Հոդված 5. Մշակութային գործունեություն և հնարավորություններ
Հոդված 5. Մշակութային գործունեություն և հնարավորություններ
122. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 171-րդ կետը:
123. ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունները համակարգող խորհրդի 2000 թ. հոկտեմբերի 5-ի առաջարկությամբ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով տարեկան 10 մլն դրամ է հատկացվել խորհրդի անդամ հանդիսացող 11 ազգային համայնքները ներկայացնող կազմակերպություններին:
2012 թ-ից խորհրդի առաջարկությամբ և համապատասխան հիմնավորմամբ ՀՀ կառավարությունը կրկնապատկել է ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարը՝ հասցնելով այն 20 մլն դրամի:
Այդ գումարի չափը ներառված է նաև 2019 թ. պետական բյուջեում:
Գումարի բաշխման կարգը յուրաքանչյուր տարի քննարկվել և հաստատվել է խորհրդի նիստում՝ անդամների քվեարկության արդյունքում` ձայների մեծամասնության սկզբունքով:
Դրամաշնորհների հատկացման կարգը չի մշակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այլ, ինչպես նախկինում, համաձայնեցվել է համակարգող խորհրդում ընդգրկված ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների հետ:
Համաձայն այդ կարգի՝ յուրաքանչյուր տարվա սկզբում ընդհանուր գումարից 9 մլն դրամ հատկացվում է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի անդամ կազմակերպություններին՝ նրանց կողմից ներկայացվող շարունակական ծրագրերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը, 1 մլն դրամ հատկացվում է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի միասնական միջոցառումների համար, իսկ մնացած 10 մլն դրամի հաշվին ֆինանսավորվում են ազգային փոքրամասնությունների համայնքների ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված առավել կարևոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք ինչպես Համակարգող խորհրդի, այնպես էլ ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող այլ կազմակերպությունների կողմից ներկայացվում են լրացուցիչ ֆինանսավորման: Դրանք քննարկվում և հաստատվում են Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի՝ ազգային-պետական կառույցներ չունեցող և (կամ) մեծաթիվ համայնքներ ներկայացնող կազմակերպությունների կարիքների առաջնահերթ բավարարմամբ:
2017 թ. դեկտեմբերին կայացած նիստի որոշման համաձայն` ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2018 թ. պետական բյուջեով նախատեuված 20 մլն դրամ գումարից 9 մլն դրամը պետք է հավասարաչափ բաշխվի ըստ խորհրդում ներկայացված էթնիկ համայնքների կազմակերպությունների:
Միաժամանակ, նույն նիստի որոշմամբ խորհուրդը երաշխավորել է 2015 թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ հանդիսացող «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին` 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ խորհրդի որոշմամբ ազգային-մշակութային տարբեր կազմակերպությունների (այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող) կողմից էթնիկ համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով:
124. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 175-րդ կետը:
125. Մշակութային պետական քաղաքականության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ պարբերաբար կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերից ու համայնքներից ստացված մշակույթի տների և ակումբների վերանորոգման և շինարարության կապիտալ ծախսերի վերաբերյալ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի քննարկումներ: Քննարկումների արդյունքում պարբերաբար վերանորոգվում կամ կառուցվում են մշակույթի տներ` տարբեր համայնքներում, այդ թվում` ազգային փոքրամասնությունների բնակավայրերում:
Ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի ներկայացման համար լրացուցիչ պայմանների ապահովման նպատակով քննարկվել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զ. Սարկավագի 68 հասցեում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու համալիրում ընդգրկված մկրտարանի կառուցման, թուրքմենական դամբարանի գմբեթի ամրակայման էսքիզային նախագծերը, ինչպես նաև համաձայնեցվել են Վերին Դվինի և Արզնիի ասորական ուղղափառ եկեղեցիների նախագծանախահաշվային փաստաթղթերը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի օգոստոսի 1-ի N 860-Ա/2 հրամանով հաստատվել է «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը՝ ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցում ներդնելու համար:
ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում 2012 թ. կառուցվել է «Զիարատա» սրբավայրը, որտեղ հավաքվում են Հայաստանում ապրող, իսկ խոշոր ազգային տոներին՝ նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիները:
2018-2020 թվականների պետական բյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրում ներկայացվել են ՀՀ Լոռու մարզի Ամրակից համայնքի ռուսական եկեղեցու նորոգման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման և իրականացման աշխատանքները: 2015 թ. կազմվել են Արգավանդ համայնքի Թուրքմենական դամբարանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 724.826 հազ. դրամ, իսկ 2017թ.՝ նույն հուշարձանի տարածքի բարեկարգման (ջրահեռացման) գիտանախագծային փաստաթղթերը, որի համար հատկացվել է 840.000 հազ. դրամ: 2018 թ. ուսումնասիրությունների արդյունքում նախատեսվել է կազմել ՀՀ Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եբրայական գերեզմանոցի (14-17-րդ) պահպանական գոտու նախագիծ:
2019 թ. առաջարկվում է ազգային փոքրամասնություններին պատկանող հուշարձանների տարածքներում տեղադրել եռալեզու ցուցանակներ:
126. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ ազգային զեկույցի 177-178-րդ կետերը:
127. Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակույթները հնարավորության սահմաններում ներկայացվում են նաև արտերկրում: 2016 թ. Հայաստանի հունական համայնքի «Խարիտոնի» անսամբլը Հունաստանում մասնակցել է «Grape festival «The harvest by the centuries, Stimaga» միջազգային ժողովրդական պարի փառատոնին: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ ստանձնած պարտավորությունն ասորերենի, հունարենի, քրդերենի և եզդիերենի վերաբերմամբ իրականացնելու համար, սակայն ֆինանսական միջոցների սղությունը դժվարացնում է սույն պարտավորության լիարժեք իրականացումը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների մասնակցությամբ ավանդաբար անցկացվում են գեղարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսներ և երաժշտական փառատոներ: 2015-2018 թթ. համապատասխանաբար կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական 3 փառատոն և 3 ցուցահանդես:
1) ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով պետական բյուջեից 800.0 հազար դրամ է տրամադրում «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» Ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը «Ասորիսկիե նովոստի» ռուսերեն, ասորերեն թերթի տպագրման համար: Թերթը տպագրվում է տարեկան 12 համար, 500 տպաքանակով, 2 մամուլ ծավալով: Թերթի երկու էջը ասորերեն է:
2) Հայաստանի Հանրապետության բյուջեում ազգային փոքրամասնությունների մշակութային ծրագրերին աջակցության ֆինանսական ծավալները մշակվում են համաձայն համայնքներից ներկայացված հայտերի: Մշակութային հայտերը ներկայացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունն իր պաշտոնական կայքէջում www.mincult.am տեղադրում է դրամաշնորհների ներկայացման հայտարարություն, որը բաց է և հնարավորություն է տալիս բոլոր ազգային փոքրամասնություններին ներկայացնելու իրենց ծրագրերը: