Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-23-ից մինչև 2018-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործել է մինչև 2018-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

1. Խաղային ավտոմատի շահագործումից, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 90 տոկոս:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի խաղային ծրագրերի սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության և կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը և պահանջների պահպանման ճշտությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերը պետք է համապատասխանեն 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին:

2. Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը` ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

բ1) ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ2) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.

ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).

ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ժա) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժբ) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայություն խաղասրահում.

ժգ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

2.1. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը`

ա) մինչև ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ա1) իրականացնում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

բ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն կանոնակարգում նշված կազմակերպչի ինտերնետային էջի (կայքի) հասցեի միջոցով.

բ2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

բ3) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ4) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ.

ե) ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ե1) կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը.

ե2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում կազմակերպվող խաղերի կանոնները նաև փակցվում են խաղասրահում՝ տեսանելի տեղում.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

զ1) շահումը փոխանցում է հայկական դրամով՝ փոխանցելով խաղացողի բանկային հաշվին, բանկային քարտին կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային միջոցներին.

զ2) արգելվում է շահումը փոխանցել այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված վճարները, ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.

է) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

ը) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

թ) ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժ) ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժա) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայությունը խաղասրահում:

3. Խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:

2014 թվականի հունվարի 1-ից հետո`

ա) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում.

գ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:

(6-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-26-Ն, 25.12.06 ՀՕ-22-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-88-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-231-Ն, փոփ., խմբ. 23.12.13 ՀՕ-134-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն, խմբ. 17.11.17 ՀՕ-199-Ն)

(6-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-108-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 28.08.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։