Հոդված 5. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները
Հոդված 5. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները
1. Կազմակերպիչը`
ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը.
բ) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.
գ) իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնում է այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին և շահողի ցանկությամբ տրամադրում դրամական շահումը.
դ) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը.
ե) շահման փաստը և արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը՝ օրենքով սահմանված կարգով.
է) վիճակախաղի մարված տոմսերը հաշվառում և պահպանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.
ը) վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի, կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման (ներառյալ՝ շահումի գործակիցների որոշման և իրացման ծառայությունները) և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով, կազմակերպչի աշխատակիցների համար և խաղասրահներում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, ինչպես նաև վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման և (կամ) ներմուծման գործունեությամբ.
թ) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը.
թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.
ժ) վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.
ժա) օրենքով սահմանված կարգով ստանալով լիցենզիա` կարող է իրականացնել օրենքով նախատեսված վիճակախաղերի բոլոր տեսակները` պարտադիր օգտագործելով իր ֆիրմային անվանումը (լոգոն).
ժբ) վիճակախաղի մասնակցի առաջին իսկ պահանջով տրամադրում է տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լուսապատճենը` այդ վիճակախաղի պայմաններին ծանոթանալու համար.
ժգ) յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի հիման վրա կազմակերպվող ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առավելագույնը երեքամսյա ժամանակահատվածում, ապահովում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից.
ժդ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված՝ տվյալ քաղաքացիների՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը:
2. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված` համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:
3. Վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:
4. Լիազոր մարմինը գովազդի վերաբերյալ իր համաձայնությունը պարտավոր է տալ կամ այն մերժել գովազդը իրեն ներկայացնելու օրվանը հաջորդող տասն օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:
5. Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք:
6. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների) և շահումի չափի:
7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո` հնգօրյա ժամկետում, http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումի չափի:
8. Արգելվում է վիճակախաղերի տոմսերի վաճառքի իրականացումը շահումների ցուցադրման վայրից 500 մետրից մոտ հեռավորության վրա:
9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի կատարման ապահովումն իրականացնում են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ մարզերում` մարզպետարանները:
(5-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-25-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-90-Ն, 19.03.12 ՀՕ-135-Ն, լրաց. 07.02.18 ՀՕ-122-Ն, 03.10.19 ՀՕ-186-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-139-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-573-Ն)
(16.12.22 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)