ 2001-I, և Սիսոյևան և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 90):

8. Վերջապես, թույլ տվեք չհամաձայնել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո արդարացի փոխհատուցման վերաբերյալ Դատարանի ընդունած վճռի հետ: Ես գտնում եմ, որ ոչ նյութական վնասի և ծախսերի ու ծախքերի մասով շնորհված գումարները չափազանց մեծ են:

Նախ, իմ կարծիքով, արդարացի չէ դիմումատուին փոխհատուցում տրամադրելն այն դեպքում, երբ Դատարանը շեղվում է իր գոյություն ունեցող նախադեպային իրավունքից, ինչպես տեղի ունեցավ սույն գործով:

Երկրորդ, չի կարող լինել ոչ մի կասկած, որ արդարացի փոխհատուցում շնորհելու նկատմամբ Դատարանի նախադեպային իրավունքի հետևողական կիրառումը նույնպես առանձնակի կարևորություն է ներկայացնում, ինչպես նաև փոխհատուցումը պետք է լինի կանխատեսելի Կառավարության համար: Վերջերս Դատարանը քննության էր առել նմանատիպ հարց Ուլկեն ընդդեմ Թուրքիայի [Ulke v. Turkey] (թիվ 39437/98, 2006 թվականի հունվարի 24) գործով՝ ինը քրեական հետապնդումներով պատճառված տառապանքի առնչությամբ, որոնք բոլորը հանգեցրել էին ազատազրկման դատապարտման և ցանկացած պահի կրկին ձերբակալվելու վտանգի. ոչ նյութական վնասի փոխհատուցման համար սահմանված գումարը նույնն էր, ինչ սույն գործով սահմանված գումարը:

Վերջապես, Դատարանն ունի վաղուց գոյություն ունեցող պրակտիկա՝ նվազեցնելու ծախսերի և ծախքերի համար կատարված շնորհումները՝ ճանաչված խախտումների թվին համապատասխան: Սույն գործով, դիմումատուի կողմից ի սկզբանե Դատարան ներկայացված գանգատը ներառում էր բազմաթիվ այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի, 6-րդ և 14-րդ հոդվածների առնչությամբ, որոնք հայտարարվել էին անընդունելի: Դատարանը պատշաճ կերպով հաշվի չի առել, որ վեց բողոքներից միայն մեկն է հայտարարվել ընդունելի և միայն մեկ խախտում է ճանաչվել, թեև Դատարանը վճռի 135-րդ պարբերությունում կրկին նշել է, որ դատական ծախսերը փոխհատուցվում են այնքանով, որքանով կապված են ճանաչված խախտման հետ:

_____________________

.1 Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համապատասխան մասերով սահմանվում է. «2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք: 3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում՝ ... բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը՝ համոզմունքներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը, ...»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։