Հոդված 6
Հոդված 6
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք»:
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Ա. Ընդունելիությունը
1. 1988 թվականի հունվարի 15-ի վճիռը չկատարելը
ա) Բողոքի շրջանակները
50. 1988 թվականի վճռով դիմումատուին շնորհվել է երեք միանվագ վճարման ենթակա գումար, ինչպես նաև ամսական վճարումներ լրացուցիչ բժշկական խնամքի և լրացուցիչ կերակրման համար: Այնուամենայնիվ, դիմումատուի կողմից իր բողոքում և հետագա փաստարկներում բարձրացված միակ խնդիրը 1992 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ բժշկական խնամքի և լրացուցիչ կերակրման համար նախատեսված ամսական վճարումները չկատարելն է: Հետևաբար Դատարանն այդ բողոքը կքննի միայն ամսական վճարումները չկատարելու մասով:
բ) Հայաստանի Հանրապետության մասով ներկայացված բողոքը
51. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները տվյալ բողոքի մասով, քանի որ նա չի նախաձեռնել վարույթ Հայաստանի Հանրապետության կամ Մոլդովայի Հանրապետության համապատասխան դատարաններում՝ կապված 1988 թվականի վճռի չկատարման հետ:
52. Այս կապակցությամբ դիմումատուն որևէ փաստարկ չի ներկայացրել:
53. Դատարանը գտնում է, որ առկա չէ [իրավական պաշտպանության ներպետական միջոցները] չսպառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առարկությունները քննելու անհրաժեշտություն, քանի որ տվյալ բողոքն, ամեն դեպքում, անընդունելի է հետևյալ պատճառներով.
54. Սույն գործում 1988 թվականի հունվարի 15-ի վերջնական դատական ակտով դիմումատուին շնորհվել են նրա նախկին գործատուի՝ «Երևանի մսի կոմբինատ»-ի կողմից տրամադրվելիք ամսական վճարվող գումարներ՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման կապակցությամբ ստացված վնասվածքի հետ: Այնուամենայնիվ, 1997 թվականի հունիսի 2-ին՝ սնանկության վարույթի ավարտից և «Երևանի մսի կոմբինատ»-ի իրավահաջորդ հանդիսացող «Ուրարտու» ԲԲԸ-ի վաճառքից հետո, ընկերությունն ազատվել է իր պարտքերը մարելու պարտավորությունից, որոնցում ներառված են եղել նաև դիմումատուի նկատմամբ ստանձնած պարտավորությունները (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Կարելի է, հետևաբար, եզրակացնել, որ 1997 թվականի հունիսի 2-ից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն այլևս չի նախատեսվել՝ 1988 թվականի վճռով դիմումատուին ամսական վճարումներ կատարելու պարտավորություն:
55. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող նորմերի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար Կոնվենցիան տարածվում է այն փաստերի վրա, որոնք առաջացել են տվյալ Կողմի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս, օրինակ, Յովանովիչն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Jovanovic v. Croatia (dec.)], թիվ 59109/00, ՄԻԵԴ 2002-III):
56. Դատարանի դիտարկմամբ Կոնվենցիան և Թիվ 1 արձանագրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ են մտել 2002 թվականի ապրիլի 26-ից: Համապատասխանաբար այն ժամանակ, երբ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել, ո՛չ «Ուրարտու» ԲԲԸ-ն և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ներպետական օրենսդրության համաձայն պարտավորված չեն եղել 1988 թվականի վճռի ուժով դիմումատուին փոխհատուցման վճարումներ կատարել: Այսպիսով, Դատարանն իրավասու չէ քննել տվյալ բողոքը, քանի որ այն վերաբերում է դիմումատուի կողմից քննարկվող վճարումներն ստանալու իրավունքին, և հետևաբար առնչվում է այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունեցել նախքան Հայաստանի Հանրապետության նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:
57. Բացի դրանից, պարզելու համար, թե արդյոք 1988 թվականի վճռի չկատարման համար Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատասխանատու են եղել Մոսկվայի համաձայնագրի 7-րդ հոդվածի և Կառավարության թիվ 576 որոշման 16-րդ կետի հիմքով, անհրաժեշտ է հաստատել, թե արդյոք «Ուրարտու» ԲԲԸ-ին սնանկ ճանաչելը և այն այլ անձի վաճառելը հանգեցրել են դրա փաստացի լուծարմանը: Այնուամենայնիվ, Դատարանը չի կարող քննության առնել քննարկվող սնանկության վարույթի հարցը, քանի որ այն դադարեցվել է 1997 թվականին և, հետևաբար, դուրս է Դատարանի ratione temporis (ժամանակային իրավազորության առումով) իրավասությունից:
58. Դրանից հետևում է՝ այս բողոքը ratione temporis հիմքով չի համապատասխանում Կոնվենցիայի դրույթներին՝ 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, և 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պետք է մերժվի:
գ) Մոլդովայի Հանրապետության մասով ներկայացված բողոքը
59. Մոլդովայի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ Մոլդովայի Հանրապետության մասով այս բողոքը չի համապատասխանում ratione loci (տարածքային իրավազորության) և ratione personae (իրավախախտման սուբյեկտի գործոնի) սկզբունքներին: Այս կապակցությամբ նրանք պնդել են, որ աշխատավայրում դիմումատուի հետ տեղի ունեցած պատահարը գրանցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, «Երևանի մսի կոմբինատ»-ի դեմ վճիռ կայացրել է Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանը, և հետևաբար այն ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:
60. Դիմումատուն պնդել է, որ Մոլդովայի Հանրապետության կառավարությունը որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել 1988 թվականի վճիռը կատարելու համար՝ չնայած վերջինս տեղյակ է եղել այն մասին, որ 1992 թվականի հունվարից սկսած պարտապան «Ուրարտու» ԲԲԸ-ն դադարեցրել է իրեն վճարումներ կատարելը:
61. Դատարանը նշում է, որ սույն գործը վերաբերում է Հայաստանում հիմնադրված իրավաբանական անձի դեմ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի կողմից կայացված վճիռը չկատարելուն (համեմատության համար տե՛ս Ռաքուն ընդդեմ Մոլդովայի (որոշում) [Racu v. Moldova (dec.)], թիվ 13136/07, 2008 թվականի հուլիսի 1): Այն փաստը, որ դիմումատուն, լինելով 1988 թվականի վճռի շահառու, միաժամանակ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի է, բավարար չէ պնդելու համար, որ Մոլդովայի Հանրապետության իշխանությունները որևէ կերպ պատասխանատու են վճռի չկատարման համար: Այս առումով հարկ է նշել, որ դիմումատուն չի մանրամասնել, թե ինչ եղանակով և որ իրավական հիմքով են Մոլդովայի Հանրապետության իշխանությունները պարտավորված եղել ձեռնարկելու քայլեր, որոնք, սակայն, ենթադրաբար չեն ձեռնարկել: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ Մոլդովայի Հանրապետության իշխանությունները պատասխանատու չեն 1988 թվականի վճռի չկատարման համար:
62. Դրանից հետևում է, որ բողոքի այս մասը ratione personae հիմքով անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն:
2. 2003 թվականի մարտի 27-ի վճիռը չկատարելը
63. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այն, հետևաբար, պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
64. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ 2003 թվականի վճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ դիմումատուի պահանջի մերժմամբ չեն խախտվել դիմումատուի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքները: Մասնավորապես, այն պնդել է, որ 2003 թվականի վճռի առարկան 1988 թվականի վճռի առարկայի հետ եղել է նույնական, հետևաբար, նման մերժումը եղել է նաև օրինական՝ Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «գ» կետի և այլ ներպետական իրավական ակտերի նորմերի հիմքով: Այս առումով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ Մինսկի կոնվենցիայի վերոնշյալ դրույթը res judicata (իրավական որոշակիություն) սկզբունքի դրսևորում է, որի պայմանները տարածվել են սույն գործի վրա, քանի որ նախքան 2003 թվականի վճիռը կայացնելը միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի շուրջ և միևնույն հիմքերով կայացված է եղել մեկ այլ վերջնական վճիռ:
65. Դիմումատուն պնդել է, որ 1988 թվականի և 2003 թվականի վճիռների առարկաները եղել են տարբեր: Մասնավորապես, 1988 թվականի վճռով նրան տրամադրվել է ամսական վճար միայն բժշկական խնամքի և լրացուցիչ կերակրման համար, մինչդեռ 2003 թվականի վճռով «Ուրարտու» ԲԲԸ-ից հօգուտ դիմումատուի ենթակա է եղել բռնագանձման 17 884 ԱՄՆ դոլար՝ դեղորայքի, պրոթեզավորման, ներտնային ծառայությունների, առողջարանային բուժման, անկողնային սպիտակեղենի, տրանսպորտային միջոցի, վերջինիս հիմնական վերանորոգման և վառելանյութի, ինչպես նաև մերսման ծառայությունների ծախսերի համար:
2. Դատարանի գնահատականը
ա) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետ
66. Դատարանը վերահաստատում է, որ [ներպետական] դատարանի կայացրած վճռի կատարումը 6-րդ հոդվածի իմաստով «դատաքննության» բաղկացուցիչ մասն է կազմում (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Բացի դրանից, երբ բախտորոշվում են քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, 6-րդ հոդվածը կիրառելի է և՛ ներպետական, և՛ օտարերկրյա՝ ուժի մեջ մտած վճիռների կատարման նկատմամբ (տե՛ս Մաքդոնալդն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) [McDonald v. France (dec.)], թիվ 18648/04, 2008 թվականի ապրիլի 29):
67. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ դատարանների և տրիբունալների կողմից կայացված վճիռներում պետք է պատշաճորեն նշվեն դրանց հիմքում դրված պատճառաբանությունները: 6-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դատարանները պարտավորվում են իրենց վճիռները պատճառաբանել, սակայն դա չի կարող մեկնաբանվել այնպես, որ դատարաններից պահանջվում է մանրամասն անդրադառնալ յուրաքանչյուր փաստարկի (տե՛ս Հիրվիսաարին ընդդեմ Ֆինլանդիայի [Hirvisaari v. Finland], թիվ 49684/99, § 30, 2001 թվականի սեպտեմբերի 27): Պատճառաբանություն ներկայացնելու պարտավորության սահմանները կարող են տարբեր լինել՝ պայմանավորված որոշման բնույթով, և դրանք պետք է որոշվեն գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Ռուիս Տորիխան ընդդեմ Իսպանիայի [Ruiz Torija y. Spain]և Հիրո Բալանին ընդդեմ Իսպանիայի [Hiro Balani v. Spain], 1994 թվականի դեկտեմբերի 9, շարք Ա, թիվ 303-Ա և 303-Բ, համապատասխանաբար § 29 և § 27, և Ֆոմինն ընդդեմ Մոլդովայի [Fomin y. Moldova],թիվ 36755/06, § 24, 2011 թվականի հոկտեմբերի 11):
68. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ 2003 թվականի մարտի 27-ի վերջնական որոշման համաձայն, Չոկանայի շրջանային դատարանը բավարարել է «Ուրարտու» ԲԲԸ-ի դեմ դիմումատուի ներկայացրած պահանջը՝ նրան շնորհելով ընդհանուր 17 884 ԱՄՆ դոլար: Ըստ Մինսկի կոնվենցիայի դրույթների՝ 2003 թվականի վճիռը [վճիռների] կատարման պահանջով դիմումի համաձայն ենթակա է եղել ճանաչման և կատարման Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից: Դիմումատուն նման պահանջով 2003 թվականի սեպտեմբերի 1-ին դիմել է ՀԱՆ-ին՝ ՄԱՆ-ի միջոցով (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): 2004 թվականի մարտի 4-ին Երևան [քաղաքի] Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է այդ պահանջը: Այնուամենայնիվ, 2004 թվականի ապրիլի 23-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերանայել է դիմումատուի պահանջը և մերժել այն: Նման քայլով Վերաքննիչ դատարանը վկայակոչել է 1988 թվականի վճիռը և մեջբերել է Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «գ» կետը՝ այդպիսով համարելով, որ միևնույն կողմերի միջև, միևնույն հիմքերով և միևնույն առարկայի շուրջ նախկինում կայացված է եղել վերջնական վճիռ, այն է՝ 1988 թվականի վճիռը (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):
69. Այս առումով, Դատարանը նշում է, որ չնայած այն սկզբունքը, որի հիման վրա մերժվել է դիմումատուի պահանջը, ինքնին անհիմն չի եղել, այնուամենայնիվ, Դատարանը ցանկանում է ուշադրություն հրավիրել Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից այդպես գործելու եղանակի վրա: Մասնավորապես, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի ապրիլի 23-ի որոշման մեջ ֆորմալ առումով մեջբերվել է Կոնվենցիայի 55-րդ հոդվածը, մինչդեռ չի նշվել որևէ պատճառաբանություն այն մասին, թե ինչից ելնելով են 1988 թվականի և 2003 թվականի վճիռների առարկաները համարվել նույնը: Դատարանը նշում է, որ 2003 թվականի վճռով դիմումատուին տրամադրվել է գումար՝ inter alia, ներտնային ծառայությունների, անկողնային սպիտակեղենի, տրանսպորտայի միջոց գնելու, վերջինիս հիմնական վերանորոգման և վառելանյութի ծախսերի համար: Հետևաբար Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն է պարտավորված եղել պատճառաբանելու, թե ինչու են այդ ծախսերը դասվում՝ դիմումատուին 1988 թվականի վճռով տրամադրված լրացուցիչ բժշկական խնամքի և լրացուցիչ կերակրման կատեգորիայի շարքին: Ուստի նման առանձին հանգամանքների պարագայում դատարանի պատճառաբանությունը չի կարող պատշաճ համարվել:
70. Վճռաբեկ դատարանը նույնպես փորձ չի արել շտկելու իրավիճակը, քանի որ այն պարզապես անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ նշելով, որ դիմումատուի բողոքը, որով վերջինս պնդել է, որ երկու վճիռների առարկաները տարբեր են, հիմնավորված չէ:
71. Ելնելով վերոշարադրյալից՝ Դատարանը եզրակացնում է, որ այն եղանակը, որով Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի՝ 2003 թվականի վճիռը ճանաչելու և կատարելու պահանջը՝ մասնավորապես ֆորմալ կերպով վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «գ» կետը և պատճառաբանություն չներկայացնելով այն մասին, թե ինչու է այն 1988 թվականի և 2003 թվականի վճիռների առարկան համարում նույնը, չի համապատասխանում արդար դատաքննության պահանջներին:
72. Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը:
բ) Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
73. Դատարանը, ելնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո կատարած իր վերոնշյալ եզրահանգումներից, անհրաժեշտ չի համարում միևնույն բողոքը քննել առանձին՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
74. Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո բողոքել է նաև այն հանգամանքի առնչությամբ, որ 1973 թվականի նոյեմբերի 20-ի վճիռը չի կատարվել, և որ Մոլդովայի Հանրապետության իշխանությունները պատասխանատու են եղել 2003 թվականի վճիռը չկատարելու համար: Այնուհետև դիմումատուն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո բողոքել է այն հանգամանքի առնչությամբ, որ նա զրկված է եղել կյանքի իրավունքից՝ բնականոն կյանքի իմաստով, և որ 14-րդ հոդվածի ներքո իր նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք, քանի որ իր օգտին կայացրած վճռի չկատարման պատճառը եղել է իր՝ ծագումով ռուս լինելը:
75. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով բողոքի առարկա հարցերն իր իրավասության շրջանակներում են՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
76. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
77. Դիմումատուն պահանջել է 431 590 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում և 1 000 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
78. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ դիմումատուի թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական վնասների հատուցման վերաբերյալ պահանջները հիմնավորված չեն և պետք է մերժվեն: Ավելին, ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա դիմումատուն չի հիմնավորել, որ ենթադրյալ խախտման և պահանջվող վնասի հատուցման միջև առկա է որևէ պատճառահետևանքային կապ:
79. Դատարանը նշում է, որ այն ճանաչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն առումով, որ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի պատճառաբանել դիմումատուի՝ 2003 թվականի վճռի ճանաչման և կատարման պահանջը մերժելու վերաբերյալ իր որոշումը: Այնուհանդերձ, Դատարանի կողմից չի դիտարկվի այն հարցը, թե դիմումատուի վերաբերյալ իրականացված դատավարությունն ինչ արդյունք կունենար, եթե դատարանները պատճառաբանեին իրենց որոշումները: Դատարանը, հետևաբար, չի տրամադրում նյութական վնասի հատուցում: Մյուս կողմից Դատարանը համարում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս Կոնվենցիայի՝ սույն վճռով ճանաչված խախտման առումով: Առաջնորդվելով արդարության սկզբունքով՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 5 000 եվրո հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
80. Դիմումատուն այս մասով որևէ պահանջ չի ներկայացրել:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
81. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Միաձայն հայտարարում է՝ 2003 թվականի վճռի չկատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բողոքն ընդունելի, իսկ ձայների մեծամասնությամբ՝ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Ձայների՝ հինգը երկուսի հարաբերակցությամբ վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Միաձայն վճռում է, որ 2003 թվականի վճռի չկատարման վերաբերյալ բողոքը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
4. Ձայների՝ հինգը երկուսի հարաբերակցությամբ վճռում է, որ՝
ա) Հայաստանի Հանրապետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին որպես ոչ նյութական վնասի հատուցում վճարի 5 000 եվրո (հինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի մոլդովական լեյով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Ձայների՝ հինգը երկուսի հարաբերակցությամբ մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հուլիսի 31-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սանտիագո Քեսադա
Քարտուղար Ջուսեփ Կասադևայ
Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ սույն վճռին կից ներկայացվում են դատավորներ Գյուլումյանի, Զիմելեի, Լոպես Գեռայի և Ցոցորիայի առանձին կարծիքները:
Ջ.Կ.Մ.
Ս.Ք.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳՅՈԻԼՈԻՄՅԱՆԻ ԵՎ ԼՈՊԵՍ ԳԵՌԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Մենք համաձայն չենք Պալատի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ եզրահանգումների հետ: [Վճիռների] կատարման պահանջով դիմումի շրջանակներում Քիշնև քաղաքի Չոկանայի շրջանային դատարանի 2003 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ճանաչման և կատարման ենթակա լինելու ժամանակ տվյալ պահանջով դիմումը քննության է առնվել, և դրան պատասխան է տրվել երեք դատական ատյանների կողմից: Այդ վարույթների ընթացքում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, վերացնելով Էրեբունի և Նուբարաշեն համայնքների [առաջին ատյանի] դատարանի նախորդ հրապարակումը, 2004 թվականի ապրիլի 23-ին որոշում է կայացրել դիմումատուի համապատասխան պահանջով դիմումը մերժելու մասին: Ներկայացված պատճառաբանման համաձայն համապատասխան պահանջով դիմումը վերաբերել է այն հարցերին, որոնց վրա տարածվում է res judicata սկզբունքը՝ համարելով (ինչպես նշված է սույն վճռի 68-րդ պարբերությունում), որ առկա է «միևնույն կողմերի միջև, միևնույն հիմքերով և միևնույն առարկայի շուրջ նախկինում կայացված վերջնական վճիռ, այն է՝ 1988 թվականի վճիռը»: Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը:
2. Նման հանգամանքներում մենք չենք գտնում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ Քիշնև քաղաքի համապատասխան դատարանի 2003 թվականի վճռի պատշաճ կատարման մասով: Ի պատասխան [վճիռների] կատարման պահանջով խնդրագրի՝ երեք անգամ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանները քննել են դիմումատուի բողոքները և լուծում տվել՝ հիմնվելով գործում առկա փաստերի իրենց գնահատականի վրա և ներպետական ու միջազգային կիրառելի իրավունքի իրենց մեկնաբանության վրա: Գործում առկա փաստերը քննելիս՝ ինչպես Վերաքննիչ դատարանն, այնպես էլ Վճռաբեկ դատարանը գտել են, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի 1988 թվականի վճռի և Մոլդովայի Հանրապետության համապատասխան դատարանի 2003 թվականի վճռի քննության առարկան եղել է նույնը (այսինքն՝ լրացուցիչ բժշկական խնամքի և աշխատանքային պարտականությունների կատարման կապակցությամբ ստացված վնասվածքներից ծագող այլ ծախսերի փոխհատուցման պահանջը), որոնք հիմնված են եղել Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «գ» կետի վրա, որը res judicata սկզբունքին առնչվող գործերում ազգային իշխանություններին ազատում է օտարերկրյա դատարանների որոշումների ճանաչման և կատարման պարտավորությունից: Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանները նշել են իրենց վճիռների հիմնավորումներն ու այն նորմերը, որոնք իրենց կողմից կիրառվել են այնպիսի եղանակով, որը չի կարող համարվել կամայական կամ չհիմնավորված: Հետագայում դա վերահաստատվել է այն փաստով, որ 1988 թվականի վճռով փոխհատուցման համար պատասխանատու ընկերությունը սնանկ է ճանաչվել և վաճառվել է երրորդ կողմին, որը դատական կարգով ճանաչվել է որպես ընկերության պարտքերի համար պատասխանատվություն չկրող սուբյեկտ:
