Հոդված 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:
2. Կազմակերպիչը` ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).
բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.
գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.
դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.
ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.
զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.
է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.
ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.
թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).
ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.
ժա) ապահովում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:
3. Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:
(6-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-26-Ն)