Հոդված 55. Որոշումների ճանաչումը և կատարումը մերժելը
Հոդված 55. Որոշումների ճանաչումը և կատարումը մերժելը
«...որոշումների ճանաչումը և դրանց կատարման համար թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե. ... գ) այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, տվյալ գործով առկա է միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի շուրջ և միևնույն հիմքերով ավելի վաղ կայացված վերջնական որոշում...»:
Դ. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ուժի մեջ է եղել 1995 թվականի հունիսի 18-ից մինչև 1997 թվականի մարտի 1-ը)
45. Համաձայն 17-րդ հոդվածի՝ դատարանն իրավասու է եղել պարտապանին սնանկ ճանաչել:
46. Ըստ 30-րդ հոդվածի 1-ին կետի՝ նախատեսվում էր, որ դատարանը որոշում է կայացնում սնանկ ճանաչված իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի վաճառքն իրականացնել աճուրդի միջոցով: Միևնույն հոդվածի 4-րդ ենթակետի համաձայն՝ սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտավորությունների համար գնորդը պատասխանատվություն չի կրում:
47. 34-րդ հոդվածով նախատեսվում էր, որ սնանկացման վերաբերյալ գործի դատական քննությունն ավարտելու պահից դատարանը պարտապանին ազատված է հայտարարում չվճարված բոլոր պարտքերի վճարումից, որից հետո արգելվում է պարտապանի նկատմամբ դատական կարգով կատարվող ցանկացած հետապնդում՝ այդ պարտքերի հատուցման նպատակով:
Ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 576 որոշում
48. Որոշման 16-րդ կետի համաձայն, որն ուժը կորցրած է ճանաչվել 2004 թվականի օգոստոսի 26-ին, ընկերության լուծարման կամ վերակառուցման հետևանքով վերջինիս գործունեության դադարեցման դեպքում աշխատողին աշխատանքային պարտականությունների կատարման կապակցությամբ պատճառված վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության մարմինը՝ պետական բյուջեի հաշվին:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
49. Դիմումատուն բողոքել է, որ Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության իշխանությունների կողմից չի կատարվել 1988 թվականի վճիռը, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից՝ նաև 2003 թվականի վճիռը, որոնք երկուսն էլ կայացվել են դիմումատուի օգտին: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, որոնք այնքանով, որքանով վերաբերելի են, սահմանում են.