3. Դիմումատուն համաձայն չէ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի եզրահանգումների հետ: Սակայն նրա անհամաձայնությունը՝ հիմնված փաստերի տարբեր մեկնաբանությունների վրա, բավարար հիմք չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանների կողմից քննված գործի փաստական և իրավական գնահատականի վերանայման համար, քանի որ նման գնահատականը (ինչպես սույն գործում) պատճառաբանված է և հիմնված է գործող օրենսդրության վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանները պատշաճ իրավական ընթացակարգերի տեսանկյունից պահպանել են բոլոր դատավարական երաշխիքները (մի փաստ, որը դիմումատուն չի հերքում), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով չի նախատեսվում, որ մեր Դատարանը քննում է ազգային դատարանների կողմից եզրակացություններ կատարելիս ենթադրաբար թույլ տված փաստական կամ իրավական սխալները:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԶԻՄԵԼԵԻ ԵՎ ՑՈՑՈՐԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Մենք կողմ ենք քվեարկել 6-րդ հոդվածի խախտման մասով և դեմ՝ գանգատի մնացած մասի անընդունելիության ու դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մերժման մասով: Մենք կարող ենք հետևել մեծամասնության պատճառաբանությանը սույն գործով 6-րդ հոդվածի խախտում ճանաչելու հարցում, սակայն համարում ենք, որ այն լիարժեք չի անդրադառնում ամբողջությամբ վերցրած գործի շրջանակներում բարձրացված խնդրին:
2. Առաջին հերթին, 1988 թվականից առկա է եղել հօգուտ դիմումատուի կայացված՝ Երևան քաղաքի համապատասխան համայնքային դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ճանաչվել է դիմումատուի՝ մի շարք միանվագ վճարներ, ինչպես նաև մսի կոմբինատի կողմից կատարվող ամսական վճարումներ ստանալու իրավունքը, որը բխել է այդ կոմբինատում դիմումատուի աշխատանքային պարտականությունների կատարման կապակցությամբ ստացված վնասվածքից, ինչն էլ հիմք է հանդիսացել դրան հաջորդող նրա հաշմանդամության համար: Կոմբինատը դիմումատուին վճարումներ է կատարել մինչև 1992 թվականը: 1997 թվականին կոմբինատը սնանկ է ճանաչվել, և պարտապան ընկերությունն ազատվել է որևէ պարտք վճարելուց՝ «[Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների] սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն: Հարկ ենք համարում նշել, որ Կառավարության 1992 թվականի որոշմամբ նախատեսվել է, որ ընկերության լուծարման դեպքում դրա իրավահաջորդը պետք է վճարի պարտքերը, իսկ իրավահաջորդի բացակայության դեպքում պետության սոցիալական ապահովության մարմինները պետք է պարտավորվեն վճարել դրանք: Այս որոշումն ուժի մեջ է եղել մինչև 2004 թվականի օգոստոս ամիսը: Ավելին, Հայաստանը և Մոլդովան Մոսկվայի համաձայնագրի կողմեր են եղել, որի 7-րդ հոդվածը սահմանում է. «Աշխատողին պատճառված վնասի համար պատասխանատու ձեռնարկության լուծարման և դրա իրավահաջորդի բացակայության դեպքում Պայմանավորվող կողմը, որի տարածքում լուծարվել է ձեռնարկությունը, այդ աշխատողների համար երաշխավորում է վնասի փոխհատուցում՝ ներպետական օրենսդրությանը համապատասխան:»:
3. 2001 թվականին դիմումատուն Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով և Մոսկվայի համաձայնագրի վկայակոչմամբ, Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել է կատարել 1988 թվականի վճիռը: Փոխադարձ գրագրության արդյունքում 2002 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղեկացրել է Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարարությանը մսի կոմբինատի սնանկ ճանաչվելու հանգամանքի և իրավահաջորդի բացակայության մասին: Պետք է նշել, որ այդ պատասխանն ուղարկվել է Մոլդովա այն ժամանակ, երբ դեռ ուժի մեջ է եղել Կառավարության 1992 թվականի որոշումը: Դիմումատուի և Հայաստանի Հանրապետության տարբեր իրավասու մարմինների միջև տեղի ունեցած մի քանի տարվա գրագրությունից հետո՝ 2006 թվականին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ դիմումատուն պետական բյուջեից միջոցներ ստանալու համար կարող է դիմել սոցիալական ապահովության մարմիններին՝ Կառավարության 1992 թվականի հրամանով սահմանված կարգով: Քանի որ դիմումատուն չի օգտվել այդ հնարավորությունից, ապա նա պետք է այժմ իր հարցով բողոք ներկայացնի ներպետական դատարաններ:
4. Պալատը գտնում է՝ քանի որ սնանկության վարույթը դադարեցվել է 1997 թվականին, ապա 1998 թվականի վճիռը չկատարելու վերաբերյալ դիմումատուի բողոքը ratione temporis սկզբունքի մասով դուրս է Դատարանի իրավազորությունից: Մենք համաձայն չենք այս գնահատականի հետ: Վճռի չկատարումը շարունակական բնույթ է կրում մինչև այն պահը, երբ վճիռը բեկանվում կամ այլ կարգով փոփոխվում է համապատասխան դատարանների կողմից (տե՛ս Սաբին Պոպեսկուն ընդդեմ Ռումինիայի [Sabin Popescu y. Romania], թիվ 48102/99, § 54, 2004 թվականի մարտի 2): Պարզվում է, որ ո՛չ այդ մոտեցումն է կիրառելի այստեղ, և ո՛չ էլ ընկերության սնանկության վերաբերյալ որոշումը կարող է նման բեկանման փաստ համարվել, քանի որ Հայաստանը, թե՛ ներպետական օրենսդրության և թե՛ Մոսկվայի համաձայնագրի դրույթների համաձայն, պարտավոր է եղել ապահովել, որ իր տարածքում աշխատող անձանց պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրվի: Պալատը սույն գործում կասկածելի տարանջատում է դրել լուծարման ու սնանկացման միջև: Նույնիսկ ենթադրելով, որ նման տարանջատում կարող է արվել, այնուամենայնիվ, Մոսկվայի համաձայնագրի առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից պետք է պատշաճորեն գնահատվեն: 2001 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետք է արդեն տեղյակ լիներ, թե դիմումատուի պահանջով դիմումը որ մարմնին պետք է ուղղվեր, կամ եթե նրանք համարել են, որ դիմումատուն պետք է հայց ներկայացներ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարաններ, ապա նրանք պետք է համապատասխանաբար տեղեկացնեին դիմումատուին դրա մասին: Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայն 2006 թվականին են համապատասխան հայտարարությունն արել, որն արդեն շատ ուշ է եղել դիմումատուի համար՝ սոցիալական ապահովության մարմիններից փոխհատուցում ստանալու համար: Այդ պատասխանն ինքնին չունի էական նշանակություն, քանի որ դիմումատուն համապատասխան իշխանությունների հետ կապի մեջ է եղել՝ սկսած 2001 թվականից:
5. Պալատն իրավացի է 57-րդ պարբերության մեջ կատարած դիտարկմամբ այն մասին, որ մենք չենք կարող որոշել կոմբինատի լուծարման կամ սնանկության վերաբերյալ վարույթների պատշաճ կարգը: Միևնույն ժամանակ Դատարանը միշտ գնահատել է վճիռների չկատարման հետ կապված վարույթներում պետության գործողությունները՝ ներառյալ վճիռների կատարումն ապահովող պատշաճ և հստակ օրենսդրություն ունենալու պարտավորությունը: Մենք համարում ենք, որ 1988 թվականի վճռի կատարումը շատ խնդրահարույց է եղել, և դժվարությունները վերագրելի են Հայաստանին: Մեկ այլ մեծ խնդիր է ի հայտ գալիս՝ կապված Մոսկվայի համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հետ: Թվում է, թե դիմումատուի խնդիրները դեռևս առկա են, և 2003 թվականի վճռի ընդունմանը հանգեցրած ընթացակարգերը հարցին լուծում չեն տվել, եթե դրանք իրականում վերաբերում են 1988 թվականի վճռին, որի կապակցությամբ Պալատը 6-րդ հոդվածով խախտում է ճանաչել. այս հարցը մնում է անհասկանալի: Վերը նշված պատճառաբանությամբ մենք համարում ենք, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի խախտում նաև 1988 թվականի վճռի չկատարման մասով: