Հոդված 9. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումը
Հոդված 9. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումը
1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:
2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.
բ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.
գ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք հակասում են 8-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
ե) հայտատուն բանկում չունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ:
3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:
5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը, և չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում մերժելու լիցենզիա ստանալու հայտը: