Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.
2) ոչ խաղարկությունով վիճակախաղ` տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո.
3) խաղարկությունով վիճակախաղ` տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.
4) համակցված վիճակախաղ` վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և´ անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և´ այն ձեռք բերելուց ու շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.
5) տոտալիզատոր (այսուհետ` նույնպես վիճակախաղ)` խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով: Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաև ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր), բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.
6) գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձևավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.
7) վիճակախաղերի կազմակերպում` վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում` նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց.
8) վիճակախաղի տոմս` սույն օրենքին և վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար, և որը հանդիսանում է նաև կազմակերպչի և մասնակցի միջև կնքված պայմանագիր: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա.
9) մարված տոմս` վիճակախաղի չիրացված տոմս, որն անցել է սույն օրենքի 6-րդ հոդվածի գործընթացը և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը.
10) վիճակախաղի մասնակից` վիճակախաղի տոմսի տիրապետող (վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով).
11) շահումային ֆոնդ` արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից և բաշխվում է նրանց միջև` վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան.
12) շահումային ֆոնդի խաղարկություն` հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը.
13) վիճակախաղի կազմակերպիչ` սույն օրենքին համապատասխան վիճակախաղերի գործունեության իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող` համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպություն.
14) լիազոր մարմին` վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:
(2-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն)