Հոդված 403. Դատավճռի ու որոշումների վերանայումը վճռաբեկության կարգով [գործի քննության ժամանակ եղած խմբագրությամբ]
Հոդված 403. Դատավճռի ու որոշումների վերանայումը վճռաբեկության կարգով [գործի քննության ժամանակ եղած խմբագրությամբ]
«Վճռաբեկության կարգով վերանայվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները, ինչպես նաև վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները և որոշումները:
Դ. Դատարանների նախագահների խորհրդի՝ 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշում
55. Այս որոշման 4-րդ կետում սահմանված է, որ ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան: Սակայն ՔԴՕ-ն չի կարգավորել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու ընթացակարգը: Ուստի նման դեպքերում Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
Ե. Դատարանների նախագահների խորհրդի՝ 2005 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 83 որոշում
56. Այս որոշումը սահմանում է, որ Դատարանների նախագահների խորհրդի՝ 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման 4-րդ կետը պետք է վերացվի՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը՝ որպես բարձրագույն իրավասության դատարան, կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Զ. Դատարանների նախագահների խորհրդի՝ 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 96 որոշում
57. Այս որոշումը սահմանում է Դատարանների նախագահների խորհրդի թիվ 20 որոշման 4-րդ կետի նոր տեքստը, ըստ որի Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ բարձրագույն դատական ատյանը Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այդ պայմաններում օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումների, այդ թվում կալանավորման ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն դատական ատյան, չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից: Այդպիսի բողոքները պետք է թողնվեն առանց քննության: Բացառիկ դեպքերում նման բողոքները Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա պետք է դառնան, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի քննարկմանը ենթակա են այն որոշումների դեմ բերված բողոքները, որոնցով կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել Վերաքննիչ դատարանի կողմից:
ԻՐԱՎՈԻՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
58. Դիմումատուն բողոքել է, որ 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ իր կալանքի ժամկետը երկարացնելը եղել է անօրինական, քանի որ որոշումից առաջ իր կալանքը հիմնված չի եղել դատարանի որոշման վրա, ինչը պահանջվում է օրենքով: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
…
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար[:]»:
Ա. Ընդունելիությունը
59. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
60. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ի կալանքի ժամկետի երկարացումը համապատասխանել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներին: 2004 թվականի հուլիսի 12-ին Համայնքային դատարանը երկարացրել է նրա կալանքի ժամկետը երկու ամսով, մասնավորապես մինչև 2004 թվականի սեպտեմբերի 18-ը: 2004 թվականի սեպտեմբերի 13-ին՝ այդ ժամկետը լրանալուց հինգ օր առաջ, ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումատուի կալանքի տակ մնալու ժամկետի ընթացքը կասեցվել է, քանի որ նրան հնարավորություն էր տրվել ծանոթանալու գործի նյութերին: Այսպիսով, այդ հոդվածի համաձայն՝ քննչական մարմինը դեռ հինգ օր կարող էր դիմումատուին պահել կալանքի տակ: 2005 թվականի հոկտեմբերի 14-ին գործը ուղարկվել է լրացուցիչ նախաքննության: 2005 թվականի դեկտեմբերի 16-ին վերջին ատյանում Վճռաբեկ դատարանը հաստատել է այս որոշումը: Այդուհանդերձ, գործի նյութերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն դեկտեմբերի 26-ին: Քանի որ քննչական մարմինը դիմումատուին կալանքի տակ պահելու համար դեռ ունեցել է հինգ օր, ժամկետի լրանալու օրը համարվել է դեկտեմբերի 30-ը՝ գործի նյութերի փոխանցման օրվանից հաշվված:
61. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմումատուին 2005 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 29-ը կալանքի տակ պահելը եղել է օրինական: Գործը լրացուցիչ քննության ուղարկելուց հետո մինչդատական վարույթն ու կալանքը վերսկսվել են Վճռաբեկ դատարանի որոշման կայացման օրվանից, այն է՝ 2005 թվականի դեկտեմբերի 16-ը, և հետևաբար մինչև այդ օրը դիմումատուն գտնվել է կալանքի տակ դատական վարույթի ընթացքում ՔԴՕ-ի 312-րդ հոդվածի հիմքով: 2005 թվականի դեկտեմբերի 16-ից 29-ը դիմումատուն կալանքի տակ է գտնվել Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման հիման վրա:
բ) Դիմումատուն
62. Դիմումատուն նշել է, որ քննիչի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 27-ին ներկայացված միջնորդության մեջ կատարված հայտարարությունը կալանքի ժամկետի՝ 2005 թվականի դեկտեմբերի 30-ին լրանալու մասին չի համապատասխանել իրականությանը: Նրա մինչդատական կալանքի ժամկետը երկարացվել է մինչև 2004 թվականի սեպտեմբերի 18-ը, և իրականում նա այդ ողջ ժամանակահատվածն անցկացրել է կալանքի տակ: Կառավարության առարկություններն առ այն, որ քննչական մարմինը, 2004 թվականի հուլիսի 12-ի որոշման համաձայն, դիմումատուին մինչդատական կալանքի տակ պահելու համար ուներ ևս հինգ օր, հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածին: Այսպիսով, 2005 թվականի դեկտեմբերի 16-ից 29-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն կալանքի տակ է պահվել առանց դատարանի համապատասխան որոշման: Նույնը վերաբերում է 2004 թվականի սեպտեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածին:
63. Նույնիսկ ենթադրելով, որ նրա մինչդատական կալանքը վերսկսվել է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին, և քննչական մարմինը, ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի համաձայն, ուներ ևս հինգ օր դիմումատուին կալանքի տակ պահելու համար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում թերևս առկա է, քանի որ դատարանի՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին կայացրած կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշման օրվանից անցել էր 13 օր: Կառավարությունը սա արդարացրել է այն փաստով, որ 2005 թվականի դեկտեմբերի 26-ին գործի նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն, ինչն անընդունելի է եղել, քանի որ այն ենթադրել է, որ անձն առանց համապատասխան դատական որոշման և անորոշ ժամկետով կարող է մնալ կալանքի տակ միայն այն պատճառով, որ գործի նյութերը ուշացումով փոխանցվել են մի պետական մարմնից մյուսին: Ավելին, եթե նրա մինչդատական կալանքի տակ պահվելու ժամկետի սկիզբը եղել է 2005 թվականի դեկտեմբերի 16-ը, ապա այդ որոշման ընդունման եղանակը հակասել է ՔԴՕ-ին, մասնավորապես՝ մինչդատական վարույթում կալանք կիրառելիս հստակ ժամկետային սահմանափակումներ սահմանելու պահանջին: Եվ վերջապես, հայտնի չի եղել, թե 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ կալանքի որ ժամկետն է երկարացվել: 2005 թվականի հոկտեմբերի 14-ից դեկտեմբերի 16-ի ընթացքում կայացված որոշումները դիմումատուի կալանքի համար ոչ մի ժամկետային սահմանափակումներ չեն սահմանել: Այսպիսով, համապատասխան նորմերի բացակայության պայմաններում անձին առանց օրինական հիմքի կալանքի տակ պահելու պրակտիկան, որի հետևանքով կալանավորվածն առանց դատարանի թույլտվության կարող է շարունակաբար մնալ կալանքի տակ, չի համապատասխանում իրավական որոշակիության և կամայականություններից պաշտպանվելու սկզբունքին:
2. Դատարանի գնահատականը
64. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը: Կոնվենցիայի իմաստով այդ իրավունքը կարևոր նշանակություն ունի «ժողովրդավարական հասարակությունում» (տե'ս Դը Ուայլդը, Ումսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի [De Wilde, Ooms and Versyp v. Belgium], 1971 թվականի հունիսի 18, § 65, շարք Ա, թիվ 12, և Վինթերվեպն ընդդեմ Նիդեռլանդների [Winterwerp v. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 37, շարք Ա, թիվ 33):
65. 5-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտություններն ըստ էության վերագրվում են ներպետական օրենսդրությանը և սահմանում են դրա նյութաիրավական և դատավարական կանոններին համապատասխանելու պարտավորությունը (տե'ս, ի թիվս այլ վճիռների, Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham y. the United Kingdom], 1996 թվականի հունիսի 10, § 41, Զեկույցներ 1996-III, և Ասանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004-II):
66. Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված կալանավորման «օրինականությունը» առաջնային, բայց ոչ միշտ վճռորոշ տարր է: Դատարանը պետք է նաև համոզվի, որ քննարկվող ժամանակահատվածի ընթացքում կալանքի տակ պահելը համահունչ է եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներին, այն է՝ կանխել կամայական կերպով մարդկանց ազատությունից զրկելը: Ավելին, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, ներառյալ դրանում ամրագրված և կիրառվող ընդհանուր սկզբունքները (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Վինթվերպի գործը, § 45, և Էրկալոն ընդդեմ Նիդեռլանդների [Erkalo v. the Netherlands], 1998 թվականի սեպտեմբերի 2, § 52, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VI):
67. Վերջին հարցի կապակցությամբ Դատարանն ընդգծում է, որ ազատությունից զրկելու հարցը քննելիս առանձնապես կարևոր է իրավական որոշակիության համընդհանուր սկզբունքի պահպանումը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված՝ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենսդրությունը իր կիրառելիության մեջ ինքնին կանխատեսելի լինի, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով նախատեսված «օրինականության» չափանիշներին, որոնց համաձայն օրենսդրությունը պետք է բավարար չափով հստակ լինի, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվության պայմաններում, տվյալ հանգամանքներում ողջամիտ ժամկետներում կանխատեսել կատարված գործողության հնարավոր հետևանքները (տե՛ս Ստիլը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others v. the United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VII):
68. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը դիտարկում է, որ Հայաստանի Հանրապետությանը հանձնելուց հետո 2004 թվականի մայիսի 18-ին դիմումատուն քննիչի միջնորդությամբ կալանավորվել է՝ երկու ամիս ժամկետով: Այնուհետև 2004 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով: Նախաքննության ավարտից և դիմումատուի գործը դատական քննության փոխանցելուց հետո՝ 2004 թվականի հոկտեմբերի 6-ին, Համայնքային դատարանն իր նախաձեռնությամբ և ՔԴՕ-ի 293-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով երկարացրել է կալանքի ժամկետը: Ավելի քան մեկ տարի տևած դատական վարույթից հետո՝ 2005 թվականի հոկտեմբերի 14-ին, գործը քննող դատարանը որոշել է գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության: Նույն որոշմամբ դատարանը որոշել է դիմումատուին պահել կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը սույն որոշումը հաստատել են 2005 թվականի, համապատասխանաբար, նոյեմբերի 9-ին և դեկտեմբերի 16-ին: 2005 թվականի դեկտեմբերի 26-ին գործի նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, և 2005 թվականի դեկտեմբերի 27-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միջնորդության մեջ նշվել է, որ դիմումատուի կալանքն ավարտվելու է 2005 թվականի դեկտեմբերի 30-ին: 2005 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանը բավարարել է միջնորդությունը:
69. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը տարբերակում է մինչդատական և դատական վարույթների ընթացքում կիրառված կալանքները և երկու դեպքերի համար սահմանում երկու առանձին ընթացակարգեր: Մասնավորապես, մինչդատական վարույթի ընթացքում կիրառված կալանքը կամ դրա երկարացումը սահմանվում են միայն դատարանի թույլտվությամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդության հիման վրա և ամեն անգամ երկու ամիսը չգերազանցող ժամկետներով (ՔԴՕ-ի 136-րդ հոդվածի 2-րդ մաս, 138-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր, 139-րդ հոդվածի 3-րդ մաս), մինչդեռ դատական վարույթի ընթացքում դատարանը կալանք կիրառելու կամ այն երկարացնելու մասին որոշում է կայացնում իր իսկ նախաձեռնությամբ՝ առանց հստակ ժամկետներ սահմանելու (ՔԴՕ-ի 136-րդ հոդվածի 2-րդ մաս և 138-րդ հոդվածի 6-րդ մաս): Ավելին, մինչդատական վարույթի ընթացքում կալանքը երկարացնելու մասին միջնորդությունը պետք է ներկայացվի սահմանված կալանքի ժամկետը լրանալուց տասն օր առաջ, իսկ դատարանի որոշումը պետք է կայացվի դրանից հինգ օր առաջ: Եթե գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության, ինչպես դիմումատուի գործում է, ապա կիրառելի են մինչդատական վարույթի ընթացքում կալանքը կարգավորող նորմերը: Հետևաբար պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն դիմումատուի կալանքի երկարացումը համապատասխանում էր ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներին, Դատարանը պետք է նախ անդրադառնա այդ որոշմանը նախորդած կալանքի բնույթին:
70. Դատարանը նշում է, որ դատական վարույթի ընթացքում դիմումատուի կալանքը սկսվել է 2004 թվականի հոկտեմբերի 6-ին: Դատարանը որևէ պատճառ չունի կասկածի տակ դնելու այդ որոշման օրինականությունը, որով թույլատրվել էր կալանքի այն ժամկետը, որը կայացվել էր այդ օրն առաջին ատյանի դատարանի կողմից ՔԴՕ-ի 293-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Այնուամենայնիվ, 2005 թվականի հոկտեմբերի 14-ին առաջին ատյանի նույն դատարանը իր իսկ նախաձեռնությամբ որոշել է գործն ուղարկել լրացուցիչ քննության: Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ Կառավարության պնդումն այն մասին, թե մինչդատական վարույթը վերսկսվել է ոչ թե այդ օրը, այլ այն օրը, երբ այդ որոշումը անփոփոխ է թողնվել բարձրագույն ատյանի դատարանի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին, չի հիմնավորվում ներպետական որևէ իրավական նորմով: Իսկապես, քրեական դատավարության օրենսգրքում ոչ մի իրավական նորմ չկա, որը հստակ սահմանում է մինչդատական վարույթի վերսկսման օրը, երբ գործն ուղարկվում է լրացուցիչ քննության: Այսպիսով, պարզ չէ, թե 2005 թվականի հոկտեմբերի 14-ից դեկտեմբերի 16-ը դիմումատուի գործի մասով կալանքի որ նորմերն են կիրառելի եղել՝ մինչդատական, թե դատական վարույթների նորմերը: Հետևաբար հնարավոր չէ պնդել, որ այդ ժամանակահատվածում դիմումատուի նկատմամբ կիրառված կալանքը հիմնված է եղել պարզ և կանխատեսելի նորմերի վրա:
71. 2005 թվականի դեկտեմբերի 16-ից 29-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ Դատարանը նշում է, որ այստեղ Կառավարության պնդումներն ավելի հակասական են: Սկզբում Կառավարությունը պնդել է, որ կալանքի այս հատվածը ներառել է այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է եղել քրեական գործը Գլխավոր դատախազություն ուղարկելու համար (2005 թվականի դեկտեմբերի 16-ից 29-ը), այդ թվում նաև դիմումատուին կալանքի տակ պահելու համար քննչական մարմնի տրամադրության տակ եղած ևս հինգ օրը՝ համաձայն 2004 թվականի հուլիսի 12-ի որոշման (2005 թվականի դեկտեմբերի 26-ից 30-ը): Այդուհանդերձ, հետագայում Կառավարությունը պնդել է, որ վճռաբեկ դատարանի՝ 2005 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ դիմումատուն կալանքի տակ է գտնվել այդ ողջ ընթացքում: Ինչ վերաբերում է Կառավարության առաջին պնդմանը, ապա Դատարանը ևս մեկ անգամ դիտարկում է, որ այն հիմնավորված չէ ներպետական որևէ իրավական նորմով: Ինչ վերաբերում է երկրորդ պնդմանը, ապա ճիշտ է, որ 2005 թվականի դեկտեմբերի 16-ի իր որոշումով Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշումը, այդուհանդերձ, նաև նշել է, որ դիմումատուն պետք է մնա կալանքի տակ: Սակայն անվիճելի է, որ այդ օրվանից սկսած վարույթը կրկին գտնվել է մինչդատական փուլում և, ինչպես արդեն նշվել է վերևում, մինչդատական վարույթում կալանքը կարող է սահմանվել միայն դատարանի կողմից՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ և ժամկետի հստակ նշումով: Տվյալ դեպքում այդպիսի միջնորդություն ներկայացված չի եղել, և Վճռաբեկ դատարանը չի սահմանել ոչ մի ժամկետ: Հետևաբար այդ ժամանակահատվածում դիմումատուի նկատմամբ կալանքի կիրառումը հակասել է ներպետական դատավարական նորմերին:
72. Վերոնշյալ նկատառումները Դատարանի համար բավարար են եզրահանգելու, որ դիմումատուի՝ 2005 թվականի դեկտեմբերի 14-ից 29-ն ընկած ժամանակահատվածի կալանքը չի համապատասխանում Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջներին: Դա պայմանավորված է եղել կալանքի ընթացակարգը կարգավորող հստակ նորմերի բացակայությամբ, երբ առաջին ատյանի դատարանը կայացնում էր գործը լրացուցիչ քննության ուղարկելու մասին որոշում:
73. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Դիմումատուն բողոքել է, որ իր շարունակական կալանքը խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքները, որը սահմանում է հետևյալը.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք....ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
Ա. Ընդունելիությունը
75. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
76. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի կալանքի ժամկետը չի խախտել «ողջամիտ ժամկետի» պահանջը: Դիմումատուն մեղադրվել է ծանր հանցագործություն կատարելու մեջ, և առկա է եղել փախուստի դիմելու վտանգ: Նրա նկատմամբ կալանքի կիրառումը նաև անհրաժեշտ է եղել հասարակական կարգը պահպանելու համար: Դա տևել է միայն 8 ամիս և 25 օր, որն ընդունելի է եղել սույն գործի փաստական հանգամանքներում:
77. Կառավարությունն այնուհետև նշել է, որ դիմումատուի դեմ հարուցված վարույթն իրականացվել է հատուկ ջանասիրությամբ: Նա մեղադրվել է մի քանի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու մեջ: Դա ծավալուն գործ է եղել՝ ենթադրյալ հանցանքների բազմաթիվ դրվագներով, և անհրաժեշտ է եղել իրականացնել բազմաթիվ քննչական գործողություններ, քննել մեծ թվով վկաների և ուսումնասիրել փաստեր: Հետևաբար, բազմիցս անհրաժեշտություն է ծագել հետաձգելու դատական նիստերը:
բ) Դիմումատուն
78. Դիմումատուն նշել է, որ հանցագործության ծանրությունը, որի մեջ ինքը մեղադրվել է, բավարար հիմք չէր եզրահանգելու, որ ինքը կդիմեր փախուստի: Իր կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումները մեխանիկորեն են ընդունվել և հիմնված են եղել ստանդարտ ձևակերպումների վրա: Իր կալանքի ժամկետը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» պահանջին: Երբ գործը երկրորդ անգամ ներկայացվել է դատարան, 2006 թվականի հունիսի 19-ին նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել և հետաձգվել է անորոշ ժամանակով: Հաջորդ լսումը նշանակվել է 2006 թվականի հոկտեմբերի 16-ին: Այդ ժամանակաշրջանում դիմումատուի կալանքի ժամկետը երկարացնելու մասին ոչ մի դատական որոշում չի կայացվել: 2006 թվականի նոյեմբերի 20-ին դատարանը մերժել է դիմումատուին ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ չնայած այն փաստին, որ տուժողներն ու հիմնական վկաներն արդեն հարցաքննվել էին, և դիմումատուն չէր կարող նրանց վրա անօրինական ազդեցություն գործադրել:
2. Դատարանի գնահատականը
79. Նախ Դատարանը պետք է որոշի դիտարկման ենթակա ժամանակահատվածը: Դատարանը նշում է, որ դիմումատուի մինչդատական կալանքը տևել է 2004 թվականի մայիսի 18-ից մինչև իր դատապարտումը՝ 2007 թվականի սեպտեմբերի 24-ը, այն է՝ երեք տարի, չորս ամիս և վեց օր:
80. Դատարանը վերահաստատում է, որ կալանքի ժամկետի տևողության ողջամտությունը ամեն դեպքի համար առանձին պետք է գնահատվի՝ հաշվի առնելով դրա բնորոշ առանձնահատկությունները: Յուրաքանչյուր գործով շարունակական կալանքը կարող է արդարացվել միայն իրական հանրային շահի առկայության դեպքում, որը, չնայած անմեղության կանխավարկածին, գերակշռում է ազատության իրավունքին: Առաջին հերթին ազգային դատական մարմիններն են կոչված քննելու այդ պարտադիր շահի առկայությանը կողմ կամ դեմ փաստող հանգամանքները և դրանք ամրագրելու ազատ արձակման մասին միջնորդությունների կապակցությամբ կայացրած իրենց որոշումներում: Հիմնականում այս որոշումներում նշված պատճառների և դիմումատուի բողոքներում սահմանված փաստերի հիման վրա է Դատարանը որոշում, թե արդյոք եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում: Ողջամիտ կասկածի առկայությունը, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, հանդիսանում է sine qua non պայման (պարտադիր պայման)՝ շարունակվող կալանքի օրինականության համար, սակայն որոշ ժամանակ անց այն արդեն բավարար չէ: Դատարանն այնուհետև պետք է որոշի, թե արդյոք դատական մարմինների կողմից տրված մյուս հիմքերը «հիմնավոր» ու «բավարար» են եղել ազատությունից զրկելու արդարացումը շարունակելու համար (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, §§ 110-111, ՄԻԵԴ 2000-XI, և Ժեցիուսն ընդդեմ Լիտվայի [Ječius v. Lithuania], թիվ 34578/97, § 93, ՄԻԵԴ 2000-IX):
81. Կոնվենցիայի նախադեպային իրավունքով մշակվել են մինչև դատավճիռն անձին կալանքի տակ պահելու չորս հիմնական ընդունելի հիմնավորումներ. մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Ստոգմյուլերն ընդդեմ Ավստրիայի [Stögműller v. Austria], 1969 թվականի նոյեմբերի 10, § 15, շարք Ա, թիվ 9), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացումը (տե՛ս Վեմհոֆն ընդդեմ Գերմանիայի [Wemhoff v. Germany], 1968 թվականի հունիսի 27, § 14, շարք Ա, թիվ 7) կամ կկատարի նոր իրավախախտումներ (տե՛ս Մացնետերն ընդդեմ Ավստրիայի [Matznetter v. Austria], 1969 թվականի նոյեմբերի 10, § 9, շարք Ա, թիվ 10) կամ կխախտի հասարակական կարգը (տե՛ս վերևում հիշատակված՝ Լեթելիերի գործը, § 51):
82. Եթե սահմանված հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, Դատարանը պետք է նաև պարզի, թե արդյոք ազգային իրավասու մարմինները վարույթի ընթացքում ցուցաբերել են «հատուկ ջանասիրություն»: Քննության ծավալը և առանձնահատկություններն այս առումով գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լետելիեն ընդդեմ Ֆրանսիայի [Letellier v. France], 1991 թվականի հունիսի 26, § 35, շարք Ա, թիվ 207, և Վան դեռ Թանգն ընդդեմ Իսպանիայի [Van der Tang v. Spain], 1995 թվականի հուլիսի 13, § 55, շարք Ա, թիվ 321):
83. Դատարանն ընդունում է, որ հանցանքները, որոնք կատարելու մեջ դիմումատուն կասկածվել է, իրենց բնույթով շատ լուրջ են եղել և պատժվել են խստագույն կերպով, այն է՝ ցմահ ազատազրկմամբ: Այդուհանդերձ, անձին մեղսագրվող՝ ծանր հանցանքների կատարման հիմնավոր կասկածի առկայությունը թեև հիմնավոր գործոն է, սակայն չի կարող ինքնին արդարացնել մինչդատական վարույթի ընթացքում երկարաժամկետ կալանքի կիրառումը (տե՛ս Թոմասին ընդդեմ Ֆրանսիայի [Tomasi v. France], 1992 թվականի օգոստոսի 27, § 89, շարք Ա, թիվ 241-Ա):
84. Ինչ վերաբերում է դիմումատուի փախուստի դիմելու վտանգին, ապա Դատարանը նշում է, որ այս հիմքն անուղղակիորեն նշված է եղել 2002 թվականի հուլիսի 5-ի առաջին դատական որոշման մեջ, որով դիմումատուի նկատմամբ նշանակվել է կալանք (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Այդուհանդերձ, հաջորդ անգամը, երբ Հայաստանի Հանրապետության դատարաններն ուղղակիորեն անդրադարձել են այս հիմքին, եղել է 2006 թվականի փետրվարին՝ 2004 թվականի մայիսին դիմումատուի ձերբակալումից մոտավորապես երկու տարի անց: Դատարանը համարում է, որ ներպետական դատարանների կողմից հիմնավորումների տրամադրումը նման մեծ ընդհատումներով չի կարող համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով դիմումատուի շարունակական կալանքը հիմնավորելու պահանջներին:
85. Ավելին, անդրադառնալով վարույթի իրականացմանը՝ Դատարանն ընդունում է, որ գործը բավական բարդ է եղել, որը պահանջել է բազմաթիվ քննչական գործողությունների կատարում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով դիմումատուի ազատությունից զրկված լինելը՝ իշխանությունները պետք է գործեին հատուկ ջանասիրությամբ, ինչը նրանք չեն կատարել: Այս առումով Դատարանը նշում է, որ վարույթի էական և անհարկի ձգձգումը վերագրելի է իշխանությունների վարքագծին: Մասնավորապես, քննչական մարմնի կողմից վարույթի սկզբնական փուլում օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չանցկացնելու պատճառով դատարանը, որին գործն ըստ էության քննության էր հանձնվել, ստիպված է եղել մի ամբողջ տարվա ընթացքում անցկացնել 52 դատական նիստ և քննել բազմաթիվ վկաների զուտ այն բանի համար, որ վերջում եզրահանգի, որ անկարող է որոշում ընդունել դիմումատուի մեղավորության կամ անմեղության մասին և ստիպված է եղել գործն ուղարկել լրացուցիչ քննության (տե՛ս վերևում՝ 26-րդ և 27-րդ պարբերությունները): Ավելին, այդպիսի որոշման ընդունումը բողոքարկման ընթացակարգ սկսելու պատճառ է հանդիսացել և հանգեցրել է վարույթի ձգձգմանը՝ նվազագույնը երկու ամսով (տե՛ս վերևում՝ 27-32-րդ պարբերությունները): Վերջապես, ոչ մի պատճառաբանություն չի տրվել 2006 թվականի հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 16-ը չորս ամսվա ընդմիջման համար, որի ընթացքում բացարձակապես ոչ մի վարույթ չի իրականացվել (տե՛ս վերևում՝ 45-47-րդ պարբերությունները): Այսպիսով, մարմինների կողմից ջանասիրության բացակայության պատճառով դիմումատուի կալանքն ընդհանուր առմամբ նվազագույնը մեկ ու կես տարով ձգձգվել է:
86. Վերոնշյալ նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դիմումատուն պահվել է շարունակական կալանքի տակ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջի խախտմամբ:
87. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
88. Դիմումատուն բողոքել է Վճռաբեկ դատարանին ներկայացրած իր բողոքն առանց քննության թողնելու մասին 2006 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին կետը և 13-րդ հոդվածը: Դատարանը գտնում է, որ այս բողոքը պետք է դիտարկել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում, որը սահմանում է հետևյալը.
«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ընդունելիությունը
89. Դիմումատուն նշել է, որ ՔԴՕ-ի 403-րդ հոդվածն իրեն Վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք է տալիս: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի՝ 2005 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը միայն խորհրդատվական բնույթ է ունեցել և չէր կարող համարվել օրենք: Հետևաբար, դիմումատուի բողոքը քննելուց հրաժարվելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն անօրինական էր:
90. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն մինչդատական վարույթի ընթացքում կալանքի ժամկետը երկարացնելու որոշումների դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չի ունեցել: Նման որոշումների բողոքարկումը նախատեսված է ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասով և 288-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք սահմանում են, որ բողոք կարող է ներկայացվել Վերաքննիչ դատարան: 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ներկայացված սահմանադրական բարեփոխումները փոփոխություններ մտցրեցին Վճռաբեկ դատարանի կարգավիճակի մեջ, որի դերը, 92-րդ հոդվածի համաձայն, սահմանափակվեց օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթով: Արդյունքում, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, որը ներպետական իրավունքի խորհրդատվական և ոչ պարտավորեցնող մեկնաբանումներ է տրամադրում, դատական պրակտիկան նոր Սահմանադրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով 2005 թվականի դեկտեմբերի 8-ին կայացրել է թիվ 83 որոշումը:
91. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը Պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում սահմանել կալանքի օրինականության ստուգման և ազատ արձակելու մասին դիմումների քննության երկաստիճան համակարգ: Այդուհանդերձ, պետությունը, որը սահմանել է նման համակարգ, պետք է սկզբունքորեն կալանավորվածների համար ապահովի այն նույն երաշխիքները, որոնք սահմանված են առաջին ատյանում (տե՛ս Թոտն ընդդեմ Ավստրիայի [Toth v. Austria], 1991 թվականի դեկտեմբերի 12, § 84, շարք Ա, թիվ 224): Ավելին, չնայած Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը կալանքի օրինականության վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավունք չի երաշխավորում, այս դրույթի նպատակից հետևում է, որ դրա պահանջները պետք է հարգվեն վերաքննող դատարանների կողմից, եթե բողոքը բերվում է կալանքի օրինականության վերաբերյալ որոշման դեմ (տե՛ս Ռութենն ընդդեմ Նիդեռլանդների [Rutten v. the Netherlands], թիվ 32605/96, § 53, 2001 թվականի հուլիսի 24):
92. Դատարանը նշում է, որ տվյալ գործով առաջին հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք դիմումատուն, ներպետական օրենսդրության համաձայն, առաջին ատյանի դատարանի՝ քննության ընթացքում իր կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցել է, թե ոչ: Անդրադառնալով համապատասխան ներպետական նորմերին, իսկապես պարզ է դառնում, որ ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասը և 288-րդ հոդվածի 1-ին մասը, որոնցով կարգավորվել է այս հարցը, ուղղակիորեն սահմանում են Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրավունք, մինչդեռ Վճռաբեկ դատարանի մասին ոչինչ չի ասվում (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը): Այսպիսով, հնարավոր չէ ասել, որ խնդրո առարկա ժամանակահատվածում դիմումատուին օրենքով հստակորեն վերապահված է եղել մինչդատական վարույթի ընթացքում կալանքի մասին որոշումների դեմ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք:
93. Ճիշտ է, որ 2005 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներից առաջ այդպիսի իրավունք պրակտիկայում, բայց ոչ օրենքով, գոյություն ունեցել է: Այդուհանդերձ, սահմանադրական բարեփոխումներից հետո այդ պրակտիկան դադարեցվել է, և այդ բարեփոխումներով, inter alia, վերասահմանվել է Վճռաբեկ դատարանի կարգավիճակը, որի դերը սահմանափակվել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթով (տե՛ս վերևում՝ 56-րդ և 57-րդ պարբերությունները): Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ վերոնշյալ սահմանադրական բարեփոխումներից հետո դիմումատուն պրակտիկայում դադարել է ունենալ այդ իրավունքը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքերով խնդիր չի առաջացնում:
94. Հետևաբար գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
95. Դիմումատուն նաև ներկայացրել է մի շարք այլ բողոքներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասով այն մասին, որ իր կալանքը հիմնված չի եղել ողջամիտ կասկածի վրա, որ մինչդատական վարույթի ընթացքում իր կալանքը տևել է ավելի երկար, քան ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 5-րդ մասով թույլատրված մեկ տարի առավելագույն ժամկետը, և որ 2004 թվականի սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կալանքի համար բացակայել է դատական որևէ որոշում:
96. Իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերը հաշվի առնելով և այնքանով, որքանով այդ բողոքներն իր իրավասության շրջանակներում են՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Հետևաբար գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
97. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
98. Դիմումատուն պահանջել է 100 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում: Այս պահանջը ներառում է բաց թողնված եկամուտը՝ 80 000 եվրո գումարի չափով, կամ որպես այլընտրանք՝ աշխատավարձի կորուստը, որը նա կալանավորված չլինելու դեպքում կարող էր աշխատել՝ 4 000 եվրո գումարի չափով, ինչպես նաև կալանքի ընթացքում ընտանիքի կողմից իր ստացած ծանրոցներին համարժեք գումարը՝ ընդհանուր 20 000 եվրո գումարի չափով: Դիմումատուն նաև պահանջել է 250 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
99. Կառավարությունը պնդել է, որ նյութական վնասի և ենթադրյալ խախտումների միջև պատճառահետևանքային կապ չկա: Դիմումատուն բաց թողնված եկամուտների չափի հաշվարկի հիմքերի մասին ոչ մի պատճառաբանում չի ներկայացրել, իսկ իր կորցրած աշխատավարձի մասին պահանջը մտացածին է: Ծանրոցների արժեքի վերաբերյալ իր պահանջը անհիմն է, քանի որ առնչվում է երրորդ անձի կատարած ծախսերին: Կառավարությունը նաև պահանջել է, որ Դատարանը մերժի դիմումատուի ոչ նյութական վնասի հատուցման պահանջը:
100. Դատարանը նշում է, որ ենթադրյալ բաց թողնված եկամուտի վերաբերյալ դիմումատուի պահանջը մտացածին բնույթի է և հիմնված չէ որևէ ապացույցի վրա: Նմանապես, ոչ մի ապացույց չի ներկայացվել ծանրոցների արժեքի պահանջի վերաբերյալ: Հետևաբար Դատարանը մերժում է նյութական վնասի հատուցման մասին դիմումատուի պահանջը: Մյուս կողմից, Դատարանը դիմումատուին շնորհում է 6 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
101. Դիմումատուն նաև պահանջել է 227 եվրո՝ փոստային ծախսերի համար:
102. Կառավարությունը պնդել է, որ այդ փոստային ծախսերը անհրաժեշտ չեն եղել, քանի որ դիմումատուն հնարավորություն է ունեցել օգտվելու ավելի մատչելի փոստային ծառայություններից՝ իր օգտագործած էքսպրես ծառայությունների փոխարեն:
103. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը ողջամիտ է համարում [դիմումատուին] շնորհել 227 եվրո՝ որպես Դատարանի վարույթի ընթացքում կատարած ծախսերի փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
104. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուի՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումից առաջ ընկած ժամանակահատվածում կալանքի օրինականության և իր կալանքի տևողության վերաբերյալ բողոքներն ընդունելի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի հիմքով, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 227 եվրո (երկու հարյուր քսանյոթ եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հունիսի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Մարիալենա Ցիրլի
Քարտուղարի տեղակալ Ջուսեփ Կասադևայ
Նախագահ