Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

A. Կողմերի փաստարկները

1. Դիմողը

206. Դիմողը բողոքում էր կալանքի տակ գտնվելու երկու շրջանների մասին, որոնցից առաջինը՝ Աթենքի միջազգային օդանավակայան ժամանելուց հետո, որը տևել էր 2009թ. հունիսի 15-ից 18-ը, իսկ երկրորդը՝ 2009թ. օգոստոսի 1-ից 7-ը, այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին օդանավակայանում: Նա պնդում էր, որ Աթենքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող կենտրոնում կալանքի պայմաններն այնքան անտանելի էին, որ նվաստացնող և անմարդկային վերաբերմունք էին հանդիսանում: Դիմողը հետևյալ ձևով էր նկարագրում իր կալանավորման պայմանները. նրան քսան հոգու հետ փակի տակ էին պահում փոքր սենյակում, թույլ էին տալիս զուգարան գնալ միայն պահակների հայեցողությամբ, զրկել էին մաքուր օդ դուրս գալու հնարավորությունից, ուտելու շատ քիչ բան էին տալիս և նա ստիպված էր քնել դատարկ հատակին գցած կեղտոտ ներքնակի վրա: Բացի այդ նա բողոքում էր, որ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ժամանակ ոստիկանները նրան ծեծի էին ենթարկել:

2. Հունաստանի կառավարությունը

207. Կառավարությունը վիճարկում էր, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ խախտվել էին դիմողի` 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները: Դիմողը որևէ ապացույցներ չէր ներկայացրել, որ նրա նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք էր դրսևորվել:

208. Ի տարբերություն դիմողի նկարագրությանը` Կառավարությունը ներկայացնում էր կալանքի տակ պահման կենտրոնը որպես կարճատև կացության նպատակների համար հարմարեցված կենտրոն, որը հատուկ նախատեսված էր ապաստան հայցողների համար, և որտեղ նրանց բավարար կերակրում էին:

209. Պատասխանելով Մեծ Պալատում կայացած դատավարության ժամանակ Դատարանի տրված հարցերին` Կառավարությունն ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց կենտրոնի կառուցվածքի և սարքավորումների մասին: Շենքն ուներ ապաստան հայցողների համար նախատեսված բաժին, որը բաղկացած էր տաս անկողիններով երեք սենյակներից և երկու զուգարաններից: Հանրային հեռախոս ունեցող և ջրի պուլպուլակներով այդ սենյակներում ապաստան հայցողների հետ միաժամանակ պահվում էին նաև արտաքսման իրենց հերթին սպասող անձինք: Դիմողներին այնտեղ պահել էին 2009թ. հունիսին` մինչև նրա վարդագույն քարտի պատրաստ լինելը:

210. Կառավարությունը Դատարանին հայտնեց, որ 2009թ. օգոստոսին դիմողին պահել էին ապաստան հայցողների բաժնից առանձնացված կենտրոնի մեկ այլ բաժնում, որը նախատեսված էր քրեական հանցագործություն կատարած օտարերկրացիների համար: Այդ բաժնի տարածքի մակերեսը կազմում էր 110 քառակուսի մետր և բաղկացած էր ինը սենյակներից և երկու զուգարաններից: Այնտեղ նույնպես կար հանրային հեռախոս և ջրի պուլպուլակ:

211. Վերջում Կառավարությունը Դատարանի ուշադրությունը գրավեց կալանքի տակ գտնվելու ժամկետների կարճության և երկրորդ ժամկետի հանգամանքների վրա, որը պայմանավորված էր ոչ թե դիմողի կողմից ներկայացված ապաստանի հայցով, այլ այն հանցագործությամբ, որը նա կատարել էր` փորձելով Հունաստանից մեկնել կեղծված փաստաթղթերով:

B. Գործում որպես երրորդ անձ ներգրավված Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի դիտարկումները

212. Հանձնակատարը հայտնեց, որ Mռdecins sans FrontiՌres – Հունաստան կազմակերպությունը նրան իրազեկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող կալանավորման կենտրոնի պայմանների մասին (տե՛ս սույն վճռի 166-րդ կետը):

213. ՄԱԿ ՓԳՀ-ն կենտրոն այցելել էր 2010թ. մայիսին և գտել էր, որ պահման պայմաններն այնտեղ անընդունելի էին, քանի որ սենյակները չէին օդափոխվում, արգելվում էր զբոսնել մաքուր օդին և խցերում չկային սանհանգույցներ:

G. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիություն

214. Դատարանը գտնում է, որ Հունաստանում կալանքի տակ պահելու պայմանների վերաբերյալ դիմողի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքերով ներկայացված գանգատը բարձրացնում է իրավունքի և փաստի հետ կապված բարդ խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ է գործի ըստ էության քննություն:

215. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով գանգատն ակնհայտորեն անհիմն չէ: Այն նաև անընդունելի չէ որևէ այլ հիմքերով: Ուստի այն պետք է ընդունելի հայտարարվի:

2. Հանգամանքներ

(a) Ընդհանուր սկզբունքների շարադրումը

216. Դատարանը կրկնում է, որ օտարերկրացիների ազատազրկումը, որն ուղեկցվում է այդ անձանց տրամադրվող համապատասխան երաշխիքներով, ընդունելի է միայն այն նկատառումից ելնելով, որ պետությունները կարողանան կանխել անօրինական ներգաղթը, միաժամանակ պահպանելով իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ Փախստականների կարգավիճակի մասին 1951թ. ժնևի կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան: Պետությունների օրինական մտահոգությունը՝ վերջ դնելու ներգաղթի սահմանափակումների շրջանցման ավելի հաճախակի դարձող փորձերին, չպետք է զրկի ապաստան հայցողներին այդ Կոնվենցիաներով երաշխավորված պաշտպանությունից (տես՝ Amuur v. France, 1996թ. հունիսի 25, կետ 43, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1996‑III):

217. Այն դեպքերում, երբ Դատարանը կոչված է գնահատելու միջոցառման իրականացման ձևի և մեթոդի համապատասխանությունը Կոնվենցիայի պահանջներին, նա պետք է ուսումնասիրի գործի մասնակիցների հատուկ հանգամանքները (տե՛ս Riad and Idiab v. Belgium, գանգատներ թիվ 29787/03 և 29810/03, կետ 100, ՄԻԵԴ 2008‑... (քաղվածքներ)):

218. Պետությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որտեղ ամրագրված է ժողովրդավարական հասարակությունների առավել հիմնարար արժեքներից մեկը և անվերապահորեն արգելվում է խոշտանգումն ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը, անկախ հանգամանքներից և տուժողի վարքից (տե՛ս այլ աղբյուրների թվում Labita v. Italy [GC], գանգատ թիվ 26772/95, կետ 119, ՄԻԵԴ 2000-IV):

219. Դատարանը բազմաթիվ առիթներով նշել է, որ վերաբերմունքը պետք է հասնի դաժանության սահմանված նվազագույն սահմանի, որպեսզի այն հնարավոր լինի դիտարկել 3-րդ հոդվածի ներքո: Այդ սահմանը հարաբերական բնույթ է կրում և կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը և ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունը և, որոշ դեպքերում` տուժածի սեռը, տարիքը Kudlaև առողջական վիճակը (տե՛ս օրինակ` Kudła v. Poland [GC], գանգատ թիվ 30210/96, կետ 91, ՄԻԵԴ 2000-XI):

220. Դատարանը համարում է վերաբերմունքն «անմարդկային», եթե այն եղել է «միտումնավոր, կիրառվել է ժամեր շարունակ և առաջացրել է իրական մարմնական վնաս կամ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք»:

Վերաբերմունքը համարվում է «նվաստացնող», երբ նրա արդյունքում տուժածի մոտ առաջանում է վախի, տագնապի և թերարժեքության զգացում և տուժածին վիրավորելու ու ստորացնելու արդյունքում կոտրում նրա ֆիզիկական ու հոգեկան կամքը (ibid., կետ 92, և Pretty v. the United Kingdom, գանգատ թիվ 2346/02, կետ 52, ՄԻԵԴ 2002‑III): Այն կարող է այդպիսի համարվել նույնիսկ, եթե տուժածը նվաստացվում է միայն իր, այլ ոչ թե ուրիշների աչքերում (տե՛ս այլ աղբյուրների թվում, Tyrer v. the United Kingdom, 1978թ. ապրիլի 25, կետ 32, Series A գանգատ թիվ 26): Ի վերջո, թեև պետք է հաշվի առնել այն հարցը, թե արդյոք վերաբերմունքի նպատակը կայացել է տուժողին նվաստացնելը կամ անարգելը, նման նպատակի բացակայությունը չի կարող բացառել այն եզրակացությունը, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս Peers v. Greece, գանգատ թիվ 28524/95, կետ 74, ՄԻԵԴ 2001-III):

221. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն պետությունները պարտավոր են ապահովելու, որ կալանքի պայմանները համապատասխանեն մարդու արժանապատվությունը հարգելու պահանջին` թույլ չտալով, որպեսզի միջոցի իրականացման ձևն ու մեթոդը կալանավորներին ենթարկեն տառապանքների և զրկանքների, որոնց աստիճանը գերազանցում է կալանքի տակ պահվելու դեպքում անխուսափելիորեն առաջացող անհարմարության թույլատրելի մակարդակը և որ, հաշվի առնելով ազատազրկումից բխող գործնական պահանջները, նրանց առողջությունը և բարեկեցությունը պատշաճ ձևով պահպանվի (տե՛ս օրինակ` վերը նշված « կետ 94):

222. Դատարանը որոշեց, որ ապաստան հայցողին երկու ամիս շարունակ փակ խցում պահելը, թույլ չտալով նրան մաքուր օդ դուրս գալ կամ օգտվել հեռախոսից և չտրամադրելով նրան մաքուր սավաններ ու բավական քանակի սանիտարահիգիենիկ պարագաներ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անմարդկային վերաբերմունք էր հանդիսանում (տե՛ս S.D. v. Greece, գանգատ թիվ 53541/07, կետեր 49-54, 2009թ հունիսի 11): Նմանապես, վեց օր տևող ազատազրկումը սահմանափակված տարածքում` առանց զբոսանքի հնարավորության, ժամանցի տարածքի, երբ նա ստիպված էր քնել կեղտոտ ներքնակի վրա և զրկված էր զուգարանից ազատ օգտվելու հնարավորությունից, համաձայն 3-րդ հոդվածի անընդունելի է (ibid., կետ 51): Ապաստան հայցողին մինչև վարչական միջոցի կիրառումը երեք ամիս ոստիկանության բաժանմունքում կալանքի տակ պահելը` առանց որևէ զբաղմունքի և բավարար սննդի, նույնպես համարվում է նվաստացնող վերաբերմունք (տե՛ս Tabesh v. Greece, գանգատ թիվ 8256/07, կետեր 38-44, 2009թ. նոյեմբերի 26): Վերջապես, Դատարանը որոշել էր, որ դիմողի կալանավորումը, որը նույնպես ապաստան հայցող էր, երեք ամիս բազմամարդ տարածքում սոսկալի հակասանիտարահիգիենիկ պայմաններում` առանց ժամանցի կամ բավարար սնվելու հնարավորության, որտեղ սանիտարական հարմարանքների անավարտ վերանորոգման պատճառով վերջիններս գործնականում չէին աշխատում, իսկ կալանավորվածները գիշերում էին ծայրահեղ հակասանիտարական և բազմամարդ պայմաններում հանդիսանում էր 3-րդ հոդվածով արգելված նվաստացնող վերաբերմունք (տե՛ս A.A. v. Greece, գանգատ թիվ 12186/08, կետեր 57-65, 2010թ. հուլիսի 22):

(b) Կիրառումը սույն գործում

223. Դատարանն արդեն առիթ ունեցել էր նշելու, որ Եվրոպական Միության արտաքին սահմանները ձևավորող պետությունները ներկայումս զգալի դժվարությունների են հանդիպում միգրանտների և ապաստան հայցողների աճող ներհոսքին դիմակայելու հարցում: Իրավիճակն էլ ավելի է բարդանում Դուբլինի կանոնակարգին համապատասխան այլ Մասնակից պետությունների կողմից ապաստան հայցողներին արտահանձնելու արդյունքում (տե՛ս սույն վճռի 65-82 կետերը): Դատարանը չի թերագնահատում այդ իրավիճակի պատճառով համապատասխան պետությունների մոտ առաջացող ճնշումն ու լարվածությունը, որն էլ ավելի էր ավելանում ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում: Այն մասնավորապես տեղյակ է միգրանտների և ապաստան հայցողների խոշոր միջազգային օդանավակայաններ ժամանելուց հետո նրանց ընդունման հետ կապված խնդիրների, ինչպես նաև ապաստան հայցողների թվի ու պետությունների մի մասում դրանց ընդունման անբավարար կարողությունների մասին: Սակայն, հաշվի առնելով 3-րդ հոդվածի բացարձակ բնույթը, այդ ամենը չի կարող պետությանն ազատել իր պարտավորությունները կատարելուց:

224. Այդ իսկ պատճառով Դատարանը չի ընդունում Հունաստանի կառավարության այն փաստարկը, որ 3-րդ հոդվածի ներքո դիմողի բողոքները դիտարկելիս այդ բարդությունները պետք է հաշվի առնվեն:

225. Դատարանն անհրաժեշտ է գտնում հաշվի առնելու դիմողին կալանքի տակ պահելու պայմանները և այն փաստը, որ չնայած Հունաստանի կառավարության պնդումներին, դիմողը փաստորեն վերջինիս առջև «ապօրինի միգրանտի» դերում հանդես չէր եկել: Հակառակը, այն բանից հետո, երբ 2009թ. հունիսի 4-ին Հունաստանի իշխանությունները համաձայնվել էին պատասխանատվություն ստանձնել դիմողի նկատմամբ, նրանք տեղյակ էին նրա ինքնության և այն փաստի մասին, որ նա կարող է ապաստան հայցել: Չնայած դրան` նրան անմիջապես կալանքի տակ էին վերցրել առանց որևէ բացատրության:

226. Դատարանը նշում է, որ համաձայն միջազգային մարմինների և հասարակական կազմակերպությունների մի շարք զեկույցների (տե՛ս սույն վճռի 160-րդ կետը)` ապաստան հայցողների պարբերաբար կալանավորումը` առանց պատճառների մասին վերջիններիս իրազեկելու, Հունաստանի իշխանությունների մոտ լայն կիրառում է ստացել:

227. Դատարանը նաև հաշվի է առնում դիմողի պնդումները, որ երկրորդ ձերբակալության ժամանակ ոստիկանությունը նրա նկատմամբ բռնություն է գործադրել և վիրավորանքներ է հասցրել: Դատարանը նշում է, որ այդ պնդումները չեն հաստատվում որևէ փաստաթղթերով, օրինակ՝ բժշկական զննության տեղեկանքով, և որ հնարավոր չէ ամբողջովին պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել դիմողի հետ: Սակայն Դատարանը վերստին նշում է, որ դիմողի պնդումները համընկնում են միջազգային կազմակերպություններից ստացվող բազմաթիվ վկայությունների հետ (տե՛ս սույն վճռի 160-րդ կետը): Մասնավորապես, այն նշում է, որ 2007թ. Աթենքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող կալանավորման կենտրոն կատարած այցից հետո Խոշտանգումների դեմ Եվրոպական հանձնաժողովը հաղորդել էր ոստիկանության աշխատողների ձեռքում գտնվող անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի մասին (տե՛ս սույն վճռի 163-րդ կետը):

228. Դատարանը նշում է, որ կողմերը չեն համաձայնվում այն հարցի շուրջ, թե որ բաժիններում է դիմողը կրել կալանքը: Կառավարությունը պնդում է, որ նա պահվել է երկու տարբեր բաժիններում, և որ պետք է հաշվի առնել երկու բաժինների պայմանների միջև տարբերությունը: Դիմողը, սակայն, նշում է, որ կալանքի երկու ժամանակահատվածներում էլ նա գտնվել է բացարձակապես միևնույն պայմաններում: Դատարանը նշում է, որ գործնականում կալանավորների տեղավորումը բաժիններից որևէ մեկը որևէ հստակ սկզբունքով չի կատարվում, սակայն կարող էր տարբերվել՝ կախված յուրաքանչյուր բաժնում գտնվող կալանավորների թվից (տե՛ս սույն վճռի 165-րդ կետը): Հետևաբար հնարավոր է, որ դիմողին երկու անգամ էլ պահեին նույն բաժնում: Դատարանը գալիս է այն եզրակացության, որ հարցը քննելիս կարելի է անտեսել Կառավարության կողմից նշվող պայմանների տարբերությունը:

229. Կարևոր է նշել, որ դիմողի պնդումները կալանավորման կենտրոնի կենցաղային պայմանների մասին հաստատվում են ԽԵՀ-ի (տե՛ս սույն վճռի 163-րդ կետը), ՄԱԿ ՓԳՀ-ի (տե՛ս սույն վճռի 213-րդ կետը), Amnesty International-ի և Mռdecins sans FrontiՌres – Հունաստան կազմակերպությունների (տե՛ս սույն վճռի 165 և 166 կետերը) համանման եզրակացություններով և բացահայտորեն չեն վիճարկվում Կառավարության կողմից:

230. Դատարանը նշում է, որ օդանավակայանի հարևանությամբ գտնվող կալանավորման կենտրոն այցելած կազմակերպությունների եզրակացությունների համաձայն ապաստան հայցողների բաժինը գրեթե միշտ դռնփակ էր, և կալանավորները չէին կարող օգտվել դրսում գտնվող ջրի պուլպուլակից ու ստիպված էին ջուր խմել սանհանգույցներում: Ձերբակալված անձանց բաժնում` 110 քառակուսի մետր տարածքում, 145 կալանավոր էր գտնվում: Մի շարք խցերում տասնչորսից տասնյոթ մարդու համար ընդամենը մեկ անկողին էր դրված: Ներքնակները չէին բավականացնում, և կալանավորները քնում էին բաց հատակին: Տեղը չէր հերիքում, որպեսզի բոլոր կալանավորները կարողանային միաժամանակ պառկել և քնել: Մարդաշատության պատճառով օդափոխությունն անբավարար էր և խցերում անտանելի շոգ էր: Դիմողների զուգարաններից օգտվելու հնարավորությունը խստորեն սահմանափակված էր և նրանք բողոքում էին, որ ոստիկանությունը նրանց միջանցք դուրս գալ թույլ չէր տալիս: Ոստիկանները խոստովանել էին, որ կալանավորները ստիպված էին միզելու պլաստիկ շշերում, որոնք նրանք դատարկում էին, երբ նրանց թույլ էին տալիս գնալ զուգարան: Բոլոր բաժիններում նկատվել էր, որ չկա ո՛չ օճառ, ո՛չ էլ զուգարանի թուղթ, սանիտարական և այլ հարմարանքները կեղտոտ են և չունեն դռներ, նաև որ կալանավորները զրկված էին դրսում քայլելու հնարավորությունից:

231. Դատարանը կրկնում է, որ այլ գործեր քննելիս արդեն իսկ տեղեկացված է եղել Հունաստանի այլ կալանավայրերում տիրող նման պայմանների մասին, որոնք Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով նվաստացնող էին (տե՛ս սույն վճռի 222-րդ կետը): Այդ եզրակացությանը հանգելու համար նա հաշվի է առել այն փաստը, որ դիմողներն ապաստան հայցողներ էին:

232. Դատարանը որևէ հիմք չի տեսնում վերանայելու այդ եզրակացությունը Հունաստանի կառավարության այն փաստարկի պատճառով, որ դիմողի կալանքի տակ գտնվելու ժամկետները կարճ են եղել: Նա չի համարում, որ դիմողին նշանակված կալանքի երկու ժամկետների տևողությունը՝ չորս օր 2009թ. հունիսին և մեկ շաբաթ 2009թ. օգոստոսին, մեծ չի եղել: Ներկա գործում Դատարանը պետք է հաշվի առնի, որ դիմողը, լինելով ապաստան հայցող, հատկապես խոցելի էր, քանի որ նախկինում հավանաբար արդեն ունեցել էր այն տառապալի փորձը, որի հետ կրկին առնչվել էր միգրացիայի ժամանակ:

233. Հակառակը, Աթենքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող կալանավորման կենտրոնի պայմանների մասին առկա տեղեկատվության լույսի ներքո` Դատարանը գտնում է, որ դիմողի հանդեպ կիրառված կալանավորման պայմաններն անթույլատրելի էին: Նա գտնում է, որ կամայականության գիտակցումը և դրա արդյունքում ձևավորվող թերարժեքության ու ընկճվածության զգացումը, ինչպես նաև այն տևողական ազդեցությունը, որը կալանավորման ծանր պայմանները հաճախ թողնում են անձի վրա, իրենց հավաքական ազդեցությամբ հանդիսանում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող նվաստացնող վերաբերմունք: Ի լրումն` դիմողի մոտ առկա տագնապն էլ ավելի էր սրվում ապաստան հայցողին բնորոշ խոցելիության պատճառով:

234. Ուստի, տեղի էր ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

II. ԴԻՄՈՂԻ ԱՊՐՈՒՍՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

235. Դիմողը պնդում էր, որ ծայրահեղ աղքատության պայմանները, որոնցում նա ապրում էր Հունաստան ժամանելուց հետո, հանդիսանում էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերոնշյալ իմաստով անմարդկային և նվաստացնող վերաբերմունք:

A. Կողմերի փաստարկները

1. Դիմողը

236. Դիմողը բողոքում էր, որ Հունաստանի իշխանությունները նրան որևէ տեղեկատվություն չէին տրամադրել կացության հնարավորությունների մասին և ոչ մի քայլ չէին ձեռնարկել գոյատևելու համար նրան որևէ միջոցներ տրամադրելու ուղղությամբ, թեև տեղյակ էին ապաստան հայցողների ընդհանուր չքավորության և, մասնավորապես, իր վիճակի մասին: Նա պնդում էր, որ նրան չէին տվել ապաստանի ընթացակարգի մասին տեղեկատվական գրքույկը և, որ նա բազմիցս հայտնել էր իշխանություններին, որ տնազուրկ է: Իր խոսքերով այդ մասին էին վկայում 2009թ. հունիսի 18-ին իրեն տրված ծանուցագրի «անհայտ հասցեով անձ» բառերը:

237. Դիմողը նշել էր, որ իր համար կացության տեղ գտնելու ուղղությամբ քայլերը ձեռնարկվել էին միայն այն բանից հետո, երբ 2009թ. դեկտեմբերի 18-ին նա ոստիկանությանը հայտնել էր, որ իր գործը ներառված է Եվրոպական դատարանում քննվող գործերի ցուցակում: Նա հայտնեց, որ դեկտեմբերին և 2010թ. հունվարի սկզբներին մի քանի անգամ ներկայացել էր ոստիկանության գլխավոր գրասենյակ և այնտեղ երկար ժամեր սպասել էր պարզելու համար, թե արդյոք իր համար գտել էին որևէ կացարան: Այն բանից հետո, երբ նրան այդպես էլ որևէ կացարան չառաջարկվեց, դիմողը դադարեցրել էր իր փորձերը:

238. Զրկված լինելով գոյատևելու բոլոր միջոցներից` դիմողն Աֆղանստանից փախած այլ ապաստան հայցողների պես երկար ամիսներ ապրում էր Աթենքի կենտրոնում գտնվող այգում: Իր ամբողջ օրը նա անց էր կացնում սնունդ որոնելով: Երբեմն նա նյութական օգնություն էր ստանում տեղի բնակիչներից և եկեղեցուց: Նա զրկված էր սանիտարական հարմարություններից օգտվելու հնարավորությունից: Գիշերները նա ապրում էր հարձակման ենթարկվելու և թալանվելու անդադար վախի մթնոլորտում: Նա պնդում էր, որ արդյունքում ստեղծված խոցելիության և նյութական ու հոգեկան թշվառության վիճակը հանդիսանում էր 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունք:

239. Դիմողը գտնում էր, որ կարիքի, հուսալքության և անորոշության իրավիճակը, որում նա հայտնվել էր, Հունաստանից հեռանալուց և որևէ այլ երկրում ապաստան հայցելուց բացի որևէ այլընտրանք իր համար չէր թողնում:

2. Հունաստանի կառավարությունը

240. Կառավարությունը պնդում էր, որ իրավիճակը, որում դիմողը հայտնվել էր ազատվելուց հետո, իր սեփական ընտրության և սխալների արդյունքն էր: Բնակարան հայթայթելու փոխարեն դիմողը նախընտրել էր իր միջոցները ծախսել երկրից փախչելու համար: Բացի այդ, նա սպասել էր մինչև 2009թ. դեկտեմբերի 18-ը, մինչև որ հայտնել էր իր տնազրկության մասին: Եթե նա հետևեր 2009թ. հունիսի 18-ի ծանուցագրում տրված հրահանգներին և ավելի շուտ այցելեր Ատիկայի ոստիկանության բաժանմունք, որպեսզի հաղորդեր, որ ապրելու տեղ չունի, իշխանությունները կարող էին քայլեր ձեռնարկել իր համար կացարան գտնելու համար: Կառավարությունն ընդգծեց, որ «անհայտ հասցեով անձ» բառերը, որոնք նշված էին դիմողին տրված ծանուցագրում, ընդամենը նշանակում էին, որ նա իշխանություններին չէր հայտնել իր հասցեն:

241. Այն բանից հետո, երբ իշխանություններին հայտնի դարձավ դիմողի վիճակը, ձեռնարկվեցին անհրաժեշտ քայլեր և նրա համար հանրակացարանում տեղ գտնվեց: Իշխանությունները, սակայն, չկարողացան հաղորդել այդ մասին դիմողին, քանի որ նա չէր թողել որևէ հասցե, որի միջոցով նրանք կկարողանային իր հետ կապնվել: Բացի այդ, 2009թ. դիմողն ուներ «վարդագույն քարտ», որն իրեն աշխատանքի, մասնագիտական ուսուցման, կացության և բժշկական խնամքի իրավունք էր տալիս, որը նա երկու անգամ թարմացրել էր:

242. Կառավարությունը պնդում էր, որ նման հանգամանքներում դիմողից էր կախված քայլեր ձեռնարկելը և շահագրգռվածություն ցուցադրելն իր ճակատագրի բարելավման հարցում: Սակայն այն ամենը, որ նա արել էր Հունաստանում, վկայում էր, որ նա չուներ երկրում մնալու որևէ ցանկություն:

243. Այսպես թե այնպես Հունաստանի կառավարությունը պնդում էր` դիմողի օգտին եզրակացություն կայացնելը կհակասեր Կոնվենցիայի պահանջներին, որոնցից և ոչ մեկը չէր երաշխավորում կացության կամ քաղաքական ապաստանի իրավունքը: Հակառակ որոշում կայացնելը նախադեպ կհանդիսանար, որը տնազուրկների հայցերի անվերջ հոսք կառաջացներ և բարեգործական քաղաքականության ավելորդ պոզիտիվ պարտավորություն կսահմաներ պետությունների համար: Կառավարությունն ընդգծեց, որ Դատարանն ինքն էր նշել, «որ թեև անկասկած ցանկալի է, որպեսզի յուրաքանչյուր մարդ ունենա կացարան, որտեղ նա կարող է արժանավայել ապրել և որը նա կարողանա տուն անվանել, ցավոք Պայմանավորվող պետություններում կան բազմաթիվ անձինք, որոնք զրկված են այդ հնարավորությունից: Այն, թե արդյոք պետությունը կհայթայթի միջոցներ յուրաքանչյուրին տուն տրամադրելու համար, քաղաքականության, այլ ոչ թե դատարանի որոշման խնդիր է» (տե՛ս Chapman v. the United Kingdom [GC], գանգատ թիվ 27238/95, կետ 99, ՄԻԵԴ 2001‑I):

B. Գործում որպես երրորդ անձ ներգրավված Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի,

Aire կենտրոնի և Amnesty International կազմակերպության դիտարկումները

244. Հանձնակատարն ընդգծեց, որ Հունաստանում յուրաքանչյուր տարի ներկայացվող ապաստանի հայցերի թվի համեմատ, ընդունող երկրի կարողությունները, որոնք իր խոսքերով 2010թ. փետրվարի դրությամբ կազմում էին տասնմեկ ընդունման կենտրոններ ընդհանուր 741 տեղերով, ակնհայտորեն անբավարար էին: Նա ասաց, որ ապաստան հայցողների նյութական վիճակը չափազանց մտահոգիչ էր և նշեց Պատրասի ժամանակավոր ճամբարը, որտեղ մինչ 2009թ. հուլիս ամիսը կենցաղային և սանիտարահիգիենիկ անթույլատրելի պայմաններում բնակվում էր շուրջ 3000 փախստական, հիմնականում Իրաքից և Աֆղանստանից: 2010թ. փետրվարին կատարած այցի ընթացքում նա նկատել էր, որ չնայած 2008թ. Հունաստանի կառավարության արված հայտարարություններին, 1000 մարդ ընդունելու հնարավորությամբ կենտրոնի շինարարական աշխատանքները դեռևս չէին մեկնարկել: Պատրասի ոստիկանական մարմինները տեղեկացրել էին, որ աֆղանստանցիների մոտ 70%-ը գրանցված ապաստան հայցողներ էին, որոնց տրվել էր «վարդագույն քարտ»: Նա նաև վկայակոչեց Պատրասի շրջանում երեք աֆղանստանցիների գործը, որոնք Հունաստանում էին բնակվում երկու տարի` ապրելով ստվարաթղթից հավաքած վրաններում և որևէ օգնություն չէին ստանում հունական պետությունից: Միայն Կարմիր խաչն էր, որ նրանց սնունդ և խնամք էր տալիս:

245. ՄԱԿ ՓԳՀ-ն կիսում էր այդ մտահոգությունը: 2009թ. տվյալների համաձայն` Հունաստանում գործում էր տասներկու ընդունման կենտրոն, որտեղ տեղերի ընդհանուր թիվը կազմում էր 865: Արական սեռի չափահաս ապաստան հայցողի համար ընդունման կենտրոնում տեղ ստանալը գործնականում անհնար էր: Շատերն ապրում էին հասարակական վայրերում կամ լքված շենքերում, կամ մի քանի հոգով կիսում էին փոքր սենյակի համար անչափ բարձր վարձը՝ առանց պետության որևէ օժանդակության: 2010թ. փետրվար-ապրիլ ամիսներին անցկացված հարցմանը մասնակցած «Դուբլինի կանոնակարգով» բոլոր ապաստան հայցողները տնազուրկ էին: Դատավարության ժամանակ ՄԱԿ ՓԳՀ-ն ընդգծեց, թե որքան դժվար էր մտնել Ատիկայի ոստիկանության բաժանմունքի շենքը և արդյունքում, մեծ հերթերի և անվտանգության աշխատակիցների կողմից շենք մտնողների կամայական ընտրության պատճառով, իշխանությունների սահմանված վերջնաժամկետները պահպանել գործնականում անհնար էր:

246. Aire կենտրոնի և Amnesty International կազմակերպության վկայությունների համաձայն իրավիճակը Հունաստանում այսօր այնպիսին է, որ ապաստան հայցողները զրկված են ոչ միայն իշխանությունների նյութական օժանդակությունից, այլ նաև սեփական կարիքները հոգալու հնարավորությունից: Հետևաբար, պետության անօրինական գործողությունների պատճառով փախստականների համար ստեղծված թշվառության վիճակը Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան պետք է դիտվի որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունք:

C. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիությունը

247. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքերով դիմողի բողոքները Հունաստանում ապրուստի պայմանների մասին բարձրացնում են իրավունքի և փաստի հետ կապված բարդ խնդիրներ, որոնք չեն կարող որոշվել առանց գործն ըստ էության քննելու:

248. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն չէ: Այն նաև անընդունելի չէ որևէ այլ հիմքերով: Ուստի այն պետք է ընդունելի հայտարարվի:

2. Հանգամանքներ

249. Դատարանն արդեն մատնանշել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային պրակտիկայում առկա ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառելի են սույն գործում (տե՛ս սույն վճռի 216-222 կետերը): Այն նաև անհրաժեշտ է գտնում ընդգծելու, որ 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես Բարձր պայմանավորվող կողմերին պարտադրող կացարանով ապահովելու իրենց իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց (տե՛ս վերը նշված Chapman, կետ 99): 3-րդ հոդվածով չի նախատեսվում նաև կենսամակարդակի որոշակի մակարդակի ապահովման նպատակով փախստականներին ֆինանսական օժանդակություն տրամադրելու որևէ ընդհանուր պարտավորություն (տե՛ս MՖslim v. Turkey, գանգատ թիվ 53566/99, կետ 85, 2005թ. ապրիլի 26):

250. Դատարանը, սակայն, այն կարծիքին է, որ սույն գործում բարձրացված խնդիրն այդպիսի մոտեցմամբ դիտարկելն անընդունելի է: Ի տարբերություն վերը նշված MՖslim-ի գործի (կետեր 83 և 84)` կարիքավոր ապաստան հայցողներին կացարանի և ընդունելի նյութական պայմանների ապահովման պարտականությունը ներկա դրությամբ պետության պոզիտիվ իրավունքի մաս է հանդիսանում, և Հունաստանի իշխանությունները պարտավոր են գործելու սեփական օրենսդրության համապատասխան, որը փոխատեղել է Մասնակից պետություններում ապաստան հայցողներին ընդունելու նվազագույն չափորոշիչներ սահմանող Համայնքային իրավական նորմը, այն է՝ թիվ 2003/9 հանձնարարականը («Ընդունման հրահանգ» – տե՛ս սույն վճռի 84-րդ կետը): Սույն գործում դիմողը մեղադրում է Հունաստանի իշխանություններին, քանի որ վերջիններիս միտումնավոր գործողությունների կամ բացթողումների հետևանքով այդ իրավունքներից օգտվելն ու իր առաջնահերթ կարիքները հոգալը դիմողի համար գործնականում անհնար էր դարձել:

251. Դատարանը կարևոր հանգամանք է համարում դիմողի` որպես ապաստան հայցողի կարգավիճակը, որի պատճառով նա ընդգրկվում է հատուկ պաշտպանության կարիք ունեցող բնակչության առավել անապահով և խոցելի խմբում (տե՛ս,mutatis mutandis, Others v. Croatia [GC], գանգատ թիվ 15766/03, կետ 147, ՄԻԵԴ 2010‑...): Նա նշում է հատուկ պաշտպանության անհրաժեշտության հարցի վերաբերյալ միջազգային և եվրոպական մակարդակով գոյություն ունեցող ընդհանուր փոխհամաձայնությունը, որի մարմնավորումներն են Ժնևի կոնվենցիան, ՄԱԿ ՓԳՀ-ի առաքելությունն ու գործունեությունը, ինչպես նաև Եվրոպական Միության Ընդունման հրահանգում սահմանված չափորոշիչները:

252. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը պետք է որոշի, թե արդյոք ծայրահեղ նյութական աղքատության իրավիճակը կարող է 3-րդ հոդվածի հիմքերով խնդիրներ առաջացնել:

253. Դատարանը կրկնում է, որ նա չի բացառում «այն հնարավորությունը, որ դրսևորված վերաբերմունքի արդյունքում պետության պատասխանատվությունը կարող է առաջանալ [3-րդ հոդվածով] այն դեպքում, երբ դիմողը, որն ամբողջությամբ կախված է պետության օժանդակությունից, բախվում է պաշտոնյաների անտարբերության հետ` հայտնվելով մարդու արժանապատվությանն անվայել չքավորության և կարիքի իրավիճակում» (տե՛ս Budina v. Russia, գանգատ թիվ 45603/05, ՄԻԵԴ 2009...):

254. Այն նկատում է, որ դիմողը գտնվում էր չափազանց ծանր վիճակում: Դիմողի խոսքերով նա ամիսներ շարունակ ապրում էր ծայրահեղ աղքատության պայմաններում և չէր կարող հոգալ իր նվազագույն կարիքները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի և կացարան ունենալու տեսանկյունից: Բացի այդ, նա մշտապես գտնվում էր հարձակման ենթարկվելու և կողոպտվելու վախի մթնոլորտում և չէր ակնկալում իրավիճակը բարելավելու որևէ հնարավորություն: Անդադար վախը, թշվառական կյանքը և հոգեբանական ընկճվածությունն էր, որ նրան ստիպել էին Հունաստանից հեռանալու մի քանի փորձ ձեռնարկել:

255. Դատարանը նշում է, որ Եվրախորհրդի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարի և ՄԱԿ ՓԳՀ-ի դիտարկումներից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների զեկույցներից (տե՛ս սույն վճռի 160-րդ կետը) հետևում է, որ դիմողի նկարագրած իրավիճակը համատարած բնույթ էր կրում և այն, ինչպես դիմողի, այնպես էլ բազմաթիվ այլ ապաստան հայցողներին ամենօրյա բախտաբաժինն էր դարձել: Այդ իսկ պատճառով Դատարանը դիմողի նկարագրած իրավիճակին չվստահելու համար որևէ հիմքեր չի տեսնում:

256. Հունաստանի կառավարությունը պնդում է, որ դիմողն ինքն էր պատասխանատու նման իրավիճակի համար, քանի որ իշխանությունները գործել էին պատշաճ ջանասիրությամբ, և նա պետք է ավելի գործունյա լիներ սեփական իրավիճակը բարելավելու համար:

257. Կողմերը չեն համաձայնվում այն հարցի վերաբերյալ, թե արդյոք դիմողին տրվել էր ապաստան հայցողների համար պատրաստված տեղեկատվական գրքույկը: Դատարանը, սակայն, չի կարևորում այդ հարցը, քանի որ գրքույկում ոստիկանությանն ապաստան հայցողի տնազուրկ վիճակի մասին իրազեկ պահելու մասին ոչինչ չի ասվում, նաև կացարան ստանալու հնարավորության մասին որևէ տեղեկատվություն չի պարունակվում: Ինչ վերաբերում է դիմողի ստացած ծանուցագրին, որտեղ նրան հրահանգում էին հասցեն գրանցելու համար Ատիկայի ոստիկանության բաժանմունք ներկայանալ (տե՛ս սույն վճռի 35-րդ կետը), Դատարանի կարծիքով վերջինիս ձևակերպումը հստակ չէր և այն ողջամտորեն բավարար տեղեկատվություն համարվել չի կարող: Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմողին այդպես էլ պատշաճ կերպով չէին ծանուցել իրեն կացարան տրամադրելու առաջացած հնարավորության մասին, եթե դա իրոք այդպես էր:

258. Բոլոր դեպքերում Դատարանը չի պատկերացնում թե իշխանություններն ինչպես կարող էին չնկատել կամ անտեսել, որ դիմողը Հունաստանում տնազուրկ է: Կառավարությունն ինքն է խոստովանում, որ տասնյակ հազարավոր ապաստան հայցողներին տանիք ապահովելու համար երկրում գործող ընդունման կենտրոններում 1,000-ից քիչ տեղ կա: Դատարանը նաև նշում է, որ ինչպես նշել էր ՄԱԿ ՓԳՀ-ն, գաղտնիք չէ, որ արական սեռի չափահաս ապաստան հայցողն ընդունման կենտրոնում տեղ ստանալու որևէ գործնական հնարավորություն չունի, և որ 2010թ. փետրվար-ապրիլ ամիսներին անցկացված հարցման արդյունքում ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից հարցազրույց անցած Դուբլինի կանոնակարգով բոլոր ապաստան հայցողները տնազուրկ էին: Ինչպես և դիմողը, նրանց զգալի մասն ապրում է այգիներում կամ այլևս չշահագործվող շենքերում (տե՛ս սույն վճռի 169, 244 և 242 կետերը):

259. Թեև Դատարանը չի կարող հաստատել դիմողի հայտարարության ճշմարտությունն առ այն, որ մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը նա Հունաստանի իշխանությունների առջև մի քանի անգամ բարձրաձայնել էր իր տնազուրկ լինելու մասին, այնուամենայնիվ Հունաստանի ընդունման կենտրոնների սահմանափակ կարողությունների մասին վերոնշյալ տվյալներն ակնհայտորեն նվազեցնում են Կառավարության այն փաստարկի արժեքը, որ ստեղծված իրավիճակի պատճառը դիմողի անգործողությունն էր: Բոլոր դեպքերում, հաշվի առնելով անապահովության և խոցելիության հատուկ իրավիճակը, որում ինչպես հայտնի է գտնվում են Հունաստանում ապրող ապաստան հայցողները, Դատարանը գտնում է, որ Հունաստանի իշխանությունները չպետք է միայն սպասեին, որպեսզի դիմողն իր առաջնային կարիքների մասին տեղեկացնելու համար ներկայանար ոստիկանության բաժանմունք:

260. Այն փաստը, որ, ըստ ամենայնի, այդ ընթացքում ընդունման կենտրոնում դիմողի համար տեղ էր հայտնաբերվել, չի փոխում դիմողի իրավիճակը, քանի որ իշխանությունները նրան այդ մասին հաղորդելու համար որևէ հնարավորություն չէին գտել: Իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է այն պատճառով, որ այդ փաստի մասին Դատարանին արդեն իսկ նշվել էր 2010թ. փետրվարի 1-ին Կառավարության դիտարկումներում, որոնցում Կառավարությունը տեղեկացրել էր Մեծ Պալատին, որ իշխանությունները հանդիպել էին դիմողին 2010թ. հունիսի 21-ին և հանձնել նրան ծանուցագիրը, սակայն չէին հայտնել, որ իր համար կացարան են գտել:

261. Դատարանը նաև չի տեսնում, թե դիմողին հատկացված վարդագույն քարտը ինչպիսի գործնական օգուտ կարող էր նրան տալ: Օրենքն իրոք սահմանում է, որ վարդագույն քարտ ունեցող ապաստան հայցողները կարող են գրանցվել աշխատանքի շուկայում, ինչը կարող էր դիմողին թույլ տալ լուծելու իր խնդիրները և հոգալու առաջնային կարիքները: Սակայն այս դեպքում նույնպես ուսումնասիրված զեկույցներից երևում է, որ գործնականում աշխատուժի շուկա մուտք գործելու հնարավորությունը վարչական խոչընդոտների պատճառով այնքան բարդացված է, որ չի կարող իրատեսական համարվել (տե՛ս սույն վճռի 160-րդ և 172-րդ կետերը): Բացի այդ դիմողն ուներ նաև անձնական դժվարություններ, քանի որ նա չէր տիրապետում հունարենին, զրկված էր օժանդակության որևէ ցանցի աջակցությունից և ընդհանուր առմամբ գտնվում էր անբարենպաստ տնտեսական միջավայրում:

262. Ի վերջո, Դատարանը նշում է, որ այն իրավիճակը, որի մասին դիմողը բողոքում էր, առկա է եղել 2009թ. հունիսին նրա Հունաստան ժամանելու պահից ի վեր: Այն կապված էր դիմողի` ապաստան հայցողի կարգավիճակի և այն փաստի հետ, որ նրա ապաստանի հայցը այդպես էլ չի դիտարկվել Հունաստանի իշխանությունների կողմից: Այլ կերպ ասած` Դատարանն այն կարծիքին է, որ եթե Հունաստանի իշխանություններն արագորեն քննության առնեին դիմողի ապաստանի հայցը, ապա զգալիորեն կթեթևացնեին նրա տառապանքները:

263. Վերոնշյալի լույսի ներքո և հաշվի առնելով Եվրոպայի Ընդունման հրահանգի համաձայն Հունաստանի իշխանությունների պարտավորությունները (տե՛ս սույն վճռի 84-րդ կետը)` Դատարանը գտնում է, որ Հունաստանի իշխանությունները բավարար կերպով հաշվի չեն առել դիմողի` որպես ապաստան հայցողի խոցելիությունը և պատասխանատվություն են կրում իրենց անգործության պատճառով ստեղծված այն իրավիճակի համար, որում դիմողը գտնվում էր մի քանի ամիս շարունակ` ապրելով փողոցում, առանց որևէ միջոցների կամ սանիտարական հարմարանքներից օգտվելու հնարավորության, և առանց իր առաջնային կարիքները հոգալու որևէ հնարավորության: Դատարանը գտնում է, որ դիմողն իր նկատմամբ հարգանքի բացակայության մասին վկայող ստորացնող վերաբերմունքի զոհ է հանդիսացել, և որ նման իրավիճակն իր մոտ անտարակույս առաջացրել է վախի, տառապանքի և թերարժեքության զգացում, որը կարող էր բացարձակ հուսալքության պատճառ դառնալ: Այն գտնում է, որ կյանքի նման պայմանները շարունակական անորոշության և բարելավման որևէ հեռանկարի բացակայության պայմաններում հասել էին այնպիսի սաստկության, որ հայտնվում էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում:

264. Արդյունքում, դիմողն իշխանությունների մեղքով գտնվել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ անհամատեղելի իրավիճակում: Ուստի տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:

III. ԱՊԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

265. Դիմողը բողոքում էր, որ Հունաստանի օրենսդրությունն իրեն արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք չէր ընձեռնում գանգատ ներկայացնելու համար 2-րդ և 3-րդ հոդվածների հիմքերով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման մասին, որտեղ ասված է.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։