Հոդված 5.2. Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները
Հոդված 5.2 Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները
1. Լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, Հայաստանի Հանրապետության մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում։
2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Վիճակախաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր մասնակցին (խաղացողին) պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։ Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մասնակիցների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների և քարտերի վրա:
Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Վիճակախաղի կազմակերպիչն անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ խաղադրույք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ անհատական խաղային քարտ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը:
4. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:
(5.2-րդ հոդվածը լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն, խմբ., լրաց. 25.05.22 ՀՕ-139-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-312-Ն)