Հոդված 13. ՏՈՒԳԱՆՔԸ
Հոդված 13. ՏՈՒԳԱՆՔԸ
1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`
ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար (ինտերնետ շահումով խաղերի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)` երկու հարյուր հազար դրամի չափով.
բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.
բ1) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կամ 2.1-ին մասի «ժ» կետերի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.
գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.
դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.
ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար հայկական դրամի չափով.
զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերով պահանջը` հինգ հարյուր հազար դրամի չափով.
է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կամ 2.1-ին մասի «ե» կետերով պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.
ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.
թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:
4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:
(13-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն)
(13-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-108-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 28.08.2018 թվականին:)
(13-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-121-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.04.2018 թվականին:)