Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Լրատվամիջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Լրատվամիջոցներ

94. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների արդյունքում ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-153-Ն ՀՀ օրենքը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխությունների համաձայն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դ. ենթակետով հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության համար պարտավորություն է սահմանվել՝ եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար:

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից օրենքի վերոնշյալ պարտավորությունը լիարժեք իրականացնելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին վերապահվել է լիազորություն՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.

1) Հանրային հեռուստատեսությամբ՝ շաբաթական առնվազն 30 րոպե,

2) Հանրային ռադիոյով՝ օրական առնվազն 30 րոպե:

95. Հանրային հեռուստատեսությամբ և այլ հեռուստաընկերություններով պարբերաբար հեռարձակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ազգային փոքրամասնությունների մասին վերլուծական, իրավունքների իրազեկման կամ տեղեկատվական հաղորդումներ` հիմնականում հայերեն կամ ռուսերեն: Հեռուստալրագրողների խնդրանքով ազգային փոքրամասնությունների միջոցառումները կամ տոնակատարությունները մեկնաբանելիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խոսում են իրենց լեզվով: Հանրապետության մարզերում գործող հեռուստաընկերությունները պարբերաբար անդրադառնում են ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացվող խնդիրներին:

96. Հայաստանի Հանրային ռադիոն ամեն օր իրականացնում է հեռարձակում ազգային փոքրամասնությունների լեզուներով, մասնավորապես, ասորերեն` 15 րոպե, քրդերեն` 30 րոպե, եզդիերեն` 30 րոպե, հունարեն՝ 15 րոպե: Աշխատանքային օրերին ռուսախոս ազգային փոքրամասնությունների համար հեռարձակվում է լրատվական-վերլուծական հաղորդում՝ 15 րոպե տևողությամբ:

97. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ամեն տարի ֆինանսական միջոցներ է հատկացնում ազգային փոքրամասնությունների մամուլի տպագրությանն օժանդակելու համար։ «Պետական աջակցություն ոչ պետական մամուլին» բյուջետային ծրագրով 2015-2018 թվականների Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն աջակցություն է ցուցաբերել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 13 մամուլի և 1 ամսագրի հրատարակմանը: Պետք է նշել, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մեծ մասը շարունակում է տպագրել հայերեն կամ ռուսերեն մամուլ (երկլեզու, իսկ առանձին դեպքերում՝ եռալեզու):

98. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող պարբերական գրական, մշակութային, գիտական և այլ մամուլի հրատարակմանը, այդ թվում՝ եզդիների համայնքի «Էզդիխանա» և «Լալըշ» հայերեն թերթերի, ռուսական համայնքի «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» թերթերի, վրացական համայնքի «Իվերիա» թերթի, լեհական համայնքի «Պոկա մի ժիվի» թերթի՝ (ռուսերեն, լեհերեն) և «Զագրոս» քրդերեն թերթերի, հունական համայնքի «Իլիոս» թերթի, ինչպես նաև ասորական համայնքի «Ассирийские новости» և «Ասսիրիյսկիե նովոստի» թերթը՝ ռուսերեն և ասորերեն թերթերի:

2015-2018 թթ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» պետական ծրագրի շրջանակներում գրքերի, թերթերի և «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ մշակութային միջոցառումներին պետական բյուջեից հատկացված միջոցները: Տես՝ Աղյուսակ 1-2:

99. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 166-րդ կետը:

100. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ 2015-2018 թվականներին ազգային փոքրամասնությունների լեզուներով «Ազգային փոքրամասնությունների և այլ գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 6 անուն գիրք, այդ թվում՝ Ամարիկե Սարդարի «Կարոտ» վեպը, Ալեքսանդր Պորյադոչնիի «Արծաթե թելը» վեպը, Մռազե Ջամալի «Լեռների ծիածանը» պատմվածքների ժողովածուն, Ն. Նիկոլաիդի և Ա. Խուրշուդյանի «Սակկիլարի» գիրքը, Ամո Շառոյանի «Շանգալի ցավը» արձակ ժողովածուն, Ալիխանե Մամեի «Բանաստեղծությունները»:

2015-2017 թթ. «Գրականության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում հրատարակվել է նաև գրականություն՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով: Հրատարակվող գրականության ցանկը բերվում է ստորև ներկայացվող աղյուսակներում: Աղյուսակ 1-3:

101. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 168-րդ կետը:

102. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորման սկզբունքը փոխվել է և այժմ Սահմանադրության 197-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից և հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը, ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը: Օրենքով երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրությունը, արտադրությունը, տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկություն՝ ներառյալ արբանյակային, կաբելային (մալուխային) ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրավասու չէ միջամտելու մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությանը:

103. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:

Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունն օրենքի համաձայն իրենք են մշակում և իրականացնում ծրագրային քաղաքականությունը և օրենքի համաձայն հեռուստառադիոլսարանին պարտավոր են մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։