Հոդված 4.1. Շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները
Հոդված 4.1. Շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները
(վերնագիրը 28.09.16 ՀՕ-149-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.06.2017 թ.)
1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`
1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.
5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).
6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:
2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`
1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ Տնօրենը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին և պահանջներին.
2) որը գտնվում է սնանկացման վարույթում.
3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.
4) որի շահումով խաղերի կամ խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.
5) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:
(4.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն)
(4.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ, 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը 28.09.16 ՀՕ-149-Ն օրենքի 6-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնեն 01.06.2017 թ.)