Հոդված 4. Դատական մարմիններ. Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ
Հոդված 4. Դատական մարմիններ. Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ
104. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ից 6-րդ մասերը սահմանում են՝
1) Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է.
2) բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3) յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով.
5) քրեական գործով հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով՝ բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը.
6) վարչական գործով դատավարության մասնակցին, քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձին, իսկ քրեական գործով՝ տուժողին դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նա չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն և ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը և կարգը սահմանում է կառավարությունը:
105. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարությանը մասնակցող անձինք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապետում հայերենին, դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը: ՀՀ քրեական դատավարության 15-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քրեական դատավարության մասնակցին (բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի), նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար, իսկ 4-րդ մասը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձինք (բացառությամբ վկայի) դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը քրեական վարույթն իրականացնող մարմինը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ նշված օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթ իրականացվում է նշված օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ: Հետևաբար, նույնիսկ դատավարության լեզվին` հայերենին տիրապետող ազգային փոքրամասնությանը պատկանող անձին, իր ցանկությամբ, հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճենները կարող են տրամադրվել համապատասխան լեզվով, քանի որ տվյալ պարագայում անհրաժեշտ կլինի ղեկավարվել խարտիայի պահանջներով: Ելնելով այս սկզբունքից` դատավարության լեզվին տիրապետող ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք նույնպես կարող են պահանջել, որ հանձնման ենթակա փաստաթղթերն իրենց տրամադրվեն համապատասխան լեզվով վավերացված պատճեններով:
106. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերեն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ նշված օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
107. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-6-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝
«1. Հայաստանի Հանրապետությունում վարչական դատավարության լեզուն հայերենն է։
2. Դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը։ Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին։
4. Վարչական դատավարության մասնակցին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն, և նա ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար, ծանոթանալու դատական նիստերի կամ առանձին դատավարական գործողությունների արձանագրությանը և դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման կապակցությամբ։
6. Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ դատարանը թարգմանչից ստորագրություն է վերցնում»։
108. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. «Վարչական վարույթն իրականացվում և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով: Այդ դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով:»:
109. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, և ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով: Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաև դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները։»:
110. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական ակտն ընդունած վարչական մարմինը վարչական ակտի հասցեատիրոջ գրավոր խնդրանքով նրան կարող է տրամադրել նաև վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով:
Նույն օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են. «Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումներ տրվում են Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համապատասխան համայնքի բյուջեից` կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է հրավիրել այդ անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մարմին):
Եթե փորձագետին կամ թարգմանչին հրավիրել է վարչական վարույթի որևէ մասնակից, ապա համապատասխան ծախսերը կրում է այդ մասնակիցը:
Սույն հոդվածով նախատեսված անձանց համապատասխան վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, իսկ վարչական վարույթի մասնակիցներից որևէ մեկի կողմից հրավիրված լինելու դեպքում` հրավիրողի և հրավիրվողի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանված կարգով և չափով:»:
111. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է վարույթի մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը: Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի»:
112. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 144-147-րդ կետերը:
Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Վերջինիս նպատակն է կարգավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել դրանց հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, ինչպես նաև կանոնակարգել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպաիրավական հիմքերը։
«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածը նվիրված է Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց կողմից իրենց լեզուն գործածելու ազատությանը: Ներկայումս «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, որն ավարտելուց հետո կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ հաստատման, այնուհետև կուղարկվի ՀՀ Ազգային ժողով ընդունման:
113. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են դիմում ներկայացնել իրենց լեզվով, իսկ պատասխանը նրանց տրվում է պետական լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումատուն նշում է, որ ակնկալում է պատասխանն ստանալ իր կողմից նշված լեզվով:
Մարզերում բնակվող ազգային փոքրամասնություն կազմող բնակիչները տիրապետում են հայերենին, ուստի պետական մարմիններին դիմելու խնդիր վերոհիշյալ բնակչությունը չունի:
114. Մարզերում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն լայն հնարավորություններ և իրավունք՝ այդ լեզուներով գրավոր կամ բանավոր հայտեր ներկայացնելու տեղական և մարզային իշխանություններին, սակայն անհրաժեշտ է փաստել, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծամասամբ չտիրապետելով իրենց էթնիկ գրավոր լեզվին՝ գերադասում են նշված շրջանակների հետ շփումներում օգտագործել պետական լեզուն: Օրինակ, Լոռու մարզում ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչները, մասնավորապես, հույներն ու եզդիները, անգամ միմյանց հետ հազվադեպ են շփվում իրենց մայրենի լեզվով:
115. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 150-152-րդ կետերը:
116. Արմավիրի մարզում տվյալ ազգային փոքրամասնությունների լեզվով խոսում են տվյալ փոքրամասնությունների համայնքներում, Լոռու (Ֆիոլետովոյի և Լերմոնտովոյի համայնքներ) և Շիրակի մարզերում օրենքով սահմանված դեպքերում ժողովների ընթացքում (քննարկումների ժամանակ) գործածվում է ռուսերեն լեզուն:
117. Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների հավաք բնակավայրերում տեղական ինքնակառավարումն իրականացվում է Ալագյազ խոշորացված համայնքապետարանի և ընտրված ավագանու միջոցով:
Արարատի մարզի Դիմիտրովի և Վերին Դվինի և Լոռու մարզի Ֆիոլետովոյի և Լերմոնտովոյի համայնքներում տեղական ինքնակառավարումն իրականացնում են իրենց ներկայացուցիչները:
Կոտայքի մարզի Արզնի գյուղում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 5-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են (չորս ասորի, մեկ եզդի): Նոր Գեղիում ավագանու 9 անդամներից մեկը եզդի է: Մինչև համայնքների խոշորացումը եզդիները ավագանու անդամ ունեին նաև Զովունիում:
Մարզի ազգային փոքրամասնությունները ներկայացված են նաև ՀՀ Ազգային ժողովում. Կնյազ Հասանով (Աբովյան, քուրդ), Արսեն Միխայլով (Արզնի, ասորի):
ՀՀ մյուս մարզերում ազգային փոքրամասնությունների հավաք բնակավայրեր չկան:
118. Արարատի մարզի Վերին Դվին և Դիմիտրով համայնքների ղեկավարներն ասորի են և ցանկության դեպքում գործածում են իրենց մայրենի լեզուն:
Մյուս մարզերում ազգային փոքրամասնությունների լեզուներով դիմումներ դեռ չեն հասցեագրվել, սակայն հասցեագրվելու դեպքում, ըստ անհրաժեշտության, կպատասխանվեն տվյալ լեզվով:
119. Արմավիրի մարզի Ֆերիկի համայնքապետը և Նալբանդյանի և Զարթոնքի համայնքապետի տեղակալներն ազգությամբ եզդի են: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են աշխատում նաև Երասխահունի և Նոր Արտագերսի համայնքապետարաններում և դպրոցներում:
Շիրակի մարզում պետական պաշտոնատար անձինք բավարար չափով տիրապետում են ռուսերենին, կան նաև եզդիերենին, հունարենին որոշակի չափով տիրապետողներ: Փոքրամասնությունների լեզուներին տիրապետող աշխատողներ կան նաև տեղական ինքնակառավարման մարմիններում՝ քաղաքային և գյուղական ավագանիներում:
120. Արագածոտնի մարզի ազգային կազմով գյուղական համայնքներում ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոններում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքապետարանի 12 աշխատողներից 9-ը, ավագանու 7 անդամներից 6-ը ազգությամբ ասորի են: Դիմիտրովում՝ համայնքապետարանի 12 աշխատողներից 5-ը ասորի են՝ ներառյալ Դիմիտրովի մանկապարտեզի տնօրենը:
Ազգությամբ ռուս և եզդի ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչներ ևս ընդգրկված են գյուղական համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններում:
Գեղարքունիքի մարզի Սևան և Սեմյոնովկա համայնքների ավագանիների կազմերում ընդգրկված է մեկական քուրդ ներկայացուցիչ:
Շիրակի մարզում պետական պաշտոնատար անձինք բավարար չափով տիրապետում են ռուսերենին, կան նաև եզդիերենին, հունարենին որոշակի չափով տիրապետողներ: Փոքրամասնությունների լեզուներին տիրապետող աշխատողներ կան նաև տեղական ինքնակառավարման մարմիններում՝ քաղաքային և գյուղական ավագանիներում:
121. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 158-159-րդ կետերը: